Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քննարկվող բյուջեն մեր վաղվա օրն է

Քննարկվող բյուջեն մեր վաղվա օրն է
21.11.2015 | 19:08

ԱԺ-ում արդեն մեկ շաբաթ քննարկվում է 2016-ի բյուջեի նախագիծը՝ արժանանալով ամենատարբեր գնահատականների։ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, օրինակ, քննադատեց ներկայացված նախագիծը թե՛ ներդրումների, թե՛ մուտքերի, մի խոսքով, բոլոր մասերով։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ զրուցեցինք օրենսդիրների հետ։

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ»

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Քոքոբելյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ բյուջեի նախագծի քննադատությունը հնչեց հանրապետականի շուրթերից։ Չե՞ք կարծում, որ այն նախապես պայմանավորված քայլ էր։
-Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ անգամ տնտեսության հետ կապ չունեցող մարդիկ գիտակցում են՝ այսօր տարվող տնտեսական քաղաքականությունն արդյունավետ չէ, թեև խնդիրն այսօր չի ծագել, այլ տարիների պատմություն ունի։ Ինչ վերաբերում է 2016-ի պետբյուջեով նախատեսված ցուցանիշներին, ցավոք, անգամ պաշտպանության ծախսերն ավելացած չեն, և դժվար թե առաջիկայում ավելացում սպասվի։ Այսինքն, կան ճչացող փաստեր, որոնց մասին լռելն անհնար է։ Անհրաժեշտ է հայեցակարգային փոփոխություններ կատարել Հայաստանի տնտեսական քաղաքականությունում։ Դա չի վերաբերում միայն տնտեսական աճին ուղղված քայլերին։ Ինչ խոսք, հնարավոր է աճի կանխատեսումներ չլինեն, սակայն բյուջեում և ընդհանրապես տարվող քաղաքականությունում պետք է նկատելի լինեն զարգացման հիմքերը՝ դրանք պետք է ստեղծվեն։
-Արտաշես Գեղամյանի քննադատական ելույթից հետո խոսեց Խոսրով Հարությունյանը, ընդգծելով տնտեսական քաղաքականությունում տարվող դրական քայլերը, հատկապես ներդրումային դաշտում։ Այսինքն, ինչ-որ տեղ կարևորեց այն, ինչ Դուք հիմա ընդգծեցիք տնտեսության զարգացման հիմքերի մասով։ Սրանից ելնելով հարցս կրկնեմ. արդյոք վերջին երկու ՀՀԿ-ականների ելույթները պայմանավորված չէի՞ն։
-Չեմ ուզում կասկածի տակ դնել ելույթները։ Ընդհանրապես հաշվի եմ նստում եղած փաստերի և հնչած ելույթների հետ։ Բայց նույն եռանդով նույն մարդիկ ելույթներ էին ունենում, որ ապացուցեն ԵԱՏՄ-ին անդամակցելու կարևորությունը, նշելով, որ Հայաստանի համար այն մեծ հնարավորություն է ստեղծում։ Սակայն այսօր ակնհայտ դարձավ, որ դա այդպես չէ։ Ավելին, այս պահին Հայաստանն ավելի քան երբևիցե ունի օտարերկրյա ներդրումների կարիք, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը շրջափակում է այդ ներդրումների մուտքը ՀՀ։
-Պարոն Քոքոբելյան, օրերս կայացավ հայ-ամերիկյան բիզնես ֆորումը։ Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի ներդրումային դաշտի նկատմամբ քաղաքական շահ չի՞ հետապնդում այս տարածաշրջանում։
-Երբեմն ասում են, որ տնտեսությունը խտացված քաղաքականություն է։ Այնուհանդերձ, ողջունում եմ այն մոտեցումը, որ Արևմուտքը ցանկություն է դրսևորում ներդրումներ կատարելու մեր շուկայում։ Հայաստանի շուկայում արևմտյան մենեջմենթի և կապիտալի ներդրումը կնպաստի Հայաստանի շուկայի թափանցիկությանը։
-Քանի որ Դուք արևմտյան ներդրումների կողմնակից եք, ուզում եմ հարցնել. ԱՄՆ-ն իր ձեռքի տակ առավ Որոտան գետի հէկերի կասկադը։ Արդյոք այդ գործարքը ռազմավարական առումով ճի՞շտ էր և չի՞ պարունակում վտանգներ։
-Ընդհանրապես կողմնակից եմ, որ պետությունն ինքը տնօրինի իր ռեսուրսները։ Սակայն, եթե պետությունը չի կարող դա անել, ճիշտ եմ համարում, որ այն աշխատեցնի արևմտյան ներդրողը։ Բացատրեմ թե ինչու. ես սոսկ արևմտյան ներդրողի կողմնակից չեմ, այլ էներգետիկ ոլորտում բալանսավորված քաղաքականություն վարելու կողմնակից եմ։ Եթե մեր էներգետիկ համակարգում ռուսական ներդրումներն ավելի քիչ լինեին, հավատացեք, Որոտանի դեպքում կպնդեի հակառակը՝ կողմնակից կլինեի ռուսական ներդրողի։ Էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ ներդրումների և ենթակառուցվածքների առումով, պետք է իրականացվի բալանսավորված քաղաքականություն, ինչը բխում է ՀՀ-ի շահերից։

«ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԵՆՔ ԹԱՔՑՆՈՒՄ»

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար)
-Պարոն Բաղդասարյան, Հայաստանի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բոլոր ոլորտներով զարգացում չի ենթադրում, ինչը, բնականաբար, նշանակում է, որ 2016-ին ժողովուրդը գոտիներն էլ ավելի պետք է ձգի։ Ստեղծված իրավիճակում դժվար է որևէ բնորոշում տալ այս բյուջեին, քանի որ այն չունի ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսության զարգացման ուղղվածություն։ ՈՒրեմն, ինչպիսի՞ն է բյուջեն։
-Բյուջեն կայունացման բյուջե է։
-Պարոն Բաղդասարյան, իսկ ո՞ր հատվածում են երևում այդ կայունության հիմքերը։
-Մինչ հիմքերին անդրադառնալը, պետք է հիշեցնեմ, որ 2015-ին մենք 80 մլրդ դրամ աճ ենք գրանցել աշխատավարձերի մասով։ Եվ եթե մենք 80 մլրդ-ն ըստ տարիների չափաբաժիններով բաժանեինք, ապա 2016-ին աշխատավարձերի բարձրացում կնախատեսվեր։ Մենք նպատակ չունեինք խնդիրները կոծկելու, մեր նպատակն է դրանք լուծել։ Գալիք տարվա բյուջեով մենք լուծում ենք ապագայի խնդիր. հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, ներդրումների կրճատումը՝ 2016-ի համար աճ չենք նախատեսել։ Այսինքն, մեր քաղաքականությունը հետևյալն է՝ կայունացնել իրավիճակը, որպեսզի 2017-ին կարողանանք գնալ առաջ։
-Ի՞նչ եք կարծում, 2016-ին մենք ավելի լուրջ խնդիրներ չե՞նք ունենա։
-Մենք պետք է լավատես լինենք։ Եթե խնդիրներ ունենանք, ապա դրանք, համոզված եղեք, կհաղթահարենք։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե մենք գալիք տարվա համար հաստատեինք զարգացման բյուջե և ունենայինք խնդիրներ, ապա այդ ժամանակ ի՞նչ պետք է անեինք՝ բյուջեն սեկվեստրի կենթարկեինք։ Այնպես որ, սա ամենաճիշտ լուծումն է, և մեր ժողովրդից որևէ բան չենք թաքցնում, ասելով, որ մենք զարգացման բյուջեն չենք ձևավորում, այլ կայունացման, մտածելով ապագայի մասին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ