Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Friggatriskaidekaphobia, թե՞ հիբրիդային պատերազմ

Friggatriskaidekaphobia,  թե՞ հիբրիդային պատերազմ
17.11.2015 | 02:15

Նոյեմբերի 13-ի ուրբաթը մտավ Ֆրանսիայի պատմության մեջ իբրև Հինգերորդ հանրապետության ամենադաժան օրը: Երեք օր անց, ինչպես երեք օր առաջ, հարցերի հարցը նույնն է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ Եվրամիության ամենազարգացած տնտեսությունն ունեցող ու բարեկեցիկ երկրներից մեկում հնարավոր դարձավ այդ մասշտաբի ահաբեկչություն, հնարավո՞ր էր կանխել, հնարավո՞ր է կանխել նոր ահաբեկչությունը: ԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց, որ Ֆրանսիայում գործել են «ութ եղբայրներ»: Դա էլ հոգեբանական ահաբեկչություն է. ընդամենը ութ ահաբեկիչ չէին կարող 150 մարդ սպանել, 100-ին պատանդել, 200-ին վիրավորել: Գործել է լավ կազմակերպված ու մեծ խմբավորում, պարզապես ութ մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց: Նոյեմբերի 13-ի ուրբաթը հաստատ պատահաբար չէր ընտրվել: 13-ը Փարիզը քաոսի մեջ մխրճելու հարմար օր էր: Իրադարձությունների ժամանակագրությունը վկայում է, որ իշխանությունները բոլոր վայրերում մեկ քայլ հետ են եղել ահաբեկիչներից: Սրընթաց է գործել միայն նախագահ Ֆրանսուա Օլանդը, որ ահաբեկչությունները սկսվելու պահին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ֆուտբոլի ընկերական հանդիպմանն է եղել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որի մերձակայքում երեք պայթյուններ են եղել: Նրան, իհարկե, արագ տարհանել են անվտանգ վայր, բայց ներքին գործերի նախարար Բեռնար Կազանևին հանդիպելուց հետո նա մեկնել է «Բատակլան» համերգասրահ, որտեղ 100 մարդ էր սպանվել և չեզոքացվել 3 ահաբեկիչ: «Մենք ցանկացանք լինել այն մարդկանց կողքին, որ տեսան այս ահասարսուռ տեսարանները, եկանք ասելու, որ պատրաստվում ենք պայքարել, մեր պայքարը լինելու է անողոք: Ահաբեկիչները, որ պատասխանատու են այս ողբերգության համար, պետք է իմանան, որ հանդիպելու են Ֆրանսիայի դիմակայությանը, Ֆրանսիան վճռական է, միասնական և թույլ չի տա իրեն ահաբեկել»,- հայտարարել է Օլանդը: Մինչդեռ այդ պահին չկար երաշխիք, որ նոր պայթյուններ Բատակլանում կամ ճանապարհին չեն լինելու: BBC-ն հաղորդել է, որ հինգ պայթյուն է եղել «Բատակլանի» մոտ, իսկ ահաբեկիչները նույնիսկ դիմակներ չեն ունեցել: Նախարարների խորհրդի գիշերային արտակարգ նիստից հետո նախագահը հեռուստաելույթով դիմել է ֆրանսիացիներին: «Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են: Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերը ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է: Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է»,- ասել է Օլանդը: Քաոսային գիշերվա ընթացքում նա հասցրել է հեռախոսել ԱՄՆ նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, ԳԴՀ կանցլերի, այլ պետությունների ղեկավարների հետ:
Մինչև առավոտ բոլորն արդեն հասցրել էին պաշտոնական ցավակցություններ հայտնել Ֆրանսիայի նախագահին ու ժողովրդին՝ հավաստելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարի պատրաստակամությունը: Միշտ այդպես է մեծ ողբերգությունների առաջին ալիքի վրա, իրականում ստացվում է այլ պատմություն: Միայն այս տարի արդեն չորրորդ ահաբեկչությունն էր Ֆրանսիայում՝ շատ չէ՞ վճռականության պարագայում: Տասը տարում Եվրոպայում ահաբեկչությանը հարյուրավոր մարդիկ են զոհ դարձել, իսկ անվտանգությունն այդպես էլ չկա: 2015-ի հունիսի 26-ին ավտոմեքենայով զինյալ ահաբեկիչ Յասին Սալին հարվածեց Գրենոբլի մերձակա Air Products քիմիական գործարանի դռանը և խրվեց գազի բալոնների մեջ: Նրա ձեռքին «Իսլամական պետության» դրոշն էր: 2015-ի հունվարի 9-ին Փարիզում զինված Ահմեդի Կուլիբալին հարձակվեց «Հիպեր Կաշեր» սուպերմարկետի վրա, հինգ մարդ զոհվեց:

Հունվարի 7-ին իսլամիստ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները հարձակվեցին Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրության վրա: Հրաձգության ժամանակ զոհվեց 12 և վիրավորվեց 11 մարդ: 2012-ի մարտի 11-ին, 15-ին և 19-ին Թուլուզում ու Մոնտոբանում ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մոհամեդ Մերան սպանեց երեք զինվորականի, հրեական դպրոցի հոգևոր կրթության ուսուցչին ու նրա երկու երեխաներին, 8-ամյա մի աղջնակի: 2011-ի հուլիսի 22-ին Նորվեգիան ցնցեց Անդրես Բրեյվիկը՝ ՈՒտեյա կղզում նա գնդակահարեց 67 երիտասարդների: 2005-ի հուլիսի 7-ին չորս մահապարտ ահաբեկիչներ պիկ ժամին պայթյուններ իրականացրին Լոնդոնի հասարակական տրանսպորտում ու մետրոյում, 56 մարդ սպանվեց, 700-ը վիրավորվեց: 2004-ի մարտի 11-ին Մադրիդում ահաբեկիչները 10 ռումբ պայթեցրին մի քանի երկաթուղային կայարաններում: 191 մարդ զոհվեց, 2000-ը վիրավորվեց: Այս պատմությունն ունեցող Եվրոպան իրավունք ունի՞ համառորեն շարունակել իր բազմամշակութային տոլերանտությունը: Որքանո՞վ է մարդասիրական սեփական ժողովրդի նկատմամբ հազարավոր փախստականների առաջ ԵՄ դռները լայն բացելու քաղաքականությունը, որքանո՞վ է այդ քաղաքականությունը մարդասիրական միգրանտների առնչությամբ: Սիրիայի պատերազմն ու արաբական գարունը չեն միայն այդ քաղաքականության պատճառը: 70 տարի մեծ ու ավերիչ պատերազմ չտեսած մայր ցամաքը անհոգ խրվել է խաղաղության ճահիճը և մոռացել, որ բարեկեցության ու անդորրի համար պետք է վճարել: Եվրոպայում բթացել է ինքնապահպանման բնազդը: Ծնելության նվազումը մահացության համեմատությամբ, բնակչության ծերացումը խնդիր է, որ համաեվրոպական որոշումով փորձում են լուծել միգրանտների հաշվին: Իսկ նրանք չեն գալիս Եվրոպան բարեկեցիկ դարձնելու համար, նրանք գալիս են վայելելու եվրոպական կենսամակարդակն ու տոլերանտությունը: Հին աշխարհն այնքան է հավատացել ժողովրդավարության ու քաղաքակրթության ամենազորությանը, որ հիմա անկարող ու շվար ուսերն է թոթվում՝ անհնար է հավատալ, այս ինչ բարբարոսություն է իրենց երկրում կատարվում: Իսկ բարբարոսությունը ոչ այսօր է սկսվել, ոչ երեկ: Նույն այդ արաբները ամեն տարեմուտի հրդեհում են ավտոմեքենաներն ու կոտրում խանութների ապակիները: Քաղաքակիրթ ֆրանսիացիները (կարդացեք՝ բելգիացիները, իսպանացիները, անգլիացիները) մի քանիսին ձերբակալում են, հետո ազատ արձակում ու վերականգնում վնասը: Թուրքերի պահանջով Մեծ Բրիտանիայի դպրոցներում արգելվել է քրիստոնյաներին խաչ կրել՝ այլադավանների կրոնական զգացումները չվիրավորելու համար: ՈՒ ի՞նչ: Նրանք, որ թելադրում են իրենց կամքը, ինտեգրվե՞լ են եվրոպական արժեհամակարգում: Ոչ: Երբեք էլ այդ խնդիրը չեն ունեցել: Մի քանի տասնամյակ եվրոպացիներին թվում էր, որ քանակական գերակշռություն ունենալով՝ կարող են պահպանել հավասարակշռությունն ու անվտանգությունը, բայց նրանք բացահայտորեն կորցրել են պահը, երբ շրջադարձ է եղել հենց իրենց մտածողության մեջ: Համաքրիստոնեական արժեքների նահանջը մուսուլմանական գրոհի առաջ պարտությունն է Եվրոպայի, որը չի գիտակցվում: Ահաբեկչությունները հետ-ևանք են վաղուց սկսված հիբրիդային պատերազմի, որի առաջին գծում քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցներն են՝ առանց իրենց գործունեության հետևանքները ընկալելու: Բաստիլը գրոհող ֆրանսիացիները մարզադաշտում հարկադրաբար փակված՝ երգել են իրենց «Մարսելյոզը», որքանո՞վ է այսօր նրանց օգնում իրենց հարյուրամյակների միջով անցած օրհներգը: Ֆրանսիան հայտնվել է քաոսում, բայց ո՞ւմ մեղքով: Ֆրանսիայի տեղում չէի՞ն կարող լինել Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան: Արևմուտքի քաոսի պատճառը Արևե՞լքն է: Արաբական գարունը ԵՄ-ն ընկալեց ժողովրդավարական հեղափոխությունների ալիք: Բայց այդ հեղափոխություններից հետո արաբական աշխարհում խաղաղություն ու բարեկեցություն չհաստատվեց՝ կամ սկսվեց ու չի ավարտվում պատերազմը, կամ նորից իշխանության եկան զինվորականները, իսկ կյանքը չբարելավվեց: Եվրոպան կորցրեց տեղում իրավիճակը կայունացնելու պահը, և հետևանքը դարձավ իր ապակայունացումը՝ ոչ միայն միգրանտների անկառավարելի հոսքով, այլև սեփական բնակչության դժգոհության աճով: Ինչո՞ւ Ֆրանսիան: 2011-ին ՆԱՏՕ-ն մտավ Լիբիա։ Ֆրանսիան առաջին գծում էր: 2013-ին Ֆրանսիան զորք մտցրեց Մալի, բայց իրավիճակը Մալիում չի կայունացել մինչև այսօր: 2013-ի օգոստոսին Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ ռազմական գործակցության պայմանագիր ստորագրեց՝ 1 մլրդ եվրոյի: Սաուդյան Արաբիան ֆրանսիական զենքի հիմնական գնորդն է, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Թուրքիայի հետ 5 տարի աշխարհի տարբեր ծայրերից իսլամիստներին հավաքում է Սիրիայի դեմ կռվելու: Ֆրանսիան 2012-ին կազմակերպեց համաժողով՝ Սիրիայում զինյալներին աջակցելու նպատակով, միանշանակ պաշտպանեց ԱՄՆ-ին Սիրիա զորքեր մտցնելու հարցում, համատեղ Ասադին մեղադրելով քիմիական զենքի կիրառման մեջ։ Սուննի արաբական պետությունները, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան հերքում են կապը ԻՊ-ի հետ, բայց շարունակում են գումար ու զենք փոխանցել Սիրիա ու Իրաք։ ՈՒրեմն՝ ինչո՞ւ ոչ Ֆրանսիան: Որովհետև Ֆրանսիան այս շարքում միակը չէ՞: Պարզապես այս պահին թույլ օղակն է: Անվտանգության ապահովման պատասխանատու ծառայությունները հերթական պայթյունից ու սպանություններից հետո պաշտոնանկվում են, ու նորերը շարունակում են հին «ծառայությունը»: Ի՞նչ պետք է լինի, որ Եվրոպան փոխի վերաբերմունքը ուրիշների ու սեփական անվտանգությանը: Առավել ևս հիմա, երբ մուսուլման փախստականները հեղեղել են Հին աշխարհը, իսկ փախստականների անվան տակ մայր ցամաք են ներթափանցել ահաբեկիչներ, ինչի մասին խոսում էին իրենք՝ եվրոպացիները ու շարունակում էին նրանց ընդունել՝ առանց փաստաթղթերի ու գթասրտորեն: Մի քանի օր Եվրոպայի բոլոր ղեկավարները իրենց ցնցված ու վշտահար լինելը հավաստեցին Ֆրանսիայի նախագահին, հայտարարեցին, որ նրա կողքին են, համատեղ պայքարելու են ահաբեկչության դեմ և այլն, և այլն: Բայց նրանք հաստատ մտածում են, թե որտե՞ղ են պայթելու հաջորդ ռումբերը, որտե՞ղ է հնչելու հաջորդ «Ալլահ աքբարը»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որ «վճռականորեն դատապարտել է բարբարոսական և ստոր ահաբեկչական հարձակումները» Փարիզի մի քանի շրջաններում ու «ընդգծել ահաբեկչական հարձակումներում մեղավորներին արդարադատության ենթարկելու անհրաժեշտությունը», պատրա՞ստ է գործուն քայլերի: Ի՞նչ է անելու եռօրյա սուգից հետո Ֆրանսուա Օլանդը, որ հայտարարել է՝ «Սա պատերազմ է Ֆրանսիայի դեմ»: Ֆրանսիայի միակ ավիակիր «Շառլ դը Գոլը» կգնա՞ Պարսից ծոց՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար՝ ինչպես մինչ այդ հայտարարվել էր: Ահաբեկչությունները կուժեղացնե՞ն այն դիրքորոշումը, որ պետք է կանգնեցվի փախստականների հոսքը և փակվեն եվրոպական սահմանները: Մարի Լը Պենի «Ազգային ճակա՞տը» կգա իշխանության: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցել է Փարիզի ահաբեկչության զոհերին ու ասել՝ «Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում»: Ցինիկ ցավակցություն է, բայց՝ իրական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 13-ի ուրբաթից վախը նույնիսկ անուն ունի՝ friggatriskaidekaphobia: Ասում էին՝ նոյեմբերի 14-ին Ֆրանսիան արթնացավ այլ երկրում: Ֆրանսիան այդ գիշեր չէր քնել, որ արթնանար: Ֆրանսիան գուցե դեռ չի էլ արթնացել լեթարգիական քնից իրականության առաջ: Փարիզում «Բատակլանի» առաջ հաջորդ օրն անհայտ դաշնակահարը Ջոն Լենոնի «Imagine»-ն էր նվագում, իսկ ԻՊ-ը տեսաուղերձ էր հղում՝ «Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու»:
Քաղաքակրթությունների բախո՞ւմ: Հիբրիդային պատերազմ, որ դեռ շատ հեռու է հիբրիդային խաղաղությունից: Եվ գործելու է friggatriskaidekaphobia-ն՝ ամսվա ու շաբաթվա տարբեր օրերի:

Դիտվել է՝ 1649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ