Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կասպից ծովից արձակված հրթիռներով Պուտինը «շախ» հայտարարեց Արևմուտքին

Կասպից ծովից արձակված հրթիռներով Պուտինը «շախ» հայտարարեց Արևմուտքին
03.11.2015 | 00:26

Արդեն մեկ տասնյակ տարուց ավելի է, ինչ համաշխարհային ռեակցիոն բոլոր ուժերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավերում են արաբական աշխարհը: Քաղաքակիրթ Արևմուտքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հետամնաց ազգերը (արաբական աշխարհը բոլոր առումներով այդ կարգավիճակում է և ոչ միասնական, բնական հարուստ ռեսուրսներն այդ ցեղը չդարձրին մեկ հզոր ազգ, կրոնական երկպառակությունը է՛լ ավելի խորացավ նրանց միջև. արաբական հարուստ երկրները հաճույքով էին հետևում «արաբական գարնան» զարգացումներին) միշտ էլ «կեր» են հզորների համար: Արաբական աշխարհն այդպես էլ չծնեց իր Բոլիվարին և այդպես էլ մնաց որպես մասնատված ժողովուրդ: Միակ բանը, որով աչքի է ընկել այդ ազգը համաշխարհային պատմության մեջ, Մուհամեդ մարգարեի երևույթն է և նրա գաղափարախոսությամբ պայմանավորված արաբական արշավանքները:
Այդ հզոր գաղափարախոսությունը, վերջին հաշվով, ոչ թե նպաստել է արաբական ազգի միասնականությանը, այլ հակառակը, մասնատել է առանձին խալիֆայությունների, ինչն իրողություն է առայսօր: Ներկայիս արաբական բոլոր պետությունները, չնայած բնական հարստությունների հաշվին տնտեսական որոշ վերելքին, վերջին հաշվով կառավարման խալիֆական մակարդակից այն կողմ չեն անցել:
«Արաբական գարունը» պետք է ավարտվեր Սիրիայի մասնատմամբ, ավելի ճիշտ, նրա օրինական նախագահ Բաշար Ասադի տապալմամբ, որով Արևմուտքը (Թուրքիան Արևմուտքի գործողություններում իր շահն էր փնտրում, և ամենակարևորը դրանց մեջ քրդական հարցի մեկընդմիշտ թաղումն է) տարածաշրջանից դուրս էր հանում Իրանը և, ամենագլխավորը, Ռուսաստանի դեմ մեկընդմիշտ փակում էր Մերձավոր Արևելքի դարպասները, ռուսների համար փակում էր Սիրիայում գտնվող միակ Տարտուս նավահանգիստը: Հինգ տարի Արևմուտքի բոլոր ռեակցիոն ուժերը, համագործակցելով Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ, ձգտում էին մեկ բանի` Ասադի տապալմանը, ինչը կլուծեր իրենց առջև դրված խնդիրը` Ռուսաստանը դուրս մղել տարածքից մեկընդմիշտ: Ռուս-սիրիական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ, Սիրիան, թերևս, միակ երկիրն է, որ միշտ էլ բարեկամաբար է վերաբերվել Ռուսաստանին, քաղաքական կայուն վերաբերմունք ցուցաբերել` դեռևս հայր Ասադից սկսած: Նա երբեք երկդիմի խաղեր չի խաղացել, ինչպես, ասենք, Եգիպտոսի կառավարիչները` Նասերից մինչև Մուբարաք: Հինգ տարի շարունակ Արևմուտքը «շագրենի կաշվի» պես փոքրացնում էր Սիրիայի տարածքը, բայց վերջնական հաղթանակի այդպես էլ չկարողացավ հասնել, որովհետև Սիրիայի ժողովուրդը հավատարիմ էր օրինականորեն ընտրված իր ղեկավարին, կյանքի գնով պաշտպանում էր իր երկիրը: Իսլամիստները գրավել են երկրի տարածքի 60 տոկոսը, ավերել են արդյունաբերական Հալեպ քաղաքը, գրավել և շահագործում են 160 նավթահորեր, երկիրը զրկել են ֆինանսական լուրջ միջոցներից, մարտերն ընթանում են մայրաքաղաքի արվարձաններում, բայց երկրի ղեկավարը մորթապաշտություն չի ցուցաբերում և ընտանիքը չի տեղափոխում որևէ ապահով վայր, ինքն էլ երկրի հարստությունն առած չի փախչում այլ երկիր: Եթե իրոք Ասադը բռնակալ է, ինչպես անամոթաբար պնդում են Արևմուտքում, ապա թող ցույց տան աշխարհում թեկուզ և մեկ դեպք, երբ որևէ բռնակալ այդքան անասելի ծանր պայմաններում ունեցել է իրեն հավատարիմ այդքան մարդիկ: Սադամ Հուսեյնը բռնակալ էր, դրա համար էլ երկար չդիմացավ: Ասադը ժողովրդականություն վայելող իսկական կառավարիչ է: Հարցրեք ցանկացած սիրիահայի և միայն գովեստի խոսքեր կլսեք նրա հասցեին: Ինչ վերաբերում է ապստամբներին դաժանորեն ճնշելու խնդրին, ապա թող թույլ տրվի հարցնել` այդ ո՞ր կառավարողը պիտի բարյացակամ վերաբերվի երկրի օրինական իշխանությունը ուժով տապալել ցանկացող ուժերի նկատմամբ: Այդ դրսի ուժերի հետ համագործակցող «դեմոկրատներն» էին, որ տապալեցին Քադաֆիին և երկիրը վերածեցին իսկական գեհենի:
Բոլորիս էլ հայտնի է, թե Քադաֆիի օրոք ինչպես էր զարգացել Լիբիան, բնակչությունը մեկ միլիոնից հասել էր ութ միլիոնի, ձրի բուժում, ձրի ուսուցում, ձրի բնակարան, ժողովրդի կենսամակարդակն աննախադեպ աճել էր, բայց Արևմուտքին ձեռք չէր տալիս Քադաֆիի վարած ինքնուրույն արտաքին քաղաքականությունը: Արևմուտքին դուր չէր գալիս նաև Ասադի վարած ինքնուրույն արտաքին քաղաքականությունը: Ասադին տապալելու համար որևէ միջոցի առաջ կանգ չէր առնում Արևմուտքը` պատրվակ էր փնտրում և գտավ այն։ Փակագծերում մտաբերենք, թե ինչպես էր ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը ՄԱԿ-ում ինչ-որ սրվակ թափահարում, ինչով էլ մեղադրելով Սադամին` Իրաք ներխուժեցին: Իրականում Իրաքը ո՛չ ատոմային ռումբ ուներ, ո՛չ էլ թունավոր նյութեր արտադրող գործարան: ԱՄՆ-ը հիմնահատակ ավերեց Իրաքը, ոչնչացրեց մոտ մեկ միլիոն մարդ: ՈՒ որքան էլ զարմանալի է ¥հասկանալի է¤, ԱՄՆ-ի նախագահը չկանգնեց միջազգային տրիբունալի առաջ: Եվ ո՞վ պիտի կանգնեցներ: Միաբևեռ աշխարհի գերհզոր պետությունը «հերկում» էր Իրաքը, ինչպես ցանկանում էր: Աշխարհը չի խոսում ԱՄՆ-ի բռնություններից, որովհետև նա քաղաքակիրթ ձևով է սպանում, անգամ սպանելուց առաջ ժպտում: Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով ընկած տարածքներում ստեղծված քաոսը ձեռք է տալիս ԱՄՆ-ին, Եգիպտոսում մուսուլման եղբայրներին բերեց իշխանության, մասամբ ավերեց Եգիպտոսը, բայց, վերջին հաշվով, երկրի զինվորականությունը տեր կանգնեց երկրին:
Ասադը ոչ միայն քաջարի մարդ է, այլև հմուտ դիվանագետ, նա լավ հասկացավ քիմիական զենքը որպես պատրվակ օգտագործելու և երկիր ներխուժելու Արևմուտքի մտադրությունը, գնաց այն լրիվ ոչնչացնելու քայլին, բայց Արևմուտքը չհրաժարվեց իր մտադրությունից: Արևմուտքի նպատակն ամենևին էլ Ասադը չէ, այլ այդ տարածքից Ռուսաստանի վտարումը: Եթե Ասադը նույնիսկ գործեր Արևմուտքի ցանկությամբ, միևնույն է, դարձյալ փորձելու էին զոհաբերել նրան։ Մուբարաքի օրինակը վկա։ Արևմուտքին պետք է արաբական աշխարհի քաոսը և ոչ թե նրա կայունությունը: Ինչո՞ւ։ Որովհետև Իսրայել պետությունը սարսափում է արաբական աշխարհի հզորացումից: Վերջերս, երբ Իսրայելի վարչապետը ժամանել էր Մոսկվա, ծիծաղելի մի հայտարարություն արեց, թե Սիրիան կարող է հարձակվել Իսրայելի վրա: Փաստն այն է, որ եթե Իսրայելը չզգար Իսլամական պետության անկառավարելի դառնալը, մեծ սիրով կաջակցեր Ասադի տապալմանը: Ճիշտ է, Ասադը ցանկալի անձ չէ Իսրայելի համար, բայց ի՞նչ իմանաս, թե ինչ կլինի Իսրայելի վիճակը իսլամիստների վերջնական հաղթանակի դեպքում:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանին շատ էին սեղմել պատին, բայց տարիներ անց Ռուսաստանը զսպանակի պես մեկեն բացվեց: Ինչպես ասում են` ռուսական արջն արթնացավ... Նա ցուցադրեց իր ուժն ու կամքը Ղրիմի հարցում` առանց կրակոցի վերադարձնելով այն հողակտորը, որի համար դարեր շարունակ մղված կռիվներում` սկսած Պետրոս Մեծի ժամանակներից մինչև Ղրիմի պատերազմը, ռուս ժողովուրդը արյուն էր թափել: Չբավարարվելով Ղրիմով, օգտվելով ուկրաինացի ազգայնամոլների (եթե ՈՒկրաինայի Ռադայում հրեական ծագումով 300 պատգամավորներին կարելի է նացիոնալիստներ համարել) հիմար, բացահայտ հակառուսական քաղաքականությունից, հասավ հիմնականում ռուսներով բնակեցված մարզերի անկախացմանը: Արևմուտքը, սովորության համաձայն, կոնկրետ գործողություններով տեր չկանգնեց իր իսկ «շախ»-ով համապատասխան գործողություններ մղած ազգայնամոլներին և բավարարվեց միայն ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցներով, ստիպելով Ռուսաստանին մտածել ինքնաբավ երկիր դառնալու մասին, և ակամա օգնելով Պուտինին իր դիրքերն է՛լ ավելի ամրապնդելու: Ի հեճուկս Արևմուտքի, բոլոր քաղաքական ուժերը միասնաբար պաշտպանում են Պուտինին: Վերջերս Սանկտ Պետերբուրգի «Կիրովեց» գործարանում բանվորության հետ հանդիպման ժամանակ ՌԴ կոմկուսի գլխավոր քարտուղար Զյուգանովը միանշանակ ասաց` եթե մեր տնտեսությունն էլ դառնա կայուն, ինչպես երկրի արտաքին քաղաքականությունը, ամեն ինչ նորմալ կլինի: Եվ իզուր չէ, որ այսօր Պուտինի վարկանիշը իր երկրում հասնում է 90 տոկոսի:
ՈՒկրաինայի հարցը համարելով լուծված (ուկրաինացի տաքգլուխներն առայժմ դադարեցրել են իրենց հակառուսական արկածախնդրությունը), Պուտինը որոշեց ցույց տալ ԱՄՆ-ին, որ արդեն եկել է Ռուսաստանի հետ քմահաճորեն, արհամարհանքով վարվելուն վերջակետ դնելու ժամանակը: Արևմուտքը չէր սպասում, որ շուրջ երեք տասնամյակ արտաքին աշխարհից մեկուսացած Ռուսաստանը հանկարծ կարող է ակտիվ գործողությունների դիմել Սիրիայում: Ռուսական օդուժը հստակ գործողություններով մեկ առ մեկ շարքից հանում է իսլամիստների զինապահեստներն ու հենակետերը, ինչը հնարավորություն տվեց սիրիական բանակին անցնելու հակահարձակման` օր օրի թուլացնելով մայրաքաղաքը սեղմած օղակը: Իսկ Կասպից ծովի ռուսական նավատորմից արձակված հրթիռներն ապշեցրին ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին: Իմ կարծիքով` Սիրիայում գտնվող ռուսական ինքնաթիռներն էլ բավական են իսլամիստներին իրենց որջերում ոչնչացնելու համար, իսկ հրթիռները միջոց էին Արևմուտքին զգուշացնելու, ասելով` Ռուսաստանը եղել և մնում է ռազմական հզոր երկիր, չփորձեք շարունակել ձեր սատանայական խաղերը մեզ հետ: Պուտինն այդ քայլով հասկացրեց հատկապես Օբամային, որ Ռուսաստանը ոչ թե Էբոլայի վիրուսակիր երկիր է, այլ ռազմական արվեստի իսկական դարբնոց: Սիրիական դեպքերի կապակցությամբ չեմ կարող ասել` Պուտինը վերջապես հասկացա՞վ, թե ով է Թուրքիան, նրա նախագահը, թե՞ շարունակում է հավատալ, որ Էրդողանն իր ընկերն է: Ինչևէ, դա նրա անձնական գործն է, բայց թուրք-ռուսական դարավոր պատմության ոչ վատ գիտակս կարող է միայն փաստել` հնարավոր է երբևէ լուսինն ընկնի երկրի վրա, բայց Թուրքիան Ռուսաստանի բարեկամը երբեք չի եղել և չի լինելու, վերջին հաշվով, Ռուսաստանն է նրանից խլել Ղրիմը, Սև ծովի կովկասյան ափերը, ամբողջ Կովկասը և կտրել «թուրքական երազանքի» ճանապարհը:
Պուտինը 21-րդ դարի հզոր քաղաքական գործիչ է: Ռուսաստանի համար ճակատագրական պահին է նա իջել քաղաքական ասպարեզ: Բնությունը նրան օժտել է ստեղծագործական մտքով: Մամուլի ցանկացած ասուլիսի ժամանակ զգացվում է նրա մտքի սրությունը, իրեն ուղղված հարցն անմիջապես ըմբռնելու և ճիշտ պատասխանելու կարողությունը: Հարցերին տալիս է հստակ, թող որ երբեմն էլ ոչ դիվանագիտական, բայց հարցադրողին բավարարող պատասխան: Խորհրդային ՊԱԿ-ի դպրոցում թրծված խոշոր անհատն այսօր բաց է խաղում Արևմուտքի գործիչների հետ, ստեղծելով այնպիսի տպավորություն, որ ինքը պատրաստ է համագործակցելու նրանց հետ ահաբեկչության դեմ մղվող պայքարում (թեպետ լավ գիտի, որ այդ տեռորիստական ուժերը ստեղծել են հենց նրանք` Ռուսաստանի դեմ պայքարելու համար¤։
«Եթե ցանկանում եք, տվեք մեզ նրանց ռազմական հենակետերի կոորդինատները, և մենք գոհ ու շնորհակալ կլինենք ձեզնից»,- հայտարարում է Պուտինը, քաջ իմանալով, թե ինչ պատասխան է հետևելու իր առաջադրած խնդրին։
Փաստենք ավելին, ռուսական գենշտաբից կանչում են Մոսկվայում հավատարմագրված զինվորական կցորդներին և պահանջում մատնացույց անել այն խաղաղ օբյեկտները, որոնք իբր ռմբակոծում է ռուսական օդուժը։ Այդտեղ արդեն Արևմուտքի «խելացի» գլուխները լռում են։
Ռուսաստանն իր ռազմական գործողությունները համաշխարհային բանական հասարակության աչքում խելացիորեն հիմնավորում է դիվանագիտական խոսքով: Ավելին, Ասադին հրավիրելով Մոսկվա (տեղին է հիշել նմանատիպ մի պատմական դեպք. 1943 թվականին, Ստալինի հետ գաղտնի հանդիպման համար, Ալժիրով, Հնդկաստանով, Միջին Ասիայով Մոսկվա են բերել մարտնչող Ֆրանսիայի գեներալին, և այդ հանդիպման կազմակերպիչը եղել է խորհրդային անվանի ռեզիդենտ Իվան Աղայանցը: Այդ հանդիպումը երկար ժամանակ մնացել է գաղտնի) Պուտինը ոչ միայն գաղտնի չպահեց այդ հանդիպումը, այլև չափազանց խելացիորեն այն օգտագործեց Վալդայի ֆորումի ժամանակ` բարձրացնելով Ասադի դերը որպես պետական մտածողի: «Իմ հարցին (այսինքն` ուղղված Ասադին-Ս. Հ.),- հայտարարեց Պուտինը,- Դուք պատրա՞ստ եք համագործակցելու Ձեզ ընդդիմադիր ուժերի հետ, եթե նրանք զենքը ձեռքին կռվեն Իսլամական պետության դեմ, միանշանակ հնչեց` «այո՛»։ Պատասխանից երևում է, որ Ասադը բռնակալ չէ, մարդասպան չէ, այլ իր երկրի իսկական զինվորն է»։
Պուտինն իր անսպասելի գործողություններով անակնկալի բերեց ոչ միայն Արևմուտքի քաղաքական գործիչներին, այլև իր «ընկեր» Էրդողանին, Սաուդյան Արաբիայի թագավորին: Բոլորը մտածում էին, թե ՈՒկրաինայի հետ կոնֆլիկտի մեջ թաղված Ռուսաստանը հազիվ մտածի իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների դիմելու մասին, մանավանդ ՌԴ ներկա տնտեսական ծանր վիճակի պայմաններում: Հնուց եկած դարձվածը, թե «Россию умом не понять», մեկ անգամ ևս ճշմարիտ դուրս եկավ: Կրկին ապացուցվեց, որ Ռուսաստանը էքստրեմալ պայմաններում յուրովի գործող երկիր է: Սիրիայում Ռուսաստանի ծավալած գործողություններից Արևմուտքը դեռ խելքի չի եկել: ՆԱՏՕ-ի պես ռազմական հզոր դաշինքը դեռևս չի ճշտել իր հետագա անելիքը: Միանալ Ռուսաստանին և ճնշել Իսլամական պետությունը Արևմուտքի համար ինքնասպանություն է, որովհետև նրանք չեն կարող սպանել իրենց իսկ ծնած հրեշին. այն դեռ պետք է։ Պատերազմ հայտարարելը Ռուսաստանին խելացնորություն է, շարունակել սանկցիաները մինչև վերջնականապես կփլուզվի տնտեսությունը, ռեալ չէ: Փորձել նախկին մեթոդով, ինչպես քանդեցին ԽՍՀՄ-ը, բացառված է, որովհետև նույն ջուրը երկու անգամ մտնել հնարավոր չէ: Միակ խաղաթուղթը, որով դեռևս փորձում են խաղալ, Ասադի հրաժարականի պնդումն է, ինչը միանշանակ հումորի ոլորտից է: Եթե Ասադը հինգ տարի դիմացավ բոլոր կարգի ճնշումներին, ապա այժմ, երբ նրա բանակը վերագտնում է իրեն, բոլորովին ռեալ չէ նրա հեռանալը: Իսկ ապագայում Ասադը կհեռանա, եթե հայտնվի մեկը, ով Ասադների դինաստիայի պես երբեք չի դավաճանի ռուս-սիրիական բարեկամությանը։ Հակառակ պարագայում Ասադը կմնա:
Ամերիկյան խաղը` տապալել Սիրիայում ռուս-իրանական համագործակցությունը, դժվար թե գլուխ գա։ Իրանը միակ երկիրն է աշխարհում, որ երբեք չի կորցրել իր պետականությունը, անգամ արաբներից կրած ծանր պարտությունից հետո: Իրանը երկու լարի վրա խաղացող Թուրքիա չէ: Ասադի հեռանալը կնշանակի Թուրքիայի հզորացում, մի բան, որ բնավ ձեռնտու չէ Իրանին: Իրանը չի կարող շրջափակել իրեն պանթյուրքիզմի շղթայով: Որքան էլ Իրանին ձեռնտու չլինի քրդական պետության ստեղծումը, այսօր քրդերը գործիք են Թուրքիան մասնատելու, թուլացնելու գործում, ինչը ձեռնտու է Իրանին պանթյուրքիզմի գաղափարը մեկընդմիշտ թաղելու համար:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ