«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Տե՛ր, թող նրանք անիծեն, բայց Դու օրհնիր»

«Տե՛ր, թող նրանք անիծեն, բայց Դու օրհնիր»
06.11.2015 | 11:00

Հիշո՞ւմ եք Սովետմիության հոգեվարքի ժամանակների «հերոսներից» մեկին՝ էքստրասենս և մոգ ԱՆԱՏՈԼԻ ԿԱՇՊԻՐՈՎՍԿՈՒՆ, ով տարիներով հեռուստաէկրաններից չէր իջնում, զարմացնելով իր միստիկ աճպարարություններով։ Բայց ինչպես անսպասելի հայտնվել էր, այդպես էլ անսպասելի անհետացավ ասպարեզից։
Հետո պարզվեց, որ հոգեթերապևտը (նրան հաճախ այդպես էին հորջորջում) հավաքել է եղած-չեղածն ու հա՜յդե ԱՄՆ: Լրատվամիջոցներն իրազեկեցին, թե օվկիանոսից այն կողմ զբաղվում է երկրորդական նյութերի՝ իմա՝ զիբիլի վերամշակմամբ, ինչը արտասահմանում այնքան շահութաբեր ոլորտ է, որ երբեմն լուրջ «разборка»-ների առիթ է դառնում։
Սակայն տարիներ առաջ (4 կամ 5, լավ չեմ մտաբերում) 90-ականների այս «աստղը» կրկին փայլատակեց հեռուստաեթերում։ Այս անգամ HTB-ի։ Անհասկանալի-անմեկնելի սյուժեներով ինչ-որ շարք վարեց սև ջիպերի, սև ակնոցների, ծածկված դեմքերի ու խորհրդավորության քողի տակ։ Անբովանդակ ու չգիտես ինչ նպատակի միտված հիշյալ շարքն էլ երկար կյանք չունեցավ։
Ինչո՞ւ մտաբերեցի Անատոլի Կաշպիրովսկուն։ Բացատրեմ։ Մի քանի շաբաթ առաջ հանկարծ լսում եմ՝ նրան հրավիրել են Բաքու։ Մի պահ մտածում եմ՝ ազերիներն էլ մարդ են, երևի փորձում են բժշկվել հոգեկան անհանգստություններից, որ այսքան տարի կրում են մեր հաղթանակի պատճառով: Բայց հետո հասկանում եմ՝ խառնակ (իսկ Ադրբեջանում՝ քաոսային) այս ժամանակներում նման հրավերն այլ նպատակ էլ է հետապնդում։ Իսկ ավելի կոնկրե՞տ, կհարցադրեն շատերը։ Ըստ իս՝ համատարած հիմարացման ու զոմբիացման։
Եթե չեք մոռացել, այս մոգի (սև կամ սպիտակը կբացահայտենք հետո) «կարողություններին» մի ժամանակ ապավինեցին և փլուզվող Խորհրդային Միությունում։ Շատերը, որ մասնակցեցին երաժշտությամբ ուղեկցվող նրա սեանսներին, շուտ ընկալեցին, որ Կաշպիրովսկու «ծրագրավորված թրենինգները» ոչ միայն օգտաբեր չեն, այլև վնասակար են։ Պարզվեց, որ մոգի համատարած ապուշացման հավաք-դասախոսություն-հիպնոսից հետո արձանագրվել են խելագարության, ավելի ստույգ՝ դիվահարման դեպքեր։ Մարդիկ վնասել են իրենք իրենց կամ շրջապատում գտնվողներին։ Կաշպիրովսկու ունկնդիրների շարքերում եղան և ինքնասպաններ։
Իմանալով, թե չիմանալով այս մանրամասները, ազերիները որտեղից որտեղ նորից պեղել-լույս աշխարհ են բերել Կաշպիրովսկուն ու հրավիրել իրենց երկիր, սեանսների ընթացքում շեշտը դնելով կարևոր մի ուղղության՝ հոգևոր պատերազմ մղելու անհրաժեշտության վրա: Այո, այո, հենց հոգևոր պատերազմ մղելու և թշնամուն (իմա՝ մեզ) հոգևոր ոլորտում հաղթելու անհրաժեշտությամբ: Ալիև կրտսերը, ամենայն հավանականությամբ, վերջին խաղաթուղթն է փորձում հաղթաթուղթ դարձնել, ապավինելով հադեսային ուժերին։ Չմոռանանք, որ աշխարհի շատ երկրների առաջնորդներ իրենց թշնամիներին հոգևոր ոլորտում հաղթելու համար հաճախ են օգտվել զանազան կախարդների, էքստրասենսների, մոգերի, շամանների ու մարգարեների ծառայություններից: Եվ այդ ամենը կոչվել ու կոչվում է հոգևոր պատերազմ: Մտածել են, որ այդ ոլորտում հաղթելով թշնամուն, մարմնավորում նույնպես կհաղթեն։ Զորօրինակ, հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը պատերազմական իր ծրագրերի մեջ ներառել է նաև աշխարհի բոլոր կրոնների ակնառու ներկայացուցիչներին, որպես անտեսանելի հոգևոր զենք։ Տեղին է փաստել, որ նա մեծ հույսեր է կապել Հիսուսի կողահերձ գեղարդի հետ, որը գտնվում էր Ավստրիայի թանգարաններից մեկում: Ինչո՞ւ է այդ քայլին դիմել: Հիտլերը լսել էր, որ նա, ով այդ գեղարդն ունենա, հաղթող կլինի։ Սակայն նա պարտվեց: Եվ պարտվեց, քանի որ նրա ձեռք բերածն իրական գեղարդը չէր: Իրական կողահերձ գեղարդը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում՝ մի ազգի մոտ, որը չնչին բացառություններով հիմնականում չնայած պարտվել է տեսանելի ու մարմնավոր պատերազմներում, բայց հոգևորում միշտ հաղթող է մնացել ու կմնա, քանզի հոգին է կենդանարար, իսկ մարմինն ու նյութականը՝ անցողիկ։
Հայտնի է նաև, որ Ստալինն էլ է օգտվել հոգետեսի՝ Վոլֆ Մեսսինգի ծառայություններից, ով փախել էր Գերմանիայից, ու նրա գլխի համար Հիտլերը մեծ գումար էր խոստացել։ Նույնիսկ աթեիստ կոմունիստները չէին խորշում օգտվել կախարդուհի Ջունայի զորությունից։ Անկախ այս ամենից, բոլորն էլ պետք է իմանան, որ, բացի Հիսուս Քրիստոսի հաղթող Անունից, Նրա սուրբ խաչից և սուրբ գեղարդից, առավել մեծ զորություն չկա, որ կարողանա հաղթող լինել հոգևոր պատերազմում։
Սակայն չշեղվեմ թեմայից ու կրկին անդրադառնամ Կաշպիրովսկուն և վերհիշեմ նրան առնչվող երկու դեպք։ Նախ այն մասին, թե ինչպես Կաշպիրովսկին Հայաստանում կորցրեց իր զորությունն ու հեռացավ ամոթահար։ Այս վկայությունը ոչ թե երկրորդ դեմքից եմ լսել, այլ անձամբ դրա ականատեսն եմ եղել։
Դժնդակ, մութ ու ցուրտ տարիներ էին: Լսեցինք, որ Կաշպիրովսկին սեանսներ է անցկացնելու Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում: Որոշեցինք «արժանավայել» դիմավորել նրան, քանզի համոզված էինք, որ նրա զորությունը Աստծուց չէ։ Գնեցինք մի քանի տոմս: Մեկն առաջարկեցինք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ծանոթ քահանային: Նա սիրով համաձայնեց միանալ մեզ։ Աստծո սպասավորը, որպեսզի շրջապատի ուշադրությունն իր վրա չգրավի ու մարդկանց թյուրիմացության մեջ չգցի, թե՝ քահանան էլ է հավատում Կաշպիրովսկուն և ընդունում նրան, եկել էր քաղաքացիական հագուստով, բայց հետը վերցրել էր հոգևոր զենքերը՝ խաչն ու Ավետարանը։ Այն էլ ասեմ, որ մենք՝ մի քանի քրիստոնյա եղբայրներով, դահլիճի աջ կողմում կանգնած, աղոթում էինք Հիսուս Քրիստոսին, որ քանդի և բացահայտի այդ զորության իսկական աղբյուրը։
Վերջապես հայտնվեց Կաշպիրովսկին՝ բարակ, կարճաթև վերնաշապիկով: Պարզ էր՝ նա հոգեբանական գրոհ էր կատարում: Այն է՝ մարդկանց փորձում էր համոզել, թե ինքն իսկապես «գերբնական» զորություն ունի: Կրկնեմ՝ այդ օրերին Երևանում բավականին ցուրտ էր, իսկ համալիրը, բնական է, չէր ջեռուցվում: Շատերը նույնիսկ վերարկուներով մրսում էին նստած տեղը: Կաշպիրովսկին բարձրացրեց թեթև վերնաշապիկն ու ցուցադրեց մերկ մարմինը: Նման մի քանի հոգեբանական մեթոդներով նա իշխեց դահլիճին, ապա առաջարկեց ավելի հարմար տեղավորվել աթոռներին, քանի որ ակնթարթներ անց քաղցր ու երազային թմբիրի մեջ են ընկնելու։ Բարձրախոսը ձեռքին, շատ դանդաղ հաշվեց մինչև 33-ը, որպեսզի ներկաներն անարգել բացեն իրենց հոգու դռները, քանզի այդ թիվն ասոցացվում է Հիսուսի հետ:
Մի պահ խորհրդավոր դադար տվեց, իջավ բեմահարթակից ու ինչ-որ բառեր քրթմնջալով դանդաղորեն սկսեց անցնել քնածների շարքերով: Բառացիորեն ցնցվեց, երբ նկատեց, որ մի քանի հոգի ոչ թե քնել, այլ ինչ-որ գրքեր ձեռքներին կանգնել են դահլիճի մի կողմում։ Քայլեց մեր ուղղությամբ։ Խմբի կրտսեր եղբայրներից մեկը բարձրացրեց ավետարանն ու Կաշպիրովսկու վրա խաչ հանեց։ Ես ակնդետ ուսումնասիրում էի մոգի դիմախաղը: Նրա աչքերը, որ մինչ այդ սառը արտահայտություն ունեին, արտասովոր փայլ ստացան, նմանվեցին այն վիշապի աչքերին, որը նապաստակ է տեսել։ Հրացայտ հայացքով փորձեց շրջանցել առաջին շարքը, որպեսզի մոտենար իր վրա խաչ հանած եղբորը: Հանկարծ նրա ճանապարհին կանգնեց Տիրոջ քահանան, ով իշխանություն ունեցողի պես ձեռքի խաչով խաչակնքեց Կաշպիրովսկուն, և այդպես էլ՝ խաչն առաջ պարզած կանգնեց նրա ճանապարհին, ինչպես անտեսանելի հրեղեն զենք սատանայի դեմ։ Մինչ այդ զայրացած Կաշպիրովսկին հանկարծ խեղճացավ ու մետամորֆոզով ինքը նապաստակի վերածվեց: Մոտեցա՜վ, մոտեցա՜վ ու... խոնարհվելով համբուրեց քահանայի պարզած խաչը։ Չգիտեմ ինչպես, բայց զգացի՝ նրա դիվական ողջ զորությունն անցավ այդ պահին շանթարգելի դեր կատարող խաչով ու ոչնչացավ։
Զարմանալի էր՝ դահլիճում քնածներին մոռացած, նա մեզ հավատացնում էր, թե ինքը ոչնչից չի վախենում, քանզի «կրակի, ջրի ու պղնձի խողովակներով» է անցել: Նրա աչքերը, սակայն, նման էին այն բանտարկյալին, որին թույլատրել են տեսակցել հարազատների հետ, բայց մահվան սպառնալիքով արգելել էին ասել դառը ճշմարտությունը։
Երբ նրան հարցրի, թե ինչ իշխանությունով ու զորությամբ է անում այդ ամենը, վկայակոչեց ավետարանն ու մեջբերեց այն խոսքերը, որոնք միայն Հիսուսը կարող էր ասել ու ճշմարիտ լինել: Նա հայտարարեց, թե ինքը եկել է իր հոր անունով: «Հոր անունո՞վ»,- զարմացա ես: Չէ՞ որ միայն Հիսուսն է եկել Հոր անունով ու փաստել. «Ես եկա Հորս անունով և Ինձ չընդունեցիք, եթե ուրիշ մեկը գա իր անունով, պիտի ընդունեք» (Հովհ. 5։ 43)։
Փորձեցի ճշտել. «Իսկ ո՞վ է քո հայրը»: Չպատասխանեց: Իրեն հատուկ ոճով խուսափողական ինչ-որ անկապ խոսքեր ասաց ու փախավ խաչի ամենահաղթ ներկայությունից։
Աթեիստական 70-ամյա լծից խավարած, աշխարհում առաջին քրիստոնյա համարվող ժողովուրդը, ճշմարտությունը կորցրած, սատանայի անունով եկածին որպես Աստծո ծառա էր ընդունել: Բայց Քրիստոսի Խաչն ի հայտ բերեց, թե ով ով է, քանզի դևերը սարսափում են Տիրոջ հաղթական Խաչի նշանից։
Ի դեպ, մինչ Հայաստան ժամանելը Կաշպիրովսկին Վրաստանում էր փորձել անցկացնել իր հերթական «գաստրոլները»։ Ի տարբերություն որոշ երկրների, տեղի ուղղափառ եկեղեցու երեք բարձրաստիճան հոգևորականներ ու երկու աշխարհականներ հարցաքննություն են անցկացրել նրա հոգևոր հայացքների վերաբերյալ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու մինչև հիմա չի մկրտվել՝ եկեղեցու սուրբ ավազանի մկրտությամբ, հետևել է անկեղծ պատասխանը. «Եթե մկրտվեմ, ապա իմ զորությունը կգնա ինձնից»։ Կաշպիրովսկին համառորեն չէր կամենում մկրտվել, որովհետև քաջ գիտեր, որ այդ սուրբ արարողության ժամանակ պետք է կամովին հրաժարվեր սատանայից ու նրա զորությունից, սեփական շուրթերով արտասանելով.
«Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա ընթացքներից, նրա չար կամքից, նրա չար ծառաներից, նրա չար կամարարներից և նրա չար զորությունից. հրաժարվելով հրաժարվում ենք»։
Կաշպիրովսկին մեկ անգամ ևս եկավ Երևան։ Այս անգամ ամառվա շոգին։ Վարձեց բացօթյա մարզահրապարակը։ Այդ օրը, որ երկինքն անամպ էր, սեանսի կեսին հանկարծ թխպեց ու քիչ անց այնպիսի հեղեղ սկսվեց, որ բժշկության համար եկած խեղճ մոլորյալները մինչև վերջին թելը թրջված փախան «ներկայացումից»։ Սեանսը չկայացավ։
Ինչևէ, պարտված կախարդը չէր մոռացել Տիրոջ Խաչի միջոցով իր խայտառակությունները Հայաստանում ու, առիթից օգտվելով, Բաքվի ելույթների ժամանակ նզովել է Հայաստանն ու Արցախը, արժանանալով ազերի ներկաների բուռն ծափահարություններին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, «Անատոլի Միխայլովիչը որպես մեծ հոգեբույժ սրտացավորեն է ընկալել ժողովրդին հուզող խնդիրը՝ օր առաջ ազատվել օկուպանտներից: Նա ջանք ու եռանդ չի խնայել հարցը վիրտուալ ոլորտներում լուծելու և իրականություն տեղափոխելու համար»: Պարզվում է՝ Կաշպիրովսկին իրեն հատուկ արտիստական շարժուձևով, աչքերին խորհրդավոր արտահայտություն տալով գոչել է «Даю установку на Карабах» և կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչպես է ապուշացրել հավաքվածներին, որ իր առջև, հնարավորինս լայն բացեն գրպանները:
Ինչպես տեղեկացնում է GAGASHEV.NET-ը՝ «Հաճելի երաժշտության ուղեկցությամբ ճոճվող ներկաներին տրվեցին բուժիչ հրահանգներ «на бизимдыр», «на возвращение Шуши, Сари Гялин и лаваша», «на заживление ран оккупации», «на возвращение 1 млн беженцев в Гарабаг» и «на признание геноцида в Ходжалы»: Անատոլի Միխայլովիչը որպես բարձրակարգ մոգ տեղը տեղին, Վանոն կասեր՝ մանրամասն, անիծել է իր ազերի եղբայրներին «նեղացնողներին» ու «ճնշողներին»։
«Մեծ կոմբինատորը», սակայն անիծելիս հաստատ մոռացել էր (հարց է՝ գիտե՞ր, որ մոռանար) սաղմոսերգուի՝ Դավթի տողերը. «Ով անեծքը սիրեց, թող նրա անեծքը իր վրա գա, և օրհնություն չուզեց, թող այն հեռու լինի նրանից։ Անեծքն իր հանդերձի պես հագավ, ուրեմն այն ջրի նման իր փորը պիտի մտնի ու ձեթի պես իր ոսկորների մեջ» (Սաղմոս 109.17)։
Եվ թող ընթերցողը չկարծի, թե անեծքն ու նզովքը իրական ուժ չունեն։ Դրանք ամենազորավոր զենքից էլ կործանարար են, եթե մարդը պաշտպանված չլինի դրանցից։
Առակս զինչ ցուցանե. քանի դեռ մենք Տիրոջ պատվիրաններով ենք շարժվում ու Նրա կամքը կատարում, մեր ազգի վրա ոչ մի դյութություն ու անեծք չեն ազդի, բայց եթե մենք խոտորվենք Տիրոջ ճանապարհներից ու մեղքի խորխորատը մտնենք, ապա Տիրոջ նախանձախնդրությունը որպես առաջինը Իր անունով կոչված ժողովուրդ, մեզ անպարտ չի թողնի, ու մեծ նեղություններ կկրենք։
Ասելիքս ավարտեմ դարձյալ Դավիթ մարգարեի խոսքով. «Տե՛ր, թող նրանք անիծեն, բայց Դու օրհնիր, և երբ իմ դեմ ելնեն ու ամոթով հետ դառնան»։
Եվ թող միշտ լինի այդպես։ Ամե՜ն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ