Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վերադառնում է նաև չնետված բումերանգը

Վերադառնում է նաև չնետված բումերանգը
28.11.2015 | 14:16

Ինչ շուտ մոռացվեց սեպտեմբերյան պայծառ օրը, երբ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Մահմուդ Աբասը Մոսկվայում մզկիթ էին բացում ու հավերժ բարեկամության կոչեր անում: Նոյեմբերի 24-ը մտավ ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ իբրև անակնկալ՝ ռուսական կողմի և ծրագրված քայլ՝ թուրքական կողմի համար: Ռուսական Սու-24 ինքնաթիռի ռմբակոծումն առանձին դեպք չէ, այլ իրադարձությունների զարգացման հետևանք, որ երկար ժամանակ ծավալվում էին: Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերը խփեցին ռուսական ռմբակոծիչը մարտական առաջադրանքի պահին՝ Սիրիայի տարածքում՝ ինչպես պնդում են ռուսները, Թուրքիայի տարածքում՝ ինչպես պնդում են թուրքերը: Լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպին խառնված է Էրդողանի որդին, որ ապահովում է ԻՊ-ից նավթի գնումն ու վաճառքը: Որ ռուսական կողմի համար իրենց ինքնաթիռի ռմբակոծումը անսպասելի էր, հասկանալի է՝ Ռուսաստանը և Թուրքիան պատերազմի մեջ չեն, Թուրքիան հայտարարել է, որ պայքարում է ԻՊ-ի դեմ: Եթե նույնիսկ ռուսական կործանիչը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում, միջազգային օրենքներով սահմանախախտ ինքնաթիռը նախ նախազգուշացվում է, հետո վայրէջք է պարտադրվում, խփում են միայն ռեալ ռազմական սպառնալիքի մեջ հավաստիանալու դեպքում: Թուրքերը խփել են մի քանի վայրկյանում, այսինքն՝ նրանք նախապես ունեցել են հրաման՝ ինչ անել, ունեցել են ծրագիր: Թուրքիան իրոք վտանգավոր խաղ է սկսել՝ խորհրդարանական ընտրությունների հաղթանակի էյֆորիան Էրդողանի քիմքից չի անցել, նա իրեն համարում է հաղթող ոչ միայն սեփական երկրում՝ չգիտես ում, այլև տարածաշրջանում ու հատկապես Սիրիայում, որտեղ տարածքային հավակնություններ ունի: Որևէ տրամաբանությամբ չի բացատրվում, թե միջադեպից հետո ինչո՞ւ են թուրքերը անմիջապես նետվել ՆԱՏՕ-ի հետ կապ հաստատելու, եթե խփել են ռուսական ինքնաթիռը: Իրենք են խփել, ոչ թե իրենց ինքնաթիռը ռուսներն են խփել, որ բողոքեին ՆԱՏՕ-ին, թե սպանում են՝ հասեք, պաշտպանեք: ՆԱՏՕ-ն, բնականաբար, չէր կարող դաշնակցին մեղադրել և պիտի ասեր, որ Անկարան պաշտպանել է իր օդային տարածքը, բայց և բավականին սառն է արձագանքել միջադեպին՝ կողմերին հանդարտության կոչելով: Ռուսական ինքնաթիռի կործանումը Սիրիայի երկնքում սրում է առանց այդ էլ միջազգային խառը հարաբերությունները: Ռուսաստանը, իհարկե, պատերազմ չի հայտարարի Թուրքիային, որ նույնն է՝ ՆԱՏՕ-ին: Կլինեն տնտեսական հակաքայլեր՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս Թուրքիա գնալ, Անթալիայի ուղղությունը փակվեց զբոսաշրջային գործակալությունների առաջ: Լավրովը բեկանեց այցը Անկարա: Մոսկվան հազիվ թե առաջիկայում ատոմակայան կառուցի Թուրքիայում ¥Պեկինի աչքը լույս¤, «Թուրքական հոսքը» հաստատ այլևս չի հոսի: Հարվածի մեկ այլ ուղղություն է Ռուսաստանում թուրքական բիզնեսի օդը փակելը կամ Սիրիայում թուրքական շահերին վնասելը՝ նպատակասլաց հարձակումը ԻՊ-ի մաքսանենգ մատակարարումների և թուրքամետ խմբավորումների վրա: Գուցե կարող է փոխվել վերաբերմունքը քրդերի նկատմամբ: Մոսկվան Անկարային չի ների Ղրիմի թաթարների հակառուսական քայլերը, թերակղզու հոսանքազրկումը միայն տնտեսական քայլ չէր, հրապարակային ապտակ էր Ռուսաստանին, որ չի կարողանում ապահովել Ղրիմի կենսագործունեությունը: Նման հրապարակային հարվածները պահանջում են հրապարակային հակահարվածներ՝ թեկուզ անհամաչափ:

Բոլոր դեպքերում, Մոսկվան պիտի հաշվի առնի, որ Թուրքիան այն պետությունը չէ, որի նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել՝ առանց պատասխանի: Թուրքիան հանգիստ կարող է փակել Դարդանելը և ռուսական նավերի ճանապարհը դեպի Սիրիա: Թուրքիան արագ ամփոփեց կատարվածը և վարչապետ Դավութօղլուի շուրթերով արեց գլխավոր հայտարարությունները:
«Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում նա ասաց, որ ինքնաթիռը խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել, չնայած բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, և F-16 կործանիչը խոցել է: «Մեր ժողովների ընթացքում ես անձամբ եմ Թուրքիայի զինված ուժերին հրահանգել, թե ինչ պետք է անել»,- ասել է Դավութօղլուն, հետո բացատրել, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինքնաթիռը ռուսական է, տեղեկացել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից: ՈՒ հետո Թուրքիայի վարչապետն ասել է ամենակարևորը՝ «Այդ դեպքից հետո մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարևանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել պատահարների պատճառով: Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է և վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները շատ ենք կարևորում»: Հակառակ նրա՝ խփված Սու-24-ի ողջ մնացած օդաչուն՝ Կոնստանտին Մուրախտինը, ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան չի նախազգուշացրել հարվածելուց առաջ: Երբ Թուրքայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ ցավակցություն ու ափսոսանք հայտնելու ռուս օդաչուի զոհվելու համար և արդարացնելու թուրքական օդուժի գործողությունները, Սերգեյ Լավրովն ասել է, թե խփելով Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնող ռուսական ինքնաթիռը, Թուրքիայի ղեկավարությունը կանգնել է ԻՊ-ի կողքին, դիտավորյալ և նախօրոք պլանավորված գործողություն էր, որը հետապնդում է որոշակի նպատակներ ու լուրջ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Սա, իհարկե, դիվանագիտական հռետորաբանություն է: Երկու կողմերն էլ չեն գնա իրավիճակի սրման, այլ կանեն մանր ու հետևողական, միմյանց համար հնարավորինս անակնկալ ու ցավոտ քայլեր: Առանց այդ էլ Սիրիայի ճգնաժամն ավելի է սրվում: Չնույնականացվող խմբավորումների դեմ պայքարից կոնֆլիկտը վերաճել է ռազմական գերտերությունների բախման: Սա արդեն փաստ է: Թուրքիան քանիցս դիմել է ՆԱՏՕ-ին սիրիական ճգնաժամի առիթով, բայց ալյանսի արձագանքը հստակ չի եղել, որովհետև հստակ չեն Անկարայի գործողությունները և դաշնակիցների կասկածներն են հարուցում: Անկարան չի էլ թաքցնում, որ իրեն հետաքրքրում է ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարը, այլ քրդերի ոչնչացումը, որոնք ավելի վտանգավոր են իր համար, քան ԻՊ-ը. թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն առաջարկել էր ճանաչել ԻՊ-ը: Թուրքիայի մաքսանենգ առևտրի դեմ ալյանսը կարող էր աչք փակել մինչև Փարիզի ահաբեկչությունը: Թուրքական ինքնահաստատման դեմարշը դաշնակիցների համար անհարմար պահի էր: Եվրոպան ահաբեկիչների նկատմամբ տրամագծորեն փոխել է վերաբերմունքը. նրանք այլևս այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում կրակող խմբավորումներ չեն, այլ զինյալներ, որ գործում են իրենց մայրաքաղաքներում, սպանում իրենց ու իրենց զավակներին: Այս իրավիճակում Ռուսաստանի հետ նոր առճակատում ՆԱՏՕ-ին պետք չէ և կարող է ձախողել համագործակցության ծրագրերը: Վիեննայում սկսված դիվանագիտական կարգավորման գործընթացը՝ հաստատ: Ֆրանսուա Օլանդը Վաշինգտոնում ու Մոսկվայում փորձում է հակաահաբեկչական լայն ճակատ ստեղծել, իսկ Թուրքիան քանդում է համագործակցության հողը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգից՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել՝ բոլորը համագործակցության կոչ են անում, բայց իրավիճակի համարյա սարկազմն է դառնում, որ նրանք կոչեր են անում ու ավարտում գործը: Ի վերջո, ԻՊ-ի այսքան ռեալ դարձած սպառնալիքի համեմատությամբ Բաշար Ասադը կմնա նախագահ, թե չի մնա հարցը կորցնում է հրատապությունը, կարևորը դա չէ, կարևորը ԻՊ-ի դեմ արդյունքներ տվող պայքարն է: Ստեղծվում են իրավիճակային կոալիցիաներ՝ կոնկրետ խնդրի լուծման համար, բայց այդ կոալիցիաների ներսում այնքան շատ են հակասությունները, որ նրանք դառնում են անվանական միավորներ: ԻՊ-ի դեմ միավորումը այլևս չի կարող առանձին երկրի անհատական հարց լինել՝ սա մի տեսակետն է, մյուս կողմից,՝ ձևավորվում է երրորդ համաշխարհային պատերազմի ճակատ, որտեղ երկրները անմիջականորեն միմյանց դեմ չեն կռվում ու միմյանց հողում չեն ռազմական գործողություններ ծավալում: Սիրիան վաղուց դադարել է միայն սիրիացիների ու անգամ Մերձավոր Արևելքի գործը լինել, աշխարհի կառավարման մոդելներն են փոխվում, բայց դեռ ոչ ոք չի ասում՝ ինչը ինչով է փոխվում, առայժմ հարցը վերաբերում է սահմաններին ու տարածաշրջանի նավթառատ տարածքներին, բայց այս ամենի խորքում շատ ավելի բարդ քաղաքակրթական կոնֆլիկտ կա, որի առանձին դրսևորումներն են Սիրիայում պատերազմը, Պալմիրայի պատմական հուշարձանների պայթեցումները, ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանումը, ահաբեկչությունը Փարիզում, ձերբակալությունները Բրյուսելում, այլևայլ դեպքեր, որոնք առաջին հայացքից դժվար են իրար հետ կապվում, բայց կառավարվում են նույն կենտրոնից: ԻՊ-ը այս պարագայում ոչ թե սուբյեկտ է, որ իրավիճակ է փոխում, այլ միջոց, գործիք, որով իրավիճակ է փոխվում ու քայլեր են թելադրվում, որոնց հետևանքը դժվար է հասկանալ։ ՈՒ քանի որ դժվար է հասկանալ, մենք փորձում ենք բացատրել մեզ հայտնի հասկացություններով ու իրադարձություններով՝ սուննիների ու շիաների պայքար, նավթառատ տարածքների պատերազմ, Արևմուտքի միջամտություն Արևելքի գործերին և այլն, և այլն:
Ռուսաստանում այս օրերին ամենաբարձր ամբիոն է ստացել «զիլ» ազգայնականությունը, և այնտեղ են հասել, որ Պետդումայում օրինագիծ են դրել շրջանառության մեջ, որով Թուրքիայից պահանջում են Հայոց ցեղասպանությունը ճանաչել: Արևմտահայաստանը գրավելու կոչեր են հնչում: Սա վտանգավոր ցինիզմ է՝ հայոց ցեղասպանությունը ոչ գործիք է, ոչ խաղալիք, որ տարբեր պետություններ իրենց անհրաժեշտ պահին ձեռքներն առնեն կամ գզրոցին հանձնեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այս օրերին համարյա ոչ ոք չհիշեց ու Ռուսաստանին չհիշեցրեց, որ երբ Թուրքիայի ուղղաթիռներն էին խախտել Հայաստանի օդային տարածքը, պատասխան չեղավ: Մինչդեռ թուրքական սահմանախախտ ինքնաթիռները նույն պահին պիտի հարկադիր վայրէջքի բերվեին և արձանագրված նախազգուշացումներից հետո, եթե չհեռանային, խփվեին: Այդ դեպքում Անկարան երկար կմտածեր՝ արժի՞ խփել ինքնաթիռը, որը հստակ էլ չէ՝ հատե՞լ է, թե՞ չի հատել իր սահմանը: Իսկ ընդհանրապես արժեր Ռուսաստանին ասել՝ գնահատիր դաշնակիցներիդ ու գործընկերներիդ ռեալ և լավ հաշվարկիր՝ ում հետ ես բիզնես անում: Եթե բարձրաստիճան այցերով, համաձայնագրերով հաստատված ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ ոչ թե ավարտվում է, այլ վտանգվում է ինքնաթիռ խփելով, ի՞նչ ընթացք է ունենալու Բաքվի հետ բիզնեսը: Չի՞ ստեղծվելու վիճակ, երբ ՌԴ-ի վաճառած զենքն իր դեմ է ուղղվելու: Ոչ ոք չի կարող գուշակել՝ աշխարհն ուր է գնում, ու ինչ անակնկալներ են պայթում: Չզարմանաք, որ սահմանակից Թուրքիայում ու Հայաստանում ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահը Փարիզ չգնա՝ կլիմայի հարցերով չեն զբաղվում, երբ երկրում ահաբեկչական խումբ է գտնվում, ու ընդհանրապես Ղարաբաղի ժամանակը չէ: Բումերանգը վերադառնում է, երբ նույնիսկ չես նետել:

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ