Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Թուրքերն անգամ իրենց լեզվով են հայերին պարտական»

«Թուրքերն անգամ իրենց լեզվով են հայերին պարտական»
27.11.2015 | 00:39

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Իրո՞ք Թուրքիայի ժամանակակից թուրքերենը ևս «հայկական» ծագում ունի:
-Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ Հակոբ Վահանի Մարթայանի (1895-1979) անունը անխախտ գրված է: Անգամ իրենց լեզվով մեզ պարտական լինելն անհերքելի փաստ է: Հազարամյակներ ի վեր աշխարհին ու մարդկությանը մշակույթ և քաղաքակրթություն բաժանելով գոյատևելը առաքելություն դարձրած հայ ազգի այս մեծ գիտնականին պետք է ճանաչել։ Նա սովորել ու 1915 թ. ավարտել է Կ. Պոլսի ամերիկյան Ռոբերտ քոլեջը (հիմնադրված 1864 թ.): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում զինվոր է եղել: 1919-ից դասավանդել է Ռոբերտ քոլեջում (որը 1971-ից դարձավ Բողազիչի համալսարան)։ Եղել է քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրեն, ստացել ամերիկյան ակադեմիական «Մագիստրոս արվեստից» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922)։ Մինչև 1932-ը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրինությունը, խմբագրել «Լույս» շաբաթաթերթը։ Սոֆիայում հիմնել է «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը, հոդվածաշարերով հանդես եկել հայկական մամուլում։ ՈՒնի հայագիտական բազմաթիվ հարուստ աշխատություններ («1500-ամյակի խոհեր», «Աստվածաշունչը և աշխարհաբարը», «Համայնապատկեր հայ մշակույթի» և այլն)։ Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և մեկ տասնյակից ավելի այլ լեզուների։


1932-ին Ստեփան Կուրտիկյանի և Գևորգ Սիմքեշյանի հետ որպես լեզվաբան հրավիրվել է հայազգի ճարտարապետ Պալյանների գլուխգործոց Դոլմաբահչե պալատում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահությամբ կազմակերպված թուրքերենի առաջին կոնֆերանսին: Նա հետագայում իր աշխատանքները և ուսումնասիրությունները շարունակել է որպես նոր հիմնադրված Թուրքական լեզվագիտական ընկերության գլխավոր մասնագետ և առաջին գլխավոր քարտուղար, համակարգել է արաբատառ օսմաներենից ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենին անցնելու դժվարին ընթացքի աշխատանքները, դառնալով ուղղագրության և քերականության հայրը: Մինչև 1934-ը, հայերից, հույներից և հրեաներից բացի, Թուրքիայի Հանրապետության մնացած տասնյակ ազգերից բաղկացած ազգաբնակչությունը ազգանուններ չի ունեցել։ Այդ մասին օրենքի ընդունումից հետո հայ գիտնականի՝ Մուստաֆա Քեմալին «Աթաթուրք» ազգանունով օժտելու դիմաց նրա փոխադարձ առաջարկությամբ իր Մարթայան ազգանունին հավելվել է Դիլաչար (լեզվի բանալի, լեզու բացող) անունը։
-Ազգանունները նորությո՞ւն էին Թուրքիայում:
-Այո, և հայերի համար՝ դաժան իրողություն:
-Ինչո՞ւ:
-Ազգանունների մասին օրենքն իթթիհադականների իրավահաջորդների կողմից ընդդեմ հայության իրագործված մշակութային ցեղասպանության ամենախայտառակ դրսևորումն էր: Բացառությամբ Կ. Պոլսի բնակիչների՝ արևմտահայության հայկական դարավոր ազգանունները բռնի փոխվելով թուրքացվեցին։ Այդ բարբարոսությանը դիմագրավելու համար հայությունը գոնե արմատների հետ իմացական-ավանդական կապը չկորցնելու մտահոգությամբ փորձեց հայերեն ազգանվան թարգմանաբար թուրքերեն տարբերակը նախընտրել: Հազարավոր Դարբինյաններ լավագույն դեպքում դարձան Դեմիրջյան, վատագույն դեպքում Դեմիրջի կամ Դեմիրջիօղլու, Ոսկերիչյանները՝ Կույումջու կամ Կույումջուօղլու։ Իր իսկական ազգային պատկանելությունը անհայտ ու դարերի խառնիճաղանջում երբևէ ազգ չդարձած միլիոնավոր մարդիկ իրենք իրենց ինչ-որ հորինված բառակույտերից այն կողմ չանցնող անիմաստ ազգանվան տեր դարձնելիս, մեզ՝ մեր երկրի բնիկ ու լիիրավ տերերին, մեր ազգանուններից զրկեցին։ Հենց այդ պատճառով էլ այժմ աշխարհի չորս կողմերում տարագրված հայության 1934-ից հետո Թուրքիայի Հանրապետությունում ծնված լինելու «մեղքը» ուսածների մեծ մասը թուրքերեն ազգանուններ է կրում։ Տարօրինակ է, որ նրանց Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ Արգենտինայում ծնված-մեծացած երեխաներն ու նրանցից ծնվածները դեռևս այդ անհեթեթ իրողության զոհերն են, մինչ այսօր իրենցից բռնի խլված հայկական ազգանունների տեղ թուրքացված անհասկանալի բառակույտերն են կրում դժբախտաբար։
-Իսկ Հակոբ Մարթայա՞նը:
-Նա 1942-1970-ին թուրքական հանրագիտարանի նախ տեխնիկական խորհրդատուն էր, ապա գլխավոր խմբագիրը: Ակադեմիկոս Ծատուր Աղայանը 1958-ին Անկարայում հանդիպել է նրան և իր հուշերում գրել. «Ազգիս հերոս Զորավար Անդրանիկի երկրային կյանքին հրաժեշտ տալու օրվանից 7 տարի հետո, 1934 թ. օգոստոսի 31-ին Մուստաֆա Քեմալի հրավերով Անկարայում են գտնվել մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ, որոնց պատվին մեծ խնջույք է կազմակերպվել։ Կերուխումի թեժ պահին Քեմալը հրավիրվածներից յուրաքանչյուրին իրենց մայրենի լեզվով մի երգ կատարելու առաջարկով է հանդես եկել։ Շատերն ընդառաջել են ու կատարել նրա խնդրանքը, Քեմալը հանկարծ շրջվել է նաև դեպի հայ գիտնականը.
-Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Հակոբ Մարթայանը ոտքի է ելել, նայել հյուրերին, փակել աչքերը… ու սկսել երգը.
«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան՝ ԱՆԴՐԱՆԻԿ»:
Երգի հակաթուրքական բնույթը ներկաներից շատերին հայտնի լինելով՝ նրանք սարսափով ու կատաղությամբ են նայել նրան։ Տեղում անհանգիստ շարժումներ անողներ են եղել, մի քանիսը փորձել են տեղից բարձրանալով նրան լռեցնել, սակայն Քեմալը թույլ չի տալիս… Նա ոտքի է ելնում և սպասում շարունակվող երգի ավարտին։
«Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, ԱՆԴՐԱՆԻԿ»…
Երգի ավարտին տիրում է քար լռություն ու լսվում է Քեմալի ձայնը.
-Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր։ Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան։ Այդպիսի հերոս հայերն անցյալում չեն ունեցել, ներկայում չկա, ապագայում չի սպասվում։ Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին… Բայց այս անգամ նրանք պարտվեցին, և մենք հաղթեցինք։ Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը… բայց սա լինի վերջին անգամը:
Անդրանիկի մահից 30 տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մարթայանն իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը պատմել է մայր հայրենիքից եկած հայ գիտնականին՝ ավելացնելով՝ «Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին»: Երևի հայրենաբաղձություն հայկական սքանչելի «հիվանդությունն» էր պատճառը, որ նորաստեղծ թուրքական պետության մայրաքաղաքում գտնվող հայ մարդը, վճռական պահին հայրենիքի համար արել էր անհրաժեշտը՝ առանց հետևանքների մասին մտածելու: Ահա իրականում ով է եղել Մարթայանը։ Երբ նա մահացավ 1979-ի սեպտեմբերի 12-ին, ես Կ. Պոլսի գեղարվեստի ակադեմիայի ուսանող էի, նրա մահազդը կես կամ մեկէջանոց մեծությամբ երկրի գրեթե բոլոր խոշոր թերթերում լույս տեսավ, սակայն ոչ մեկում իր իսկական անուն-ազգանունը գրված չէր։ Թուրքական ԶԼՄ-ներից անխտիր բոլորը հայազգի մեծ գիտնականի մահվան լուրը միայն «Հայտնի լեզվաբան Ա. Դիլաչարը ոչ ևս է» ձևով տարածեցին։ Թերթերում ամենախոշոր չափի տառերով լույս տեսած մահազդերի ամենաներքևի հատվածում հազիվ խոշորացույցի օգնությամբ ընթեռնելի փոքր տառերով գրված էր «ննջեցյալի թաղումը տեղի է ունենալու Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում», որը միայն շատ ուշադիր ընթերցողը կարող էր նկատել։ Պետք չէ զարմանալ, որ հայերի և հույների հողի վրա ստեղծված «Թուրքիայի Հանրապետությունը» իրեն ժամանակակից լեզվով օժտած հայազգի մեծ գիտնական Հակոբ Մարթայանի հիշատակն այսպիսի ապերախտությամբ էր «հարգում»: Նրանք անում էին այն, ինչն առավել քան բնորոշ է իրենց պապերից ժառանգած նկարագրին։
Այդ երախտամոռությունից էին Մուստաֆա Քեմալի Թուրքիայի Հանրապետությունում յուրաքանչյուր քայլափոխին հանդիպած՝ նույնիսկ սարերին ու քարերին փորագրված հանրահայտ «K. Ataturk» ստորագրության հեղինակը հանդիսացող Հակոբ Չերչիյանի արածն ուրանալու սին ջանքերը։ Գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանը Ռոբերտ քոլեջում 50 տարի մաթեմատիկա, աշխարհագրություն և գեղագրություն է դասավանդել և նրա այդ ոլորտում համբավի իմացության շնորհիվ էլ Մուստաֆա Քեմալն անձամբ իրեն է դիմել ու նրա պատրաստած 5 նմուշներից ամենահավանածը դարձրել իր ստորագրությունը: Տարիներ շարունակ այս իրողությունը չի բարձրաձայնվել, և տիրող լռությունից օգտվել ցանկանալով հրապարակ իջած մի քանի ինքնակոչ խարդախի նրա վաստակը գրպանելու փորձերին Չերչիյանի որդի Տիգրանը արժանապատվորեն հակահարված է հասցրել։ Նա անհիմն և ստահոդ համարելով գրագողության փորձ անողների թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումները՝ նշել էր, որ իր հայրն է «Ք. Աթաթուրք» ստորագրության հեղինակը, որի համար Աթաթուրքից հատուկ շնորհակալական նամակ է ստացել։
Նմանատիպ ապերախտությունների շարքում կարելի է հիշատակել նաև Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքի ազգային հիմնի երաժշտության և գործիքավորման հեղինակներից հայտնի երգահան Էդգար Մանասյանի անունը։ Մեծ երաժշտագետ Էդգար Մանասյանը (1875-1964) Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան քոլեջի և Պադովայի կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Նրա Թուրքիայի` Իսթիքլալ (Անկախության մարշ) կոչվող ազգային հիմնի երաժշտության հեղինակներից լինելու փաստը ևս, հայի անվան հանդեպ հատուկ թշնամանք տածողների կողմից մոռացության էր մատնվել: Սակայն «Ասեղը պարկում չես թաքցնի» ասացվածքի ճշմարտացիությունն ապացուցող մեր օրերի, ինտերնետի դարում բազմաթիվ թուրքերեն ու հայերեն ստեղծագործությունների հեղինակ, մեծանուն երգահան Էդգար Մանասյանի անունն ու կենսագրությունը, բարեբախտաբար, համացանցում կան:

Պատմական ճշմարտությունների առաջ չմեղանչելու համար տեղին է արձանագրել մի կարևոր փաստ ևս երաժշտության ոլորտից։ «Թուրքական» կոչվող երաժշտության նոտաների համակարգի հեղինակը ևս օսմանյան շրջանի հայ մտավորականության պայծառագույն դեմքերից հայտնի խմբավար, երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանն է (1768-1839), ում հեղինակած համակարգն էլ իր անունով՝ «Համբարձումի նոտաներ» է կոչվում: Նա նոտագրության միջոցով կարողացել է կորստից փրկել թուրքական բազում ստեղծագործություններ և մեծ ներդրում է ունեցել երաժշտագիտության բնագավառում: Թուրքական աշխարհում իբրև Համբարձում Բաբա (հայրիկ) հայտնի հայորդին նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայր Կ. Պոլսի հոգևոր դպրոցներից մեկում, որտեղ էլ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծմանը, հետևելով եվրոպական ձայնագրության։ 1813-1815-ին ստեղծել է ձայնագրության իր համակարգը, օգտագործելով հայկական խազերի անունները։ Այդ ձայնանիշերով գրի է առել շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակել են նրա աշակերտները։ ՈՒնեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են՝ «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։ Լիմոնջյանը 1813-1815-ին խազագրությունը փոխարինել է նոր հայկական ձայնագրությամբ։ Այդ նոր նշանների օգնությամբ են 19-րդ դարում ձայնագրվել Շարակնոց, Ժամագիրք և Պատարագամատույց անուններով մեր երեք մատյանները։ Նրա ստեղծած ձայնագրությունն օգտագործվել է ոչ միայն հայկական, այլև թուրքական և ընդհանրապես մերձավորարևելյան երաժշտության մեջ։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ