«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երբ մականունն է օրհներգից վեր (ռեքվիեմ հայոց պետական անկախությանը)

Երբ մականունն է օրհներգից վեր (ռեքվիեմ հայոց պետական անկախությանը)
20.11.2015 | 01:58

Ինչքան մեր ապրուստը վատանում է,
այնքան շուն պահողը շատանում է,
շունը մարդու մսով ամրանում է,
մինչդեռ ժողովուրդը համրանում է...
Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ
«Տագնապներ»

ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ՝ ՆԱԶԱՐԱՊԱՏՄԱՄԲ
(ֆելիետոնն այգաբացին)
Արև արքան` Լյուդովիկոս 14-րդը, փառքի գագաթնակետին մի օր անկեղծ շեփորեց. «Պետությունը ես եմ»։ Քանի՞ Լյուդովիկոս կա այսօր մեր մոլորված հայրենիքում։ Անտեղյա՞կ եք, սիրով շարակարգում եմ։ ՀՀ-ում կան լյուդովիկոսյան մի քանի դասեր, որոնք առանց վարանման կարող են բարձրանալ Արագածի գագաթն ու այնտեղից բղավել երկրի երեսին՝ պետությունը ես եմ, զի ես ինքս եմ միաձայն որոշում.
ա) որքա՞ն կողոպտել քեզ, այ ընկեր երկիր, որ տնքում ես, բողոքում, բայց և այնպես սիրահոժար հանդուրժում ես գոյությունս,
բ) քանի՞ միլիոն դուրս բերեմ քո սահմաններից, պարոն Հանրապետություն, մինչև որ հասկանաս, որ ես քեզ գիշեր ու զօր կողոպտում եմ, և այդ իսկ պատճառով անդամահատես ձեռքս, հանես աչքս և վերջապես քոքից պոկես զույգ ականջս։

Նման մենախոսությամբ կարող են հայոց պատմությունը ապականել նախ մականունակիր-մենաշնորհատեր-մանդատավորները (այսինքն՝ օլիգարխիան), այնուհետև չինովնիկական վերնադասը, և, առհասարակ, իշխանությունն ամենուր, սկսած այն ճակատպինդ գյուղապետից (սրան ապավինած գյուղում բարեկարգ է 2 «օջախ»՝ գյուղապետարանն ու գյուղապետի տիկնոջ կրպակ-մարկետը), ում համար գյուղը կանեփի արտ է, գյուղացիք էլ, հասկանալի է՝ «թարս բուսած խիարի» արտի պահակը, և վերջացրած նախրահոտ նախարար այսինչով, ում ցանկացած հանրապետությունը կվարանի-չի վստահի երկու մաքի և երեք խոզ, զի նա սրանց սարը կտանի և կտա գելի բերան։ (Բայց և այնպես վստահել է մի ողջ նախարարության)։ Գյուղապետի այս տեսականին մի անբուժելի ստահակ է, խորշում է աթարից, ամենամյա հանգիստն է վայելում Անթալիայում։ Սրան վստահված գյուղը դատարկվում-հալչում է, անգամ ամռան տապին տան երդիկն ու թոնիրը սառչում են, սակայն գյուղը նրան ընտրում-վերընտրում է, և սա է հավանաբար թարս բուսած «խիարի» խորհուրդը խորին)։ (Իսկ նախրահոտ-նախարարը, ում հոգածության ներքո է մի ողջ նախարարապետություն, մի բան է լուծում օրնիբուն, սեփական բիզնեսի ճակատագիրն ու Փարիզի Պիգալ հրապարակի առաջատար պոռնիկին վճարվելիք «մաքսատուրքը», ընդամենը մի 7-8 հազար էքյու, անկասկած, կառավարական դրամապանակից)։ Սրան վստահված նախարարությունը մի անհատակ սկահակ է, վարկակլանման և դրա արդյունքների կոյանցման անզուգական մի որկոր։ Մի խոսքով, դրանք ունե՞ն արդյոք իրավասություն ինքնահռչակվելու որպես «Արև արքա», կարո՞ղ են ինքնաբուխ բառաչել, թե պետությունն իրենք են, և ոչ թե հանրապետությունը, երկիրը, հայրենիքը։ Հարկավ ոչ, զի նրանց անհատական նստուկն ավելի պատվավոր տեղ է գրավում նորհայկական այս ոսկեժանգոտ արևի ներքո, քան, զորօրինակ, մի ողջ համայնք։ Մի խոսքով՝ լյուդովիկոսյան հաղթակամարը պորտապար է բռնել Սադախլոյի անցակետից մինչև Երասխավանի սահմանային խրամատներ։ Կամարի ներքո բազում երկնագույն դրոշակներ են ցցերին հանգուցված, վրաները սև տառերով գրված. «Ահավասիկ ես եմ հայոց պետությունը, ես եմ երկրի նսեմ Մատենադարանն ու նրա վսեմ պետքարանը»։ Դրոշակների տակ էլ ննջում են Լյուդովիկոս-Նազարները։ (Լուրթ-կապույտ երկնակամարդ այս ինչե՜ր է պարտակում, իմ պաշտելի Երկիր Նաիրի)։

Լյուդովիկոս-Նազարների ապականված գարշապարը քծնասպետ-մտավորականն է, ամառ, թե ձմեռ հաճկատար խոնջանքը դեմքին, աշուն թե գարուն մշտակուռ կուշտ, սակայն սեփական ստվերից ահաբեկված, չլինի թե քամին հանկարծ (անկեղծ ասած, առանց տեղեկացնելու) փչի անհայտ ուղղությամբ։ Այս մոլագար բոլուկը ևս պետություն է պետության մեջ, սրանցից յուրաքանչյուրը սեփական խոհանոցում անգամ չի դադարում քծնել և մաքառել հանուն այդ քծնաշորորի հավերժության։ Որբանոցում սրանք առյուծ են կտրում, հոխորտում են, խոստանում են պատժել երկրի ոսոխներին աղքատության հարուցիչներով և որբության կնքահայրերին։ Սրանք չեն մոռանում մեջքը ծռել և կռանալ, թե ո՞ւմ առջև, կարևոր չէ, անհրաժեշտ է միշտ էլ լինել արթուն-պահակ հանուն երկրի մեր նահատակ։ Այսինքն, վասն բոսի հողաթափի։ Մի խոսքով շքերթ է, Լյուդովիկոս-Քաջնազարաց շարասյան երթը։ Մի խոսքով, չարքերի պտտահողմն է ներքաշել պետությանը իր խառնարանի խորքը։ Է, ե՞լքը։

ՊԱՐԿԱՊԶՈՒԿԸ ՕՊԵՐԱՅԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ
(պամֆլետ կեսօրյա)
Մի խոսքով, չարքերի պտտահողմն է ներքաշել պետությանն իր խառնարանի խորքը։ Է, ե՞լքը։ Ելքը մեկն է՝ երկրում հայտարարել խաղաղ անհնազանդության նախ շաբաթ, հետո էլ՝ միամսյակ և միայն վերջում՝ անժամկետ չեղարկում։ Հայտարարել, ամբարել բավականին սննդամթերք և արհամարհել իշխանության բիրտ համառությունն ու ընդդիմության թավշյա թոթովանքները։ Զարմանալի են իշխանական համառ շեփորումներն առ այն, որ անցումը կառավարման խորհրդարանական ձևաչափին ուղղակի փրկօղակ է արևելյան կաշառակերության և արևմտյան կոռուպցիայի մեջ թաղված և օրնիբուն բվի նման բվվացող հասարակության համար։ Այսինքն, իրենք փորձում են պետություն կերտել, սակայն ակամայից երկիրն են քերթում, զի երկրի գլխավոր կառավարիչը նախագահն է և ոչ թե խորհրդարանը։ Այո՜, յուրաքանչյուր հանճարեղ գաղափար իր հենքում պարզ է, վերոնշյալ պարագայում բանը բանից անցել է, զի երկիրը վերածվել է խեղկատակներ բուծող փորձակայանի։ Չէ, երկիրը չէ, նրա ղեկավար կազմը և նրանց հնազանդ տնտեսաքաղաքական և մշակութահոգևոր ասպարեզների եսակենտրոն դասալիքները։ Եվ ամոթն ու պատկառանքն են լքել Արարատյան հանրապետությունը, ըստ էության, հենց անկախ պետականության հաստատման առաջին իսկ օրից։ Լավ, բավ է, այս ամենը քաջ հայտնի է, և սուգ-շիվանով, անեծք-հայհոյանքով և անգամ Նարեկյան բանադրանքով ոչինչ այլևս չես անի։ Սակայն որն է ելքը, երբ արևելքից արևը ծագում է հենց բոշայափաշայական այս սերուցքի համար, երբ անգամ երկրի ընդերքն է նրանց ելուզակաֆինանսական կրքերի բավարարմանը ծառայում, որ այս ավազակապետական շուրջպար-պորտապարի հանգուցալուծումը մեկն է՝ անկախության կորուստն ու հանգրվանը Մոսկվայի, Վաշինգտոնի և գուցե թե Թեհրանի հովանու ներքո։

Չէ, մեկն է ելքը՝ խաղաղ դիմակայությունը։ Ընդվզումն արյուն կբերի, չի կարելի, հողն արյուն չի հանդուրժում, հայոց բազմատքնանք սևահողերն ու աղուտները՝ առավել ևս։ Նման պարագաներում ասպարեզ է իջնում «Ժողովրդական վստահության կառավարությունը», և որն ի գլուխ ազատագրում է հանրապետությունը բազմադեմ և որովայնակերպ Լյուդովիկոս-նազարիկներից։ Սակայն այստեղ մի խնդիր է ի հայտ գալիս և քացի է տալիս մտքերիս։ (Էն էլ ի՞նչ քացի, սեռահասուն և քաղաքականացված ավանակի մի բորբ աքացի, որը, բարեբախտաբար, երազում, իջնում է ճիշտ հոնքամիջիս)։ Եվ խնդիրն այդ հետևյալն է։ Ժողովրդի պետականակերտ տեսակը հասարակությունն է։ 1988-89-ին առանց որևէ չափազանցման քաղաքացի էր ՀԽՍՀ բնակչության 99,9 տոկոսը։ Այսօր, վստահաբար, 0,99 տոկոսն է այդ դափնեպսակի պահապանը։ Այսինքն՝ այսօր արդյոք կա՞ հասարակություն։ Կա ոչ։ Զի անհայտ-բացակայող է նրա սերուցք մտավորականությունը։ Ահավասիկ մի եղերական եղելություն։ Հայաստանի գրողների միության համար խորհրդային պետությունը կոոպերատիվ հիմունքներով շենքեր է կառուցում Կիևյան փողոցում, Հրազդանի կիրճի հարևանությամբ, Ծիծեռնակաբերդի անտառապատ հուշաբլրի դեմ դիմաց։ (Այստեղ է ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոցը)։ Խորհրդային Հայաստանում անհնար էր պատկերացնել անգամ, որ որևէ մեկին, հատկապես կոմունիստական կուսակցական վերնախավին, կհաջողվի խաթարել բնակչության, առավել ևս մտավորականության հանգիստն ու քունը։ Անկախ-ազատական Հայաստանում գրողների շենքերն արդեն վաղուց պատերազմական իրավիճակում են, գրեթե յուրաքանչյուր երեկո Հրազդանի կիրճը, հանգստյան այս նախանձելի գոտին առևտրաշահ տարածքի վերածած «Փարվանա», «Արջուտ», «Գեղամա» ռեստորանային պատժիչ համալիրների երաժշտական ժանտախտն է տարածվում։ Հնչում-դղրդում են ռաբիս երաժշտարվեստի գլխակեր-գլուխգործոցները (ի մասնավորի «Պատրոնդաշս կապել եմ» մոլագար եղերերգը) արևամուտից առաջ ու հետո, կեսգիշերն անց և մինչև գալիք օրվա լուսաբաց։ Ստեղծագործող մտավորականությունը բողոքում է, շաչում է, հառաչում է, բայց անարդյունք։ Զի բարոյախրատական եղանակով անհնար է ներկա արտոնյալ խավ հրոսակներին դարձի բերել։ Քանզի հենց նրանք են տնօրինում երկրի ճակատագիրը, որը նրանց իսկ խոհանոցի, արտաքնոցի, աղբանոցի սկիզբն է և վերջը։ Է, ե՞լքը։ Սիրով ներկայացնում եմ, միաբանվել, ստորագրահավաքներ կազմակերպել և դիմել ոստիկանությանը, հնարավորություն տալ այս արժանավոր իրավապահ կառույցին պատասխանատվության ենթարկելու ստահակներին։ Բայց ոչ, բողոքավորները լիուլի բավարարվում են բարձրաձայն բողոքելով, այնինչ անհրաժեշտ է ընդամենը ոստիկանական բաժանմունքում բացատրություն տալ եղերական-պատրոնդաշային եղելության մասին։ Տալ մեկ, երկու, հազար հարյուրերկու գրավոր բացատրություն և խնդիրը լուծել արմատապես։ Այսինքն, թիկունք կանգնել ոստիկանությանը, օրինապահ այս մարմնին, որը հաճախ է կանգնում կոտրած տաշտակի խնդրի առջև, հենց մեր անկոտրում հակաքաղաքացիության պատճառով, զի նրանք բորբոքուն բողոքում են, սակայն ահաբեկված հեռանում են բացատրագիր գրելուց ահաբեկված։
Մի խոսքով՝ Լյուդովիկոս-Նազարները բռնազավթել են մեր ներկան և ապագան։ ՈՒ մենք այսօր, յուրաքանչյուրս մեր հոգու ընդերքում, պիտի քաղաքացի ձևավորենք և ըմբռնենք, որ ճիշտ ժամանակն է համաժողովրդական պահանջատիրությամբ հայտարարագրելու ներկա վերնակույտերի հարստության իրական աղբյուրները և նրանց հանդեպ կայացնելու համապատասխան դատավճիռներ։ Այսպես, մենաշնորհատերերի հարստության աղբյուրը քաջ հայտնի է, Ալեքսանյանը շաքարավազի և այլնի ներկրումներով է ահռելի կապիտալ կուտակել, զի նրան դա թույլատրված է սահմանադրությամբ։ Ծառուկյանի 50 հազար եվրո օրական շահույթը գլխավորապես պայմանավորված է նրա գազի ներկրման արտոնությամբ։ Այլ բան է, թե նրանք և մյուս մենաշնորհատերերը որքան են ազնիվ գտնվել պետբյուջեի հանդեպ։ Շատ ավելի մեծ մի հարց է այսօր ծառանում։ Նախկին և ներկա շատ բարձրավոլտ վարչարարներ, ովքեր հրապարակավ գործարարությամբ երբեք չեն զբաղվել, անշուշտ, պիտի դրամ առ դրամ հիմնավորեն, թե տնտեսական ինչպիսի գործունեությամբ են նրանք ստեղծել բազում հյուրանոցներ և դղյակներ, առևտրի կենտրոններ ու գազալցակայաններ։ Հակառակ պարագայում նրանց ճանապարհը տանելու է ուղիղ դեպի կալանատուն։ Մի խոսքով՝ բավ է, մականունները բազմել են մեր հայրենիքի օրհներգի ուսերին։ Վար չնետե՞նք նրանց։ Հարկավ։

ՇՈՒՆ ՊԱՀՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
(սարկաստիկ իրիկնահաց)
Է՜հ, հարգելի Հովհաննես, պատվելի Դավիթ, այսպես է լինում հերթական անգամ, երբ շուն պահողներն են բազմանում և ասպարեզ են իջնում որպես առյուծի որսորդներ։ Բայց մի՞թե մենք արժանի չենք փողկապով զարդարված շնապահներին՝ հնազանդվելու հենց մեր համրությամբ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ