Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այսպես խոսեց Վեհափառը

Այսպես խոսեց Վեհափառը
27.11.2015 | 11:58

«Հայեր, արթնացեք և ուխտեցեք մնալ հաւատարիմ ազատն Հայկ Նահապետին և մեր հոգիների Լուսավորչին ամենասուրբ»

Գրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԸ հեռուստատեսության «Խորան լուսո» գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիրն է եղել, երկուսուկես տարի հաղորդումներ է վարել Նորին Սուրբ Օծություն Ամենայն հայոց կաթողիկոս Տեր Տեր Վազգեն Առաջինի անմիջական աջակցությամբ ու օրհնությամբ և պահպանել է Վեհափառի հետ հանդիպումների, տեսագրությունների ու ձայնագրությունների անձնական հարուստ արխիվ: Հովհաննես Պապիկյանը «Իրատեսին» տրամադրեց այդ նյութերից՝ մի փոքրիկ նախաբանով, որոնք պարբերաբար կներկայացնենք ընթերցողներին։

Մոտ քառասուն տարի (1955-1994 թթ.) գահակալած Վեհափառ Հայրապետը վայելեց իր սիրեցյալ ժողովրդի անսքող սերն ու ակնածանքը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում։
Յուրաքանչյուր մեկը, ով բախտ ու պատիվ ունեցավ ոչ միայն ճանաչելու, այլև նրա հետ հաղորդվելու, շփվելու, մանավանդ մասնավոր զրույցներ ունենալու, ընդմիշտ վաստակեց այն շնորհներից թեկուզ մի փոքր մաս, որ շռայլորեն բաշխվում էր Վեհափառից եկած լուսավոր ճառագայթումներով։ Իր կոչումին, իր դերին ու առաքելությանը ներհատուկ իմաստնությունն ու բարությունը ունեցած, աթեիստական ճնշումների ամենադժվարին տարիներին անգամ Հայաստանյայց եկեղեցու հեղինակությունն իր բավարար բարձրության վրա պահած Հայոց Հայրապետը դարձավ և մնաց արժանավորն ու սիրելին:
Վեհափառի հանդեպ խորին ակնածանքը պահած հավատացյալների մեջ մշտահմա ուղեկից են նրա խրատն ու պատգամը, նրա օրհնությունն ու բարեմաղթանքը և մարդու հոգևոր, բարոյական ճշմարիտ կեցվածքի ձևակերպումները. «Հայեր, որ ի Հայաստան և որ ի սփյուռս աշխարհի, արթնացեք և ուխտեցեք մնալ հաւատարիմ ազատն Հայկ Նահապետին և մեր հոգիների Լուսավորչին ամենասուրբ»։

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ԶԱՐԹՈՆՔ
…Հայաստանյայց եկեղեցվո հիմնադրության առաջին հնագույն շրջաններից, 5-րդ դարուց, Վարդանանց պատերազմից սկսյալ, հետագա դարերին նույնպես, հայ եկեղեցին նույն հայրենասիրական և ազատասիրական դիրքերի վրա է գտնված՝ նեցուկ հայ պետականության, երբ հայկական պետականություն ունեցել ենք: Իսկ այն շրջաններին, երբ չենք ունեցել և զրկված ենք եղել պետականությունից, հայ եկեղեցին գրեթե ինքն իր ուսերի վրա է վերցրել հայ ժողովրդի ազատագրական շարժումների նույնիսկ ղեկավարությունը հաճախ: Մանավանդ, ինչպես հայտնի է, 17-18-րդ դարերուց սկսյալ, 19-րդ դարու հայ ազատագրական շարժման շրջանին հայ եկեղեցին կարևոր դեր է կատարել մինչև Սարդարապատի ճակատամարտ և այլն, մինչև մեր օրերը:
Ահա այս բոլորը, իմ կարծիքով, բավարար չափով ծանոթ չեն մեր հայրենի ժողովրդին, մանավանդ, որ վերջին 60-70 տարիների ընթացքում այս իրողությունները, այս ճշմարտությունները Հայաստանյայց եկեղեցվո առաքելության կապակցությամբ, մի տեսակ անտեսված էին կամ մոռացության ենթարկված:
Այժմ, կարծում եմ, ժամանակն է արդեն, որ հայ ժողովուրդը ինքը զինքը ճանաչի նաև հայ եկեղեցու կյանքի և նրա կատարած դերի, պատմական դերի մակարդակի վրա: Այս ձևով մեր ժողովուրդը, մեր հայրենի ժողովուրդը, առավել ամբողջական կերպով պիտի ճանաչի ինքն իրան: Մանավանդ այս օրերին, երբ հայ ժողովուրդը ձգտում է իր ազգային ինքնությունը ճանաչելու ամբողջական կերպով:
Ահա այս առումով ես ողջունում եմ հեռուստացույցի ղեկավարության որոշումը, ցանկությունը՝ հաղորդաշար կազմակերպելու պարբերաբար, տևապես՝ նվիրված Հայաստանյայց եկեղեցուն:
Եվ այսօր ես ուրախ եմ, որ մի տեսակ բացումն եմ կատարում այդ հաղորդաշարի: Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շողարձակվող «Խորան լուսո» հաղորդումները մեր ժողովրդին մշտապես պիտի բաշխեն Աստծու խոսքը, Քրիստոսի Ավետարանի կենարար պատգամները և Սուրբ Հոգու շնորհները՝ ի տիրություն նրա հոգևոր, բարոյական կյանքի:
Մենք, ինչպես դարեր շարունակ մեր լուսաբնակ նախնիները, հավատում ենք երկնի և երկրի Արարիչ Աստծու, նրա Որդու, փրկչագործ Ավետարանի և Սուրբ Հոգու շնորհափառ զորությանը: Սույն կրոնական հաղորդումներով մեր եկեղեցու սպասավորները իրենց քարոզչության մեջ պիտի ընդգրկեն նաեւ, երևի թե, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմության և մատենագրության վերաբերյալ նյութեր, ինչպես նաև լայն տեղեկություններ պիտի հաղորդեն մեր եկեղեցու անցյալի և մեր օրերում ծավալող գործունեության մասին՝ թե Հայաստանում և թե սփյուռքում: Անշուշտ՝ թե ներքին սփյուռքում, թե արտաքին սփյուռքում:
«Խորան լուսո»-ից մեր հոգևորականները՝ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանահայրեր, իրենց կենդանի խոսքով պիտի ջանան մանավանդ նպաստել մեր ժողովրդի հոգևոր, բարոյական կատարելագործմանը: Հայրական թելադրանքներով, որ Սուրբ հավատքի զորությամբ ու ազնիվ ներշնչանքներով մեր ժողովրդի զավակները հեռու մնան մեղանչումներից, մոլորություններից, վատառողջ հակումներից՝ թե իրենց ընտանեկան հարկի տակ, թե իրենց աշխատանքի վայրում, և թե հասարակական կյանքում: Իսկապես, մեր ժողովուրդը ազգային զարթոնքի հետ զուգահեռ կարիք ունի նաև բարոյական նկարագրի զարթոնքին: Բարոյակա՛ն նկարագրի զարթոնքին: Վասն զի, մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է՝ որով իր հոգուց արմատախիլ պետք է անի արատները, եսակենտրոն մղումները՝ ինչպես են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունն ու այլևայլ զեղծարարություններն ու մոլորությունները:
Դուք՝ Արմենական ցեղի հպարտ զավակներ, լավ իմացեք, որ մեր Առաքելական Սուրբ եկեղեցին՝ իր քարոզչությամբ և խորհրդակատարումներով, մի տևական անլռելի զանգակատուն է: Մի տևական անլռելի զանգակատուն է, որ հրավեր է կարդում բոլոր զավակներին՝ ապրել ու գործել բարեսրտությամբ, շինարար աշխատանքով և առաքինի արարումներով, իր աշխատակիցների հետ եղբայրական սիրո միության մեջ:
Հայաստանյայց Սուրբ եկեղեցին միարար և խաղաղարար մի համազգային սիրո եղբայրակցություն է:
...Այս օրերին, երբ մեր ժողովրդի հոգին փոթորկված է իր ազգային ինքնությունը ձևավորելու, պայծառեցնելու ճանապարհով և իր արդար իղձերը իրականացնելու թռիչքով, ես հավատում եմ, որ Հայաստանյայց եկեղեցին, մեր քրիստոնեական հավատքը, կարող է իր նպաստը բերել, որպեսզի գուցե մոտ ապագային, այդ փոթորկումներին իբրև հետևանք, հայ ժողովուրդը կարողանա հասնել՝ կերտելու մի Նոր Ոսկե դար: Նոր մի Ոսկե դար՝ նաև հոգևոր, մշակութային իմաստով: Մեր ժողովուրդն այդ ընդունակությունն ունի, այդ հանճարն ունի և, ահավասիկ, ես նախատեսում եմ արշալույսը, զարթոնքը այդ Նոր Ոսկե դարի՝ իբրև պատասխան հինգերորդ դարի մեր օրերի մի նոր հուշարձան:
Մենք մեկ ազգություն ենք, մեկ և անբաժան իբրև եկեղեցի, մեկ կրոնական, քրիստոնեական հավատքով, մեկ առաքելական սուրբ եկեղեցիով, մեկ ազգային մշակույթով, մեկ Մայր Հայրենիքով: Ահա՛ մեր հավատամքը: Ես կոչ եմ անում բոլորիդ, որպեսզի ա՛յս ոգով մոտենաք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն:
Սիրելիներ մեր, մեր օրերու: Երբ այդքան ոգևորությամբ ու ուժգնությամբ բարձրաղաղ խոսվում է ազատության, անկախության և արդարության գաղափարների մասին, կամենում ենք ձեզ հիշեցնել, որ այս մարդասիրական վեհ գաղափարների հիմքերը գտնվում են Քրիստոսի Սուրբ Ավետարանում: Դրա համար է, որ Փրկիչը կոչվում է Արեգակ Արդարության և Ազատության:
Արդարություն, ազատություն, խաղաղություն՝ ահա ոգեղեն սյուները քրիստոնեական ավետարանչության, քրիստոնեական բարոյականի:
...Ինչքան մխիթարական է մեզ համար, Հայոց Հայրապետիս համար նաև, որ մեր ժողովուրդն այսօր՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, իր երեսը դարձրել է դեպի Աղոթարան, և ողջունում է արշալո՛ւյսը անկախության և ազատության հայրենի աշխարհի վրա: Եվ վերանորոգում է իր նախնյաց սրբազան ուխտը՝ Քրիստոսի Ավետարանի լույսով վերափոխվելու Նոր մարդ, Նոր ժողովուրդ, ազատագրված ժողովուրդ:
Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ ամեն մեկի մտածելու և գործելու ազատությունը պայմանավորված է իր նմանների, իր ազգակից եղբայրների մտածելու և գործելու ազատությամբ: Իրապես ազատ ու արդար է այն մարդը, ով հարգում է ազատությունը և արդար գործը իր եղբայրների:
Սույն մեր տողերով մենք վերջացնում ենք մեր խոսքը և մաղթում, որ «Խորան լուսո» հաղորդումը Քրիստոսի լույսով պայծառեցնի մեր ժողովրդի միտքն ու հոգին, մեր ժողովրդի բարոյական նկարագիրը, մեր ժողովրդի ձեռաց գործերը, նրա ողջ գործունեությունը թե իր անհատական կյանքում, թե իր հասարակական, հայրենական կյանքում:

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ