Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տիրոջ երկու առաքյալները

Տիրոջ երկու առաքյալները
27.11.2015 | 12:07

Մեր եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի, ի հիմնավորումն նախնյաց մատենագրության։ Ծանոթանանք հայոց ազգի առաջին լուսավորիչներին` Թադեոսին ու Բարդուղիմեոսին: Որ նրանք երկուսն էլ հրեա են, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Սկսենք Թադեոսից, ով հայոց ազգի բուն քարոզիչն էր, դեռ Աբգար թագավորից սկսած, երբ Տիրոջ խոստացած առաքյալը Հայաստան եկավ, և ինչը, ըստ Մովսես Խորենացու, այսպես եղավ. «Երբ Թադեոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին. նա գահից վեր կացավ ու երեսի վրա ընկնելով նրան երկրպագեց։ Շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացան, որովհետև տեսիլքը չիմացան: Աբգարը նրան հարցրեց. «Իսկապե՞ս դու օրհնյալ Հիսուսի աշակերտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարող ես իմ ցավերը բժշկել»: Թադեոսը նրան պատասխանեց. «Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին` Աստծո Որդուն, քո սրտի բոլոր ցանկությունները կստանաս»: Աբգարը նրան պատասխանեց. «Ես հավատացի Նրան և Նրա Հորը, ուստի կամենում էի զորքեր առնել և գալ կոտորել նրան խաչող հրեաներին, եթե ինձ չզսպեի հռոմեացիների թագավորության պատճառով»: Այս խոսքերից սկսելով` Թադեոսը քարոզեց Ավետարանը և, ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես և քաղաքի Աբդիու իշխանին, որ հիվանդ էր հոդատապով և մեծ պատիվ էր վայելում թագավորի արքունիքում։ Առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիվանդներին և ախտավորներին: ՈՒ բոլորը, ինքը` Աբգարը, և ամբողջ քաղաքը հավատացին և մկրտվեցին: Կուռքերի մեհյանների դռները փակեցին և բագինների սյուների վրա եղած պատկերները եղեգով պատեցին: Նա ոչ ոքի բռնությամբ դարձի չէր բերում, բայց հավատացյալներն օր օրի ավելանում էին»: Թադեոս առաքյալը մկրտեց մի մետաքսագործի, որը թագավորի գլխարկներն էր պատրաստում, անունը Ադդե կոչելով ու ձեռնադրելով իր փոխարեն Եդեսիայում: Աբգար թագավորից հրովարտակներ ստանալով, որոնցում գրված էր, որ ամենքը պետք է լսեն Քրիստոսի ավետարանը, գնում է Տիրոջ հրամանը կատարելու ու հավատի լույսը տարածելու Հայաստան աշխարհում և նահատակվում հայոց երկրում՝ իր արյունով ոռոգելով Քրիստոսի եկեղեցու հիմքերը: Ըստ մեր պատմիչների՝ Արտաշատին մոտիկ բլուրներից մեկում նա հանդիպել է մեր մյուս առաքյալին` Բարդուղիմեոսին (այդ հանդիպման վայրում նրանք մի խաչ են բարձրացրել, այդ պատճառով էլ այն կոչվում է «Օթյաց Խաչ»։ Մինչև վերջերս այդ վայրը հայտնի էր միայն հնէաբաններին, բայց վերջերս, Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ, այդ վայրում բարձրացվեց յոթմետրանոց մի մեծ խաչարձան, որպես հայոց հավատի քսանդարյա հաստատունության տեսանելի նշան (այս մասին մեր ընթերցողների համար գրել ենք մոտ մեկ ամիս առաջ)։
Այնուհետև Թադեոսը գնաց Սանատրուկ թագավորի մոտ, և նրա քարոզներով դարձի եկան շատերը, որոնց թվում էր և Սանատրուկի դուստր Սանդուխտ կույսը, ով, հրաժարվելով իր ճոխ ու թանկարժեք հագուստներից, գերադասեց պարզ հագուստներ հագնել և զարդարվել հոգու առաքինություններով՝ խոնարհությամբ ու հեզությամբ: Կռապաշտ թագավորը, չտանելով այդ անարգանքը, հրամայում է սրախողխող անել թե՛ Տիրոջ առաքյալին, թե՛ հարազատ դստերը: Քրիստոնեության պատմության մեջ ավելի վաղ հիշատակություն չկա Քրիստոսի համար կույսի նահատակության մասին, քան հայոց Սանդուխտ կույսի մասին պահպանվածը: ՈՒրեմն, ինչպես հրեա Ստեփանոսն է համարվում Քրիստոսի նախավկա, այնպես էլ Սանդուխտին կարող ենք կոչել նախավկայուհի՝ մեր Տիրոջ անվան համար նահատակված սրբերից:
Հայոց ազգի առաքելական հավատքի մասին մի կարևոր փաստ ևս. Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան բերեց Աստվածամուխ գեղարդը՝ այն նույն գեղարդը, որով խոցեցին մեր Տիրոջ կողը, որը մինչև Նրա սուրբ սիրտը հասավ: Այդ գեղարդով Թադեոս առաքյալը մեծամեծ հրաշքներ գործեց, ու հեթանոսները հավատացին Քրիստոսին:
Դրանից հետո երկար տարիներ սուրբ Գեղարդը գտնվում էր Փոքր Հայքի Կամրջաձոր կոչվող վանքում, իսկ երբ սելջուկները սկսում են հայ ժողովրդի անխնա կոտորածը, սուրբ Գեղարդը Խաչափայտի մի մասունքի հետ դնում են կավե պուտուկի մեջ ու պահում հողի տակ, ինչը ժողովուրդն անվանել է Խաչգյուտ։
Անցնում է 177 տարի, և այդ վանքում բնակվող մի այլազգի բարեպաշտ կին՝ Սամսամ անունով, երեք անգամ երազ է տեսնում, որից հետո կարգադրում է փորել այդ տեղը։ ՈՒ երբ ի զարմանս բոլորի, գտնում են պուտուկը, մի կույս ու անարատ աղջկա տանելով այդտեղ, նրա ձեռքով հանում են պուտուկը ու բերում վանք։ ՈՒ հենց այդ կույսին էլ թույլ է տրվում հետագայում խնկարկել ու սպասավորել գտնված սրբությունները։
Այնուհետև պատմական ավանդությունը տեղեկացնում է, որ սուրբ Գեղարդը 1260 թ. տարվում է Այրիվանք, Պռոշ Խաղբակյան իշխանի ջանքերով Զաքարյաններից գնելով այդ հռչակավոր վանքը։ Հետագայում այդ սրբավայրը այնքան հայտնի դարձավ, որ վերանվանվեց Գեղարդավանք, և մինչև այսօր էլ մնում է Սուրբ Էջմիածնից հետո մեր ժողովրդի ամենասիրված ուխտավայրը։
Վարդան Արևելցին (13-րդ դար) իր գրվածքներում հիշատակում է, որ Այրիվանքում էր գտնվում Կենարարի արյամբ ներկված Աստվածամուխ սուրբ Գեղարդը ու Նոյան տապանից մի կտոր։
Այսպիսին է պատմությունը սուրբ Գեղարդի, որ գտնվում էր Այրիվանքում, այնուհետև Մայր Աթոռի բարձրագույն հրամանով այն տեղափոխվեց Էջմիածին ու ցայսօր էլ պահվում է Մայր Աթոռի վանքի թանգարանի սրահում։

Բարդուղիմեոս առաքյալը Տիրոջ կամքով Հայաստան բերեց սուրբ Տիրամոր պատկերը, կիպարիսե տախտակի վրա նկարված, ինչպես և այն անուշահոտ նարդոսի յուղից, որով, ըստ Ավետարանի, Մարիամը մեր Տիրոջը օծեց խաչելությունից առաջ: Ըստ մեր հայոց պատմագիրների՝ այդ նույն յուղն էր, որ հետագայում դարձավ մեր ազգի մկրտության Մեռոնի հոգևոր հենքը, որը պիտի զորավիգ լիներ դարերով հայոց ազգի հավատի անաղարտությանը: Ավելացնենք, որ Բարդուղիմեոս առաքյալը նույն ինքը՝ ավետարանական Նաթանայելն է, ով առաջինն էր, որ Հիսուսին Աստծո Որդի անվանեց, այդ պատճառով նրա անվանում են Նախադավան, իսկ Հիսուսը նրան մասին ասաց. «Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Եվ աստվածային նախախնամությամբ էր, որ նա Հայաստան աշխարհ եկավ, որովհետև հայերն էին առաջինը բոլոր ազգերից, որ Հիսուսին որպես Աստծո Որդի դավանեցին: Առաքվեց մի ազգի մոտ, որը խաղաղասեր էր ու նենգություն չուներ իր մեջ և պիտի կոչվեր Նախադավան ազգ: Որպես կարևոր տեղեկություն այս էլ իմանանք, որ Աստծո նախախնամությամբ Հայաստան են գալիս նաև Հուդա առաքյալ Հակոբյանը (քարոզել է հայոց Որմի քաղաքում), Սիմոն Տյառնեղբայրը, Եղիշեն և Խադը (վերջին երեքը Հիսուսի յոթանասուներկու աշակերտներից էին, իսկ Եղիշեն և Խադը Աղվանքի առաջին քարոզիչներն են համարվում):
Ինչպես տեսնում ենք, հավատքի առաջին ծիլերը Հայաստան աշխարհում խիստ կենսունակ էին, մինչև Տիրոջ անխոնջ մշակ Գրիգոր Պարթևի (Լուսավորչի) միջոցով տվեցին իրենց քաղցրահամ պտուղները:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Որպես կարևոր տեղեկություն հայտնում ենք մեր ընթերցողներին, որ այս շաբաթ` նոյեմբերի 28-ին, սուրբ Պատարագի ընթացքում, ի հիշատակ մեր երկու առաքյալների, Մայր Աթոռի թանգարանից դուրս կհանվի Թադեոս առաքյալի՝ Հայաստան բերած Աստվածամուխ սուրբ Գեղարդը, ի օրհնություն ներկաների։

Դիտվել է՝ 2743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ