Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս

Մենք ուխտ ունենք՝ միշտ  դեպի լույս
30.10.2015 | 11:24

Տանում ենք հընուց
մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր
խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Արվեստի բազում գործառույթներից մեկը արարողականն է, որը հաղորդակցվողին ևս ոգեշնչում, մղում է ստեղծագործելու։ Այդպիսին է նաև հայկական պոեզիան, որի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ երգեր, խմբերգեր, օպերաներ, և ոչ միայն հայերի կողմից։ Հանճարեղ օրինակներից է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղոթագրքի խոսքերով գրված Ալֆրեդ Շնիտկեի խմբերգային Կոնցերտը։ Շնիտկեն նույնիսկ խոստովանել է ու պատկերավոր ասել, թե ինքը պատրաստվում էր այլ երաժշտություն ստեղծելու, բայց այս ստացվեց, քանզի. «Ե՛ս չէի գրում, այլ Նարեկացին էր շարժում գրիչս»։ Կարելի է նշել նաև Օտտորինո Ռեսպիգիի երգերը Կոստան Զարյանի խոսքերով, նաև Ներսես Շնորհալու «Առաւօտ լուսոյ» տեքստի վրա հորինված երգը, Ռախմանինովի, Սվիրիդովի երգերը Ավետիք Իսահակյանի խոսքերով, Արթուր Հոնեգերի ռոմանսը Արշակ Չոպանյանի բանաստեղծությամբ, Հովհաննես Թումանյանի ութ քերթվածով գրված Դմիտրի Կաբալևսկու ցիկլը և այլն։
Այժմ անդրադառնանք Հովհաննես Թումանյանի յոթ բանաստեղծությունների հիման վրա Մոիսեյ Վայնբերգի (1919-1996) 1959 թ. գրած երգաշարին։ Այն նվիրված է թարգմանչուհի Մուզա Պավլովային։ Ցիկլը վերնագրված է «В армянских горах»։


1-ին երգ. «В армянских горах» (թարգմանությունը՝ Ն. Սիդորենկոյի)։
Բնագիրը՝ «Հայոց լեռներում»։
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
ՈՒ մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկար դարերով գնում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում...
Երգը գրված է քառյակային-վարիացիոն ձևով։ Երգի կառուցվածքի բանաձևն է՝ A+A1+A2+A3+A4+վերջաբան (կոդա) (լատիներեն տառերը նշում են երաժշտության կառուցվածքի առանձին միավորը, մասը, իսկ արաբական թվերը նշանակում են, որ տվյալ միավորը կրկնվում է որոշ փոփոխություններով, տարբերակված)։ Քերթվածի առանցքային խոսքերից են` «մեր ճամփեն խավար», «զարկեցին մեր քարավանն ազնիվ»։ «Ճանապարհի» այս գաղափարով է պայմանավորված երաժշտական բաղադրիչը՝ մեղեդու և դաշնամուրի նվագակցության զարկերակը, որտեղ քայլերգային, կետադրված ռիթմը լայտռիթմի դեր է խաղում։ Եվ անցնելով բոլոր հինգ տների ու վերջաբանի միջով՝ լայտռիթմն ամբողջանում ու ամրակուռ է դարձնում երգի կառույցը։
Քերթվածում արտացոլված է արարող հայ ժողովրդի անցած՝ փորձություններով լի, պատմական ուղին։ Երգն ավարտվում է ժողովրդի կարոտով ու լուսաբացի սպասումով.
ՈՒ մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկնքի ծերին,
Թե երբ կբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
Թեպետ քերթվածում դեռ լույսը չի իշխում, սակայն դաշնամուրի նվագակցության վերջին տակտերում (սոլ-մաժոր) տեսիլվում են լույսի շողեր։ Թեպետ վերջին մարող տակտերը կարող են վերջալույսի տպավորություն էլ ստեղծել, սակայն, միևնույն է, վերջալույսին հաջորդում է արևածագը։ Իսկ որտեղի՞ց են այս հույսն ու լավատեսությունը։ Անշուշտ, «հեռու աստղերից, երկնքի ծերից», այսինքն՝ Արարչից, իսկ Նա, ինչպես սաղմոսում է ասվում, «չի ամաչեցնում», երբեք հուսախաբ չի անում։
Երգի մեղեդու վերելքը, կոչական բնույթը, նվագակցության կետադրված ռիթմը, տրիոլային (եռատրոփ) դարձվածները, անդնդախոր բասերը և այլ տարրերը կարող են հիշեցնել Շոստակովիչի, Գուստավ Մալերի արվեստի ողբերգական էջերը։ Իսկ եթե ավելի խորանանք դեպի «տոհմածառի» արմատները, ապա կհասնենք մինչև Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիայի» սգո քայլերգը։ Սակայն լավ է այստեղ կանգ առնենք և անցնենք ցիկլի երկրորդ երգին։


2-րդ երգ. «Четверостишие» (թարգմանությունը՝ Կ. Լիպսկերովի)։
Բնագիրը «Հե՜յ, ագահ մարդ...» քառյակն է.
Հե՛յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ,
միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,
քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,
թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր
երկու օրվան էս ճամփեդ։
Այս երգը գրված է, այսպես կոչված, քառյակային ձևով։ Երգի կառուցվածքի բանաձևն է՝ A+A1։
Որպեսզի երաժշտական «քառյակ» եզրույթը չշփոթենք Թումանյանի բանաստեղծության «քառյակ» ժանրի հետ, երաժշտական ձևը, տվյալ դեպքում որպես բացառություն, անվանենք «կուպլետային» ձև։ Թումանյանի քառյակի առաջին երկու տողերը կոմպոզիտորն ընդգրկել է 1-ին կուպլետում, հաջորդ երկու տողերը՝ 2-րդ կուպլետում։ Ընդ որում, երկու կուպլետներն էլ սկսվում են դաշնամուրային երեքտակտանոց նախանվագով։


3-րդ երգ. «Грустная беседа» (թարգմանությունը՝ Մուզա Պավլովայի)։
Բնագիր.
Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե ո՛րտեղից իրար գըտանք...

Այս երգը գրված է «Տխուր զրույց» բանաստեղծության նախնական տարբերակի հիման վրա (հեղինակային վերջնական տարբերակը կոչվում է «Տխուր գիշեր»)։ 9 տնից բաղկացած քերթվածից թարգմանչուհին կրճատել է 7-րդ տունը։ Սրա փոխարեն կոմպոզիտորը վերջում կրկնել է առաջին տունը, որը և ամփոփել ու ամբողջացրել է կոմպոզիցիան։
Տխուր զրույցը տեղի է ունենում երգի հերոսի և նրա անձնավորված «Վշտի» հետ։ Ի պատասխան հերոսի հարցի, Վիշտն ասում է, որ նրանք ծանոթացել են դեռ մանկուց, երբ մայրն արցունքներն աչքերին օրոր էր երգում ու քնեցնում նրան։ Այնուհետև Վիշտը նրան հիշեցնում է իր անցած կյանքի դեպքերը։ Թվում է, թե կոմպոզիտորն այս քերթվածը դիտում է որպես մի սցենար և «բեմադրում» այն։ Երբ տեքստում մայրը «տխուր նանիկ» է ասում, ապա կոմպոզիտորը անձնավորում է նաև մոր կերպարը և, որպես «մեջբերում», մի փոքրիկ օրորոցային է զետեղում բուն երգի մեջ։ Նույնը՝ երբ աղան սպառնում է պարտապան գյուղացուն և, վերջինս դիմում է Աստծուն օգնության համար, կոմպոզիտորը երգի համատեքստում աղոթքային մի դրվագ է ներմուծում։ Սրանով երգահանն ավելի շոշափելի և իրական է դարձնում քերթվածի բովանդակությունը։
Այս ամենը երաժշտության մեջ մարմնավորվում է հետևյալ կերպ։ Երգի երաժշտության ընթացքը նմանվում է հրթիռի այն տեսակին, որի թռիչքի ուղղությունը պայմանավորվում է լանդշաֆտի, տեղանքի ուրվագծով, ելևէջներով։ Սարի հանդիպելիս հրթիռը վեր է խոյանում, ձորի՝ իջնում է և այլն։ Այդպես էլ երգի մեղեդին և նվագակցությունն արձագանքում են, արտացոլում քերթվածում ծավալվող իրադարձությունները։ Երգը շարադրված է ռոնդո ձևով։ Կառուցվածքի բանաձևը հետևյալն է՝ A (կրկնություն)+ B+A+C+A1+B1+A+C1+A1+B+A+վերջաբան։ Այս բանաձևում A տառը նշում է կրկներգը (ռեֆրենը), իսկ մյուս տառերը՝ էպիզոդները։ Կրկներգում (A) երաժշտական նյութը միշտ մնում է նույնը, բացի A1 դրվագներից, որտեղ հիմնականում տոնայնությունն է փոխվում (կես տոն ցած՝ մի-մինոր)։ Իսկ B և C էպիզոդները նոր մեղեդիով հակադրվում են կրկներգին։ Պարբերաբար հայտնվելիս կրկներգն իր զարկերակով ստեղծում է շատ, թե քիչ միապաղաղ զրույցի տպավորություն։ Սրան նպաստում է նաև դաշնամուրի նվագակցությունը, մանավանդ քերթվածի 3-րդ տնից սկսած (C էպիզոդ) միալար, «քնեցնող» ելևէջներով (սեկունդա ինտերվալներ)։ (-Է՜ շատ վաղուց, դու չես հիշում / Մայրդ՝ նստած օրրանիդ մոտ՝ / Մեղմիկ լալով, երգ էր ասում...)։ Դաշնամուրի այս ելևէջումը (ֆիգուրացիան) «ջրի երես է» ելնում 6-րդ տան մեջ (C1 էպիզոդ)՝ («Մի մարդ եկավ տոպրակն ուսին, / Տկլոր մանչի թաթը բռնած»)։ Վերջին անգամ հիշյալ ելևէջումը հնչում է կոդայում։
Ինչպես բետոնե շաղախում մետաղաձողերը, այնպես էլ այս ծավալվող զարկերակումը (մյուս տարրերի հետ) ամրացնում ու ամբողջացնում է կառույցը։
Եթե այս երգի կառույցը համեմատելու լինենք ամենատարածված օրինակներից մեկի (թեպետ բնույթով տարբեր)` «Ֆառլաֆի ռոնդոյի» հետ (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայից), ապա կարելի է նշել հետևյալը։ «Տխուր զրույց» երգը ևս շարադրված է վեցամաս ռոնդո ձևով, նման կառուցվածք ունի նաև Վայնբերգի երգը։ Ասելով վեցամաս ռոնդո՝ նկատի ունենք, որ A և A1 տառերով նշված կրկներգերը, ընդմիջվելով էպիզոդներով, կրկնվում են վեց անգամ։ Վախկոտ և պարծենկոտ Ֆառլաֆի ռոնդոյում կրկներգի բառերը նույնն են՝ «Հաղթանակիս ժամը մոտ է»։ Մինչդեռ Վայնբերգի երգի կրկներգում մեղեդին մնում է նույնը, բայց բառերը փոխվում են։ Սա նպաստում է միջանցիկ զարգացմանը, հոսունությանը։ Հատկանշական է, որ Թումանյանի քերթվածի ենթատեքստն ըմբռնելով, անձնական վիշտը թարգմանիչը վերածել է համամարդկայինի, ինչը արտացոլվել է նաև երաժշտության մեջ.

(Течет рассказ во тьме ночной
И нет конца и края беде людской)


Ի դեպ, երգը մեկնաբանելիս, անհրաժեշտ է, որ երգիչները հաշվի առնեն անձնական վշտի համամարդկայնացման այդ շեշտադրումը։

4-րդ երգ. «Песня пахаря» (թարգմանությունը՝ Մուզա Պավլովայի)։
Բնագիրը «Գութանի երգն» է.
Արի՛, գութան, վարի, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է Աստված, հորովե՜լ...

Այս երգն իր բովանդակությամբ մերձ է նախորդին։ Այստեղ էլ վշտահար հերոսը՝ գեղջուկը, դիմում է իր կյանքի անբաժան ընկերներին՝ գութանին և իր պես աշխատասեր եզանը։ Թեպետ այս երգը հիմնված է մենախոսության վրա, այդուհանդերձ այստեղ ուրվագծվում է երկու ոլորտ. մեկը՝ գեղջուկ և բնություն, մյուսը՝ գեղջուկ և սոցիալական կյանք։ Ըստ այդմ էլ կոմպոզիտորը կառուցել է երգի «դրամատուրգիան»։ Աշխատանքի ընթացքը, գութանը, հողն արտացոլող տների, դրվագների երաժշտությանը հակադրել է սոցիալական բողոք, տրտունջ արտահայտող տները։ Եթե տառերով նշենք, ապա կստացվի երգի կառուցվածքի հետևյալ բանաձևը՝ A+B+A+B1+B2+B3+A+վերջաբան։ Այս կառույցը կարող է ընկալվել նաև որպես մի երկրորդային ձև՝ բարդ եռամաս ձև։ Ընդ որում, առաջին մասը, որպես պարզ եռամաս ձև, բաղկացած է 1-ին, 2-րդ և 1-ին կրկնվող տներից (սիմետրիա, հավասարակշռություն ստեղծելու համար կոմպոզիտորը կրկնել է քերթվածի 1-ին տունը՝ A+B+A)։ Իսկ միջին մասում, որտեղ գեղջուկը պատմում է իր բազում «դարդերը», խոսում ծանր հարկերի, պարտքերի, սոված ընտանիքի և այլ ցավերի մասին, երեք անգամ տարբերակվում է 2-րդ տան երաժշտական նյութը։ Երգի երրորդ բաժնում (ռեպրիզայում) կրկնվում է առաջին տունը (ինչպես և քերթվածում), որին հետևում և երգն ամփոփում է նույն նյութի վրա հիմնված վերջաբանը։

Նշված հակադրություններն ի մի է բերում, ընդհանրացնում դաշնամուրի տրիոլային նվագակցությունը, ինչպես Բեթհովենի «Լուսնի սոնատի» առաջին մասում (նկատի ունենք զուտ կառուցողական առումով՝ քաջ գիտակցելով «քաղաքակրթությունների» տարբերությունը)։


5-րդ երգ. «Ручей» (թարգմանությունը՝ Ա. Գորնունգի)։
Բնագիրը՝ «Գետակը»։
Ո՞Ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

-Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տես ջաղացը
Գյուղի մոտի.
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի...
Երգում ընդգրկված են քերթվածի չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և վերջին՝ 6-րդ տները։ Երգը շարադրված է քառյակային (կուպլետային) ձևով, որի բանաձևն է A+A+A+A1։ Բնությունն արտացոլող նման երգերը Կոմիտասը բնորոշում էր որպես «ձայնանկար»։ Հիրավի, ամբողջ երգի ընթացքում դաշնամուրի արագավազ տասնվեցերորդական հնչյունների զարկերակումը ստեղծում է կայտառ գետակի կարկաչի տպավորություն։
Ցիկլի ոչ մի երգում դաշնամուրն այդքան ծավալուն մենանվագային դրվագներ չունի։ Նվագակցության դերը ոչ միայն նկարագրողական է, այլև ձևակառուցողական, զարդագոտու պես, այն ընդգրկում ու ամբողջացնում է երգի շենքը։ «Գետակը» երգը հիշեցնում է Շուբերտի «Գեղանի ջրաղացպանուհի» ցիկլի նույնաբնույթ երգերը, որոնց «գործող անձինք» են պատանի ջրաղացպանը և «գետակը»։ Վերջինիս կերպավորման վերաբերյալ երաժշտագետ Վերա Գալացկայան գրել է. «Նվագակցության մեղմ մշտահոս շարժումը նմանակում է գետակի խաղաղ կարկաչը» (В. Галацкая, Музыкальная литература зарубежных стран, М., 1970, стр. 181)։
Երգի վերջին տան մեղեդին երգվում է երկու անգամ խոշորացրած տևողություններով, այսինքն՝ երկու անգամ դանդաղ, սակայն դաշնամուրի զարկերակը շարունակում է բաբախել նույն հաճախականությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ գետակը, հաղթահարելով լեռնային հունի զիգզագները, քարվաստները (пороги), պտտեցնելով ջաղացի անիվը, հագեցնելով ծիլ ու ծաղկի ծարավը, վերջապես դուրս է պրծնում ու հոսում լայնահուն հովտով՝ արդեն հանդարտված ու խաղաղ։ Եվ այս բազմազբաղ գետակին էր դիմում փոքրիկ տղան, որ նա կանգ առնի ու խաղա իր հետ։ Այս անպաճույճ քերթվածում կարելի է նկատել Գյոթեի «Ֆաուստի» մի նրբերանգ, մոտիվ։ Այստեղ ասես հակադրվում են մանկան միամիտ խաղը, որ Ֆաուստի պես ուզում է կանգնեցնել «ակնթարթը», հավերժացնել պահը, և հավերժահոս գետակի «առաքելությունը», այն է՝ անընդհատ արարել, շենացնել աշխարհը...


6-րդ երգ. «Зов весны» (թարգմանությունը՝ Կ. Արսենևայի)։
Բնագիրը՝ «Գարնան հրավեր»։
Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կգա՞ս, իմ ընկե՛ր,
Գընանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...

Երգը շարադրված է քառյակային-վարիացիոն ձևով, բանաձևն է՝ A+A1+A2։
Այս երգը ևս կարելի է դասել «ձայնանկարների», հնչյունակերտ բնապատկերների շարքին։
Սկզբից ևեթ, դաշնամուրի նախանվագի չորս տակտերում հնչում են հավքերի ճռվողյունը նմանակող մոտիվներ, որոնք լայտմոտիվի պես, պարբերաբար կրկնվում են մինչև երգի վերջը, հիշեցնելով, որ երգի «գործողությունը» տեղի է ունենում գարնանը, ծաղկավետ հովիտներում, բուրումնավետ սարերում, անհամար հավքերի «նվագակցությամբ»։ Այս և նախորդ «բնապաշտական», բերկրալից երգերը պարզապես լուսավորում են երգաշարի ընդհանուր «ամպամած» մթնոլորտը։ Եվ կարծես ակնարկում են, թե ինչպիսի դրախտ կարող էր լինել երկրային կյանքը, եթե արարող մարդիկ հաշտ ու համերաշխ լինեին միմյանց և Աստծո հետ, արարչագործության հետ։


7-րդ երգ. «Наша клятва» (թարգմանությունը՝ Մ. Պավլովայի)։
Բնագիրը՝ «Մեր ուխտը»։
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
ՈՒ գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով...
Սա երգաշարն ամփոփող վերջին երգն է։ Այն շարադրված է պարզ եռամաս ձևով։ Կառույցի բանաձևն է՝ A(1-ին տուն) + A(2-րդ տուն) + B(3-րդ տուն) + A1(4-րդ տուն) + A(2-րդ տան կրկնություն) + վերջաբան։ Ավելի պարզ՝ A + B + A + վերջաբան, քանզի նման դեպքերում իրար հետևից նույն դրվագի (A) տառացի կրկնությունն առանձին միավոր (մաս) չի համարվում։ Դասական սիմետրիկ ձևում կառույցն ամփոփելու, հավասարակշռելու նպատակով վերջում սովորաբար կրկնում են (ռեպրիզայում) 1-ին տունը, ինչպես վերը նշված գութաներգում։ Մինչդեռ «Մեր ուխտը» երգի վերջում կոմպոզիտորը կրկնել է 2-րդ տունը։ Հավանաբար գաղափարական առումով, քանզի թարգմանության 2-րդ տան մեջ վճռականորեն ասվում է. «Մեր ճամփից չի շեղել մեզ ոչ մի բան. ո՛չ թշնամին, ո՛չ ամպերը, ո՛չ քամին»։
Կոմպոզիտորը դասական սկզբունքով է ղեկավարվել, որ շարքի առաջին և վերջին երգերը շարադրել է նույն սոլ-մինոր տոնայնությունում, երկուսն էլ կերտել է քայլերգային խրոխտ շեշտով, երկու երգերն էլ ուղենշում են հայ ժողովրդի՝ «խավարից դեպի լույս» անցնելիք փշոտ ճամփան։ Այսպիսով, առաջին և վերջին երգերը, կամարակապվելով, մեկ «գմբեթի» տակ են առնում մյուս երգերը և ամբողջացնում Թումանյանի ու Վայնբերգի «յոթնարփյան» երգաշարը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ