Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում շատ մեծ է սուբյեկտիվ ռիսկերի հավանականությունը՝ իր անկանխատեսելի «օրթախներով»

Հայաստանում շատ մեծ է սուբյեկտիվ ռիսկերի հավանականությունը՝ իր անկանխատեսելի «օրթախներով»
06.11.2015 | 00:12

ՈՒկրաինական ճգնաժամ, Սիրիա, Իսլամական պետության ձևավորում, ԱՄՆ-Չինաստան սկսված նավատորմային հակամարտություն, գերտերությունների միջև ծավալվող հակամարտություններին մանր ու միջին երկրներին պարտադրվող մասնակցություն: Դրանք աշխարհում մոլեգնող համաշխարհային առևտրային պատերազմի ածանցյալներն են՝ յուրահատուկ դրսևորումների ձևով, որը, թող շատ անհամեստ չթվա, վաղուց արդեն պտտվում ու շարունակելու է պտտվել Հայաստանի շուրջը և մեզնից շատ հստակ պատասխան քայլեր է սպասում: Ի՞նչ անել, ի՞նչ ռեակցիա տալ նման դեպքում: Ի՞նչ կարող է անել աշխարհաքաղաքական լարվածության կիզակետում հայտնված մեր փոքրիկ Հայաստան աշխարհը՝ իրեն հատուկ ներքին ու արտաքին խնդիրներով, իր տնտեսական ճգնաժամով, իր ահագնացող արտագաղթով, իր ղարաբաղյան պատերազմով, Սպիտակի երկրաշարժի չվերականգնված աղետի գոտիով, իր արտաքին պարտքերով, իր թալանված գործարաններով, իր կոռումպացված չինովնիկներով ու դատավորներով, իրենց գործը չիմացող նախարարներով, ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություններով: Ի՞նչ անի Հայաստանը, որ չտուժի, ի՞նչ անի Հայաստանը, որ, գոնե, շատ չտուժի: Սրանք մեր ղեկավար այրերին հասցեագրված այն պարզ հարցադրումներն են, որոնց համար նրանց զինանոցում դրված են ձևով պարզունակ, բովանդակությամբ պատեհապաշտ պատասխանները. պետք է ուշադիր լինել, գլուխներս չհանենք, պետք է զգույշ լինել, պետք է սպասել: Սրանք ամենևին էլ իմ վառ երևակայության արգասիքը կամ երազային տեսիլքներ չեն: Այս ամենի ականատեսը ես դարձա այս տարվա հունիսի 30-ին ՀՀ կառավարության կազմակերպած տնտեսական ֆորումի ժամանակ: Մեկը մյուսի հետևից իրենց ծրագրային բրավո ելույթներով հանդես եկան Հայաստանի տնտեսական բլոկի բոլոր նախարարները՝ միևնույն վերջաբանով. պետք է սպասել: Բայց հարգելի պարոն նախարարներ, հայ ժողովուրդը ինչի՞ն պետք է սպասի, սպասելու տե՞ղ է մնացել, երկիրը ձեռքից գնում ու մեր աչքի առաջ կործանվում է: Երկրի տնտեսությունը հոգեվարքի մեջ է (ֆորումում իմ ելույթի ժամանակ ես այն էլ նշեցի, որ այսքան զգուշավոր ու վախվորած նախարարներ կյանքում երբեք չեմ տեսել, ու իմ մեջ այն տպավորությունն է, թե մենք մասնակցում ենք Հայաստանի տնտեսության հոգեհանգստին): Բայց, Հայաստանի տնտեսությունը ներկայացնող հարգելի նավավարներ, մեր երկրի տնտեսության թուլացմանը բաղձանքով սպասողները Բաքվում են նստած. երազում են, որ Հայաստանը թուլանա ու խոցելի դառնա: Ձեր արածը արդյոք նույնը չէ՞: Երևանում նստած դուք ինքնահոսի ու անգործության եք մատնել մեր տնտեսությունը, դիմադրում եք ներքևից եկող բոլոր նախաձեռնություններին, բավարար աշխատատեղեր չեք ստեղծում, ամեն ինչ բարդում եք բնության, պատերազմի կամ էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամերի վրա: Տնտեսության վերջական քայքայմանը սպասող մեր հայ նախարարներին ես մեկ խորհուրդ ունեմ տալու. պետք է աշխատանքից ազատվել, գնալ Բաքու և ադրբեջանցի, այսպես կոչված, «դելփյան հարցուկների» հետ նստել ու միասին սպասել Հայաստանի տնտեսության կործանմանը: Ընկերով սպասելը (ինչպես ընկերովի մահը) եթե ոչ հարսանիք, ապա շա՜տ հաճելի է: Օրենքով ձեզ նույնիսկ սև խավիար է հասնում: Հայաստանի տնտեսությունը նման վիճակի մեջ գցելու, խուճապային տրամադրություններ սերմանելու, Հայաստանում ծնված կարևոր տնտեսական գաղափարներին ընթացք չտալու, հայ մասնագետներին մշտապես խանգարելու համար դուք, անշուշտ, նվաճել եք ձրի սև խավիար ուտելու ձեր իրավունքը:
Մեր օրերում Աստված ընդգծված առատաձեռն ու բարեգութ է գտնվել Հայաստանի նկատմամբ: Մեզ մոտ դա համառորեն չենք ցանկանում նկատել, հասկանալ, ընդունել ու օգտագործել մեր ազգային խնդիրները լուծելու համար: Այս տարի Աստված մեզ խաղողի առատ բերք էր ուղարկել՝ ողջը քոռուփուչ արեցինք, տվել է արևի հավերժական առատ էներգիա՝ չենք ցանկանում ընդունել ու օգտագործել, տվել է երկրի հելիոֆիկացիայի միջոցով տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու աշխատող գաղափար՝ իշխանությունները լսել անգամ չեն ցանկանում և, վերջապես, մեր առաջ մի հիանալի ու նպաստավոր աշխարհաքաղաքական դուռ է բացվել, որը չնկատելն ու որից չօգտվելը կատարյալ հանցագործություն կլինի՝ ուղղված մեր ազգային շահերի դեմ: Ես նկատի ունեմ Հայաստանի շուրջն ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները: Հայաստանը հիանալի պատմական շանս է ստանում Հայ դատի խնդիրները լուծելու համար: Պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից: Դատեք ինքներդ: Հայաստան-Ռուսաստան լավագույն բարեկամական ու ռազմավարական հարաբերություններ, չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ Եվրամիություն-Հայաստան գործընկերային հարաբերությունները զարգացնելու նոր մանդատ, ԱՄՆ-Հայաստան հիանալի հարաբերություններ, լավագույն հարաբերություններ Չինաստանի, Հնդկաստանի ու Լատինական Ամերիկայի երկրների, Ավստրալիայի, Անգլիայի հետ, Վատիկանի հովանավորություն, լավ հարաբերություններ արաբական աշխարհի հետ և, վերջապես, շատ խոստումնալից ու զարգացող հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, լարվածությունը Թուրքիայում և այլն: Հայաստանը կարող է դառնալ աշխարհի բոլոր կարևոր երկրներն իրար հետ կապող մի հուսալի կամուրջ: Սա մեզ լրացուցիչ հնարավորություններ է տալիս:
Տեղին է կրկնել իմ բարձրաձայնած այն կարևոր դիտարկումը, թե աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանն այսօր այլևս «պեշկա» չէ: Այդ խաղերում Հայաստանը վերածվել է «անցողիկ զինվորի» և պետք է օգտվել այդ կարևոր կարգավիճակից: Հարկ եմ համարում նշել, որ նման նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակները հենց այնպես, իրենք իրենց չեն ստեղծվում: Այստեղ իր վճռորոշ դերն ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ճկուն ու բեղմնավոր արտաքին քաղաքականությունը, դա չի կարելի ուրանալ ու մոռանալ: Մեր շատ բարդ տարածաշրջանում Հայաստանը կարող է ձգտել ու դառնալ Շվեյցարիայի նման չեզոք ու բարգավաճ երկիր: Իր աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքի, մոնոէթնիկության, գրագետ ու կանխատեսելի վարքի քաղաքացիների հաշվին Հայաստանը կարող է անվտանգության կղզյակ դառնալ տարածաշրջանում հակամարտող տերությունների ու գերտերությունների համար: Այս ամենը հնարավոր է իրականություն դառնա, եթե մենք չնստենք թախտին ու սպասենք բախտին, ծույլ չգտնվենք և սկսենք աշխատել ու կարգավորել մեր գործերը նաև երկրի ներսում, կարգ ու կանոն հաստատենք տնտեսության մեջ, ստեղծենք բավարար թվով աշխատատեղեր, կասեցնենք արտագաղթը, հզորացնենք մեր բանակը, զարգացնենք արդյունաբերության գիտատար ճյուղերը և, վերջապես, ինչո՞ւ ոչ, աշխարհում առաջինը կյանքի կոչենք հելիոֆիկացիայի իմ այնքան փայփայած ծրագիրը՝ սկսելով այն Հայաստանից, դուրս գալ ԵԱՏՄ անդամ երկրներ և ապա սփյուռքի հետ միասին հելիոֆիկացնել աշխարհի բոլոր արևոտ ու բարեկամ երկրները: Սա կարող է կարևոր նեցուկ դառնալ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը հաջողությամբ առաջ տանելու համար: Այս ամենի նախանշանները մենք ունենք, դրանք պարզորոշ երևում են: Նույնիսկ իշխանական օղակներում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում:
Ինձ համար հաճելի նորություն էր, օրինակ, լսել, որ էներգետիկայի մեր երիտասարդ փոխնախարար Հայկ Հարությունյանը դարձել է հելիոֆիկացիայի ծրագրի ջատագովը, նույնիսկ հաշվարկներ է ներկայացրել, որ տաք ջրի ստացման արևային տարբերակի մասսայականացման միջոցով կարելի է տնտեսել մեկ ատոմակայանին համարժեք ջերմային էներգիա: Մեր պաշտոնական իշխանությունների կողմից դա կամքի ցուցաբերման աննախադեպ դրսևորում է, որը նշանակում է, որ ամեն ինչ դեռևս կորած չէ նույնիսկ իշխանական օղակներում: Մեր հայկական խնդիրների լուծման հարցում վճռական դեր կարող է ունենալ սփյուռքի մարդկային ու նյութական ուժի արդյունավետ օգտագործումը: Այստեղ շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ Համաշխարհային հայկական կոնգրեսի անմիջական մուտքը Հայաստան ու ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսության վերականգման գործերին: Արա Աբրահամյանի գործոնը շատ կարևոր է, հատկապես Հայաստանի տնտեսության զարգացման ու հզորացման հարցում սփյուռքի հնարավոր ներգրավման տեսանկյունից: Առանց սփյուռքի մեր գործերը շատ դժվար կլինի ուղղել կարճ ժամանակում: Երկար սպասել չի կարելի: Այն կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Խոսքից պետք է անմիջապես գործի անցնել: Այնպես որ հեռանկարները շատ են, կոնկրետ գործերը, առայժմ, քիչ: Շտապել է պետք: Շախմատային լեզվով ասած՝ մենք անիմաստ տեմպ ենք կորցնում պառլամենտական քննարկումների, սահմանադրական բարեփոխումների ու նման երկրորդական նշանակության քայլերի վրա: Մեզ համար բաց թողնված ժամանակը պետք է լրացնել համատեղ գործնական քայլերով՝ նաև հայրենիք-սփյուռք համագործակցության ակտիվացման միջոցով: Հակառակ պարագայում մենք շատ բան ունենք կորցնելու: Վատ տարբերակներից մեկն էլ այն է, որ մենք կարող ենք մեր երկիրը դուրս թողնել նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներից ու, ոչ շրջահայաց դիրքորոշման ու դանդաղկոտության պատճառով, հերթական անգամ փորձության տանել մեր ժողովրդին: Ինչ-ինչ, բայց ճակատագրի փորձություններ մեր ժողովուրդը շատ է տեսել, արդյունքում մենք միայն տուժել ու կորցրել ենք, բավական է: Մեր ազգային անվտանգության հարցերը մենք պարտավոր ենք լուծել անվերապահորեն ու ժամանակին՝ այն չթողնելով բախտի քմահաճույքին: Ի՞նչ է պետք անել, որպեսզի մենք հաղթահարենք առկա տնտեսական ու քաղաքական ճգնաժամերն ու բռնենք կայուն զարգացման ուղին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի, առաջին հերթին, աշխատեն մեր գիտատար արդյունաբերությունն ու ժամանակակից գյուղատնտեսությունը: Սրա համար պետք է հրաժարվել ոչ պրոֆեսիոնալ կադրերի, այդ թվում` բազմաթիվ քաղաքական գործիչների, պատգամավորների, տեսաբան տնտեսագետների, փողեր հաշվող, փողեր լվացող ու փողեր յուրացնող ֆինանսիստների, կաշառակեր չինովնիկների ու դատավորների և տնտեսության առջև կանգնած բարդագույն խնդիրներից գլուխ չհանող նախարարների ու երկրում գաղջ մթնոլորտ ստեղծող այլ պաշտոնյաների ծառայություններից: Որքան երկար նրանք մնան Հայաստանի տնտեսության ղեկին, այնքան երկրի գործերը կվատանան, տնտեսական ճգնաժամը, արտագաղթը, իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ավելի կսրվեն ու կխորանան: Ճիշտ կլիներ, որ երկրի գործերի կառավարման խորհրդատվական գործառույթներից մեր կապիտալիստները, օլիգարխներն ու հարուստ իշխանավորները միասնական ճակատով անցում կատարեին դեպի ակտիվ ներդրումային քաղաքականություն՝ արդյունաբերության զարգացման համար օգտագործելով համաժողովրդական ճիշտ այն ունեցվածքը, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել է իրենց ձեռքերում: Քսանհինգ տարվա կտրվածքով Հայաստանի գիտությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը էական ներդրումների երեսը չեն տեսել: Ներդրումների, որոնք մեր արդյունաբերությանը թույլ կտային անցում կատարել համաշխարհային շուկայի համար ընդունելի ապրանքատեսակների պեսպիսությանը (բազմազանությանը) կամ, ինչպես մեր տնտեսության առաջնորդներն են սիրում շարունակ կրկնել, տնտեսության դիվերսիֆիկացիային:
Ի՞նչ բարոյական իրավունք ունեն մեր տնտեսության առաջնորդներն ու օլիգարխները դիվերսիֆիկացիոն խորհուրդներ տալու այն պարագայում, երբ նրանք գիտության կամ արդյունաբերության կարիքների ու հենց տնտեսության դիվերսիֆիկացիայի համար ձեռքերը գրպանները չեն տանում՝ գեթ մեկ լումայի չափով օգնություն ցուցաբերելու համար: Երկու տասնամյակ շարունակ ես և իմ գործընկերները հելիոֆիկացիայի ծրագիրը առաջ ենք տանում միայն մեր սուղ միջոցների հաշվին՝ հաճախ մեր երեխաների բերաններից կտրելով: Հիմա, երբ մենք լիովին պատրաստ ենք հելիոֆիկացիայի (Հայաստանի հակաճգնաժամային) ծրագիրը կյանքի կոչելու, տրամաբանական կլիներ, որ մեր ներքին ներդրողները ֆինանսական մասնակցություն առաջարկեին այդ կարևոր գործընթացները առաջ տանելու համար: Քար լռություն է տիրում, մտքներով անգամ չի անցնում, որ մի բանով օգնեն: Ոչ մի ներդրում չի կատարվում սեփական երկրի գիտության ու արդյունաբերության, իրենց համար խորթ ու անհասկանալի թվացող, ոչ առևտրային ոլորտների զարգացման համար: Մեր օլիգարխների արածը (ավելի ճիշտ կլինի ասել` չարածը) նման է երկրի տնտեսության նկատմամբ կատարվող դիվերսիայի: Ողջ կապիտալը կուտակելով իրենց ձեռքերում, մեր կապիտալիստները ոչ մի նպատակային քայլ չեն կատարում երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ, բավարարվում են ցուցադրական սիմվոլիկ ակցիաներով ու բարեգործությամբ: Ներքին ներդրումները առայժմ չկան, ու ենթադրում եմ, որ չեն էլ լինելու: Սա ոչ միայն չի նպաստում սեփական ուժերով ու ներքին ռեսուրսների հաշվին երկրի տնտեսության զարգացմանը, այլև ավելի վատ, այն կաշկանդում է Հայաստանում սփյուռքի ու, ընդհանրապես, օտար գործարարների ներդրումային ակտիվության բարձրացումը: Խորհդանշական է, որ անգլերենի բառարանում «դիվերսիֆիկացիա» բառին անմիջապես «դիվերսիան» է հետևում: Մեր օլիգարխները նույնիսկ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ իսկական կապիտալիստների մոտ դիվերսիֆիկացիան շատ հարգված ձև է նաև սեփական կապիտալը պահպանելու ու ճգնաժամերից ապահովագրելու համար: 5-10 տոկոսի չափով տեղավորելով իրենց կապիտալը տնտեսության բոլորովին տարբեր բնագավառներում` իրագործվում է հայտնի մոտեցումը. չի կարելի բոլոր ձվերը նույն զամբյուղում տեղավորել: Մեր կապիտալիստները դա կամ չգիտեն, կամ էլ հույսները դրել են ուրիշի ստեղծած բիզնեսը խլելու իրենց զոռբայականության վրա: Նման գործելակերպը Հայաստանում հեռանկար չունի: Մի քանի հաջողված խլոցիներից հետո հայաստանյան բացասական լուրերը աշխարհից աշխարհ են անցնում, ներդրողների ախորժակը երկար ժամանակով փակում, ու առաջացնում այն իրավիճակը, որը հիմա ունենք մեր երկրում: Դրսի և ներսի գործարարներն այս ամենը լավ գիտեն ու ներդրումներ չեն կատարում, ռիսկի չեն գնում, որովհետև ռիսկերը շատ են: Օբյեկտիվ ու հավանականային հաշվարկների ենթարկվող ռիսկերից բացի, Հայաստանում շատ մեծ է սուբյեկտիվ ռիսկերի հավանականությունը՝ իր անկանխատեսելի «օրթախներով»:
Հայաստանի տնտեսության զարգացման գործը զուտ գիտական, տեխնիկական ու ինժեներական բնույթ ունի: Այն կարող է լուծվել միայն գիտնականների, ինժեներների ու պրոֆեսիոնալ բանվորների համատեղ, կազմակերպված ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Կարող են լուծել, եթե մեր օլիգարխները մի կողմ քաշվեն ու աշխատող մարդկանց չխանգարեն: Նույնիսկ նրանց կապիտալը պետք չէ: Թող այն պահեն իրենց օֆշորներում, հուսալի շվեյցարական բանկերում ու վայելեն, որքան իրենց սրտիկները կցանկանան: Մենք կգնանք Հայաստանի տնտեսության վերականգնման այլ ճանապարհով ու անպայման կհասնենք հաջողության: Մեր ճանապարհին մեր հավերժական կապիտալը մեր խելքը, մեր նվիրվածությունն ու մեր հայրենասիրությունն են լինելու: Հայ ժողովրդին Աստված խելք տվել է ու չի խնայել: Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը հասարակական քննարկման է դնում ժողովրդական գիտություն, ժամանակակից արդյունաբերություն ու մրցունակ գյուղատնտեսություն ստեղծելու հարցը՝ Facebook-ի միջոցով: Այն թույլ կտա լայն համագործակցություն ծավալել Հայաստանի ու սփյուռքի մասնագետների, գիտնականների, գյուտարարների, ազգանվեր գործարարների միջև և, ամենակարևորը, հաջողությամբ շրջանցել տնտեսության զարգացմանը խանգարող ու խոչընդոտող, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքների նորամուտը կաշկանդող, ազգի առաջ կանգնած հրատապ խնդիրների լուծումից փախչող ու խուսանավող իշխանական բյուրոկրատական համակարգը: Այլ ճանապարհ, համենայն դեպս, ես չեմ տեսնում: Բաց թողնված աշխարհաքաղաքական նպաստավոր ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել լիովին՝ ուշադրության կենտրոնում պահելով հայրենական տնտեսությունը կայուն հիմքերի վրա դնելու հրամայականը: Նման աննախադեպ նպաստավոր իրավիճակ հետագայում կարող է նաև չառաջանալ: Ազգովին կսկսենք Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայից, կանցնենք Հայաստանում ծնված այնպիսի նորանոր գաղափարների կոմերցիալիզացիային, որոնք միտված կլինեն լցնելու համաշխարհային տնտեսության մեջ արևային էներգետիկայի ու կանաչ տեխնոլոգիաների նման մերթ ընդ մերթ առաջացող վակուումները: Հիշենք, որ մենք հայ ենք, դժվարին պահերին կարողանում ենք մոբիլիզացվել ու դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից՝ մեզ ու աշխարհը զարմացնելով մեր կենսունակությամբ: Մեր կենսունակությունը ցուցաբերելու ժամանակը կրկին եկել է: Մեր փրկության բանալին միայն մեր ձեռքերում է: Աստված մեզ օգնական:


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Հ. Գ.- Թվում է, թե մեր մտավորականները ամեն անգամ անհիմն ձևով անհանգստանում ու չափից ավելի շատ են քննադատում մեր իշխանություններին՝ նրանց վրա բարդելով երկրի տնտեսական ու այլ տիպի անհաջողությունների պատասխանատվությունը: Խոստանում եմ առաջիկայում դրանից խուսափել միայն մեկ պատճառով. դրանք մեր երկրի գործերին օգուտ չեն տալիս. ասես-չասես, մի հաշիվ է: Բայց ես չեմ կարող չտեսնելու տալ այն բացասական ու կործանարար միտումները, որոնք խանգարում են մեր երկրի առաջընթացին և զարմանալիորեն նման են նույն այն գործոններին, որոնք, ի վերջո, բերեցին ԽՍՀՄ-ի կործանմանը: Իմ հայրենիքի համար նման ճակատագիր ես չեմ ցանկանում ենթադրել: Ճակատագիրը մեր նկատմամբ այս անգամ բարեհաճ է գտնվել, դարերով փափագած մեր անկախությունն է մեզ պարգև հանել, հայ մարդուն տվել է իր հայրենիքում ազատ ապրելու իրավունք: Մեզնից շատերը, բիրդան հարստանալով, դա գնահատում են: Բայց իրական անկախության հասնելու համար մենք դեռևս շատ անելիքներ ունենք, երկար ճանապարհ կա անցնելու: ԽՍՀՄ-ի բախտին չարժանանալու համար մենք պետք է հասկանանք, թե ինչու կործանվեց մեր այդ հզորագույն գերտերությունը, այդպիսի անսպասելի ֆիասկո կրեց, հասկանանք ու ճակատագրական սխալներ թույլ չտանք: Եթե շատերը ԽՍՀՄ-ի փլուզումը կապում են Գորբաչովի սխալների, Աֆղանստանի պատերազմի կամ Գալինա Բրեժնևայի յուրացրած սև խավիարի հետ, ապա ես ավելի հիմնավոր ու օբյեկտիվ պատճառներ եմ տեսել, կարելի է ասել, ժամանակին կանխագուշակել եմ ԽՍՀՄ-ի փլուզումը: Ցավոք, նույն պատճառները ես տեսնում եմ նաև մեր անկախ Հայաստանում: Որպես «Իրատես»-ի հեղինակ առաջիկայում ես պատրաստվում եմ հրապարակելու ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ իմ վերլուծական հոդվածաշարը՝ «Ինժեների հիշատակարանը» խորագրով՝ հիմնված սեփական դիտարկումների ու վերլուծությունների վրա:

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ