«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...»

«Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...»
20.11.2015 | 02:16

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Էյուբ աղան երեկոյան ճաշը վայելում էր տան դիմացի աստիճաններին։ Երբ ծամելու պահին աչքը անսովոր բան էր նկատում, ծնոտները սկսում էին որոճալ։ Փողոցով հենց անպաշտպան հայ էր անցնում, անհասկանալի գռմռում էր, ձեռքով մոտ կանչում։ Մինչ միամիտ անցվորը փորձում էր հասկանալ կանչի պատճառը, Էյուբը դաշույնը միանգամից խրում էր նրա կոկորդը։ Այդ պահին փողոցի նույնիսկ կատաղած ու սոված շները հեռու էին փախչում։ Հետո Էյուբը ոգևորությամբ կտրում էր զոհի գլուխը, որ հանձնի իշխանություններին. հայի մեկ գլխի համար ստանում էր մեկ ոսկի։ Սպանելուց հետո սպիտակ թաշկինակով սրբում էր դաշույնը և հանգիստ շարունակում իր կիսատ ճաշը։ Բայց առաջվանից ավելի ոգևորված էր որոճում՝ աչքի առջև ոսկու շլացնող փայլն էր։ Թեև ոսկու համրանքը Էյուբը վաղուց կորցրել էր, բայց ամենազոր փայլից երբեք չէր կշտանում։
Էյուբը փողոցում քննախույզ հայացքով էր քայլում։ Այն հային, ով հանդգնում էր նայել իր աչքերի մեջ, անմիջապես ծեծում էր։ Դե՛, իշխանավորների աչքի լույսն էր, համ մորթող դաշույն էր, համ էլ ծեծող մահակ։
1894-ի արհավիրքները սկսվել էին։ Առավոտյան նամազը Էյուբը նոր էր ավարտել։ Ինքնագոհ երկնքին նայեց, որ Ալլահը իրեն ճոխ ավարով օր պարգևի։ Հանկարծ աչքն առավ տան դիմացով անցնող տասնհինգամյա հայ գեղեցկուհուն։
-Մո՛տ արի,- գոռաց Էյուբը։ Սառան քարացավ, դողում էր, լսել էր մարդասպան համիդիեի մասին։ Մի կերպ մոտեցավ։
«Հիմա ուր որ է հայասպան դաշույնը պատյանից կհանի»,- գլուխն ափերի մեջ առավ աղջիկը...
-Գյավո՛ւր, դու պիտի իմ երրորդ կինը լինես, խոսքերս լա՛վ հիշիր, քեզ չե՛մ սպանի, մուսուլմանություն կընդունես ու կդառնաս իմ երրորդ կինը, թե չէ՝ ձեր քոքը կտրելու եմ,- սպառնաց Էյուբը։
Սառան սթափվեց, ճչալով վազեց տան ուղղությամբ։ Ծնողներին ոչինչ չպատմեց, գուցե սանձարձակ գազանը մոռանա իր խոսքը։ Երեկոյան, երբ մի քիչ սթափվել էր, Սառան բակ դուրս եկավ։ ՈՒզում էր ցանկապատի հետևով թաքուն անցնել, դարան մտած Էյուբը կտրեց ճանապարհը՝ «Գյավո՛ւր, դու պիտի իմ երրորդ կինը լինես, թե չէ ձեր քոքը կկտրեմ»։
Սառան սարսափած փախավ հարևանի տան կողմը։ Տագնապից աչքերը մթնել էին։ Գիշերը վախենում էր կոպերը փակել։ Սև ու չարագուշակ պատկերներ էին հայտնվում, որոնց վրա Էյուբի արնակալած աչքերն էին։ Սառան մատներով ականջները պինդ փակեց, բայց Էյուբի քրքիջն ու սպառնալիքը ավելի ուժգին էին լսվում։
...Արևագալի շողերը երդիկից կախվել էին թոնրի վրա, լույսի թեքված շողի մեջ փոշի կար։ Սառային թվաց, թե այդ փոշու վրայով ուր որ է Էյուբը երդիկից կիջնի թոնրատուն։ Արագ շորերը հագավ, վազեց բակ... Սառան քարացավ, ուզեց ճչալ, բայց ձայնը, դուրս գալու փոխարեն, դեպի սիրտը գնաց։ Դիմացից եկող իրենց շան բերանում մարդու ձեռք էր... Շունը մի քանի վայրկյան կանգնեց՝ մինչև Սառան սթափվի, հետո շրջվեց և սկսեց այնպես վազել, որ աղջիկն իր հետևից հասնի։ Քիչ անց շունը կանգնեց «Հայերի քարանձավի» մուտքի առաջ։ Սարսուռով ներս մտավ։ Գետնին արնաշաղախ դիակներ էին՝ իր երկու եղբայրներն ու հարազատները։ Շունը բերանում պահած մարդու ձեռքը դրեց դիակի վրա։ Սառան կարկամել էր, արցունքները քարացել էին։
«Ինչո՞ւ միայն մեր հարազատներին»,- մի պահ սթափվեց Սառան։ Մի աղոտ միտք նրան հուշեց Էյուբի երեկվա խոսքը՝ «Գյավո՛ւր, դու պիտի իմ երրորդ կինը լինես, թե չէ ձեր քոքը կկտրեմ»։ Սառան խելագարի պես վազում էր տուն։
Փողոցի ծայրին Էյուբը կտրեց Սառայի ճանապարհը։ Նույն մղձավանջե սպառնալիքը շանթահարեց աղջկան։ Էյուբի մոլագար աչքերում Սառան միայն արյուն տեսավ։ Գետնի զգացողությունը կորցրած ոտքերը Սառային մի կերպ տուն հասցրին։ Մի քանի բառով ու շարժումներով ծնողներին հասկացրեց, որ եղբայրներն ու հարազատները մորթված են... Հայրն ու մայրը գալարվում էին գետնին... Դռան արանքից շունն էր տխուր աչքերով նայում։
-Սառա՛, փոքր եղբորդ կանչիր, ձեզ շուտ փախցնեմ գյուղից, գոնե հասնենք ՈՒրֆա, այնտեղ ծանոթներ ունեմ, հետո կգամ զավակներիս ու հարազատներիս հողին կհանձնեմ,- մի կերպ շշնջաց հայրը։ Սուփրայից հացի վերջին կտորտանքը մայրը ողբով փաթաթեց ու բռնեց վեցամյա տղայի ձեռքը։
Շունը խրտնեց, դռան արանքում հենց շան տեղում մեխվեց Էյուբը։
-Հա՜, գյավուրնե՛ր, էրեխեքին եք փախցնո՞ւմ,- վնգստոցի պես սպառնաց Էյուբն ու դաշույնը անսպասելի խրեց հոր կոկորդը։ Կինն ընկավ ամուսնու արնաշաղախ դիակի վրա և փորձում էր կոկորդից հոսող արյունը կանգնեցնել։ Էյուբը սառնասրտորեն արյունոտ դաշույնը անսպասելի խրեց մոր կոկորդը։
-Հիշեցնում եմ՝ պիտի մուսուլման դառնաս և իմ երրորդ կինը լինես, թե չէ ձեր քոքը կկտրեմ,- հոխորտաց մարդասպանն ու մատով վեցամյա եղբորը ցույց տվեց,- մի քանի ժամ հետո հերթը իրենն է։
Սառան մի ձեռքը դրել էր հոր, մյուսը մոր կոկորդի արյունոտ վերքին, գոռում էր անզորությունից։ Եղբայրը կծկվել էր հոր թիկունքում, ցնցվում էր և լալ չէր կարողանում... Էյուբը հաղթական քմծիծաղով դուրս եկավ. «Թե փորձես փախչել, քեզ էլ եղբորդ հետ կմորթեմ»...
Խորամանկ համիդիեն ցանկապատի հետևից հսկում էր, որ մարդ չմոտենա Սառային ու եղբորը։
-Վերջին անգամ եմ ասում,- դռների արանքում կրկին հայտնվեց Էյուբը, պատյանից հանեց դաշույնը և վճռական մոտեցավ եղբորը։ Սառան կամենում էր գոռալ, որ եղբորը չսպանի, ինքը համաձայն է, բայց լեզուն չէր պտտվում, շուրթերը ցամաքել, կպել էին իրար... Նայեց մի պահ Էյուբի հոշոտող աչքերին ու դաշույնի արյունոտ շեղբին, հազիվ գլուխը շարժեց...
-Փա՜ռք Ալլահին, հենց հիմա գնում ենք մզկիթ, պիտի մուսուլման դառնաս,- վավաշոտ աչքերը փայլեցրեց Էյուբը և բռնեց տասնհինգամյա Սառայի դողացող ձեռքը։
-Ես մուսուլման կդառնամ, կլինեմ քո կինը, միայն եղբորս խնայիր, բայց իմ անունը երբեք չեմ փոխի,- Սառան ուժ գտավ համառելու։
...Երբ մզկիթում Սառան իր համաձայնությունը տվեց մահմեդական դառնալու, բայց իր անունը չփոխելու պայմանով, աշիրեթի անդամներն ու մյուս մուսուլմանները սկսեցին Էյուբին նախատել. «Կինդ կեղծ մահմեդական է, ավելին՝ նա իսկական գյավուր է»։
...Ամեն երեկո անկողին մտնելիս Սառան մտքում անիծում էր. «Էյո՛ւբ, քո՛քդ կտրի»։ Արևագալին նույնն էր կրկնում։ Էյուբը ամեն օր համառում էր, որ Սառան անունը փոխի և վզից կախած խաչը հանի, չէր ստացվում։ Ստիպելու նոր միջոց գտավ։ Սառայի հարազատներին սպանած դաշույնի ծայրը կրակի վրա տաքացնում էր և կնոջ մարմնի վրա խաչ նկարում... Սառան անդրդվելի էր։
Արևագալին, երբ մտքում ամենօրյա աղոթքն էր կրկնում՝ «Էյո՛ւբ, քո՛քդ կտրի», հանկարծ զգաց, որ ներսում ինչ-որ բան շարժվեց... Ցնցվեց, դառնություն զգաց։ «Մի՞թե այս մարդասպան ավազակի սերմը իմ մեջ պիտի պտուղ տա։ Իմ կաթն է, բայց Էյուբի արյունը։ Էյուբի արյունից Էյուբ է ծնվելու։ Տե՛ր, քո ստեղծածն է, բայց ես չեմ ընդունի այդ զավակին, որ մի նոր Էյուբ չավելանա աշխարհում»։ Սառան ատելություն էր զգում որովայնին նայելիս, սովորական տղոցկանների պես չէր խոսում երեխայի հետ, իր սերը չէր փոխանցում նրան՝ չէ՞ որ էդ արյունն է մորթել իրենց ընտանիքը, մի նոր մարդասպան պիտի ծնվի իրենից։ Ամեն օր երեխան որովայնում խաղում էր, սպասում մոր պատասխանին։ Սառան դա զգում էր ու լռում։ Արյան մեջ կուտակված մաղձն ու ատելությունը թույնի էին վերածվում և մորից արյունով անցնում երեխային։ Մի քանի շաբաթ անց երեխան որովայնում այլևս չէր խաղում, պարզապես երբեմն շարժվում էր։ Մայրը զգում էր երեխայի շնչառությունը, խռովքը, սպասումը։ Անգամ մեկ շոյանքն ու սիրո ջերմ խոսքը երեխային կարող էին փրկել։ Սառան հասկանում էր, որ մայրական սիրուց զուրկ դեռ չծնված երեխան արդեն հիվանդ է, դատապարտված։
Երբ ծնվեց առաջին տղան, Էյուբը փառք տվեց Ալլահին, որ իր ցեղը չցամաքեց։ Սառան մտքում կրկնեց ամենօրյա աղոթքը՝ «Քո՛քդ կտրվի, Էյո՛ւբ»։ Մի քանի օր անց երեխան մահացավ։ Սառան, արցունքները սրբելով, հանգիստ շունչ քաշեց։
Երկրորդ տարում նույն անհասկանալի պատճառով մահացավ երկրորդ երեխան։
Երրորդ տարում դարձյալ անհասկանալի պայմաններում մահացավ Սառայի երրորդ երեխան։
Չորրորդ տարում՝ չորրորդ երեխան։
Հինգերորդ տարում Էյուբի ձեռքերի վրա նույն անհասկանալի պայմաններում մահացավ հինգերորդ երեխան։
...Տասնհինգերորդ տարում բժիշկների ու հեքիմների ներկայությամբ դարձյալ անհասկանալի պայմաններում մահացավ տասնհինգերորդ զավակը։
Հետո իրար հետևից մահացան Էյուբի մյուս երկու կանանցից ծնված երկու տղաները։ «Չար ծառը երբեմն իր չարությունից է չորանում»,- գործընկերոջ ականջին շշնջաց հայ բժիշկը, հետո մոտեցավ Սառային և կամացուկ հասկացրեց, որ ինքն էլ հայ է։
Այդ օրը առաջվա նման Սառան ներսում լուռումունջ չաղոթեց։ Դուրս եկավ բակ, արևի ոսկեշղարշ շողերը գրկեցին նրա մարմինը, ձեռքերը դանդաղ վեր բարձրացան՝ դեպի արև, և տարիներով լլկված շուրթերը շշնջացին՝ «Տե՛ր Աստված, իմ տասնհինգ զավակների մահով ես տասնհինգ անգամ մեռա ու հարություն առա, բայց շնորհակալ եմ, Տե՛ր, որ տասնհինգ մարդասպան չտվեցի աշխարհին»։
Այդ օրվանից Սառան դրսում էր աղոթում։ Երբ արևագալին մզկիթից նամազի ձայնը հասնում էր ականջին, ինքն արևին էր նայում, նրա ծիրանագույն շողերով ձգվում էր դեպի երկինք ու մռնչում. «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ»։ Հետո արցունքները կուլ տալով՝ տասնհինգ անգամ խաչ էր հանում դեմքին. «Տե՛ր, իմ սրտով արիր, իմ զավակները չարի պտուղ էին, իմ ներսում իմ արյունից սեր չառան, իմ լռությունը, իմ ատելությունը, իմ անեծքը անցան իրենց... Երեխան, որ արգանդում մորից սեր չստացավ, էդ երեխան չի ապրի։ Էյուբը չհասկացավ, թե ինչու մեռան իր զավակները»։
Հայից խլած շքեղ տան նախշազարդ սենյակի մեջտեղում հայկական գորգի վրա էր պատրաստվել մահամերձ Էյուբի անկողինը։ Կանաչ-կարմիր ծոպերով կարպետներին ծալապատիկ բազմել էին աշիրեթի անդամներն ու մուսուլման հարազատները։ Նստածներից շատերը լուռ հայացքներով և աչքունքով փորձում էին գուշակել 17 զավակ կորցրած և չորգլուխ հեռացող մարդասպանի վերջին կամքը։
-Տեսնես ոսկիների տեղն ո՞ւմ է ասել,- աշիրեթի ավագը քննախույզ շշնջաց կրտսերին։
-Սա ոսկու տեղ ասող չի, էն աշխարհում էլ էդ ցավով կտառապի։
-Բա էն հայասպան դաշույնը ձեռքի տակ ինչո՞ւ են դրել։
-Երևի էն կյանքում էլ հայ մորթելու ցանկություն ունի։
Մահամերձը կամաց աչքերը բացեց։ Աշիրեթի ավագը անմիջապես ցուցադրաբար անարցունք աչքերը սրբեց, կեղծ ժպիտով մոտեցավ Էյուբին։
-Փա՜ռք Ալլահին, աչքերդ բացեցիր, մենք էլ քո կյանքի համար էինք աղոթում։ Ինձ բան չունե՞ս ասելու, կուզե՞ս իմ ականջին ասա, քո խոսքով կանեմ ամեն ինչ,- ավագը ականջը մոտեցրեց մահամերձի շուրթերին։ Էյուբը ոսկու մասին ակնարկը հասկացավ և ուզեց դաշույնի կոթը ափի մեջ սեղմել, բայց ուժը չհերիքեց՝ «Աղվե՛ս, իբր քոնը քի՞չ է»...
-Գյոռբագյոռ լինես,- մտքում շշնջաց աշիրեթի ավագն ու անթաքույց սառը հայացքով հետ գնաց։
Էյուբի աչքերը Սառային էին որոնում։ Սառան հասկանում էր, որ Էյուբի կամքն ու վերջին խոսքը օրհնանք ու հրաժեշտ չեն, բայց մոտեցավ։ «Երանի էս պահին մենակ լինեի, դաշույնը կոկորդը խրեի, որ մերոնց արյունը արյունով մաքրեի»։ Սառայի աչքերի այս ցանկությունը Էյուբը հասկացավ, հավաքեց վերջին ուժերը և անեծքի պես բոլորին լսելի արտաբերեց՝ «Քոքս կտրեցի՛ր, գյավո՛ւր...»։ Էյուբը վերջին շնչում երկար խռխռում էր... Սառայի աչքերում բավարարության ժպիտ ծաղկեց, մոտ նստածները լսեցին նրա շշնջոցը՝ «Քո՛քդ կտրեցի, Էյո՛ւբ»։
Էյուբից հետո Սառան մենակ էր ապրում։ Ամեն առավոտ դուրս էր գալիս հայի կառուցած ու հայից խլած տան նախշազարդ պատշգամբ, նստում հայկական գորգին։ Թեև Էյուբը չկար, բայց էլի աղոթքից հետո նույն մաղթանքն էր անում՝ «Էյո՛ւբ, քոքդ կտրի»։ Հետո մի նոր մաղթանք էլ ավելացավ՝ «Տե՛ր Աստված, տեսնես էս ո՞ր հայի տունն է, ո՞ւր են նրա ժառանգները, ե՞րբ են գալու իրենց տանը տիրություն անեն։ Ո՞Ւր ես, տան իսկակա՛ն տեր»։
Սառան ապրեց հարյուր տարի, բայց իր տան իսկական տերը դեռ չկար։ Սառան վերջին շնչում իր մոտ կանչեց ծպտված հայ հարևանուհուն, հայտնեց իր վերջին կամքը. «Որ իմ տան իսկական տերը մի օր հետ գա, տունս հալալ արա իրեն։ Անպայման գերեզմանիս ձեն կտաս։ Ես սպասում եմ»։

Դիտվել է՝ 171886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ