Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրք կառավարողը բորենու և շակալի եզակի խառնուրդ է

Թուրք կառավարողը բորենու և շակալի եզակի խառնուրդ է
27.11.2015 | 01:24

Մեղմ է ասել` Թուրքիան Ռուսաստանին հարվածեց թիկունքից: Թուրքիան թքեց այն հացի մեջ, որը երբևէ կիսել է պաշտոնական ընդունելությունների ժամանակ Պուտինի հետ: Ավելին չեմ ցանկանում գրել, որովհետև ոմանք կմտածեն, թե իմ մեջ խոսում է հակաթրքությունը: Բայց չեմ էլ կարող չբարձրաձայնել՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը միշտ էլ հիմարի դեր է խաղացել ու շարունակում է խաղալ:
Ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո ռուսական հեռուստաեթերից սկսեցին սփռել կադրեր, թե չեչենական պատերազմի ընթացքում Թուրքիան ինչպես էր հովանավորում չեչեն «բոևիկներին», և թե ինչպես էին նրանց բուժում Թուրքիայի ռազմական հոսպիտալներում: Տեղին է հարցնել՝ Պուտինն անտեղյա՞կ էր «չեչենական կամպանիային», չգիտե՞ր, թե ով է Թուրքիան:
ՈՒզում եմ նաև հարցադրել՝ իսկ այսօր Վլադիմիր Պուտինը չգիտի՞, թե ինչպիսի քայքայիչ գործունեություն է ծավալել Թուրքիան Ղրիմում՝ թաթարների միջոցով: Չգիտի՞, որ մեկ ազգի երկրորդ պետությանը՝ Ադրբեջանին, զինում է իր դաշնակցի դեմ, չգիտի՞ նրա ստոր ղեկավարի մտադրությունները: Գիտի, բայց և այնպես շարունակում է խաղալ դարերից եկող հիմարի իր դերը: Մի առիթով գրել եմ՝ երբևէ հնարավոր է լուսինն ընկնի երկրի վրա, բայց Թուրքիան երբեք չի դառնա Ռուսաստանի բարեկամը, թեկուզ հենց այն պատճառով, որ Ռուսաստանը նրանից շատ բան է խլել և փակել է պանթյուրքիզմի ճանապարհը:
Գրել եմ նաև, որ Աթաթուրքը խաբեց Լենինին: Հիմա ուզում եմ հարցնել՝ Էրդողա՞նն ինչով է պակաս իր վայրագ նախնուց: Մի՞թե բոլշևիկների սխալը ուսանելի չէ այսօրվա Ռուսաստանի կառավարողների համար: Ռուսաստանն այսօր հսկայական ծանրություն է վերցրել իր վրա և պայքարում է XXI դարի ժանտախտի դեմ: Փառք ու պատիվ նրան, նրա ղեկավարին: Ռուս անունը Սիրիայում տալիս են առանձնակի սիրով ու գուրգուրանքով, և դա հասկանալի է: Ռուսաստանի նախագահը վաստակել է այդ սերն ու համակրանքը: Ռուսաստանն իր ռազմական գործողություններով խափանել է թուրքական ստոր մտադրությունները Սիրիայի նկատմամբ: Ռուսաստանը ոչնչացնում է բենզատարներից կազմված մի քանի կիլոմետրանոց այն «նավթատար խողովակը», որ գրավյալ սիրիական տարածքներից հոսում էր դեպի Թուրքիա: Որը, ինչպես բարձրաձայնեցին ռուսական հեռուստաալիքները, Էրդողանի ընտանիքի (տղայի, նաև աղջկա) բիզնեսն է: Ըստ իս, սակայն, դա չէ միակ պատճառը: Դժվար թե Ռուսաստանի գաղտնի ծառայությունները չտիրապետեն փաստերի, որ գոյություն ունեն Թուրքիայի և իսլամիստների միջև:
Տեղին է հիշել պատմական մի փաստ, որով իսկ պարզ կլինի Թուրքիայի էությունը: 1941 թվականին ԱՄՆ-ի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ, պետքարտուղար և ռազմական նախարար, տիրապետում էին այն գաղտնի տեղեկությանը, որ Ճապոնիան պատրաստվում է հարձակվելու ԱՄՆ-ի վրա: Նախագահը գիտեր, բայց փորձում էր խուսափել առճակատումից և հրամայում է նավթամթերքների նախարարին շարունակել նավթամատակարարումները Ճապոնիային: Նախարարը, լինելով ազնիվ մարդ, հրաժարվում է նախագահի հրամանը կատարելուց, ասելով՝ չեմ կարող մատակարարել մի երկրի բանակի, որը թշնամաբար է տրամադրված պատերազմի մեջ գտնվող մեր դաշնակցի նկատմամբ, և դիմում է գրում ազատման մասին: Նախագահը հորդորում է մնալ, բայց զուր: Նախագահը գնահատում է նախարարի ազնվությունն ու անհատականությունը, բայց չի կարող նրան տեղյակ պահել պետական հույժ կարևոր գաղտնիքներին: Նոր նշանակված նախարարը շարունակում է մատակարարումները: Հոպկինսի ազատումից ընդամենը երեք օր հետո Ճապոնիան համարյա ավերեց Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային բազան:
Իր ելույթում, ինչպես նաև Անթալիայում, Պուտինը նշեց, որ G20-ի անդամներից չորս երկիր ֆինանսավորում է իսլամիստներին, և բնական է՝ այդ չորսի մեջ նկատի ուներ առաջին հերթին Թուրքիային:

Բայց դա չէր խանգարում ռուսական լրատվամիջոցներին Թուրքիան ներկայացնելու որպես առաջամարտիկ իսլամիստների դեմ պայքարում. Սիրիա մեկնող, հավաքագրված քրիստոնյա Կարաուլովային հանձնեց Ռուսաստանին, Բելգիային էլ հանձնեց արաբ իսլամիստին, որը Փարիզում կատարված ահաբեկչության ակտիվ կազմակերպիչներից էր: Իսկ և իսկ թուրքական դիվանագիտության վառ օրինակ:
Հրապարակավ Թուրքիան արժանանում է աշխարհի ժողովուրդների համակրանքին որպես ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ տակից ֆինանսավորում է նրան: Բայց որքան էլ խորամանկի Թուրքիան, Էրդողանի մեջ այնքան մեծ է ատելությունը առ Ռուսաստան և սերը դեպի իր իսլամիստ եղբայրները և հատկապես Սիրիայում ապրող իր թուրքմեն եղբայրները, նույնպես իսլամիստ, որ չտիրապետեց իրեն և հրաման տվեց խոցել ռուսական ինքնաթիռը, որն իբր թե խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Մի պահ ընդունենք, որ ռուսական օդանավը խախտում էր կատարել, բայց մի՞թե Թուրքիան, նրա նախագահը, որին Պուտինը բազմիցս ընկեր է անվանել, որակել որպես «ՍՐպտՍՌռ ՎցՋՌՍ», չգիտեր, որ այդտեղ գործում են ռուսական ինքնաթիռները, որոնք առաքելություն են իրականացնում: Բայց ինչպես հայերս ենք ասում՝ թուրքը մնում է թուրք: Էրդողանը թքած կունենա ընկերության վրա: Նա Ռուսաստանի համար կրիտիկական պահին նրա թիկունքը խրեց թուրքական յաթաղանը, իսկ նրա ազգակից թուրքմեն իսլամիստները հենց օդում գնդակահարեցին խփված օդանավից դուրս թռած ռուս օդաչուին և ոչնչացրին օդաչուներին օգնության հասնող ռուսական ուղղաթիռը: Դժվար է ասել, որոշում ընդունելիս Էրդողանը միայնա՞կ է գործել, թե՞ նախապես ստացել է ԱՄՆ-ի նախագահի «դաբրոն»: Հավանաբար ինքնուրույն, այլապես իր ստոր արարքից ուշքի չեկած, ինչպես ռուսներն են որակում՝ «полоумный» Էրդողանը իսկույն չէր դիմի ՆԱՏՕ-ին, որով կարծես փորձում էր ստանալ նրա օգնությունը ռուսական հնարավոր պատժի ժամանակ: Իսկ մեկ ուրիշ թուրք, որի անունն է Դավութօղլու, ցինիկ ժպիտը դեմքին հայտարարում էր, թե թուրքի սուրբ իրավունքն է պաշտպանել իրենց օդային և ցամաքային սահմանները:
Ռուսական ինքնաթիռին խփելը Թուրքիայի կողմից լկտի պրովոկացիա է: Այդ քայլով Թուրքիան փորձում է Ռուսաստանին քաշել լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ: Բայց հավատացած եմ՝ եթե վաղը Ռուսաստանը խփի տասնյակ թուրքական ինքնաթիռներ, որոնք կթռչեն սիրիական սահմանին մոտ, Արևմուտքը, մանավանդ ԱՄՆ-ը, հանուն Թուրքիայի չի փորձի ստուգել հյուսիսային արջի համբերությունը: Այսօր ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել իր պրոգրեսիվ նպատակների իրականացման գործում:
Թուրքիայի ստոր քայլից հետո հետո չգիտեմ, Ռուսաստանը կհասկանա՞ վերջնականապես, թե ով է իր բարեկամը և ով՝ թշնամին, ով է իր ընկերը, և ով՝ թաքնված թշնամին: Եթե Ռուսաստանը չի ցանկանում իրեն դուրս մղեն Անդրկովկասից, նա պետք է զորք մտցնի Նախիջևան, որովհետև այնտեղ կա թուրքական զորք, և Նախիջևանի հովանավորը միայն Թուրքիան չէ, կամ էլ, ավելի ճիշտ, հասունացել է պահը հրաժարվելու Կարսի ստորացուցիչ պայմանագրից: Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի վերջակետ դնելու Ադրբեջանի պրովոկացիաներին և նրանց շարունակման դեպքում օգնի Ղարաբաղին ցամաքային ճանապարհով դուրս գալու մինչև Դաղստան և մեկընդմիշտ տապալելու թուրքական երազանքի` պանթյուրքիզմի իրականացումը:
Կարծում եմ, ռուսը վերջապես պետք է հասկանա, որ թուրք կառավարողը բորենու և շակալի եզակի խառնուրդ է, որից ամեն ինչ կարելի է սպասել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Որպես հայ մարդ ցավակցում եմ զոհված ռուս օդաչուների ընտանիքներին, նրանց բոլոր հարազատներին: Նրանք իսկական հերոսներ են, որոնց ծնել է ռուսական հողը:

Դիտվել է՝ 1311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ