Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ով և ինչու է աղավաղել Տիգրան Մեծի պատկերն ու գահակալման թվականները

Ով և ինչու է աղավաղել Տիգրան Մեծի պատկերն ու գահակալման թվականները
24.11.2015 | 00:13

ՀՀ դրամի 22-րդ տարեդարձի օրը՝ նոյեմբերի 22-ին, «Իրատեսն» ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Տիգրան Մեծ» ոսկե հուշադրամներ` աղավաղելով և՛ Տիգրան Մեծ արքայի պատկերը, և՛ գահակալման տարեթիվը։
Պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տիգրան Մեծը կառավարել է Ք.ա. 95-55 թթ., մինչդեռ ԿԲ թողարկած հուշադրամի վրա նշված են 89-36 թվականները։ Պատմաբանը նկատում է՝ քանի որ մենք չունենք դրամահատարան, ուստի հուշադրամները պատվիրվում են դրսում։ «Կարծում եմ՝ դիզայնն ապահովելու համար վարձել են արտասահմանցիների, և ստացվել է Տիգրան Մեծի պատկեր, որը բացարձակապես կապ չունի մեզ հասած նկարների հետ։ Բացի այդ, աղավաղված է նաև արքայից արքայի թագը, որ մենք միշտ տեսել ենք հին հայկական դրամների վրա։ Խեղաթյուրված է նաև կառավարման թվականը։ Ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական դասագրքերում Տիգրան Մեծ արքայի գահակալության տարիներ են համարվում Քրիստոսից առաջ 95-55 թվականները։ Կենտրոնական բանկի հուշադրամները մնալու են դարերով, և ստացվում է, որ հայոց արքայից արքա Տիգրան Մեծի մետաղադրամները, որ մեզ են հասել պատմության խորքից, հակասության մեջ են նոր թողարկված դրամների հետ։ Եթե Կենտրոնական բանկում ունեն նոր փաստեր՝ Տիգրան Մեծի վերաբերյալ, լավ կլիներ՝ հրապարակեին։ Գիտական հասարակության համար էլ դրանք հետաքրքիր կլինեին։ Իսկ եթե չունեն, թող մեկնաբանեն, թե ինչու են աղավաղել պատմությունը։ Եթե նման բան անեին օտարները, հաստատ մեծ աղմուկ կբարձրացնեինք։ Մենք ունենք շատ լավ դրամագետներ, ում հետ կարող էին խորհրդակցել, սակայն, ինչպես հասկանում եմ, նրանց հետ էլ որևէ խորհրդակցություն չի եղել։ Փորձել են ավելի գեղեցիկ Տիգրան Մեծ ստանալ, սակայն խեղաթյուրել են պատմությունը»,- ասում է Գևորգ Մելքոնյանը։
Մենք խնդիրը փորձեցինք ճշտել Կենտրոնական բանկից։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ նշված հուշադրամը ԿԲ-ն չի թողարկել և որևէ կապ չունի իրենց հետ, գուցե որևէ ոսկերչական ընկերության ձեռքի գործն է։
Ստացվում է` ցանկացած ոք կարող է ինքնագործունեությամբ զբաղվել, իրեն թույլ տալ հուշադրամ թողարկել և աղավաղել պատմական իրողությունները։
Ի դեպ, Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից (cba.am) տեղեկանում ենք, որ «Տիգրան Մեծ» հուշադրամներ թողարկվել են 1999 թ. (500 հատ, ոսկի)։ Կայքում ուղեկցող գրության մեջ, որպես Տիգրան Մեծի գահակալման տարիներ, նշված են Ք. ա. 95-56 թթ.: 1999-ին Նիդերլանդների արքայական դրամահատարանում հատված դրամի էսքիզների հեղինակն է Հրաչյա Ասլանյանը:
«Տիգրան Մեծ» արծաթե հուշադրամներ (500 հատ) ԿԲ-ն թողարկել է նաև 2003 թվականին։ ՈՒղեկցող տեղեկության մեջ գահակալման տարիներ դարձյալ նշվում են Ք. ա. 95-56 թվականները։ Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես) և Ավստրիայի դրամահատարանի նկարիչներ (դարձերես): Արծաթե այս հուշադրամն էլ հատվել է Ավստրիայի դրամահատարանում:
Բուհական և դպրոցական դասագրքային տվյալները մեզ հուշում են, որ Տիգրան Մեծի գահակալումն ավարտվում է Ք. ա. 55 թվականին։ Այդ դեպքում ինչո՞ւ է ԿԲ կայքում տեղադրված ինֆորմացիայում նշվում Ք. ա. 56 թվականը։ ԿԲ-ից մեզ խոստացան ճշտել։
Լուսանկարում կարող եք տեսնել պատմությունն աղավաղած հուշադրամը և իրական «Տիգրան Մեծ» դրամը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 11027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ