Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն բան արմատից է ճանաչվում

Ամեն բան արմատից է ճանաչվում
24.11.2015 | 11:34

(սկիզբը՝ այստեղ)

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑ


Հիրավի զարմանահրաշ է մարդ տեսակի հոգևոր ներաշխարհը։
Նույնիսկ եղել է դեպք, երբ տարանտուլի (սարդի թունավոր տեսակ) խայթոցից մեռնող մարդը, երբ լսել է քնարի հոգեպարար ձայնը, դուրս է եկել մահվան ստվերների ձորից ու շարունակել ապրելը։
Նույնիսկ աշխարհին բարոյափիլիսոփայական դասեր տվող հույները երաժշտությունը հելլենիստական քառյակ գիտությունների շարքին են դասել, քանզի հմուտ երաժիշտները համարվել են նաև իմաստասեր։
Հայոց աշխարհում նույնպես ուսումնասիրվել են երաժշտության և հոգու կապն ու դրա միջոցով բժշկագիտությունը։ Օրինակ, Էջմիածնի Մայր Աթոռի 2359 ձեռագրում կա երաժշտաբուժության մի դեղատոմս։ Հնում հավատացել են, որ հիվանդին անհրաժեշտ են ինչպես դեղ ըմպելը, այնպես էլ երաժշտություն լսելը։ Որպես երաժշտական-բժշկական գործիք հնում օգտագործել են չորսաղյան քնարը, մարդու չորս տարրերի համեմատությամբ, որոնք չորս որակի են եղել. հաստ-բամբ, թավ, սոսկ և զիլ՝ հողի, ջրի, օդի և կրակի խորհուրդներով, քանի որ մարդու մեջ այդ չորս տարրերն էլ առկա են։
Երզնկացի վարդապետն այս մասին գրել է. «Այլև հոգեկան ցավուց հույժ օգտակար է երաժշտությունը, զի ձայնի բնությունն անմարմին է և հոգին էլ է անմարմին ու լսելով իր ազգակցին, փոխում է տրտմական և ըստ մասանց հոգւոյն յարմարի սրտմտականին, խոհականին կամ ցանկանին»։ Ասել է՝ սուրբ վարդապետն ըմբռնելով երաժշտության կարևորությունը, այն համարել է մարդու ներքին տրամադրության բարելավման ամենազորեղ միջոցը։
Իսկ ըստ Հիպոկրատի՝ ոչ թե հիվանդությունը պետք է բուժել, այլ հիվանդին: Ընդ որում՝ ոչ միայն մարմինը, այլև հոգին։
Փաստենք, որ երաժշտության ազդեցությամբ կարգավորելով արյան ճնշումը, սրտի աշխատանքի արագությունը, շնչառության համաչափությունը՝ վերացնում են դեպրեսիան (ընկճախտը), նևրոզն ու սթրեսները։
Մեր նախնի բժիշկները, օրինակ, խորհուրդ են տվել թեթև հիվանդությունների դեպքում, դիցուք, ամենօրյա ջերմ, որ բարկությունից է գալիս կամ հոգսառատությունից, բնավ գինի մի խմիր (իսկ հիմա տարածված է օղի), այլ բնությունդ խնդությամբ և գուսանական երաժշտությամբ անուշացրու, մինչև լավանաս կամ ջրի եզերք քեզ տանեն, որ գուսանների խաղին ունկնդրես, կանաչ տեսնես ու կազդուրվես։
Տեղին է փաստել, որ ալկոհոլի պարագայում երբեմն գործում են և հակառակ զորությունները, և պատահում է, որ խառնվելով գինու կամ օղու ազդեցությանը՝ չար գրգիռները երբեմն մարդասպանության են հասցրել։ Մինչդեռ լավ երաժշտությունը դեղի նման կազդուրիչ զորություն ունի, քանի որ մարդը մեղանչման պատճառով դուրս է ընկել տիեզերական ներդաշնակությունից, հետևաբար ջանում է վերականգնել այն, որովհետև առանց դրա մարդու հոգին անտեր որբի է նմանվում։ Միստիկ գրականությունից հայտնի է, որ բոլոր մոլորակները պտույտի ընթացքում շատ քնքուշ երաժշտություն են առաջացնում, ինչն անլսելի է մեր ականջներին, սակայն ընկալելի է հոգով։ Խախտված ներդաշնակության վերականգնումն անհնար է, եթե մարդը չմկրտվի ու չազատագրվի ադամական մեղքերից: Այդ ճանապարհով, ասել է՝ աղոթքներով ու սուրբ հաղորդությամբ, նրա հոգին մաքրվում է, կենդանանում, պատրաստվում ժառանգելու իրեն խոստացված հավիտենական արքայությունը։ Նման «ապաքինումը» հիմնականում ուղեկցվում է հոգեպարար երաժշտությամբ (ժամերգություններ, պատարագներ, շարականներ և այլն)։
Վկայակոչեմ հետաքրքիր մի փաստ. հրեաների շրջանում մինչ օրս էլ տարածված է շոֆար կոչվող երաժշտական հինավուրց գործիքը, որը հայտնի է դեռևս Մովսես մարգարեի ժամանակներից: Այն պատրաստում են մեծահասակ, խոշոր խոյի երկար ու գալարուն կոտոշից։ Երբ փչում են այդ փողը՝ տարօրինակ, բայց ազդեցիկ ձայն է հնչում։ Հին կտակարանում, օրինակ, նկարագրված է, որ անառիկ Երիքովը գրավելիս հրեաները քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվելուց հետո, շոֆարի փողերն ուղղել են դեպի պարիսպներն ու փչել միաժամանակ: Անառիկ պարիսպները փլվել են, և հրեաներն անարգել գրավել են քաղաքը։
Հրեաներն այսօր շոֆարի երաժշտությամբ փորձում են բժշկել հոգեկան ու դիվահար հիվանդներին: Եվ հաջողվում է:
Մշակութային աշխարհին հայտնի է նաև, որ Մոցարտի երաժշտությունը մեծ ազդեցություն ունի մի շարք լուրջ հիվանդությունների (այդ թվում՝ էպիլեպսիայի) բուժման ընթացքում:
Համաշխարհային մակարդակի հեղինակավոր մասնագետների պնդմամբ՝ Մոցարտի երաժշտությունն օգնում է ազատվելու ցանկացած հոգեկան խնդիրներից, բարելավում է խոսքը և լսողությունը:
Մոցարտի արվեստի մեծ երկրպագուներից է նաև հայտնի բժիշկ Ալֆրեդ Թոմատիսը (Ֆրանսիա): Նրա հիվանդներից մեկը եղել է երիտասարդ Ժերար Դեպարդիեն՝ ֆրանսիական կինոյի ապագա աստղը:
XX դարի 60-ականների կեսերին դեռևս անհայտ դերասանը եկել էր գերելու Փարիզը: Դրա համար նա ուներ բոլոր հնարավորությունները, եթե միայն չխանգարեին խոսքի և հիշողության հետ կապված լուրջ խնդիրները: Թոմատիսը հենց առաջին բժշկական հետազոտության ժամանակ նկատեց, որ Ժերարը լուրջ խնդիրներ ունի՝ կապված աջ ականջի հետ: Խորհուրդ տվեց առաջիկա ամիսների ընթացքում օրական երկու ժամ Մոցարտ լսել: Երաժշտական թերապիայի ինքնուրույն դասընթացների արդյունքը հիասքանչ էր: Ժերար Դեպարդիեն լիովին և ընդմիշտ ձերբազատվեց աջ ականջի թերություններից, կակազելուց, հիշողության հետ կապված խնդիրներից։
Ողջ աշխարհին է հայտնի այն դեպքը, երբ Մոցարտի երաժշտությունը բառացիորեն կյանք է «նվիրել»: 78-ամյա ծանր հիվանդ մարշալ Ռիշելիե Լուի Ֆրանսուա դը Վինրոն, ով արդեն մահվան շեմին էր, ակնհայտ և անխուսափելի վախճանից մի քանի րոպե առաջ խնդրել է կատարել իր վերջին ցանկությունը: Նա ուզում էր, որ իր մոտ նվագեն Մոցարտի իր սիրելի կոնցերտը: Երաժշտության հնչելուց պահեր անց մարշալի հետ իսկական հրաշք կատարվեց: Մահը նահանջեց, և նա շրջապատողների աչքի առաջ սկսեց ապաքինվել: Արդյունքում նա, բացարձակապես առողջանալով, ապրեց ևս 14 տարի ու մահացավ 92 տարեկան հասակում:
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ