Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Թուրքիայում ընտրություններից հետո է՛լ ավելի լայն թափով կսկսվեն բռնաճնշումներն ու ձերբակալությունները»

«Թուրքիայում ընտրություններից հետո է՛լ ավելի լայն  թափով կսկսվեն բռնաճնշումներն ու ձերբակալությունները»
06.11.2015 | 00:24

Թուրքիայում հետընտրական զարգացումների շուրջ զրուցում ենք թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ պատկեր ունենք հետընտրական Թուրքիայում։ Իշխանությունների դիրքերն ամրապնդվե՞լ են, թե՞, այնուամենայնիվ, պյուռոսյան հաղթանակ էր։ Եվ ընդհանրապես, սպասելի՞ էին գրանցված արդյունքները։
-Նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Թուրքիայի 550-հոգանոց խորհրդարան է անցել քաղաքական չորս ուժ՝ իշխող ԱԶԿ-ն (317), ընդդիմադիր ԺՀԿ-ն (134), ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թև ԱԺԿ-ն (40) և քրդամետ ԺԴԿ-ն (59): Եթե համեմատելու լինենք հունիսի 7-ի ընտրությունների հետ, ապա, այո, իսկապես իշխող կուսակցությունը տարել է հաղթանակ, և եթե հաշվի առնենք այն փաստը, որ ազգայնական կուսակցությունը հենց նոյեմբերի 2-ի առավոտյան հայտարարել է, որ կոալիցիա է կազմում ԱԶԿ-ի հետ, ապա ստացվում է, որ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է խորհրդարանում: Քրդամետ կուսակցությունը լիակատար հաղթանակ է տարել Թուրքիայի 81 նահանգներից 12-ում, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ն՝ 7-ում, մնացած նահանգներում առաջատարն իշխող ԱԶԿ-ն է: Այս ընտրություններին քրդամետ կուսակցությունը, հունիսի 7-ի ընտրության համեմատ, ունեցավ 21-ով պակաս տեղ: Սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ թուրքական իշխանությանը որոշակիորեն հաջողվել էր չեզոքացնել քրդական ընտրազանգվածի գործոնը, իսկ չեզոքացումը հիմնականում պայմանավորված էր քրդաշատ բնակավայրերում անվտանգության գոտիներ մտցնելու իրողությամբ: Ինչպես հայտնի է, քրդաշատ որոշ բնակավայրերից ընտրատեղամասերը տեղափոխվել էին այլ բնակավայրեր: Նաև հենց դրանով էր պայմանավորված քրդական բնակավայրերում ընտրողների պասիվությունը՝ նախորդ ընտրության համեմատ: Շատերը քրդամետ կուսակցության ձայների նվազումը կապում են հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված պայթյունի հետ, սակայն ես դրա հետ համաձայն չեմ: Էրդողանն այս ընտրություններում գնաց կեղծիքների ու լցոնումների ճանապարհով. նույնիսկ եղել են դեպքեր, երբ ընտրատեղամասերից ձերբակալելու միջոցով հեռացրել են դիտորդների և վստահված անձանց, փակել ընտրատեղամասը և կատարել լցոնումներ, ինչպես տեղի էր ունեցել Վանում:
-Մինչ ընտրությունները Թուրքիայում լայնածավալ բռնաճնշումներ էին։ Էրդողանի ներքին քաղաքականությունից ի՞նչ է ակնկալվում։ Ճնշումները կշարունակվե՞ն։
-Միանշանակ կարող եմ ասել, որ է՛լ ավելի լայն թափով կսկսվեն բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Արդեն հայտնի է, որ Դիարբեքիրում լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում, Ֆարկինում իսկական պատերազմ է, զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ անչափահասներ: Սիլվանում արդեն մտցվել է անժամկետ պարետային ժամ, քանի որ քրդերն այստեղ սկսել են զանգվածային անկարգություններ իրականացնել, Մարդինում խոշոր գործադուլներ են, որոնց մեկնարկը տվել է հախճապակու գործարանը՝ 200 աշխատակիցներով: Քրդերի վրա ճնշումներն է՛լ ավելի կխորանան, նույնիսկ հնարավոր է՝ ավելի կոշտ ռազմական միջամտություն լինի:
-Քրդական հարցն ընտրություններից հետո ի՞նչ հանգրվանում է հայտնվել, ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում։
-Կարծես թե PKK-ն և ԺԴԿ-ն այլևս չեն համագործակցում, քանի որ որոշ հարցերում ակնառու են այս երկու կուսակցությունների քաղաքական ղեկավարների տարբեր մոտեցումները քրդական հարցի և ինքնավարությունների վերաբերյալ: PKK-ն ցանկանում է քրդական հարցը լուծել ռազմական-պարտիզանական պայքարի ճանապարհով, իսկ ԺԴԿ-ն փորձ է անում իրավական դաշտ բերել այս հարցը: Սակայն, ի հակադրում քաղաքական ղեկավարների, քրդերը մեկ հարցում միահամուռ են՝ ունենալ քրդական պետականություն: Այս թեզը գնալով ավելի է խորանում քրդական համայնքի մեջ և տարածում գտնում անգամ քրդական սփյուռքում: Չեմ բացառում, որ մենք շուտով ականատես կլինենք քրդական ինքնավարությունների ստեղծմանը, քանի որ Թուրքիայի հարավարևելյան նահանգներում կատարվող գործընթացները հանգեցնելու են միայն սրան: Եթե նախկինում քրդերի պայքարն արագորեն ճնշվում էր, այսօր այն հնարավոր չէ ճնշել և իսպառ վերացնել, որովհետև քրդերն ինքնավարություններ ունեն Իրաքում և Սիրիայում, այսինքն, գործընթացը սկսված է:
-Քրդերը վարում են թե՛ պարտիզանական, թե՛ քաղաքական պայքար։ Նրանք ունե՞ն այդքան ներուժ՝ թուրքական պետության դեմ պայքարելու և իրենց նպատակին հասնելու համար։
-Պետք է նշեմ, որ քրդերը բավականին գրագետ, կազմակերպված ռազմական պայքար են մղում Թուրքիայի ներսում, ինչն էլ խոսում է այն մասին, որ քրդական ռազմական գործողությունները ղեկավարում կամ ուղղորդում են զինվորական գործին քաջ գիտակ ռազմական գործիչները: PKK-ն, որն այս պայքարի լոկոմոտիվն է, աջակցություն ունի թե՛ Իրաքի, թե՛ Իրանի կողմից: Եթե պարտիզանական պայքարում PKK-ի կողմից զոհվում են շարքային զինվորականներ կամ մահապարտներ, ապա Թուրքիայի բանակը կրում է շատ ավելի մեծ կորուստներ՝ սկսած բարձրաստիճան զինվորականներից, շարքայիններից, վերջացրած մի քանի տասնյակ հազար եվրո արժողությամբ զինտեխնիկայով, ինչը, անշուշտ, շատ թանկ է նստում Թուրքիայի ռազմական բյուջեի վրա: Վերջերս Թուրքիայի ռազմական ղեկավարությունը սեփական անճարակությունը թաքցնելու համար իր բանակում գրանցված զոհերը, որոնք պատճառել են PKK-ի զինյալները, վերագրել էր ճանապարհատրանսպորտային պատահարներին: Անգամ Սիլոփիում մեկ ամբողջ գումարտակի զոհվելու փաստը ներկայացրին շատ մշուշոտ:
-Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ի՞նչ աղերսներ ունեն մեզ հետ, ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայկական համայնքի, Հայաստանի վրա։
-Հայկական համայնքի վրա ազդեցությունը կլինի այնքանով, որքանով դա կազդի Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու վրա: Իսկ եթե հայկական համայնք ասելով՝ տողատակում նկատի ունեք ծպտյալ հայերին, ապա, ըստ իս, նրանց համար քրդական ինքնավարություններում կստեղծվեն անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ` ինքնությունն ի հայտ բերելու և համայնք ձևավորելու հարցում: Բնականաբար, Հայաստանի համար թուլացած, մասնատված և չզարգացող Թուրքիան ձեռնտու է: Այն Թուրքիան, որը մի քանի տարի առաջ տարածաշրջանում իրեն լիդեր էր կարծում և հարևան երկրների ներքին հարցերը լուծող պետություն: Իսկ թե քրդական ինքնավարությունները մեզ որքանով օգուտ կամ վնաս կլինեն, կախված է առաջին հերթին այս գործընթացներին մեր ներգրավվածության աստիճանից:


Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ