Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Կոմիտաս»-քառյակ՝ կոնստանտ մեծություն

«Կոմիտաս»-քառյակ՝ կոնստանտ մեծություն
20.11.2015 | 01:28

Օրերս (նոյեմբերի 14-ին) Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 90-ամյակին (Էդուարդ Թադևոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան, Հասմիկ Վարդանյան)։ Կայացավ նաև վաղուց սպասված «Նվիրում» պատկերագրքի շնորհանդեսը։ Ներկա էին անվանի երաժիշտներ, հասարակական գործիչներ, հյուրեր արտասահմանից և պարզապես քառյակի երկրպագուներ։
Հանդիսավար Կարեն Քոչարյանն իր բացման խոսքից հետո բեմ հրավիրեց քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, 1-ին ջութակահար Էդուարդ Թադևոսյանին։ Մաեստրոն հակիրճ անդրադարձավ աշխարհի ամենաերկարակյաց քառյակի անցած փառավոր ուղուն, երախտագիտությամբ հիշատակեց քառյակի հիմնադիրներ Ավետ Գաբրիելյանին, ումից Է. Թադևոսյանը ժառանգել է քառյակի ղեկը, ինչպես նաև Սարգիս Ասլամազյանին և մյուս երախտավորներին, ովքեր տարբեր տարիներին նպաստել են քառյակի վերելքին։ Մաեստրոն շնորհակալություն հայտնեց դահլիճում ներկա Ճապոնիա-Եվրասիա մշակութային միության նախագահ Մարի Ասանոյին և փոխնախագահ Կազուկո Սատոյին՝ քառյակի հյուրախաղերը Ճապոնիայում պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Իր հերթին Կազուկո Սատոն հիացմունք հայտնեց քառյակի բարձրարվեստ համերգների համար, և չմոռացավ նշել նաև Հայաստանի գեղեցկության մասին։
Բեմ հրավիրվեց նաև Դանիել Երաժիշտը, ով նշեց քառյակի դերը հոգևոր կյանքում, բազում սերունդների գեղագիտական ճաշակը ձևավորելու և կատարելագործելու բնագավառում։ Քառյակը բնորոշելով որպես «կոնստանտ մեծություն», նա նկատի ուներ երաժշտախմբի մակարդակը, գործունեության լայն շառավիղը, ինչպես նաև նրա հարատևությունը։

Բեմ բարձրացան նաև քառյակի ստեղծագործական ուղին լուսաբանող «Նվիրում» եռալեզու պատկերագիրքը կազմող Խաչատուր Դադայանը և աշխատակազմի մյուս անդամները, որոնք նույնպես արժանացան ծափողջյունների։ Բովանդակալից այդ գրքում տեղ են գտել 90-ամյա քառյակի տարեգրությունը, բոլոր «սերունդների» ներկայացուցիչների լուսանկարները, կենսագրական տեղեկություններ, աշխարհի տարբեր երկրների մամուլի և հռչակավոր գործիչների գնահատականները, տեղեկություններ մեծանուն գործիչների հետ համագործակցության մասին և այլն։ Հանդիսության առաջին մասն ամփոփեց քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ով շնորհակալություն հայտնեց «ՎիվաՍել» կազմակերպությանը, ինչպես նաև գրքի հրատարակչությանն աջակից ՀՀ մշակույթի նախարարությանը և Երևանի կոնյակի գործարանին (գլխավոր հովանավոր)։ Հանդիսության 2-րդ մասում ելույթ ունեցավ քառյակը, որը կրկին հիացրեց ներկաներին իր անկրկնելի արվեստով։ Հնչեցին Կոմիտաս-Ասլամազյանի, Վիտոլդ Լյուտոսլավսկու և Պաուլ Հինդեմիտի կվարտետային փոխադրությունները։ Իսկ Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկների պարը», որը փոխադրել էր քառյակի նախկին ալտահար, ամերիկաբնակ Հակոբ Պապյանը, ընկալվեց որպես մի ողջույն իր հարազատ քառյակի հոբելյանի առթիվ։
Ամփոփելով, նշենք, որ այս հանդիսությունը տարվա ամենատպավորիչ մշակութային իրադարձություններից էր։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ