Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն կդառնա նույնքան սիրելի և պահանջված դեմիրճյանական հեքիաթ, ինչպիսին վաղուց դարձել է «Պույպույ մուկիկը»

«Այն կդառնա նույնքան սիրելի և պահանջված դեմիրճյանական հեքիաթ, ինչպիսին վաղուց դարձել է «Պույպույ մուկիկը»
27.11.2015 | 12:16

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը:
«Վստահ եմ, որ ոչ մեկի համար անծանոթ չէր «Պույպույ մուկիկ» մուլտֆիլմը՝ նկարված 1971 թվականին, ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն հեքիաթի (բեմադրող-ռեժիսոր` Ռաֆայել Բաբայան, նկարիչ` Վալենտին Պոդպոմոգով): Այսպիսի սկիզբը նպատակ ուներ հիշեցնելու, որ Դեմիրճյանն արդեն ճանաչված ու սիրված է իր հայտնի հեքիաթով: Բայց ցավալի է, որ նրա մյուս՝ «Արջուկ-լրջուկ» հեքիաթը մինչ օրս չի գտել իր ընթերցողներին ու համակիրներին»,- ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ:
Մանկական հեքիաթը մոռացությունից փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը` նախաձեռնելով 1944 թվականին լույս տեսած «Արջուկ-լրջուկ» հեքիաթի վերահրատարակումը: Գիրքը տպագրության է պատրաստել Կարինե Ռաֆայելյանը: Խմբագիրը գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանն է, ձևավորողը` Համլետ Հակոբյանը:
«Արջուկ-լրջուկ» չափածո հեքիաթն առաջին անգամ տպագրվել է Նաիրի Զարյանի խմբագրությամբ և անվանի նկարիչ Լևոն Գենչի (Գենչօղլյանի) նկարազարդումներով: Կարինե Ռաֆայելյանը նկատեց, որ գրական ասպարեզում 1943-ին տպագրված «Վարդանանք» պատմավեպի առաջին հատորն էր և երկրորդ հատորի սպասումը, որը պիտի լույս ընծայվեր 1946-ին, և այս խոշոր գրական իրադարձությունը ստվերում թողեց «Արջուկ-լրջուկի» հայտնությունը. «Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի մթնոլորտում ժողովուրդը հիանալու, գնահատելու տրամադրություն չունեցավ մանկական թեթև, գեղեցիկ, բայց և խորիմաստ հեքիաթը: Այնինչ, Դեմիրճյանը հենց այդ մթնոլորտում կուչ եկած, տարրական ուրախություններից զրկված, իրենց հայրերին ռազմաճակատում կորցրած կամ նրանց հույսով սպասող երեխաների համար էր հղացել այս հեքիաթը, որովհետև նա անսահման սեր էր տածում դեպի մանուկները: Մի բան, ինչի բազմաթիվ վկայություններին ենք հանդիպում թե՛ ժամանակակիցների հուշերում, թե՛ իր ստեղծագործության տողերում ու ենթատողերում: Այսպիսի մտայնությունը արտառոց չէր զտարյուն մտավորականի համար: Երբ արցախյան պատերազմից հետո, իր ռեալիստական սահմռկեցուցիչ պատերազմապատումին զուգահեռ, Լևոն Խեչոյանը գրեց մանկական գիրք՝ «Տան պահապան հրեշտակը», հենց այդպես էլ բացատրեց այն գրելու շարժառիթը. «Գրել եմ էն երեխեքի համար, որոնց հայրերը զոհվեցին Արցախում, էդ երեխեքին մի բանով ուրախացնել-սփոփել է պետք»:
Հետաքրքրությունը «Արջուկ-լրջուկի» հանդեպ խթանել է Երվանդ Մանարյանը, ով տարիներ առաջ ասել էր, թե ցանկություն ունի բեմադրելու Դեմիրճյանից որևէ գործ «Ագուլիս» տիկնիկային թատրոնում և հետաքրքրված է «Արջուկ-լրջուկ» հեքիաթով: Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ թանգարանում չկար հեքիաթի գրքի որևէ օրինակ, ավելին` այն դուրս էր մնացել գրողի ակադեմիական հրատարակության 14-հատորյակից: Գործի բնագիրը փնտրել են ԳԱԹ-ում պահպանվող Դեմիրճյանի ֆոնդում: ԳԱԹ գրադարանում գտնվել է հեքիաթի մեկ օրինակ՝ հրատարակված Հալեպում` 1945-ին: Կարինե Ռաֆայելյանի խոսքով` այդ հրատարակության թե՛ արևմտահայերենի և արևելահայերենի տիրույթներում տատանվող ոչ ճշգրիտ ուղղագրությունը, թե՛ գրքի ոչ գրավիչ տեսքը չէին կարող բավարարել որևէ ընթերցողի, առավել ևս՝ մանուկ ընթերցողի: Հեքիաթի գիրքը գտել են Հայաստանի ազգային գրադարանում: «Դա այն թվերի համար բավական գեղեցիկ, գրավիչ հրատարակություն էր, որ ոչ միայն իր բովանդակությամբ, այլև նկարազարդումներով մատուցում էր Դեմիրճյանի իմաստուն ասելիքը: Այս հեքիաթը ճանաչողական, դաստիարակչական մեծ արժեք ունի, և անհրաժեշտ է, որ այն հայտնվի բոլոր գրասեր մանուկների ձեռքին: Չեմ կասկածում, որ այն կդառնա նույնքան սիրելի և պահանջված դեմիրճյանական հեքիաթ, ինչքան վաղուց դարձել է «Պույպույ մուկիկը»,- ասաց տուն-թանգարանի վարիչը, նշելով, որ «Արջուկ-լրջուկի» փնտրտուքի շրջանում հանդիպել են դիվանագետ Արման Նավասարդյանի հետ, ումից էլ հետագայում նվեր են ստացել 1944-ին լույս տեսած գրքի բացառիկ օրինակը՝ Դերենիկ Դեմիրճյանի մակագրությամբ:
Միջոցառումը շարունակվեց պատկերաշարի ցուցադրությամբ, որում ներկայացված էին հեքիաթի հին և նոր գրքերի նկարազարդ էջեր:


Հանդիսատեսների մեջ մեծ թիվ էին կազմում փոքրիկները, և քանի որ դահլիճում այլևս ազատ նստատեղ չկար, նրանք տեղավորվել էին անգամ բեմեզրին: Դեմիրճյանական ցերեկույթը վերածվեց անկեղծ խոսք ու զրույցի:
Ի թիվս այլ մտավորականների, միջոցառմանը ներկա էր սիրված երգահան, ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երաժշտության հեղինակն է: Երգահանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց միասին երգել մի քանի երգեր, իհարկե, նաև «Պույպույ մուկիկ» մուլտֆիլմի երգը: «Երբ մեկը մի համերգի ընթացքում փորձում է ներկայացնել իր բոլոր սիրված երգերը, նշանակում է` հաջորդ համերգի հույս չունի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ռոբերտ Ամիրխանյանը` երգելու շնորհ ունեցող փոքրիկներին հորդորելով շնորհանդեսից հետո մոտենալ իրեն, տվյալներ թողնել և պատրաստվել հաջորդ համերգին` նույն բեմում: Դեմիրճյանի մոռացության մատնված «Արջուկ-լրջուկն» էլ արժանացավ երգահանի ուշադրությանը, խոստացավ գրել երաժշտությունը. «Կուզենայի ոչինչ չհորինել, նույն ձևով պահպանել բառերը, մտնել այդ աշխարհի մեջ, որ մեր կրտսեր բարեկամների աշխարհն է, նրանց հետ ապրել այդ ամենաիդեալական աշխարհում: Որովհետև նրանց մեջ են ապրում հեքիաթը, հիացումը»:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ փոքրիկ հանդիսատեսին հարցրեց` գիտե՞ն, որ բոլոր մարդիկ տաղանդավոր են: Դրական պատասխան ստանալով` ասաց, որ մինչև պրոֆեսիոնալները կբեմադրեն հեքիաթը, կամ կնկարահանվի ֆիլմ, կարելի է այն բեմադրել դպրոցներում` հենց այսօրվանից կյանք տալով «Արջուկ-լրջուկին»:


Մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երեխաների համար կարդաց իր գործերից, հավելելով, որ Դեմիրճյանի մանկական ստեղծագործությունները շատ չեն, ոչ ոք չի ասում` մանկագիր Դեմիրճյան, բայց Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», Դեմիրճյանի «Պույպույ մուկիկը» այն մեծ ստեղծագործություններն են, որ անցնում են պապից թոռ և այդպես շարունակ: Մանկագիրը հավելեց, որ սիրով կծանոթանա նաև «Արջուկ-լրջուկին»:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ ասաց, որ «Պույպույ մուկիկը» դասական անիմացիոն կարճամետրաժ մուլտֆիլմին ծանոթ էր դեռ Հալեպում ապրելու տարիներից: «Արջուկ-լրջուկի» երկրորդ հրատարակությունը Հալեպում է եղել, և կրկնակի պարտավորություն է զգում` ֆիլմի վերածելու հեքիաթը, մանավանդ որ մաեստրո Ամիրխանյանը պատրաստ է երաժշտությունը գրելու:
Միջոցառման վերջում «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները (գեղարվեստական ղեկավար` Նադյա Անտոնյան) ներկայացրին հատվածներ «Արջուկ-լրջուկից»: Երաժշտական համարներով հանդես եկան Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի դասարանի սաները` Աստղիկ Մուրադյանը, Մարգարիտա Ղարիբյանը, Էլեն Արզումանյանը, Վերոնիկա Միրոյանը (կոնցերտմայստեր՝ Հռիփսիմե ՈՒմրշատյան, դասատու՝ Հերմինե Գևորգյան):
Գրքի շնորհանդեսին ներկա էին Դեմիրճյան տոհմի ժառանգները` Դիանա Դեմիրճյանը և Հենրիկ Մելիքյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արուսյակ ՂԱԶԱՐՅԱՆԻ

Տեսանյութ

Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը
Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ