Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Իշխանություն ունենալն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են»

«Իշխանություն ունենալն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են»
20.11.2015 | 00:53

Հայաստանի տնտեսության վիճակն այնքան ծանր է, որ այդ մասին սկսել են հրապարակավ խոսել տնտեսական ոլորտի պատասխանատուները: Մինչ այս ընդդիմադիրների անգամ օբյեկտիվ հարցադրումներին կառավարության ներկայացուցիչները քամահրանքով էին պատասխանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարում է, թե եկող տարի ավելի վատ ենք ապրելու, ֆինանսների նախարարն էլ հավելում` ծանր տարի է լինելու: Տնտեսական անմխիթար վիճակի և քաղաքական հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Գալիք տարվա բյուջեն քննարկելու շեմին ինչո՞ւ հանկարծ հայրենի կառավարությունն այսքան իրատես դարձավ:
-Իրենք այլևս հնարավորություն չունեն բյուջետային պարտավորությունները կատարելու: Ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, բիզնեսը չի աշխատում, դրսից օգնությունները պակասել են, իսկ արտաքին պարտք վերցնելու հավանականությունն էլ քչացել է: Իրենք այլ ելք չունեն, բացի խոստովանելուց, որ չեն կարող հարկեր հավաքել: Կառավարությունը տնտեսական ռազմավարություն երբեք չի ունեցել, միշտ իրավիճակային խնդիրներ է լուծել: Մտածում էին` Ռուսաստանում իրավիճակը կփոխվեր, բայց հակառակը եղավ, ու տնտեսության անկումն ավելի խորացավ: Այս ամենին էլ գումարենք այն, որ ոչ մի տնտեսական, քաղաքական բարեփոխում չեն իրականացրել: Հնարավոր չէր նաև այնպիսի կեցվածք ընդունել, թե դրսի երևույթները մեզ վրա չեն ազդում: Այսինքն, իրականությունից կտրված, ցուցադրական քայլերի ժամանակն էլ անցավ: Հիմա խոսում են իրական վիճակի մասին, այնինչ դեռ մեկ-երկու տարի առաջ էր պարզ, որ այսպիսի քաղաքականությամբ միայն կորուստներ ենք ունենալու: Երբ մենք իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական էինք տալիս (ոչ թե ընդդիմադիր ելույթներ, այլ զուտ մասնագիտական վերլուծություններ), անգամ դրանք հաշվի չէին առնում: Հիմա մեզ հաճախ են «մեջբերում», բայց դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ շարունակվում է նույն քաղաքականությունը: Հետևությունն այն կլիներ, որ համակարգը, շեշտադրումները լիովին փոխեին, ոչ թե խոշոր, այլ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցչին հովանավորեին, պաշտպանեին: Եթե այս արատավոր քաղաքականությունը շարունակվի, նշանակում է մենք ոտքի կանգնելու հնարավորությունից զրկվում ենք:
-Փաստորեն, մի կողմից` խոստովանում են, որ վիճակը ծանր է, մյուս կողմից էլ` շարունակում են վիհն ավելի՞ խորացնել:
-Իրականությունն այն է, որ ստեղծված իրավիճակում տնտեսական քայլերը սահմանափակ են ու արդյունք չեն տալիս: Հարկավոր են քաղաքական քայլեր, այսինքն` համակարգի փոփոխություն, իրենց իշխանությունից զրկում: Դիլեմայի առաջ են կանգնած. կամ իշխանությունից զրկվել ու երկիրը փրկել, կամ իրենք իշխանությունից չեն զրկվում, բայց երկիրը կործանվում է:
-2016-ի բյուջեով թոշակների, աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Մինչդեռ ինչ-ինչ սոցիալական ծրագրերից են խոսում, գործարար աշխարհը բարելավելուն միտված քայլերի մասին հայտարարում: Այս առումո՞վ էլ թերահավատ եք:
-Ես այդ ամենին պարզապես չեմ հավատում: Եթե նման քայլերից են խոսում, դրա «տակը» պետք է ծրագիր լինի: Ի՞նչ է նշանակում թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացնում: Այդ դեպքում ի՞նչ են անելու: Նայում եմ բյուջեի մնացած ծախսերը, ոչ մի բան չի կրճատվում: Այս սուղ բյուջեի պայմաններում ցույց տվեք՝ ինչ քայլեր եք պատրաստ անելու: Օրինակ, պատրա՞ստ եք կառավարչական ծախսերը կրճատելու, պատրաստ չեք: Էլի բյուջետային ծախսեր կան, որոնք կարելի է համարել անարդյունավետ: Երկրորդեմ. քանի որ քաղաքական քայլ չի կատարվում, բյուջեի մեջ էլ փոփոխություններ չեն լինում: Երբ քաղաքական քայլ կատարվի, շեշտադրումները փոխվեն, բյուջեն անգամ այս պայմաններում անապահով խավին հնարավորություն կտա ճգնաժամային վիճակը թեթև տանելու: Մինչդեռ կատարվում է հակառակը, հոսանքի գինը, ակցիզային հարկը, գազի սակագինը բարձրացրին... Այս բյուջեի քննարկման շրջանակներում բոլոր խոսակցությունները հավատ չեն ներշնչում:
-Բյուջեի միջոցների բացակայության «փաստարկով» թոշակները, աշխատավարձերը չեն բարձրացնում: Այնինչ ծառայողական մեքենաների թիվն են ավելացնում, դատախազների աշխատավարձը բարձրացնում, ԿԲ-ին երկրորդ տեղակալի հաստիք «պարգևում»` ամսական 2 մլն դրամ աշխատավարձով: Այս բոլորն ի՞նչ տրամաբանությամբ են իրականացվում:
-Իհարկե, դրանք էական հանգամանքներ են: Բայց դրանք դետալներ են, որոնք պայմանավորված են հիմնական գործոնի բացակայությամբ: Եթե համակարգը փոխվի, երկրի զարգացման տրամաբանությունն է փոխվում, և Ձեր նշած խնդիրներն էլ ինքնաբերաբար լուծվում են: Հայաստանում նման կառավարչական ծախսերն անընդունելի են: Սա փաստում է ոչ արդյունավետ համակարգի մասին, որի հիմնական խնդիրն այս իշխանության վերարտադրության ապահովումն է: Կան ենթարկվող, լսող, որևէ նախաձեռնություն չցուցաբերող մարդիկ, որոնց պետք է բավարարել, սնել, կերակրել: Հիմա դա անում են ու ոչ թե իրենց, այլ մեր գրպանի հաշվին: Երբ քաղաքական տրամաբանությունը փոխում ես, պայման ես դնում, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա, տնտեսական ազատություն, սեփականության, իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի նվազեցում, մրցակցության ապահովում լինի, հասկանում ես, որ այս տրամաբանության մեջ 2016-ի բյուջեն չի տեղավորվում:
-Այսպիսի բյուջե ներկայացնող կառավարությունը չպե՞տք է վաղուց հրաժարական ներկայացներ:
-Ռուսաստանում ևս բյուջետային քննարկումներ են, և ես զարմացա, որ Դումայում ունենալով իշխանական մեծամասնություն, բյուջեն առաջին ընթերցմամբ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ ընդունվեց: Այսինքն, թեև բոլորը հասկանում են, որ միջազգային իրադարձություններով է պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վատ վիճակը, մարդիկ կարծում են, որ պետությունը ի վիճակի է «փոխելու» բյուջեն: Իսկ մեզանում հերիք չէ արդարացնում են առկա վիճակը, իրենց սատարող քաղաքական ուժերն էլ պաշտպանում են այս բյուջեն: Որևէ քննադատական խոսք, առաջարկություն չի հնչում, հակառակը` տպավորությունն այնպիսին է, թե այդպես էլ պետք է լինի, դեռ գոհ պիտի լինենք: Ամեն առավոտ արթնանալով էլ ուրախանանք, որ այսպիսի իշխանություն ու բյուջե ունենք:
-Պարոն Խաչատրյան, Դուք քաղաքական համակարգի փոփոխության մեջ եք տեսնում տնտեսական խնդիրների լուծումը: Իշխանության ներկայացուցիչներն էլ հիմա հայտարարում են, որ գոյություն ունի անարդյունավետ կառավարում, ինչը շտկելու համար էլ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները տնտեսական կյանքին բարելավում կբերե՞ն:
-Ոչ, դա դեմագոգիա է, որով նրանք փորձում են քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծել: Սահմանադրական փոփոխությունների իմաստը երբևէ չի եղել տնտեսական կյանքի բարելավումը, սոցիալական հարցերի լուծումը: Լավ կամ վատ օրենք, սահմանադրություն չկա: Կան օրենքներ, որոնցով պետք է ապրել ու հետո միայն հասկանալ` որն է լավ, որը` վատ: Բայց մենք այդ օրենքներով չենք ապրում, առավել ևս տնտեսական կյանքը սահմանադրական նորմերով չի կարգավորվում: Լրիվ այլ, չգրված օրենքներ են գործում ու ներքին կյանքը կազմակերպում: Սրա մասին բոլորը տեղյակ են ու բոլորը դրա մասնակիցն են: Մենք ամեն առավոտ արթնանում ենք այլ օրենքներով ապրելու պատրաստակամությամբ, որոնք մեզ պարտադրել են: Լավագույն սահմանադրությունն էլ լինի, եթե չի կիրառվելու, նույն վիճակում ենք հայտնվելու: Սա պարզապես նախաձեռնվել է մարդկանց ուշադրությունը շեղելու, այսօրվա անհաջողություններն արդարացնելու համար: Երբ մի քիչ հաջողություններ ունեին, ասում էին՝ շատ լավն է սահմանադրությունը, երբ վիճակը վատ է, սահմանադրությո՞ւնն է մեղավոր:
-Այսինքն, կառավարման նոր մոդելի անցման դեպքում ոչ մի դրական, էական քայլ չի լինելու տնտեսության մեջ:
-Ի՞նչ պետք է լինի. մրցակցությունը, ազատությո՞ւնն են ավելանալու, միջին բիզնեսն անմիջապես ուշադրությա՞ն են արժանացնելու, տնտեսության մեջ օլիգարխիա՞ն է վերանալու, հավասար պայմաննե՞ր են ստեղծվելու: Ամենևին՝ ոչ: Թե՞ ուժային կառույցները ընդդիմադիրներին և իշխանության ներկայացուցիչներին հավասար հարթության մեջ են դիտարկելու: Ընդդիմադիրները երկրի թշնամիներն են, իշխանության ներկայացուցիչները՝ փրկիչները: Այս գաղափարն է աշխատում, որը քանդում է ողջ երկիրը: Այնինչ իշխանությունն ու ընդդիմությունը նույն «դիրքերում» են, մեկմեկու փոխարինող են: Որքան պինդ լինի ընդդիմությունը, նույնքան ամուր է իշխանությունը: Պատահական չէ, որ բոլոր զարգացած երկրները ցանկանում են ունենալ ուժեղ ընդդիմություն, որին նաև ֆինանսական հնարավորություններ են տալիս, ոչ թե զրկում անգամ փոքր ֆինանսական միջոցներից՝ ընդդիմությանը վերացնելու նպատակով: Սա Խորհրդային Միության և բոլոր ավտորիտար համակարգերի մոդելն է:
-Փաստորեն, ինչպիսի իշխանություն ունենք, նույնպիսի ընդդիմություն՝ թույլ, անառողջ, մասնատված:
-Իհարկե, որովհետև մրցակցություն չկա: Ընդդիմությունը կարող է լինել ուժեղ, երբ նրան հնարավորություններ են տրված: Իր գործունեությունը ծավալելու համար ընդդիմությունը ֆինանսական միջոցների կարիք ունի: Կա՞ այսօր հասարակություն, որը պատրաստ է վճարելու ընդդիմության գաղափարներին, չկա: Կա՞ն մարդիկ, որոնք ընդդիմադիր գաղափարներով հանդես կգան և համոզված կլինեն, որ չեն հետապնդվի: Արտաքին հետապնդում չկա, բայց ներքին՝ կա: Այսօր նրանց համար, ովքեր կփորձեն սահմանադրությանը «ոչ» ասել, աշխատանքից ազատվելու խնդիր է առաջանում: Ընտրությունների ժամանակ գոհունակությամբ են փորձում ներկայացնել ձայների առավելությունը, սակայն որքան ձայների մեծամասնություն կա, երկրի համար այնքան վտանգավոր է, որովհետև նշանակում է ընտրություն չկա: Ընտրություն նշանակում է բազմակարծություն, որը մեզանում ընդունված չէ:
-Այնպես չէ, որ քաղաքական այսպիսի պատկերի համար մեղավոր է միայն իշխանությունը, ընդդիմությունն էլ ունի իր մեղքի մեծ բաժինը:
-Ի՞նչ է նշանակում վատ ընդդիմություն:
-«Ծախու» ընդդիմություն, երբ ընդդիմադիրի «շապիկ» են հագել, բայց իշխանությունից ոչնչով առավել չեն:
-Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, որովհետև այսօր շատ դժվար է թացն ու չորը տարբերել: Իշխանությունն իր բոլոր լծակներով կարողանում է ազդել անհատների, նաև քաղաքական ուժերի վրա, որպեսզի փոխեն իրենց տեսակետը: 98-ից հետո տեսել ենք այդպիսի քաղաքական ուժերի, որ ընդդիմադիր էին, բայց հիմա դարձել են իշխանություններին ամենաշատ գովաբանող, տեսակետները պաշտպանող ուժեր: Բայց եթե քաղաքականությամբ զբաղվելու նորմալ միջավայր լիներ ու չափորոշիչ չդիտարկվեր իշխանությանը մոտ լինելու հանգամանքը, շատ բան այլ կերպ կլիներ: Սակայն սա չի արդարացնում այն, ինչ Դուք ասում եք: Իհարկե, ճիշտ եք այդ հարցում: Մեր ընտրողները, այո, հիասթափված են, որովհետև ինչ-որ քաղաքական ուժ ոգևորության առիթ էր տվել, բայց հետո դարձավ իշխանություն: Սա ազդում է նաև ընդհանուր ընդդիմության գործունեության վրա:
-Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ այսօր հասարակությունը հավասարապես չի հավատում և «այո», և «ոչ» քարոզողներին: Այս անվստահության, հիասթափության մթնոլորտը վաղուց է ձևավորվել:
-Իմ անձնական հանդիպումներից կարող եմ ասել` այնպես չէ, որ հասարակությունը ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի կողմնակիցն է: Գոնե ես փողոցում չեմ տեսել մի «այո»-ի կողմնակից, որի հետ խոսեմ, հասկանամ ինչու՝ «այո»: Ժողովուրդը չի հավատում բոլոր այն նախաձեռնություններին, որոնց հեղինակն իշխանությունն է: Կասկածում են, որ դրանք որևէ լավ բանի չեն հանգեցնելու: Չեն վստահում իշխանության որևէ օղակի, վստահություն չկա նաև ընտրական ինստիտուտի նկատմամբ: Բոլորը «ոչ» են, «ոչ» իրենց տրամաբանության մեջ: Մեզ համար «ոչը» քաղաքական է, և դա մենք բացատրում ենք, որին մարդիկ ավելացնում են նաև իրենց «ոչը»: Ակնհայտ է, որ իրենք «այո» չեն: Մեր իշխանության ամենամեծ «հաջողությունն» այն է, որ ունենք մի քաղաքացի, որը պատրաստ չէ ծառայելու Հայաստանի որևէ խնդրի լուծմանը: Իշխանությունը միշտ արհամարհել է այդ մարդուն և հիշում է նրան միայն այս օրերին: Այս պայմաններում իշխանությունն ինչու է գնում «սահմանադրական փոփոխություններ» կոչված արկածախնդրությանը, անհասկանալի է:
-Եթե այս անգամ էլ հանրությունը չվստահի հանրաքվեի արդյունքներին, կեղծվեն ընտրությունները, դա ի՞նչ հարված կլինի:
-Դրանից հետո հասարակության, ընտրական ինստիտուտի մասին խոսելն արդեն անիմաստ է դառնում: Պետության անվտանգությունն է ուղիղ հարվածի տակ դրվում: Մեր քաղաքացին արդեն չի մտածում պետության անվտանգության մասին:
-Դուք ասացիք, որ բոլորը «ոչ»-ի կողմնակից են, ընդդիմությունը կկարողանա՞ հանրության ձայնը տեղ հասցնել, «տեր» կանգնել «ոչ»-ին:
-Սա ամենակարևոր հարցերից մեկն է: Մենք ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ և՛ մեր տեսակետը տեղ հասնի, և՛ հանրության «ոչը»: Մենք մեր հանդիպումները շարունակում ենք մեր ձևով, ոչ թե ռեալիթի շոուի՝ «ներկայացմամբ»: Մեր ողջ ռեսուրսը տրամադրված է հենց այս գործին, այսինքն` հանձնաժողովներում վստահված անձանց ունենալուն: Դեկտեմբերի 6-ից հետո գալու է դեկտեմբերի 7-ը, որը տխուր օր է, իշխանությունը մտածելու մեկ այլ առիթ էլ ունի. ամսի 7-ը 6-ը չէ: Եթե հանուն իշխանության ամեն ինչ կեղծելով բերելու են թիվ նկարեն, իրենք ավելի շատ բան ունեն մտածելու, քան մենք: Մեզ համար դեկտեմբերի 7-ը նոր գաղափարների իրականացման սկիզբ է լինելու, իրենք թող մտածեն, թե ինչ է լինելու:
-Իրենք ի՞նչ ունեն մտածելու, իրենց իշխանությունը հաջող շարունակելու են: Այդպես է եղել բոլոր կեղծված ընտրություններից հետո:
-Չի ստացվի: Հավատացնում եմ` իշխանությունն արդեն իրեն սպառել է: Դաշնակցական Քաջազնունին էր ասել. «Դաշնակցությունը այլևս անելիք չունի, պիտի Հայաստանից հեռանա»: Նույնը կասեմ նաև ՀՀԿ-ի առումով: ՀՀԿ-ն այլևս Հայաստանում անելիք չունի:
-Բոլոր ընդդիմադիրներն անընդհատ այդ մասին են ասում, սակայն «սայլը» տեղից չի շարժվում:
-Այսօրվա տնտեսական վիճակը փաստում է այդ մասին: Գործող կառավարման համակարգն իրեն վաղուց սպառել է: Սա աքսիոմ է: Այն նպատակները, որոնք իրենց առջև դրված են, չեն կարող իրականացնել: Այսօրվա իշխանական լծակներից օգտվողներին թվում է, թե իրենք մնալու են, այնինչ նրանց թիվն էլ է փոքրանալու: Սա է այս իշխանության տրամաբանությունը:
-Ասել է՝ անգամ դաշնակիցներին «զոհելու» գնով հասնել իշխանությա՞ն:
-Այո, լավ էլ ասացիք: Դաշնակից կլինի, կուսակից, թե կողակից, կապ չունի: Իրենց նպատակին հասնելու համար ոչնչի առջև չեն կանգնում: Եվ դա անընդհատ հարստանալու, գումար վաստակելու ցանկությունն է:
-Այդ ախորժակը «չփակվե՞ց»:
-Դա շատ բարդ է: Եթե մարդը նման ախորժակ ունի, երբևէ չի բավարարվում: Ցավոք, դա հիվանդություն է:
-Անբուժելի:
-Հա, հա, դրա բուժումը չկա: Բուժումը մեկն է, երբ քաղաքական և ընտրական համակարգն աշխատում է: Ադամ Սմիթն ասում էր. «Իշխանություն ունենալն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են»: Մեզ մոտ ամենամեծ խնդիրը հենց այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են: Հնարավոր չէ իշխանության մի ներկայացուցիչ բիզնես ունենա և ընդունի օրենք, որն իր շահին չսպասարկի: Դա բացառվում է: Եթե այս տեսանկյունից նայեք Հայաստանում ընդունված օրենքներին, կհամոզվեք, որ չկա մի օրենք, որ սպասարկի ողջ հասարակությանը: Թող ինձ ասեն, օրինակ, գազի գնի բարձրացումն ինչո՞վ է պայմանավորված կամ էլեկտրաէներգիայի թանկացումը: Հիմնավորումներ չկան, հեքիաթներ են: Կարո՞ղ են բացատրել, թե ինչու է գազը Հայաստանում 360-370 դոլար, իսկ սահմանին՝ 165 դոլար 1000 խմ-ի համար: Աշխարհում 2015-ը հայտնի է ապրանքների գների նվազմամբ, ՀՀ-ում նման բան չկա: Հայաստանում կա տնտեսական շահ, որը վերածվել է քաղաքականի:
-Եթե այսօր կարողանայիք երեք քաղաքական-տնտեսական խնդիր լուծել, որո՞նք կլինեին դրանք:
-Առաջին՝ ընտրական ինստիտուտի ժողովրդավարացում, թափանցիկություն, որ վստահություն լինի ընտրությունների հանդեպ, երկրորդ՝ բիզնեսի ազատություն, որևէ չգրված արտոնության վերացում, հատկապես փոքր և միջին բիզնեսի համար, որպեսզի վերջիններս առնվազն 3-5 տարի նույն հարկային օրենսդրությամբ աշխատեն, որ հնարավորություն ունենան շնչելու: Երրորդ՝ մարդկանց ազատությունների սահմանափակման վերացում, սա նախ և առաջ վերաբերում է մամուլին:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ