Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փնտրվում է… բանաստեղծը

Փնտրվում է… բանաստեղծը
27.11.2015 | 00:18

Արվեստի ստեղծագործությունները, հայտնի է, ունեն ծագման տարբեր պատճառներ և նախապատմություններ, ունեն նաև իրենց յուրովի «ճակատագիրը»։
Մի օր Մաշտոցի պողոտայում ազգային հերոս Մոնթեին նվիրված խաչքարի դիմաց հանդիպեցի բարեկամիս՝ Ռոբերտ Դաշտոյանին, և նրա ազատամարտիկ ընկերոջը։ Խնդրեցին լուսանկարվել խաչքարի մոտ։ Ժամանակ անց այդ լուսանկարը տեսա «Պոլիտեխնիկ» թերթում, որում տպագրված էր «Մոնթեի ոգին մեզ բարի լույս է մաղթում» հոդվածը, ինչպես նաև անհայտ հեղինակի մի բանաստեղծությունը՝ ձոնված Մոնթեին։ Հոդվածի հեղինակ Ռոբերտ Դաշտոյանը, վկայակոչելով «Շարական» անսամբլի կատարած իմ «Սպարապետ Նժդեհ» երգը, գրել է. «ՈՒզում ենք համոզված լինել, որ Դանիել Երաժշտին կոգևորի «Մոնթեի հիշատակին» ուղերձ-բանաստեղծությունը, և նա, գրելով երաժշտությունը, իրավունք ձեռք կբերի աջն ամուր դնելու Մոնթեի հուշաքարին»։
Բանն այն է, որ լուսանկարվելիս ես չհամարձակվեցի ձեռքս դիպցնել խաչքարին։ Իսկ ահա այսօր, երբ հոգուս պարտքը կատարված է, Մոնթեին նվիրված բանաստեղծության երաժշտությունը ոչ միայն իմ սրտում է, այլև նոտագրված է, կարող եմ ձեռքս ամուր դնել ազգային հերոսի խաչքարին։
Այս երգը, որի ստեղծման առիթ հանդիսացան «Պոլիտեխնիկ»-ում տպագրված բանաստեղծությունն ու հոդվածը, թող թեկուզ մի շշուկ լինի Մոնթեի անմահությունն ազդարարող այն ղողանջներում, որոնք արձագանքվում են Մարտունիում (Արցախ) վեր խոյացած հերոսի հուշարձանում, որ կերտել է Լևոն Թոքմաջյանը, Աշոտ Բաբայանի «Մոնթե» սիմֆոնիայում, «Մոնթե» խաչքարում, Կարեն Սմբատյանի՝ Մոնթեի հրաշալի դիմանկարում և այլ հերոսապատումներում...


«Շարական» անսամբլի համերգներին, երգը կատարելուց առաջ (մեներգիչ` Գևորգ Հադջյան), բազմիցս դիմել եմ ունկնդիրներին, այն հույսով, որ նրանց մեջ կարող է լինել բանաստեղծության հեղինակը։ Մինչ օրս էլ սպասում եմ։ Հուսով եմ, որ այս հրապարակումից հետո ի հայտ կգա բանաստեղծության հեղինակը, որը նրա տակ համեստորեն ստորագրել է Յ. Չ.։
Ահա այդ բանաստեղծությունը.


Թե ունենք խաղաղ երկինք, քո արյունն է, քաջ Մոնթե։
Թե ունենք մենք խիղճ անբիծ, դա քո խիղճն է,
լույս Մոնթե։
Թե ունենք սրտի թրթիռ, դա քո սիրտն է, քաջ Մոնթե։
Թե ունենք այրող կարոտ, քո կարոտն է, հուր Մոնթե։
Քո սիրով ապրում ենք մենք, դա քո սերն է, քաջ Մոնթե։
Դու՝ մեր հող դարձած Մոնթե, մենք քո հողն ենք,
վեհ Մոնթե։
Դու՝ մեր լեռ դարձած Մոնթե, մենք քո հուշն ենք,
քաջ Մոնթե։
Դու փոքրիկ Հայաստանի մեծ զավակն ես, մեր Մոնթե։
Յ. Չ.

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ