Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կրօնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»

«Կրօնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»
17.11.2015 | 10:28

Հայաստանի պետական կամերային նվագախումբն իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի հետ հաճախ էր հանդես գալիս հանրապետության շրջաններում։ Ո՛չ բոլոր գյուղերում էր ունկնդիրների մեջ ծնվում «սեր առաջին հայացքից». երբեմն դիմադրում էին, աղմկում։
Նման մի տեղ համերգին ներկա էր գյուղապետը, որը միակն էր, որ կլանված լսում էր նվագախմբի ելույթը, մյուսները խոսում էին, ծիծաղում։ Մաեստրոն ստիպված դիմեց գյուղապետին. «Խնդրում եմ՝ համբերեք մի քանի րոպե ևս, մնաց մի Կոմիտաս նվագենք և վերջ»։ Գյուղապետը կանգնեց, դահլիճը լռեց, և նա, ձեռքը պարզած դեպի բեմ, ազդարարեց. «Ա՛յ ժողովուրդ, սուս կացեք, համբերեք, տեսնենք էս զուլումը երբ ա պրծնում»... Այս դեպքը երբեմն հիշում եմ Ազգային ժողովի ալեկոծ նիստերը կամ պատգամավորների ճեպազրույցները, վեճերը հեռուստացույցով դիտելիս, նրանց մոնտաժված խոսքը լսելիս։ Խոսք, որը լրագրողները հաճախ խլացնում են մեխանիկական «սուլոցով», որ ժողովուրդը չլսի իր որոշ «ընտրյալների» հայհոյանքները։ Մթնոլորտը հատկապես թեժացել է այս օրերին, երբ իշխանավորները, «հեղափոխականները» տենչում են փոփոխություններ մտցնել կամ նոր սահմանադրություն ստեղծել, ինչը կամա, թե ակամա ժողովրդին պառակտել է «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների։
Ըստ փիլիսոփա Հեգելի, պատմության նշանակալից իրադարձություններն առաջին անգամ հանդես են գալիս որպես ողբերգություն, իսկ երկրորդ անգամ՝ որպես ֆարս։ Նոր սահմանադրության նախադեպերից մեկը կարելի է համարել Օսմանյան կայսրության լծի տակ հեծող հայերի ընդունած սահմանադրությունը, որը Թուրքիայի կառավարությունը վավերացրել էր դեռ 1863 թ. մարտի 17-ին։ Այն ժամանակ էլ հայ հասարակության առջև ծառացել էին «այո»-ի և «ոչ»-ի խնդիրներ։ Հատկանշական է, որ հետագայում նույնիսկ երգ ստեղծվեց, որով միաբանության կոչ էին անում։ Ահա Կոմիտասի գրած այդ երգի տեքստը.

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԻՐՈՎ

Հայրենյաց սիրով վառված վեհ սրտեր.
Ի՞նչ կհապաղեք ելնել ի հանդես, ի՞նչ
կհապաղեք։
Սի՞րտ կդիմանա, սիրտ որ ազգասեր
ըլլալ կցանկանա։
Տեսնել հայրենյաց այսքան բյուր աղետ
Եվ դեռ անտարբեր ցարդ մնալ հավետ։
Հեռ ատելության և չար նախանձու
Սերմերն ու հոգին հեռու մղենք, հեռու։
Սիրտ սրտի կապված, թև թևի տված,
Հայրենյաց սիրով, ասպարեզ բացված,
Օ՛ն, երթանք առաջ և անձնանվեր
Հայրենյաց օգտին ըլլանք ուխտանվեր։
Հա՛յ, մի՛ վհատիր, սիրտ առ ու սիրտ
տուր,
Տկարք զորանան, քաջք խրախուսին,
Վատերը բացվին, վատերը զատվին։
Ճշմարիտ հայեր թող առաջ անցնին՝
Սուրբ սերն է նշան ճշմարիտ հայուն,
Սուրբ սերն է պարծանք ճշմարիտ հայուն։
Սիրո դրոշակներ թո՛ղ արդ պարզվին,
Հաշտության ձայներ թող արդ հնչվին։
Սուտ է, որ կասեն. հայք զիրար կատեն,
Հայք մեկ սիրտ եղան, սիրով միացան։
Այս երգը վերլուծելիս երաժշտագետ Ռոբերտ Աթայանը գրել է. «Գաղափարական նպատակն է եղել, ըստ երևույթին, հարթել «Սահմանադրության» վերաբերյալ առաջադիմականների և պահպանողականների միջև ծագած տարաձայնությունները, հայերին միմյանց հետ «հաշտեցնել» և նրանց գործունեությունը միավորել ընդհանուր ազգային շահերի շուրջ» (Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. 4, 1976, էջ 166)։
Այսօր էլ սահմանադրությունը փոխելու շարժառիթը ներկայացնում են որպես «ազգային շահ», սակայն գաղտնիք չէ, որ այն ներկայիս իշխանությունը հավերժացնելու նպատակ ունի։ Պատգամավորներից շատերն այս մասին բացեիբաց ասում են։ Եվ չկա մեկը, որ իր վրա զգացած չլինի, թե ինչպես են խեղաթյուրվում օրենքները. մեկը դա զգում է ապօրինի հարստանալով, մյուսը՝ «օրինավոր» աղքատանալով։ Մինչդեռ, ըստ Գարեգին Նժդեհի, «սոցիալապէս որքան արդար՝ այնքան զօրավոր հայրենիքը» (Գարեգին Նժդեհ, Ասոյթներ, Ե., 2002, էջ 58)։ Ըստ Նժդեհի, «Չէ կարելի ներքնապէս ճանաչել կուսակցութիւնները եւ վճռապես չժխտել կուսակցականութիւնը» (Ռ. Համբարձումյան, Գարեգին Նժդեհ, Ե., 2003, էջ 115)։ Ավելին, «Ընդհանուր վտանգի ժամանակ միջկուսակցական կռիւները ազգասպանութեան են հաւասար» (անդ, էջ 131)։ Եվ սա ասում է մի հանճար, որի գաղափարախոսությունը իշխող կուսակցությունը որդեգրել է իբրև հավատամք։ Տիեզերական աշխարհաստեղծ Մեծ պայթյունից հետո նման պարադոքս չի գրանցվել մարդկության պատմության մեջ։
Նույն Նժդեհն էր ասում, որ. «Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը մի զարհուրելի ախտ է, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին» (անդ, էջ, 22)։
Սպարապետ, որ ասում էր. «Վայելչասերների շրջանը՝ ահա անբարոյականը եւ անբարոյացուցիչը։ Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխութիւն կհոտի» (անդ, էջ 29)։ Ժամանակին հռոմեացի պոետ Ալբիոս Տիբուլլոսը, որը երազում էր մի տնակ ու այգի ունենալ Հայաստանում, իր էլեգիաներից մեկում ասել է. «Այսպես էի ես երազում, սակայն քամիները երազներս տարածում են բուրումնավետ Հայաստանով մեկ»։ Սա ասվել է Քրիստոսից առաջ 1-ին դարում։ Արդյոք հռոմեացի պոետը կուզե՞ր այսօր ապրել «նեխահոտ» միջավայրում, մինչդեռ այսօր հայերի մի զգալի մասը փախչում է Հայաստանից։ Եթե Նժդեհի հիշյալ հրեղեն խոսքերից գեթ մեկն ընդգրկված լիներ նոր սահմանադրության մեջ, ամբողջ ժողովուրդը կասեր՝ այո։ Սակայն տեսնելով, թե ինչպես են երկինքը ծածկում մեծահարուստների դղյակները, ժողովուրդը չի հավատում իշխանավորների խոսքերին։ Քանզի ժողովրդի «տառապանքը փորձ ունի». ժամանակին արդեն հավատացել է «սահմանադրություններին», երիտթուրքերի խոստումներին և 1915 թ. հայտնվել ողբերգության մեջ։ Այսօր եկել է «ֆարսի» ժամանակը, սակայն դա այնքան էլ անմեղ «ֆարս» չէ։ Մի իմաստուն ասում էր. «Եթե ֆարսը երկար է մնում բեմում, վերածվում է ողբերգության»։ Իսկ այսօր նոր սահմանադրությամբ ոչ թե ուզում են երկարացնել, այլ հավերժացնել այն... Օսմանյան շրջանի հայկական սահմանադրությանը նվիրված երգի տեքստում Կոմիտասն արել է փոփոխություններ։ «Կոմիտասը, երգը դաշնակելով,- գրում է Ռոբերտ Աթայանը,- խոսքերից որոշ հատվածներ (մասնավորապես «վազենք առաջ ի Սուրբ Խաչն վստահ» տողը և ոտանավորի բուն սահմանադրությանը վերաբերող վերջաբանը) դիտավորյալ դուրս է թողել, տվյալ դեպքում նրան զբաղեցրել է ընդհանրապես ազգային միավորման գաղափարը» (Կոմիտաս, Երկերի ժողովածու... էջ 166)։
Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքեր Կոմիտասն այսօրվա առաջարկվող սահմանադրությանը։ Ի՞նչը կփոխեր երգի տեքստում կամ մեղեդիում, դժվար է ասել։ Սակայն փորձենք կռահել։
Ահա մի տարբերակ.

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԻՐՈՎ

Իշխելու տենչով ժողովված բիրտ սրտեր,
Բավ է կողոպտեք հայերին անտեր,
Բավ է կողոպտեք, սի՞րտ կը դիմանա,
Սիրտ, որ ազգասեր ըլլալ կցանկանա,
Տեսնել հայրենյաց այսքան բյուր աղետ
Եվ դեռ անտարբեր ցարդ մնալ հավետ։
Հեռ ատելության, դավաճանության
Սերմերն ու ոգին հերիք տարածեք։
Հա՛յ, մի վհատիր, սիրտ առ ու սիրտ տուր,
Տկարք զորանան, քաջք խրախուսին,
Վատերը բացվին, կեղծերը զատվին։
Ճշմարիտ հայեր թող առաջ անցնին,
Ոչ թե ազգուրաց, անբարո այրեր,
Որ անարգեցին ամեն սրբություն:
Սիրո դրոշակներ թող արդ պարզվին,
Հաշտության ձայներ թող արդ հնչվին։
Սուտ է, որ կասեն՝ հայք զիրար կատեն,
Հայք մեկ սիրտ եղան, սիրով միացան։

Թե որքանով Կոմիտասը կընդուներ «սահմանադրական» երգի մեջ ներմուծված այս փոփոխությունները, դժվար է ասել։ Սակայն երաժշտության մասին հաստատ մի բան կարող ենք ասել. այն կլիներ «Սգո քայլերգ», որը կոչված կլիներ թաղելու այսօրվա անարդարությունները, ավազակությունները և այլ արատները։ Ի դեպ, Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, թե կոռումպացված չինովնիկների համեմատ ավազակները կարգին մարդիկ են, քանզի նրանք ապրուստը հայթայթում են իրենց քրտինքով, կյանքը վտանգելով, ջանք գործադրելով, մինչդեռ կոռումպացվածները, ինչպես ժողովուրդն է ասում, «սատանայի փափախ կարողները», հարստանում են՝ կողոպտելով անօգնական տատիկներին, թոռնիկներին, հիվանդներին, պարկեշտներին, հարստանում են Հայրենիքը ծախելով ու ծախվելով, և մարդուն, տղամարդուն ո՛չ վայել այլ միջոցներով։ Եվ այս ամենի արդյունքը դատարկված քաղաքներն են, գյուղերն ու արտագաղթը։
Մնում է ասել. «Ժողովուրդ, մի՛ արտագաղթեք, մի՛ հուսալքվեք, սպասեք, տեսնենք էս իսկական զուլումը երբ է պրծնելու»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ