«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վերադարձ դեպ շնորհը կամ` նախաբանի փոխարեն

Վերադարձ դեպ շնորհը կամ` նախաբանի փոխարեն
27.11.2015 | 00:50

Հայոց սեղանին է եզակի մի ձեռնարկ: Երևի վերջին ժամանակների ամենահամարձակն ու ամենաոգեղենը: Ամենագիտականն ու, թերևս, ամենավիճարկելին. «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գրքի առաջին հատորը` Աշոտ դպիր Արևշատյանի հեղինակությամբ:
Ասել «գիրք»` այս դեպքում նշանակում է ոչինչ չասել: Ասել` կենդանի գիր, նույնպես շատ քիչ բան կնշանակի: Գրքի-մտքի-հոգու-սովի այս օրերին ձեռնարկն ուղղակի սպեղանի է, երկիրն ու մարդուն ի պատկեր յուրում վերադարձնելու խիզախում:
Գրքում ներկայացված են առանձնաշնորհները, որ ունեցել է հայոց ազգը, արձանագրված են բացահայտումները, որոնք երբեմն ուղղակի անհավատալի, բայց և հոգետես են, քողածածկույթի տակից հանված են բանալիները, որոնցով հաղթել ու, խելամտորեն օգտագործելու դեպքում` դեռ կհաղթի այս տեսակը` արմագեդոնյան այս օրերին:
Գիրքը նաև ապտակ է ենթագիտակցությունն ու միտքը պարապությամբ լցրած մարդուն, սահմանագծում է նախաստեղծ կերպին վերադարձի:
Ի դեպ, այս հատորյակը բորխեսյան կնիք ունի նաև. հենց առաջին հպումը գրքին` շապկանց նկատառմամբ, գույների գամմայով քրիստոսահմա է: Նույնիսկ չկարդացած` գիրքը ենթագիտակցությունն է ճեղքում. փոխվում էիր անգամ գրքի հետ ֆիզիկական շփումից:
Ոգով էր գրված: Գիտակցարաններ էր ընդհանրացնում: Տիեզերորեն բաբախներ պարգևում:
Հիմա` բուն «նյութից»:

ՄԵՐ ՄԵՋ ՆՍՏԱԾ Է ՀՈՒՇԸ ԴՐԱԽՏԻ
Ոգեղեն այս ձեռնարկը բաղկացած է լինելու չորս գրքերից: Արդեն իսկ հրատարակված առաջին գիրքն իր հերթին բաղկացած է վեց ենթագրքերից: Սկսվում է արարչագործությունից` Դրախտից, Կենաց ծառից, հասնում Նոյ Նահապետ, Փրկչական տապան, հայոց ադամական լեզու և Հայկ-Մելքիսեդեկ:
Մեր կանգառները լինելու են առաջին և վերջին գրքերի «մոտ», հասկանալու ընդհանրական այն ոգին, որով կառուցված է այս Գիրը, և նպատակը, որը հետապնդում է Գրագիրը` Աշոտ դպիրը, որպես մեզնից մեկը:
Գիրն սկսվում է դրախտի «որոնմամբ»:
Դրախտ, որը մեր բոլորի մեջ է: Որի հուշը մեր երակներում է: Բայց հեղինակը դրա փաստագրումն է պեղում: Գիտականորեն: Եվ գտնում ու հաստատում է` դրախտը Հայաստանում է եղել, զի Եփրատն ու Տիգրիսը, որոնց ակունքներին եղել է դրախտը, Հայաստանից են սկիզբ առել: Բայց ոչ միայն: Դրախտը չորս գետերի ակունքից է սկիզբ առել, նաև` Փիսոնից և Գեհոնից: Գրագիրը այդ գետերի որոնման աշխատանքն է «տանում» այս հատորյակում` գիտական, լատենտ ուղղություններով:
ՈՒ հաջողո՜ւմ է: Գտնում է պատմականորեն կորսված այդ գետերի ակունքները ևս: Այդով` տեղեկանանք, որ Գեհոնը մեր Արաքսն է: Փիսոնը` Ճորոխը: Եվ չորս գետերը Դրախտի` բխել են մեր Հայաստանից:
Հեղինակն այս ամենն ապացուցել է նաև քարտեզներով:
Հարցնում եք` վասն որո՞ւ: Վասն այնու, որ էութա-հոգևոր նույնություն առաջացնի փաստա-գիտական հայացքի, մարդու ու հոգևորի միջև: Այսօրվա տոչորված մարդուն ջրցանի` դրախտի հիշողությամբ, ստիպելով վերջինիս` իր ինքնության մեջ այդ գենն ու «հայրենիքը» զարթնեցնել, դրան ապավինելու համար:
Տիգրիսով ու Եփրատով` «Երկու գետերով և տապանով վեր» ենք բոլորից. հիշեցնում է Եղիշեի մտքերը նորօրյա Գրագիրը: ՈՒ չպետք է դա երբեք մոռանալ. այդ մոռացումն է ազգին նսեմացնում, փոքրացնում, պարտության տանում:
Ի դեպ, սույն գիրքը գերում է իր մեջբերումներով. այն պետք է կարդաս դանդա՜ղ, ինչպես Աստվածաշունչը, զի էներգետիկան, տեղեկատվությունը, մտորելու նյութը ու հոգևոր թռիչքներն անսահման շատ են ու բարձր: Դիցուք. «Լեգենդն ասում է, թե Հայաստանում Արարատից կաթ ու մեղր է ծորել: Արևն այնտեղից է լուսավորել: Եվ ժողովուրդն այդ լեռնաստանում միշտ իմաստնությամբ էր հարստանում»:
Ահա կոդն ու բանալին հայոց. ոչ թե փողը, ոչ թե մեծ տարածքները, ոչ թե զենքերն ու զինամթերքները` միջուկային ու անմիջուկ: Այլ իմաստնությունը: Նրանով հարստանալու կոդն է տրված տեսակին, ինչը մոռացվել-փոշիացվել է, ինչի համար էլ հատուցվում է, ինչի համար էլ գրքից լսվում է.

ՄԵԿ ՄԱՐՄԻՆ`
ՄԵԿ ՀԱՌԱՉԱՆՔ
Ասում են` աշխարհի հզորները` ադեպտները, գիտեն, որ հայոց կոդը ինքնամաքրման ահավոր մեծ հատկություն ունի, այն յոթ տարին մեկ ինքնամաքրումի է տանում: Եվ նույն աշխարհի ադեպտները փորձում են գտնել այդ կոդի բանալին, «տարածել» իրենց վրա: Չեն հաջողում:
Չասենք, թե այդ կոդը տառապանքի ինչպիսի պարունակներ ունի, որն անցնելու համար դարեր, զոհաբերություններ և, այո, շա՜տ մեծ իմաստնություն է պետք: Որի հատակում, որպես առաջին շերտ, ինչպես արդեն իմացանք` դրախտն էր, որը գտնվել է հենց Հայաստանում: Իսկ դա բանալիավորել ու տանել այլուրեքության ուղղակի անհնար է:
Բանալին մեկն է: Սերը: Որն ամենուր նույնն է: Քրիստոներեն դա կոչվում է շնորհ:
Իսկ մենք, այո, շարունակում ենք «կարդալ» գիրքը. «Ամեն ազգ իր ծագումը փնտրելիս պետք է հետ դառնա ու այդ երկրին` Հայաստանին նայի»,- արձանագրում է նա Ղևոնդ Ալիշանի ձեռամբ:
Քիչ է պատահում, որ գիտականությունն այսպես համադրվի շնորհայնության հետ: Բայց քանի որ գրքի հեղինակը (ընդամենը դպիր և արքություն, նույնիսկ` քահանայություն չունեցող) կարողացել է գտնել նաև մեկ մարմին` մեկ հառաչանք համամարդկային բանալիները բոլոր (մանուկներին են տրվելու բանալիները ու շնորհի գաղտնիքները):
Հեղինակը լապտերը ձեռքին առաջ է գնում` լուսավորելով բոլոր խոռոչները: Գետերից հետո նա պետք է կողմնացուցի նաև «Արևելք» կոչվող աստվածաշնչյան տարածքը, որն առավել դժվար փաստագրելի է, քան կորած գետերի «ճանաչումը»: Այդ երկուսի հանրագումարից էր ապացուցվելու` «Հայաստան` երկիր դրախտավայրի» լինելությունն ու շարունակելիությունը:
Պտղունց-պտղունց, պրակ-պրակ, կրկին ու կրկին` բացառիկ մեջբերումներով, համադրումներով, պատմիչներին վկայաբերելով, տիեզերական վարդապետների աշխատությունների անդրադարձումներով ու Աստվածաշունչը, որպես ապացուցող թագ ու պսակ, այդ ամենի վրա հանգեցնելով` սույն դպիր-Վերգիլիոսն ի վերջո հանգում է. Միջագետքի և մնացյալ ժողովուրդները Հայաստանն անվանում էին «արևելք»:
Մեքթո՛ւբ. գրված է: Իր իրական բովանդակության և առաջին հերթին` հոգու մեջ:
Գուցե շատերը կցանկան գրքի հանրայնացումից հետո վիճել մեր Դպիրի հետ: Բայց մենք շարունակում ենք ուսումնասիրել ու սիրո բաբախով ընթերցել այդ Գիրը:
Այսպիսով, քանի որ Հայաստանում է եղել դրախտը, այստեղ է նաև Կենաց ծառը` ըստ Աստվածաշնչի: Ի դեպ, Դպիրն ընտրել է այն բոլոր մարգարիտները, որոնք Սուրբ գրքից հետո կարող են, գիտական մոտեցումներին զուգահեռ, «դալկացնել» մարդկային հոգին, սիրտն ու միտքը, զի այնքան մարգարտեղ ու շնչող են դրանք. այդ համադրում-երկվությունները պատռում-երկփեղկում են ընթերցողի բջիջները. նոր բջիջ սարքում, հանում որոնումի: ՈՒնկնդրենք ու իմանանք. Եվան ու Ադամը դրախտից արտաքսվելուց հետո ապրել են դրախտի հենց դիմացը, որ չմոռանան դրախտը, որ երբ կարենան մաքրվել, վերադառնալու հնարավորություն ունենան…. երբևէ:
Մեկ կարևորություն ևս: Դպիրն օգտվել է նաև պարականոն պատմություններից` բավականին հանգամանալից, ինչը մեծ խիզախում է, որովհետև մեզանում, մեր եկեղեցու ներկայացուցիչներն առանձնապես հակված չեն դեպ պարականոն մոտեցումներ, շատ քիչ է պատահում, որ հղումներ անեն դրանց: Բայց և ցանկացած գիր կարևոր է` Աստվածաշնչից հետո, այնպես չէ՞:
Դպիրին հաջողվել է մարդեղենն ու ոգեղենը, կանոնականն ու պարականոնը, առարկայականն ու աստվածաշնչյանը խիստ միաձուլել, հյուսել այնքան ու այնպես, որ երբեմն-երբեմն կորցնում ես սահմանների զգացողությունը: Ասել է` ենթագիտակցման հարաբերմամբ Դպիրը տեսակին հանում է ոտքի` անտես ու երկարատև հոգևոր պատերազմի:
Մի թերություն, բոլոր դեպքերում, գիրքն ունի. Դպիրի մասին որևէ բան չկար գրված, չկար նրա կենսագրությունը. կարդում ու մտածում ես. եթե` դպիր է, պետք է որ շատ երիտասարդ լինի, սակայն, որպես մտածող, շատ է ծեր. «ստարեց» իմաստով: Որպես գեղագետ` անգերազանցելի է: Որպես համարձակ տեսակետների կրող` բավականին շրջահայաց:


ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐԻ ԵՐԿԻՐԸ
Մենք ցուցանեցինք անչափ հետաքրքիր այս «հանրագիտարանի» ընդհանուր սխեման: Այ, այսպիսի մանրակրկտությամբ, լատենտ համադրությամբ, գիտական մեկնությամբ, համարձակ անսքողաբանությամբ էլ անդրադարձել են ոչ միայն Փրկության տապանին` Նոյ Նահապետով: Երկրին, որին բախվելով սասանվեց համաշխարհային չարիքը` Հայկ Նահապետով ու Բելի գերեզմանումով: Երկիր, ուր գործածության մեջ է Դրախտ լեզուն: Այլև հանրագիտվելու են` մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքն ու հետերկրային` մինչև երկրորդ Գալուստ ժամանակահատվածը:
Վերջից առաջ մի պահ կանգ առնենք այս հատորյակի վերջին` վեցերորդ գրքի վրա: Հայկ-Մելքիսեդեկ փոխառնչությանը:
Ճանաչողաբար հիշենք` Սաղեմի արքա Մելքիսեդեկին հանդիպեց Աբրահամը. Աբրահամը վերադառնում էր իր եղբորորդի Ղովտին գերած բանակին հաղթելուց. Մելքիսեդեկը հաց ու գինի էր բերել իր հետ Աբրահամի համար, իսկ Աբրահամը նրան տասնորդ տվեց…
Դպիրը Մելքիսեդեկ-արդարության-խաղաղության թագավորին-Քրիստոսի նախատիպարին խիստ մեծ մանրամասնությամբ է անդրադառնում, էլ ավելի մեծ համարձակությամբ, նաև` պատճառաբանված, Հայկ-Մելքիսեդեկ քահանա-թագավոր-մարգարե նույնականացում կատարում:
Խի՜ստ համարձակ, որը կարող է և նույնքան համարձակ էլ վիճարկվել: Մանավանդ` այլոց կողմանե: Եվ այնուհանդերձ, վիճակը նետված է:
Գիրքն ու առաջին հատորյակը դարձնելով անչափ ուսուցողական:
Որից, ի դեպ, իմանում ենք նաև, որ Գողգոթայում թաղված են Ադամի ոսկրերը, որ Աբրահամը Իսահակին բերեց Գողգոթայում զոհելու. այն Վոռնայի կալն էր, որը գնեց Դավիթը, և… այնտեղ խաչվեց Հիսուսը… նրանց կողքին` այնտեղ` Գողգոթայում է նաև մեր Հայկ-Մելքիսեդեկի գերեզմանը:
ՈՒսուցանվեցինք նաև, որ եկեղեցիներին բաժին հանելիս` Հայաստանին բաժին են ընկել Գողգոթան և տեառնեղբայր Հակոբի տունը, որտեղ ցայսօր գտնվում է Հայոց պատրիարքարանը ¥Երուսաղեմում¤: Ի դեպ, Գողգոթան հայերի ձեռից հափշտակել են 14-րդ դարում:
Այս խորապատկերը չմեկնենք, հանց բանալի, պարզապես հավելենք. հեղինակը գիտե, որ իր արծարծած հարցերին ինքը միակողմանի պատասխաններ չի գտել: Ինքը պարզապես պատասխանատու է «շարադրել» այն, ինչ տեսել է իր ֆիզիկական աչքը` ձեռագրերում ու քարտեզներում, Միտքը` Աստվածաշնչում և տիեզերական վարդապետների, մնացյալ ադեպտների գրերում, Հոգին, որն առել է շնորհով` Հայր Աստծուց, որդի Քրիստոսից և Սուրբ Հոգուց, և պետք է վերադառնա կրկին` ՆՈՒՅՆՆԵՐԻՆ:
Այսքանը:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Հիշենք` սա լոկ առաջին գիրքն էր: Կլինի այսպիսի ևս երեք խիզախում: Մնում է հավելել, Դպիրին ու նրա թիմին այս հնարավորությունը տրվել է Երկնից, իսկ Երկրում` իր հետ նույնացած, նույն շնորհով ընդհանրացած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի մեկենասությամբ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ