Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարդիկ միշտ լավ գիտեն ինչ անել ուրիշի, բայց ոչ իրենց տեղում

Մարդիկ միշտ լավ գիտեն ինչ անել ուրիշի, բայց ոչ իրենց տեղում
24.11.2015 | 12:23

Երեկ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը 16 կողմ, 9 դեմ քվեարկությամբ հավանություն տվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցին՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Զեկույցը կմտնի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ։ Ստացվում է՝ հունվարյան Ստրասբուրգը զբաղվելու է հայ-ադրբեջանական խնդիրներով՝ ելակետ ունենալով այդ խնդիրների ադրբեջանական դիտակետը՝ և Ռոբերտ ՈՒոլտերի, և Միլիցա Մարկովիչի զեկույցների պարագայում: Նրանք գրեցին իրենց զեկույցները՝ այդպես էլ չլինելով Ղարաբաղում: Ինչպես Ռոբերտ ՈՒոլտերը, Միլիցա Մարկովիչևը ևս Սարսանգը որոնում էր Հայաստանի տարածքում:

Եթե հայկական թեմատիկայից մի քիչ վերացարկվենք, եվրոպական միջազգային կառույցներում ԵԽԽՎ-ն մնացել է միակ հարթակը, որտեղ Եվրոպան փորձում է պահել Ադրբեջանին և իր կարծիքով՝ կառավարելի պահել: Սա եվրոպացիների վերջին մոլորությունն է Ապշերոնյան թերակղզու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում համաեվրոպական մակարդակով բոյկոտվեցին և միայն ԵԽԽՎ-ն դիտորդներ ուղարկեց Ադրբեջան, հակառակ՝ ԵԱՀԿ-ի, գործընկեր դառնալով ԱՊՀ-ին, թեպետ ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին չի մասնակցում՝ զրկված լինելով ձայնի իրավունքից և հարկ չհամարելով միայն իբրև ունկնդիր Ստրասբուրգ հասնել: ԵՄ-ն, Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը բանաձևեր են ընդունում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, ԵԽԽՎ-ն քննարկում է զեկույցներ, որոնք գրվել են Բաքվում և արտահայտում են անկախությունից ի վեր Ադրբեջանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների նվիրական ցանկությունները: Հարց է ծագում՝ սա ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությա՞ն խնդիրն է, հայկական դիվանագիտությա՞ն, թե՞ ԵԽԽՎ-ի ու համաեվրոպական դիվանագիտության:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի, հետո սոցիալական հարցերի հանձնաժողովները իրար հաջորդող քվեարկություններում ձայների մեծամասնությամբ հաստատում են, որ խնդիր ունի կառույցը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է համարի, որ անելիք չունի և հանգիստ սպասի, որ հունվարին երկու զեկույցներն էլ մտնեն ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ: Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Անվրեպ գործում է վաղուց հաստատված օրինաչափությունը՝ երբ մի քանի օրով ինչ-որ թեմա դառնում է քաղաքականապես մոդայիկ՝ հրատապության կամ կարևորության իր աստիճանով, առանց բացառության բոլորը իրենց սուրբ պարտքն են համարում տեսակետ հայտնել՝ հին ու նոր պաշտոնյաներ, իշխանություն ու ընդդիմություն, իրենք իրենց փորձագետ հռչակած տարատեսակ գրագետ ու անգրագետ լրագրողներ՝ բոլորը: Մարդիկ, որ չգիտեն էլ ո՞ր երկրում և որտե՞ղ է Ստրասբուրգը, սկսում են դատողություններ անել քաղաքի՝ իբրև զբոսավայրի ու շոփինգ կենտրոնի հմայքների մասին: Մարդիկ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չեն տարբերում Եվրախորհրդարանից, սկսում են դաս տալ՝ ինչպես պետք է աշխատել, ինչ անել ցերեկը ու ինչպես չքնել գիշերը՝ անդուլ աշխատանքի մեջ: Իհարկե, հնչող տեսակետների ինչ-որ տոկոսն իրոք արժեքավոր է, նպատակ ունի հասկանալ, գնահատել ու աջակցել, սթափ գնահատական է պարունակում ու աջակցության առաջարկ, բայց հիմնական մասը տաղտուկ գորշություն է՝ միմյանց կրկնող, ոչինչ չասող, անկապ մեղադրանքներ, որոնց բոլորի կենտրոնում կարմիր նույն գիծն է՝ ես լինեի, ուրիշ կլիներ ամեն ինչ: Ընդ որում՝ կապ չունի՝ ասողը պատգամավոր է, թե ոչ: Մարդիկ միշտ լավ գիտեն ինչ անել ուրիշի, բայց ոչ իրենց տեղում: Սարսանգի ջրամբարի բոլոր ջրերն էլ հոսեն, այդ մարդկանց համար կարևորը իրենց պայծառ անձը վերստին հրապարակ նետելու առիթն է: Կա մեկ այլ տիպ ևս՝ անհապաղ, առանց շունչ քաշելու, զեկուցեք իրեն, թե ինչ եք արել ու ինչ եք անելու: Եթե չանեք, կհայտարարի, որ դուք ոչինչ ոչ արել եք, ոչ անում եք: ՈՒրեմն՝ ի՞նչ տարբերություն նրանց ու ռոբերտուոլտերների կամ միլիցամարկովիչների միջև: Գործնականում ոչ մի: Իսկ Ղարաբաղին առնչվող երկու զեկույցներն էլ շատ կարևոր են և նվազագույնը պահանջում են լուրջ վերաբերմունք ու ռիսկերի սթափ գնահատում: Հետո՝ աշխատանք արդյունքի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Իսկ մինչ այդ՝ ղեկավարվելով մեկ կենտրոնից ու նույն ցանկությամբ՝ մեկ տասնյակ լրագրող Աստծո ամեն առավոտ մեջտեղ կբերեն Ստրասբուրգը և իրենց խորացող հայենասիրությամբ կպահանջեն… գրավել Բաքուն:

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ