Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

2016-ի Կրակե կապիկը ճանապարհ է ընկել

2016-ի Կրակե կապիկը ճանապարհ է ընկել
21.11.2015 | 19:08

Փարիզում դեռ քաոս էր, իսկ Անթալիայում G20-ի ղեկավարները քննարկում էին աշխարհի ապագան: G20-ի, որ տնօրինում է տնտեսության 85 %-ը և մոլորակի բնակչության երկու երրորդի կյանքը: Ո՞վ ի՞նչ էր որոնում Անթալիայում: Թուրքական Taraf-ի գնահատմամբ՝ Եվրոպայի ամենալուրջ խնդիրը միգրանտներն են: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հորդորում են միգրանտների ճգնաժամը հանգուցալուծել և փախստականներին ֆինանսապես աջակցել G20-ի շրջանակներում, հաջորդ խնդիրը զբաղվածությունն է, ապա՝ տնտեսական աճը և պատժամիջոցները: Ի՞նչ է ուզում Թուրքիան: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոդված էր հրապարակել Project Syndicate-ում «Համընդհանուր աճը և համաշխարհային արդարությունը» վերնագրով և առաջին դիրքերում էր դրել ռիսկերը, որ համաշխարհային տնտեսության մեջ ստեղծում են ահաբեկչությունն ու անկայուն պետությունները: Բնական է, որ նա շեշտը դնում էր պրոբլեմների վրա, որ ստեղծում են Ասադը, ԻՊ-ը և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Չինաստանի ու Ճապոնիայի համար գերակա են տնտեսության վերակազմման ընթացքում աճի ապահովման խնդիրները, որոնք լուծելու համար ցանկանում են շարունակել իրենց տարադրամի մրցակցային արժեզրկման քաղաքականությունը և գլոբալ ֆինանսական կանոնները գրեթե չեն պահպանում: ԱՄՆ-ը, չնայած պատասխանատվությանը Սիրիայի ու Մերձավոր Արևելքի իրադարձությունների համար, փաստորեն ոչինչ չի անում խնդիրը լուծելու ուղղությամբ: Վերջերս Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ներողություն խնդրեց Իրաքի գործողությունների համար: Այսինքն՝ Մեծ Բրիտանիան գիտակցել է, որ սխալվել է Իրաքի օկուպացիայի հարցում, որի հետևանքն այսօրվա խնդիրներն են: ԱՄՆ-ը և ՄԲ-ն ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում հարկային ու ֆինանսական թափանցիկության ապահովման համար: Transparency International-ի զեկույցի համաձայն՝ G20-ի երկրները տեղեկատվություն չեն փոխանակում կոռուպցիոն հանցագործություններում մեղավորների մասին, և դա հնարավոր է դարձնում տարեկան երկու տրիլիոն դոլարի լվացումը: Ռուսաստանը փորձում է դիմակայել Արևմուտքի էմբարգոյին և առաջին պլան է բերում ռազմական ուժի ցուցադրությունը: ԱՄՀ-ը նոյեմբերի 13-ին հրապարակած «Կենտրոնական, Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի մակրոտնտեսական վիճակը» զեկույցում Ռուսաստանի տնտեսությունը դասում է աշխարհի չորս ամենափխրուն տնտեսությունների թվին՝ Ռուսաստան, Թուրքիա, Հունգարիա, ՈՒկրաինա: ըՀԼԽհ-ի երկրները սեփական գերակայություններն ունեն: Բրազիլիան բյուջեի մեծ դեֆիցիտ ունի, Հնդկաստանը չի կարողանում լուծել աղքատության խնդիրը՝ բնակչության 32 %-ն ապրում է աղքատության շեմից վար: G20-ի երկրների պրոբլեմներն այնքան տարբեր են, որ տարբերվում են նրանց գերակայությունները:
Փարիզի ահաբեկչությունները չփոխեցին G20-ի ընթացքը Անթալիայում: Սիրիայի հարցը և ԻՊ-ի դեմ պայքարը քննարկումների ու երկկողմ հանդիպումների օրակարգում էին: ՌԴ նախագահը հույս ուներ օգտագործել Սիրիան ու միջազգային ահաբեկչությունը Ռուսաստանը դիվանագիտական ու տնտեսական մեկուսացումից դուրս բերելու համար: Բայց շրջադարձ չեղավ: Պուտինը լիարժեք բանակցություններ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո հայտարարվեց միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մտադրության մասին: Ոտքի վրա հանդիպում եղավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, թեպետ Սպիտակ տունը նախօրեին չէր հաստատում, որ հանդիպման ժամանակ կգտնվի: Կրեմլը տրիումֆ չի արձանագրում: Օբամայի հետ զրույցը մեկնաբանելով՝ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց, թե «սխալ է մտածել, որ 20 րոպեում հնարավոր է երկկողմ հարաբերություններ փոխել»:

Ստացվում է՝ մի կողմից փարիզյան ահաբեկչությունը արևմտյան ղեկավարներին ստիպում էր հանդիպել Պուտինի հետ՝ իբրև Սիրիայում առանցքային խաղացողներից մեկի, մյուս կողմից՝ նրանք ՌԴ նախագահին ավելի ամուր են կողպում «սիրիական կաղապարում»: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ղեկավարների հետ հանդիպումներ, այո, եղան, բայց Պուտինը դուրս չեկավ «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի» և «Բաշար Ասադի ապագայի» քննարկումների շրջանակից: Իսկ նրան դա չէր պետք: Ավելի ճիշտ՝ միայն դա չէր պետք: Նրան պետք էր Ղրիմից հետո սահմանված պատժամիջոցներից դուրս գալու քննարկում: Նրան պետք էր, որ Ռուսաստանը ներգրավվի ազատ առևտրի նոր ստեղծվող գոտիներում: Դիվանագիտական փակուղուց դուրս գա՞լ էր, որ Անգելա Մերկելն ինքն առաջարկեց ՈՒկրաինայի մասին խոսել, բայց դա հիշեցում էր, որ Արևմուտքը Ղրիմի անեքսիան չի ճանաչում և հազիվ թե համաձայնի «փոխանակել» Ղրիմը Դոնբասով ու Սիրիայով: Էրդողանի հետ հանդիպումն էլ հույսեր չներշնչեց: Ոչ վաղ անցյալում Էրդողանի հետ ռազմավարական եղբայրությունից ոչինչ չէր մնացել: Ընդդեմ Եվրոպայի նրանց միավորվելն արդեն խոր ու անդարձ անցյալ է: «Հարավային հոսքին» փոխարինած «Թուրքական հոսքն» ակնհայտորեն չի հոսում ոչ մի տեղ: Առևտրական շահերը՝ գազի գինը, Սիրիան՝ Ասադի ճակատագիրը, տղամարդկային բարեկամության առաջն առան: Պուտինը հարկադրված էր հանդիպել Էրդողանին, որովհետև չէր կարող տանտիրոջը մերժել: Բայց հազիվ թե նրա համար առանձնապես հաճելի էր ձևացնել, թե չի հասկանում, որ թուրքերը հուսալի հուղարկավորել են «Թուրքական հոսքը» կամ էլ ձևի համար քննարկել Գազպրոմի դեմ Անկարայի դատական հայցը, որ գազի գնի իջեցում է պահանջում: Փաստորեն՝ G20-ը Անթալիայում չդարձավ այն հարթակը, որտեղ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները որակական փոփոխություն ունեցան: Դիվանագիտական հերթական հաղթանակը, որ պաշտոնական Կրեմլն արձանագրում է Անթալիայում, պետք էր այնքան, որքան նախանցյալ տարվա ձյունը: Մոսկվան մնում է պահեստային խաղացող Արևմուտքի համար, որին պարտության դեպքում դաշտ են դուրս բերելու, որ ոչ թե իր գործերով զբաղվի, այլ ահաբեկչության դեմ պայքարի: Բայց իրավիճակի մեղավորը ոչ Մոսկվան է, ոչ անձամբ Պուտինը: Խնդիրը բուն Արևմուտքում է ու Արևմուտքն է: Ոչ Փարիզից առաջ, ոչ Փարիզից հետո ԵՄ երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ը իրենց համար չեն բանաձևել ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևն ու բովանդակությունը, ոչ հակաահաբեկչական քայլերի ձևաչափը: Նրանք պատրաստ չեն առաջին քայլի և պատրաստ չեն Ռուսաստանի առաջին քայլին համարժեք արձագանքի: Արևմուտքը խճճվել է իր քաղաքական ու տնտեսական շահերի բախման մեջ և չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ինքն իր հետ, իսկ վակուումը հարկադրված է լցնել հայտարարություններով ու հանդիպումներով, որոնց արդյունքները ռեալ քաղաքականության վրա չեն ազդում և հասարակական կարծիքին են ուղղված: Հավելեք՝ հատուկ ծառայությունների աշխատանքի մասնակի համակարգումը և տարբեր սամիթներում ձեռքսեղմումներով լուսանկարները: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Հին աշխարհը ընդամենն ուզում է առավոտյան նախաճաշել սրճարանում, աշխատանքի գնալ, կեսօրին ճաշել ռեստորանում, երեկոյան՝ աշխատանքից հետո գնալ ֆուտբոլ, թատրոն, համերգ կամ նորից սրճել մոտակա սրճարանում ու չմտածել ոչնչի մասին: Նա ֆիզիկապես չի հասկանում՝ ինչո՞ւ են իր վրա կրակում, երբ ինքը ոչինչ չի արել:
ԱԺ պատգամավորները խումբ-խումբ ուսումնասիրում են հայրենիքը՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի ռեալ ժամանակում քարոզչական քայլը նոր է, բայց ակնհայտ է, որ ակնկալված արդյունքը չի տալիս: Մեղավորը ոչ թե պատգամավորներն են, այլ թեման: Ի վերջո, եթե մի քիչ խորանանք կողմերի հանդիպումների մեջ, Սահմանադրությունը չի հետաքրքրում ժողովրդին, հետաքրքրում է իր կյանքի փոփոխությունը՝ իշխանությունը կտա, Սահմանադրությունը, թե սատանան՝ մեկ է, մարդիկ նորմալ կյանք ու ապրուստ են ուզում: Ժողովուրդը վաղուց ծախսել է իրեն դեռ չտրված 5-10000-ը և այլ ակնկալիքներ չունի, հանրաքվեն ընտրություն չէ՝ անձի ու կուսակցության կոնկրետ հարց չի լուծվում, իսկ ընդհանրական հայրենիքով՝ իր ընդհանրական հաջողությամբ, երջանկությամբ ու ժողովրդավարությամբ, հնարավոր չէ հաց ու դեղ առնել, տանիք նորոգել, երեխա պահել, տուն տաքացնել ու… չբողոքել: ՈՒ դա գիտեն բոլորը:
Ազգային ժողովում քննարկվում էր 2016-ի բյուջեի նախագիծը: Երկու Հայաստան՝ մեկում ամեն ինչ միտված է զարգացման ու պայծառ ապագայի, հանուն որի ներկայի դժվարությունները տարանցիկ դժվարություններ են, ինչպես մրսածությունը, գրիպը, հազը, ջերմությունը, մյուսում՝ ամեն ինչ կործանվում է, բյուջեն դատարկ է, սեկվեստրի անհրաժեշտությունը թաքցրին, վարկերը հասել ու հատել են թույլատրելի կարմիր գիծը, տնտեսական աճը տեսանելի է միայն Հանրապետության հրապարակում, աշխարհը կործանվում է, ու բյուջեն չի փրկելու հաստատ: Որտե՞ղ է ճշմարտությունը: Ոչ մի տեղ: Գործնականում ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ բյուջեի նախագիծը Հայաստանի համար անհրաժեշտ, բայց ձևական փաստաթուղթ է, որով իբր կարգավորվում է պետության կենսապահովումը: Հայաստանի Հանրապետությունը վաղուց պիտի գրանցվեր Գինեսի գրքում իբրև տնտեսագիտության մեջ օրեցօր նորանոր հայտնագործություններ անող պետություն, որտեղ երբեք բյուջեի եկամուտները ծախսերին չեն հավասարվում, միշտ քիչ են, բյուջեի դեֆիցիտը օրինական է, ինչպես այլ պետություններում օրինական է ու զարմանալի չէ պրոֆիցիտով բյուջեն, բայց ֆենոմենը դա չէ, ֆենոմենը, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է վարկերի ու բոնդերի հաշվին, ու նրան շարունակում են վարկավորել, որ դեֆոլտի չհասնի: Իսկ խորհրդարանում կհնչեն այնքան խելոք հարցադրումներ ու ելույթներ, որ աշխարհի տնտեսագիտական միտքը իր խակության համար կկարմրեր, հետո պատգամավորները քաղաքական հասունություն կունենան երկիրը ֆինանսական ու քաղաքական անկայունության մեջ չմխրճելու համար 2016-ի բյուջեի նախագիծը քվեարկությամբ օրենք դարձնելու չափ: Ճիշտ է՝ ոչ բոլորը: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կողմ կլինեն: ՀՀԿ-ն մարտական կազմով: ԲՀԿ-ն՝ նոր կազմով: ՕԵԿ-ը մինչև վերջին պահը կասի՝ մեր առաջարկությունները ընդունեք, որ որոշենք՝ ինչ անել: Բայց առաջարկները ընդունվեն-չընդունվեն, ՕԵԿ-ը կքվեարկի կողմ-դեմ-ձեռնպահ, կամ չի քվեարկի: Դա կոչվում է քաղաքական ճկունություն: ՀԱԿ-ը կաղմկի, կաղմկի, բյուջեի նախագիծն ու Սահմանադրության նախագիծը իրար կխառնի ու կասի՝ ոչ, ոչ իշխանությանը, բայց կասի այնպես՝ մի թեթև: ՀԱԿ-ում ևս, ինչպես ՕԵԿ-ում, գործելու է դեմ-կողմ-անդեմ սկզբունքը: «Ժառանգությունն» ի՞նչ կանի: Ամեն ինչ՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, ոչինչ՝ ի դեմս «Ազատ դեմոկրատների»: ՀՅԴ-ն, որ բոլորից ակտիվ ու խելամիտ է քարոզում սահմանադրական «այո»-ն, կարող է քաղաքական անկախության դեմարշ անել ու ինքնահաստատվելով կառուցողական ընդդիմության դերում՝ դեմ քվեարկել: Բայց դա չի խանգարի, որ հանրաքվեից հետո կոալիցիոն կառավարության կազմում պատրաստ լինի նախարարների ձեռամբ կուսակցության մերժած բյուջեն կատարել՝ կուսակցությունն իր տեղն ունի, պետությունն՝ իր, կառավարությունն՝ իր, առանձին դաշնակցականները՝ իրենց: Առավել ևս, որ քաղաքական մեծամասնության հորձանքում՝ ՀՀԿ + ԲՀԿ հաշվեկշիռը ավելի կարևոր ու որոշիչ է այսօր, քան մյուսների +N կամ -N ձայները, որոնք միշտ փոքրամասնություն են: Չկա աշխարհում արդարություն՝ ոչ քաղաքական, ոչ սահմանադրական, ոչ անձնական: Մինչև ե՞րբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. -Էրդողանը Ալիևին հրավիրեց Անթալիա, նա էլ գնաց ու հյուրերի ճաշը հարամեց «ահաբեկիչ Հայաստանով» վախեցնելով, ոչ մի թերթ ու գործակալություն ադրբեջանականից բացի՝ չհիշեցին Ալիևին Անթալիայում: Սահմանադրության հանրաքվեին մնաց 16 օր, գործող Սահմանադրությանը՝ երկու տարի: Իսկ ընդհանրապես՝ 2016-ի Կրակե կապիկն արդեն ճանապարհ է ընկել, անխտիր բոլորին խոստանում է անակնկալներ, պատկերացնո՞ւմ եք՝ չխաբի:

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ