Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանն ու Իրանը ևս մեկ թակարդ են պատրաստում Արևմուտքի համար

Ռուսաստանն ու Իրանը ևս մեկ թակարդ են պատրաստում Արևմուտքի համար
27.11.2015 | 00:43

Երբ այս հոդվածը հրապարակվի, չի բացառվում, աշխարհն ու Հայաստանի քաղաքացիները արդեն ավելի շատ բան կիմանան այն մասին, ինչ մենք այսօր կխոսենք։ Բանն այն է, որ, չնայած միջազգային ահաբեկչության դեմ պայքարի սաստկացման պատճառով ընթացիկ օպերատիվ իրադրությունը լրջորեն սրվել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնեց Իրան։ Նրան ուղեկցող պատվիրակությունն այնքան պատկառազդու էր, որ կասկած չէր թողնում` ռուսական «թիմը» պատրաստվում էր ամենակատաղի գոտեմարտ տալու Թեհրանում։ Բանն այն է, որ նոյեմբերի 23-ին Իրանի մայրաքաղաքում կայացավ գազ արտահանող երկրների համաժողովի (ԳԱԵՀ) մասնակից պետությունների ու կառավարությունների ղեկավարների երրորդ հանդիպումը։ Իսկ Ռուսաստանն ու Իրանն այդ կառուցվածքում հիմնական գործող ուժերն են, թեև, իհարկե, գազի առաջատար արտահանողների մեջ է նաև Կատարը` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի անմիջական խամաճիկը։

Ռուսաստանի և Իրանի նախագահների մամուլի ծառայությունները ԳԱԵՀ երրորդ հանդիպման աշխատանքի բացման նախօրեին նշել էին, որ խիստ պլանավորված են Պուտինի հանդիպումները Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի և երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Գագաթնաժողովի ընթացքում կարծիքների հանգամանալի փոխանակություն է սպասվում բնական գազի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարների շուրջ։ Մասնակից պետությունները քննության կառնեն համակարգման հարցերը բնական գազի պահանջարկի և առաջարկի կայուն հաշվեկշռի պահպանման շրջանակներում` հարգելով ինչպես այդ վառելիքատեսակի մատակարարների, այնպես էլ սպառողների շահերը։ Պուտինը խիստ պլանավորել էր նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցությունները։ Հնարավոր էին համարվում նաև Պուտինի առանձին երկկողմ շփումները համաժողովին մասնակցող մի շարք այլ օտարերկրացի պաշտոնակիցների հետ։ Եթե դատելու լինենք Իրանի լրատվամիջոցների նոյեմբերի 23-ի արձագանքներից, ապա ուշադրության կենտրոնում հենց Ռուսաստանի առաջնորդն էր։ Եվ դա հիմնավորված էր. չէ՞ որ Պուտինը վերջին անգամ այցով Իրանում եղել էր դեռ 2007 թվականին։ Բայց և միաժամանակ, օրինակ, նախագահ Ռոհանիի հետ 2014-15 թթ. սա նրա արդեն վեցերորդ հանդիպումն ու բանակցություններն են։
Թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում միարժեքորեն մատնանշում էին, որ, չնայած հայտարարված օրակարգին, համաժողովի շրջանակներում անպայման շոշափվելու են Սիրիայի թեման, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը։ Եվ ահա այստեղ Արևմուտքի որոշ շրջանակներ և այլ երկրներում նրանց հավատարիմ սպասյակները նշում էին, որ կանխատեսում են հարաբերությունների սրում և մրցակցության ուժեղացում Ռուսաստանի և Իրանի միջև, մասնավորապես «նախագահ Ասադի ճակատագրի» հարցում։ Իրոք, փորձել էր «սակարկել» ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, երբ դեռ նոյեմբերի 13-ին Վիեննայում շահագրգիռ պետությունները երկրորդ անգամ էին հավաքվել հենց Սիրիայի հարցով։ Այն ժամանակ ոչինչ չստացվեց։ Այնուհետև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շրջանառության մեջ «նետեց» հետևյալ հարցը` իբր ինքը «ճնշում է գործադրել» Պուտինի վրա և սպասում է, որ նա էլ «ճնշում կգործադրի» Թեհրանի վրա, և այսպես շարունակ։ Երևի բրիտանացի վարչապետը երազ է տեսած եղել, թե Սինայի երկնքում ռուսական աերոբուսի դեմ ահաբեկչական ակտի կապակցությամբ իր ուշացած օգնությանն ի պատասխան պաշտոնական Մոսկվան մի ձևով պիտի «երախտահատույց լինի» Սիրիայի նախագահի տապալման ջատագովներին։ Բայց երևի բրիտանացու «արտանետումն» էլ էր լիակատար «դատարկություն». Սիրիայում Արևմուտքի դրածոների դեմ ուղղված գործողությունները կրկնակի սաստկացան, նորից հարվածներ հասցվեցին թևավոր հրթիռներով, գործի անցավ նաև Ռուսաստանի ռազմական ավիացիան։ Ոչնչացվում է այն ամենը, ինչ ահաբեկիչները Թուրքիայի տարածքով ուղարկում և վաճառում են Արևմուտքին, իսկ սիրիական բանակը վստահորեն առաջանում է դեպի Թուրքիայի սահման։
Վերջապես, ֆիլիպինյան Մանիլայում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում էլ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ավելորդ տեղը անկեղծանալով, հայտարարեց, թե հիմա թող Ռուսաստանն ու Իրանը «ընտրեն»` իրենք «կողմ են Սիրիայի՞, թե՞ Ասադի պահպանմանը»։ Ծիծաղելի է, անկեղծ ասած, տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տենդագին փորձում երկարաձգել Սիրիան ու Մերձավոր Արևելքը ապակայունացնելու իրենց գործողությունները։ Չէ՞ որ Վաշինգտոնում ու Լոնդոնում գիտեն, որ նոյեմբերի 13-ից Իրանն ու Ռուսաստանը կոշտ կերպով պահանջում են խափանել Սիրիայում պատերազմող բոլոր ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ֆինանսական և այլ օգնության բոլոր հոսքերը։ Հայտնի է նաև, որ փարիզյան ահաբեկչություններից հետո Պուտինին ձգտում է հարել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ընդ որում, նա պատրաստվում է այցով մեկնելու ԱՄՆ և Ռուսաստան, որպեսզի անձամբ փորձի մերձեցնել Վաշինգտոնի ու Մոսկվայի դիրքորոշումները և՛ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, և՛ Սիրիայի ապագայի հարցերում։
Իսկ հիմա պատկերացնենք, թե հենց այս ամենի մասին (թեկուզ կուլիսներում) ինչ է խոսվել գազ արտահանող երկրների համաժողովի Թեհրանում կայացած երրորդ հանդիպման ընթացքում։ Ի դեպ, ռուսական C-300 կԾձ-2 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումների վերաբերյալ պայմանագիրն արդեն վերակնքվել է և նույնիսկ կատարվում է ու մոտ է ավարտին։ Արևմուտքում ոչ այն է մոռացել են, ոչ այն է ուզում են ձևացնել, թե մոռացել են, որ այդ ԶՀՀ-ների մատակարարումների և Մոսկվայի ու Թեհրանի միջև ատոմային գործարքի հարցերն էլ հենց եղել են իրանա-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի կորիզը, էլ չենք խոսում համաշխարհային շուկա բնական գազի մատակարարումների վերաբերյալ բացահայտ ու գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Բայց դա եղել է, երբ Սիրիան չկար, իսկ հիմա իրանա-ռուսական համագործակցության առանցքային ոլորտների թվին ավելացել է նաև Բաղդադի քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնը։
Ահա այս պարագայում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը գրեթե 40 տարում չկարողացավ «ճզմել» Իրանին և որ Իրանի իշխանությունները երկրի «ատոմային գործով» որոշակի զիջումներ (բայց վերապահումներով) արեցին Ռուսաստանի ու Չինաստանի հետ համաձայնեցնելուց հետո միայն, դժվար է ասել, թե Արևմուտքին ինչ է սպասում Իրանի ղեկավարության հետ Պուտինի բանակցություններից հետո։ Շատ երկրների արևմտամետ լրատվամիջոցներ հիմա «խռպոտած» գրում են, թե Իրանն ու Ռուսաստանը «կհանձնեն» Ասադին։ Անմտություն է։ Նման դաշնակցին չեն «հանձնում»։ Իսկ ահաբեկիչներ պատրաստելու և նրանց ցուցաբերվող ամեն տեսակ օգնությունը դադարեցնելու Ռուսաստանի պահանջները, որ առաջին հերթին ուղղված են ԱՄՆ-ին ու Թուրքիային, ոչ թե սոսկ խոսքեր են, այլ վերջնագիր։ Ավելին, Արևմուտքին ու նավթի շուկայում նրա խամաճիկներին ուղղված իր վերջնագիրն է պատրաստել նաև Իրանը։ Եվ հենց նոյեմբերի 23-ին Իրանի նավթի նախարար Բիժան Նեմդար Զանգանեն հայտարարեց, որ հիմա նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հայտարարված քանակությունից ավելի շատ է արդյունահանում, և Իրանը պահանջում է կրճատել արտադրությունը` մնալով օրական 30 մլն տակառի շրջանակներում։ Միաժամանակ դա չի նշանակում, թե Իրանը պատրաստ է հրաժարվելու արդյունահանման աճից։ «Շուկա վերադառնալը մեր իրավունքն է»,- ընդգծեց նախարարը։ Նա կասկած հայտնեց, թե հնարավոր է դեկտեմբերի 4-ին նավթ արտահանող երկրների հանդիպման ժամանակ արդյունահանման քանակությունների վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրվի։ Այդ հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել միջազգային պատժամիջոցների վերացումից հետո համաշխարհային շուկա իրանական նավթի մուտք գործելու հարցը։ Փորձագետները կանխատեսում են, որ Իրանը արդեն 2016 թ. կսկսի շուկա արտահանել նավթի լրացուցիչ ծավալներ։
Ահա այսպիսին էին շահագրգիռ կողմերի դիրքորոշումները նոյեմբերի 23-ից առաջ։ Իհարկե, համաժողովի շրջանակներում ռուսաստանցիներն ու իրանցիները, Թուրքմենստանի և Վենեսուելայի աջակցությամբ, հաստատ «ճզմեցին» ամերիկամետ խամաճիկ Կատարին։ Զուր չէ, որ համաժողովից մի 2-3 օր առաջ ռուսական և իրանական հեռուստաալիքները անընդհատ խոսում էին այն մասին, որ Սիրիայի ճգնաժամին և այդ երկրի դեմ ահաբեկչական ագրեսիայի ծավալմանը նախորդել էին նախագահ Բաշար Ասադի դեմ հենց Կատարի շանտաժն ու սպառնալիքները։ 2011-12 թթ. Պարսից ծոցի պստիկ էմիրությունը մեկ բան էր ցանկանում` կատարել ԱՄՆ-ի «պատվերը» և գազամուղ գցել Կատարից մինչև Սիրիայի միջերկրածովյան ափ` գազն Արևմուտք և Իսրայել մղելու համար։ Մոսկվայում և Թեհրանում կոշտ ընդգծում էին, որ ԱՄՆ-Կատար պլանները չեն կարող իրականանալ, քանի դեռ նախագահ Ասադն է գլխավորում Սիրիան ու նրա բանակը։ Ճիշտ է, լռության էր մատնվում, թե ինչու, իսկ բանն այն էր, որ Ասադը ստորագրել էր մի ոչ պակաս խոշորածավալ պայմանագիր` Իրան-Իրաք-Սիրիայի միջերկրածովյան ափ գազամուղի շինարարության նախագիծը։ Այդ նախագիծը նախընթաց տարիներին Իրանն առաջադրել էր Ռուսաստանի հետ համաձայնեցնելով, և հասկանալի է, որ Մոսկվան ու Թեհրանը չէին հրաժարվի Արևմուտքն իրենց, պատկերավոր ասած, «գազային ճիրանների» մեջ առնելու պլաններից։ Եվ, թվում է, ինչու պիտի ԱՄՆ-ը չուրախանար և իր «ճնշումներով» ու «պատժամիջոցներով», Ռուսաստանի և Իրանի ակամա օգնությամբ, Եվրոպային, այնուամենայնիվ, կախման մեջ չդներ իր թերթաքարային գազից։ Բայց ո՜չ, Ամերիկան կշտանալ չունի, նրան ոչ միայն պետք չեն ռուսական «Հարավային հոսք» կամ նույնիսկ «Թուրքական հոսք» նախագծերը, նրան պետք չէ նաև անվերահսկելի (իր կողմից) իրանական գազը Եվրոպայի շուկաներում։
Բայց Թեհրանում ԱՄՆ-ի խամաճիկ Կատարի պստիկ էմիրությունը, փաստորեն, միայնակ էր։ Պետք է ենթադրել, չստացվեց ճնշում գործադրել Ռուսաստանի և Իրանի վրա, հասկանալի է, որ Պուտինն ու նրա իրանցի զրուցակիցները սևեռուն ուշադրությամբ էին քննարկում նաև իրենց հույժ երկկողմ, ռուս-իրանական հարաբերություններն ու կապերը, օրվա պայմանագրերը, հեռանկարային համաձայնագրերը և այլն։ Չէ՞ որ երկու երկրներն էլ կանխավ հայտարարել էին` «գազի գագաթնաժողովից» հետո տեղի են ունենալու ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցություններ` նեղ և ընդլայնված կազմերով, որից հետո Մոսկվան ու Թեհրանը համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ Ի դեպ, Իրանի և Ռուսաստանի խնդիրներից մեկն էլ բնական գազի համաշխարհային գների շուրջ պայմանավորվածության հասնելն է, նկատի ունենալով եռամակարդակ գները` «իրար մեջ», «բարեկամ երկրների համար» և «Արևմուտքի համար»։ Զուր չէ, որ ԳԱԵՀ-ն հաճախ անվանում են գազի ՕՊԵԿ, թեև նրա ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս կարտել ստեղծելու օգտին։ Մասնավորապես, 90-ականների վերջին-2000-ականների սկզբին հենց Կատարն էր, որ ԱՄՆ-ի առաջադրանքով, ձախողեց այդ ուղղությամբ Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի և Ալժիրի համատեղ նախաձեռնությունը։ Իսկ Թեհրանում Պուտինը հայտարարեց, որ 2035-40 թթ. գազի ընդհանուր պահանջարկը կմեծանա 32 %-ով և կհասնի գրեթե հինգ տրիլիոն խորանարդ մետրի, մինչև 2035 թ. ժամանակաշրջանն ընդգրկող ՌԴ ազգային էներգետիկ ռազմավարության նախագիծը նախատեսում է բնական գազի արդյունահանման էական աճ` 40 %։ «Եթե 2014 թ. մենք արդյունահանել ենք 578 մլրդ խորանարդ մետր, ապա 2035-ին ծրագրում ենք արդյունահանել 885 մլրդ խորանարդ մետր»,- պարզաբանել է Պուտինը։
Այդուամենայնիվ, թեև գազի արդյունահանումն ու դրա գինը կենսական թեմա են ամբողջ աշխարհի համար, մենք հասկանում ենք, որ այդ թեման պարփակված է հենց Սիրիայով և «Բաշար Ասադի ճակատագրի» շուրջ տիրող իրավիճակով։ Եվ բնական է, որ տեսանելի ապագայում նորից ու նորից կվերադառնանք 2015 թ. նոյեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԳԱԵՀ երրորդ հանդիպման արդյունքներին, թեև հասկանալի է, որ այդ հարցի շուրջ բանակցությունների նրբությունները կմնան յոթ փակի տակ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը առայժմ (համենայն դեպս մինչև Սիրիայի ազատագրական պատերազմի ավարտը) չեն ցանկանա հրապարակել իրենց պայմանավորվածությունների մանրամասները։ Չէ՞ որ Իրանը իր ռազմավարական հարձակումը կշարունակի նաև դեկտեմբերի 4-ի ՕՊԵԿ նիստում, իսկ Ռուսաստանն արդեն սկսել է ռազմական գործակցությունը ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի հետ։ Այնպես որ, աշխարհաքաղաքական ընդհարումը եռում է, և իզուր են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այդքան «շտապում»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ