USD484.11
EUR570.43
RUB8.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Evgeny Kissin in Yerevan
 

Արհավիրք

Արհավիրք
17.11.2015 | 10:39

Գուրգեն

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


-Հա՛նս, պատրա՞ստ ես:
-Այո, քնեց: Կարող եք սկսել, հեռ պրոֆեսոր, - պատասխանեց անզգայացնող բժիշկը:
-Տեր Աստծո օրհնությամբ,- ասաց տարեց պրոֆեսորն ու վերցրեց նշտարը:
-Վստահաբար նրան բացատրե՞լ եք նման վիրահատության ամբողջ բարդությունը,- դիմեց Հանսը պրոֆեսորին:
-Այո, իհա՛րկե, բացատրել եմ: Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ տեսնում նման հիվանդի: Պայմանագիրը ստորագրելուց առաջ նրան հայտնեցի, որ նման վիրաբուժական միջամտությունների դեպքում դրական արդյունքի հավանականությունը ընդամենը հինգ տոկոս է:
-Թերապևտիկ բուժում չե՞ք առաջարկել, - հետաքրքրվեց Հանսը:
-Թերապիան այստեղ բացարձակապես անզոր է: Միակ ճանապարհը սրտի պլաստիկ վիրահատությունն է: Այս դեպքում դեղորայքային բուժումը անիմաստ զբաղմունք է: Նման կլինիկայով միակ հույսը վիրահատությունն է, նա էլ տղամարդու որոշում կայացրեց: Աստված մեզ օգնական:
-Լսել եմ, որ վիրահատվողը ոստիկանության գնդապետ է, սպա է, կդիմանա,- իր դիմաց դրված սարքերը ուշադիր զննելով ասաց Հանսը:
-Մեծատառով մարդ է: Կարգի համաձայն՝ նրան հարցրինք, թե իր մահվան դեպքում ում կարող ենք փոխանցել հոսպիտալին մուծած գումարի հիսուն տոկոսը՝ մոտ քառասուն հազար եվրո: Այստեղ էլ գնդապետն ապշելու որոշում կայացրեց: Նա իր ձեռքով պայմանագրում ավելացրեց, որ հոսպիտալը տնօրինի այդ գումարը և այն փոխանցի ցանկացած մանկատան:
Տասը ժամ տևած վիրահատությունը սպասվածից ավելի քան լավ էր ավարտվել: Վիրահատվելուց երկու օր անց, վերակենդանացման բաժանմունքում անզգայացնող-վերակենդանացնող բժիշկ Հանսի օգնությամբ, Վաղարշակը բացեց ծանրացած կոպերը: Առաջինը, ում տեսավ, պրոֆեսոր Հերցն էր և երկրորդ վիրաբույժ Արտաշես Նավասարդյանը։ Նրանց կողքին տեսնելով Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Լիդա Մուրադյանին՝ Վաղարշակն աչքերով ժպտաց. այդ կնոջ խորհրդով և օգնությամբ էր ինքը հայտնվել բեռլինյան հոսպիտալում։
-Դե ինչ, բարեկամս, հաղթեցի՞նք։- Մահճակալից քիչ հեռու նստած թարգմանչուհին Հերցի ասածը թարգմանեց ռուսերեն:
-Դո՛ւք հաղթեցիք հիվանդությանս, պրոֆեսոր, շնորհակալություն,- չորացած և այտուցված շրթունքների արանքից շշնջաց Վաղարշակը:
-Բարեկա՛մս, վիրահատությունները գրեթե միշտ դրական ելք են ունենում, երբ Տեր Աստված, բժիշկը և հիվանդը համատեղ են գործում: Նախ և առաջ շնորհակալություն հայտնենք Աստծուն, Ձեզ և հետո միայն ինձ և իմ գործընկերներին:
-Պրոֆեսոր, ես դրախտում Տիրոջը տեսա, նույնիսկ հիմա դեմքիս զգում եմ Նրա լույսը: Այնտեղ էին նաև կինս, որդիս, աղջիկս: Նրանք դրախտի ճաճանչների մեջ կանգնած ժպտում էին ինձ: Որդիս էլ խնդրեց, որ կարոտից չտանջվեմ, ինձ չխարազանեմ, թե ինչու երկրաշարժի ժամանակ ողջ մնացի: Հակոբիկս ասաց նաև, որ ժամանակը կգա, և ինքն այլ մարմնով ինձ մոտ կվերադառնա: Այնտեղ ծանրություն չէի զգում, հոգուս ցավն անհետացել էր, սիրտս լցվել էր ջերմությամբ ու երջանկությամբ,- շշնջաց Վաղարշակն աչքերը կրկին փակելով: Նրա այտուցված կոպերի տակից արտասուքի երկու կաթիլ գլորվեց այտերի վրայով:
-Մեկ գրամ մորֆին ավելացրեք կաթիլայինին, որպեսզի հնարավորինս երկար քնի,- հրահանգեց Հերցը և թարգմանչուհու հետ դուրս եկավ վերակենդանացման բաժանմունքից:
Արդեն միջանցքում Ադելինդան՝ թարգմանչուհին, դիմեց Հերցին.
-Հեռ պրոֆեսոր, ներեցեք ավելորդ հետաքրքրասիրությանս համար, ես ճի՞շտ եմ հասկացել, որ հիվանդը զառանցանքի մեջ էր:
-Ոչ, ամենևի՛ն: Առաջին անգամ չէ, որ ես կլինիկական մահ ապրած հիվանդից եմ լսում դրախտի, Աստծո հայտնության մասին:
-Նա խոսեց նաև իր կնոջ, որդու և աղջկա մասին:
-Ժամանակին գնդապետը ծանրագույն ողբերգություն է ապրել: Նման մարդիկ շրջապատից խնամքով թաքցնում են իրենց ներաշխարհում բուն դրած ողբը: Հարազատների ու ընտանիքի կորուստն աստիճանաբար բզկտել է հզոր կամք ունեցող այս տղամարդու սիրտը: Ֆրեյլին, կարելի է ասել, որ վիրահատությունը Սպիտակի երկրաշարժի բնական շարունակությունն է: Տա՛ Աստված, որ այս վիրահատությունը նրա վերջին տառապանքը լինի,- մտահոգ պատասխանեց Հերցը:
-Ժամանակն այդ կսկիծը չի ամոքում:
-Չեմ կարծում: Հավանական է, այն շրջապատից ավելի քողարկված, ավելի խորքային և դաժան է դարձնում մարդուն: Կարոտախտը ոչ թե սրտի բարեկամն է, ֆրեյլին Ադելինդա, այլ, անկասկած, թշնամին է:
-Պրոֆեսոր, նա ասաց նաև որդու մասին, որը պետք է վերադառնա: Չե՞ք կարծում, որ այս դեպքում հիվանդը համարժեք չէր:
-Հարգելի ֆրեյլին Ադելինդա, որքան գիտեմ՝ Դուք վերջերս եք աշխատանքի անցել մեր հոսպիտալի թարգմանական բաժնում:
-Այո՛, պրոֆեսոր, ամիսը չի լրացել:
-Ֆրեյլին, հավատացած եմ, որ վերակենդանացման բաժանմունքում Դուք դեռ ականատես կլինեք նման անակնկալների,- ասաց պրոֆեսորը՝ մտնելով իր առանձնասենյակ:
Վաղարշակը բացեց աչքերը և ուշադիր զննեց շրջապատը: Նրան պատմել էին, որ իր պառկած հիվանդասենյակում ժամանակին սրտի վիրահատությունից հետո պառկել է նաև ՌԴ նախագահ Բորիս Ելցինը: Պրոֆեսոր Հերցի հավաստմամբ՝ տվյալ հիվանդասենյակը հատուկ դրական էներգիայով է օժտված:
Բուժքույրը փոքրիկ ներարկիչով մորֆին էր ավելացնում կաթիլայինի սրվակի մեջ: Նա աչքերը փակեց, որպեսզի մտովի վերադառնա կնոջ ու երեխաների մոտ, վայելի նրանց վեհաշուք ներկայությունը: Ոչինչ չստացվեց. դրախտի, ընտանիքի հեքիաթային ու ջերմ պատկերները վերականգնել չհաջողվեց: Գիտակցությունը կրկին նրան Սպիտակ վերադարձրեց: Նա այն տեսավ գիշերով, վերևից: Քաղաքը ձյունածածկ սարերի գրկում խաղաղ քնած էր։
-Վաղի՛կ, Վաղի՛կ, վե՛ր կաց, - ամուսնու ուսը նրբորեն հրելով՝ խնդրեց Սուսաննան:
-Ի՞նչ է պատահել,- անհանգստացած հարցրեց քնաթաթախ Վաղարշակը:
-Սևուկը անհանգիստ է, բավականին ժամանակ է վնգստոցը չի կտրում, տարօրինակ ձայներ է արձակում ու ոռնում է: Վեր կաց, մի բան արա, կապից ազատիր, մեղք է, երևի սառչում է:
-Դու էլ հո չես ասի, նրա վրայի բուրդը մի երկու շուն էլ իր հետ կտաքացնի,- պատասխանեց Վաղարշակն անկողնուց վեր կենալով:
-Ճիշտն ասած՝ ոռնոցից սարսափեցի ու պատուհանը թակեցի. ոռնոցն աղիողորմ կլանչի վերածվեց: Այս տարիների ընթացքում Սևուկը երբեք նման ձայներ չի հանել, չի ոռնացել:
Մուշտակն ուսերին գցելով Վաղարշակը դուրս եկավ առանձնատնից: Լուսնի սառը, կաթնագույն լույսով ողողված բակում, քարե պարսպի հարևանությամբ տեղադրված շան փայտե տնակի դիմաց, մեծ ու բրդոտ գլուխը թաթերին դրած, պառկել էր գամփռը և լուռ վնգստում էր: Վաղարշակին տեսնելուն պես նա թռավ տեղից և, պոչը վեր տնկած, կատաղի գռմռոցով սկսեց թաթերով հողը փորել:
-Ի՞նչ ես իրար խառնվել,- դիմեց նա սև գամփռին՝ կապը քանդելով:
Շղթայից ազատվելուն պես շունը ուրախ կլանչոցով վազեց, մտավ առանձնատուն՝ Հակոբիկի ննջասենյակ, պառկեց մահճակալի կողքին և, սովորականի պես, հսկա գլուխը դրեց առջևի թաթերին: Սևուկի հետևից տուն մտած Վաղարշակը դուռը կամացուկ փակեց ու ժպտերես վերադարձավ ննջասենյակ:
-Տեսա՞ր այդ ավազակին, ինձ խաբեց, որ կապից ազատվի ու տուն վազի, - ասաց Վաղարշակն ու նորից անկողին մտավ:
-Որտե՞ղ է:
-Հակոբիկի ննջասենյակում, մահճակալի կողքին պառկած է:
-Ասացի, չէ՞, խեղճ շունը մրսում է, արդեն դեկտեմբերի յոթն է, ցրտերն ընկել են:
-Լա՜վ մրսող գտար, նա հողին էր պառկած, նույնիսկ իր բույնը չէր մտել: Այդ ավազակի ուշքն ու միտքը Հակոբիկի կողքին լինելն է: Չե՞ս տեսնում, որ միայն Հակոբիկին է տեր ընդունում:
-Այդպես էլ կա, Հակոբիկն էլ առանց Սևուկի կյանք չունի, երկու ընկեր են, երկուսն էլ հինգ տարեկան:
Առավոտյան Վաղարշակը Սևուկին մի կերպ տնից հանեց, շան տնակի մոտ նրան կապեց և աշխատանքի գնաց: Երեք ժամից տուն վերադարձավ, որ մի բան ուտի և մեկնի Երևան: Բակ մտնելուն պես նա որդուն տեսավ տան դռան դիմաց կանգնած, կարծես իրեն սպասելիս:
-Ինչո՞ւ ես դրսում կանգնել, տղաս, դրսում բավականին ցուրտ է,- ասաց հայրը՝ դեպի մուտքը շարժվելով:
-Հայրի՛կ, կանգնի՛ր, տուն չմտնե՛ս,- զայրացած ասաց երեխան:
-Հակոբի՛կ, քեզ ի՞նչ է պատահել, որդիս,- զարմացած հարցրեց հայրը:
-Տուն չմտնե՛ս,- երեխային ոչ հատուկ առոգանությամբ կրկնեց հինգ տարեկան Հակոբիկը:
Վաղարշակը, այլայլված ու ապշահար, մի պահ մնաց տեղում կանգնած: Նա չէր պատկերացնում, թե Հակոբիկն ինչպե՞ս կարող է իր հետ նման տոնով խոսել: Որպեսզի երեխան հանգստանա և ավելի չբորբոքվի՝ նա որոշեց տուն չմտնել: Սևուկը կապի վրա կատաղի հաչում էր և, ցանկանալով կապից ազատվել, կծոտում էր շղթան:
Կործանիչ երկրաշարժին հաշված րոպեներ էին մնացել…
Վաղարշակը ծանրացած սրտով դուրս եկավ բակից և նստեց մեքենան: Նա հոգու խորքում նեղացել էր իր հինգ տարեկան երեխայից, որը չթողեց, որ ինքը տուն մտնի: Տնից քիչ հեռու, մտքերի մեջ խորասուզված՝ մեքենան կանգնեցրեց, չհասկանալով, թե ինչ կատարվեց որդու հետ: Նույնիսկ ծիծաղելի էր նեղանալ հինգ տարին նոր բոլորած որդուց:
Գետնի տակից գալարվող և դեպի վեր բարձրացող ոռնոց լսվեց: Այդ զարհուրելի ձայնը, հասնելով իրեն, այնպես որոտաց, կարծես հազարավոր հրետանիներից համազարկ արձակեցին: Ամեհի ճայթյունը նրա մեքենան մի կողմ նետեց: Այդ գերբնական ուժն այնպես հարվածեց քաղաքին, որ վայրկյանների ընթացքում այն վերածեց փոշու մեջ կորած ավերակի: Հարվածից ուշքի գալով՝ քարերի ու բետոնի կտորտանքներով ծածկված, նա ջարդեց մեքենայի դիմապակին և դուրս եկավ: Ականջներում դեռևս գետնաձայն ոռնոցն էր արձագանքում, որը և թույլ չէր տալիս լսել փլատակների տակ հայտնվածների աղիողորմ ճիչերը: Փլված շենքերի քարերից արահետի վերածված և պատառոտված նախկին փողոցով նա վազեց իր տուն՝ ձեռքի ափով փակելով արյունահոսող վերքը: Տան պարիսպը մասամբ քանդվել էր: Մի պահ կանգնեց, տունը չէր երևում: Այն ամբողջապես գետնի տակ էր անցել՝ իր հետ կլանելով Սուսաննային, Հակոբին և Անահիտին: Երկհարկանի առանձնատան տանիքից մի քանի թիթեղ էր մնացել, ասես հիշեցնելու, որ այդտեղ տուն է եղել: Հրաշքով անվնաս էին մնացել աղջիկը՝ Անուշիկը, և գամփռ Սևուկը:
Երբեմնի չքնաղ քաղաքը մեծ գերեզմանի էր վերածվել՝ իր տակն առնելով բնակիչներին: Վաղարշակը կնոջ ու երեխաների դիերը գտավ տան խոհանոցում. Սուսաննան թևերի տակ էր առել իր ձագուկներին, և այդպես էլ միասին մնացել էին փլատակների տակ…
Կնոջն ու երեխաներին հուղարկավորելուց հետո, հաջորդ օրը, երբ գերեզմանոց գնացին, Սևուկին տեսան Հակոբիկի գերեզմանաթմբին պառկած: Վաղարշակին այդպես էլ չհաջողվեց Սևուկին գերեզմանաթմբից հեռացնել: Ամեն օր, գերեզմանոց գնալիս, նա Սևուկի համար ջուր և ուտելիք էր տանում, բայց շունն այդպես էլ ուտելիքին չէր մոտենում, միայն ջուրն էր խմում: Երեք օր անց Սևուկին գերեզմանոցում չգտան: Երկար փնտրելուց հետո Վաղարշակը նրան հայտնաբերեց իրենց նախկին բակում: Սևուկը գետնի տակից գտել էր Հակոբիկի ամառային կարմիր կոշիկները, բրդոտ, սև գլուխը քնքշորեն նրանց վրա դրած անշնչացել էր, որպեսզի տիրոջը այն աշխարհում էլ մենակ չթողնի:

Հ. Գ. Վարդանյան Վաղարշակի հանդեպ Տերը բարեհոգի գտնվեց. 1993-ին ծնվեց Նարեկը: 2015-ին, Վաղարշակի հոր` Հակոբ Վարդանյանի ծննդյան 100-ամյակի օրը՝ ապրիլի 23-ին, ծնվեց երկրորդ որդին` Սամուել Վարդանյանը: Հաստատ Հակոբիկի հոգին երկիր վերադարձավ: Աստվա՛ծ պահապան:

Դիտվել է՝ 72339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ