Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավն ու վատը հետո կերևա

Լավն ու վատը հետո կերևա
27.11.2015 | 12:26

Հյուստոնում մեկնարկած ծանրամարտի տղամարդկանց ու կանանց աշխարհի առաջնություններն արդեն հատել են «հասարակածը»: Փայլուն մրցելույթների պակաս չկա, օր չկա, որ աշխարհի ռեկորդների ցանկում փոփոխություններ չգրանցվեն: Մի խոսքով` ուժեղների հաղթահանդես է, մարդկային հնարավորությունների նորանոր բացահայտումներ: Առաջնություններին մասնակցում ենք և հայերս՝ մեր հավաքականներով: Ասել, թե այդ մասնակցությունը գերազանց է, կնշանակի աշխարհի բոլոր ստերի հերն անիծել, ասել, թե վատ է, նույնպես կնշանակի կեղծիքին տուրք տալ: Մասնակցում ենք այնքանով, որքանով, ու սա մեզանում առկա իրողությունների նորմալ վկայությունն է:

Անցնենք նյութի փաստական մասին կամ խոսքը թագավորեցնելուն:
Կանանց ընտրանին այս պահի դրությամբ երեք մարզիկ է մրցահարթակ հանել: 53 կիլոգրամայինների մեջ Աննա Գովելյանը ցույց է տվել 28-րդ (170=76+94), 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը՝ 15-րդ (201=89+112) արդյունքը: Մրցելույթներն ավարտել է նաև 69 կգ քաշային կարգը ներկայացրած Նազիկ Ավդալյանը, ով B խմբի ծանրորդների հետ մրցավեճում ցույց է տվել չորրորդ արդյունքը: Թե A խմբի մարզիկների մրցելույթից հետո վերջնահաշվում աշխարհի մեր նախկին չեմպիոնը որերորդը կլինի, բնականաբար չենք կարող ասել: Բոլոր դեպքերում երկրորդ տասնյակից այս կողմ չի անցնի:
Հիշյալ ծանրորդների մասնակցությունից հետո մերոնցից, այսպես ասած, տակը մնում են 75 ու +75 կգ քաշային կարգերը ներկայացնող Սոնա Պողոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Թե նրանք որքանով կշտկեն դրությունը, առանձնակի իլյուզիաներ չպիտի ունենալ, որովհետև, եթե «կրակի» էլ, «կրակելու» է միայն Հռիփսիմեն՝ մեր մարզիչներին հնարավորություն տալով խրոխտ զեկուցելու հայկական ծանրամարտի կենդանության նշանների մասին: Հասկանալի է՝ կանանց մասով:
Դառնանք տղամարդկանց ընտրանուն: Այստեղ գործերն անհամեմատ լավ են: Առաջինը մրցահարթակ ելած Վանիկ Ավետիսյանը ոչ դառնացրեց, ոչ էլ առանձնապես ուրախացրեց, ելույթ ունեցավ իր ուժերի սահմաններում, երկամարտի 317 կգ արդյունքով (140+177), հանգրվանեց 12-րդ հորիզոնականում, բերեց օլիմպիական վարկանիշային միավորներ:
Մեր սպասելիքներն առանձնակի էին 77 կգ քաշը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանից ու Անդրանիկ Կարապետյանից՝ փորձի ու երիտասարդության այս յուրօրինակ շաղախից: Ցավոք, տխրեցրեց Տիգրանը՝ այդպես էլ չկարողանալով սանձահարել պոկում վարժությունում հայտավորած քաշը: Արդյունքում նա դուրս մնաց պայքարից, իսկ թե ինչու չկամեցավ գոնե երկրորդ վարժությունում ինչ-որ բան անել, դժվար է ասել, քանզի այս հեռու հեռվից անհնար է տալ մի հարցի պատասխան, որին չես տիրապետում: Եթե մեր մարզիչները վերադառնալուց հետո կփորձեն որևէ հոդաբաշխ բացատրություն տալ, լավ կլինի, իսկ եթե դա կհամարեն պետական գաղտնիք, մեռնեմ օրենքին, ո՞վ է խենթացել, որ քիթը կոխի ազգային անվտանգության հարցերի մեջ:
19-ամյա Անդրանիկ Կարապետյանը փայլուն մեկնարկեց: Պոկում վարժության 167-ը նրան ու մեզ բերեց փոքր բրոնզե մեդալ: Իհարկե, կարելի է խորապես ափսոսալ, որ նա ձախողեց մոտեցումներից մեկը, այլապես երկամարտում մի ուրիշ համերգի ականատես կլինեինք: Մեր մարզիկը, դարձյալ ցավով արձանագրենք, մի մոտեցում էլ ձախողեց երկրորդ վարժությունում, որը ճակատագրորեն ցավալի արտահայտվեց նույն այդ երկամարտի արդյունքի վրա՝ 363 կգ: Այս վրիպումները, գումարած անձնական ծանր քաշը, նրան զրկեցին երկամարտի բրոնզից: Ասում ենք՝ զրկեցին, որովհետև այդ նույն քաշով եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին, իսկ այդտեղից մեր տղան բնավ էլ պակաս տպավորիչ չէր դիտվի, որքան էլ եգիպտական բուրգերը եգիպտական հողում են: Ինչևէ, եղածը եղած է, բոլոր դեպքերում ուրախանանք Անդրանիկի ելույթով ու մոտ ապագայում սպասենք նրա զրնգուն «կրակոցին»:
Նոյեմբերի լույս 28-ին պայքարի մեջ կմտնեն Սոնա Պողոսյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ով ներկայացնում է 105 կգ քաշային կարգը: Որ մեր պատանյակի համար ծանր է լինելու, կասկած չկա, բայց որ Սիմոնը «խենթացավ», հուրախություն բոլորիս, մի այլ կարգի է «խենթանալու»: Ամեն դեպքում պատանիների ու երիտասարդների մրցահարթակում ֆուրոր արած այս մարզիկը պարտավոր է զորակցել Անդրանիկ Կարապետյանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ