Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սպասվում է թեժ ավարտ

Սպասվում է թեժ ավարտ
27.11.2015 | 12:29

Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումներին մնաց մեկ տուր: Play-off անցնելու առումով հարցերն ամբողջականորեն լուծված են դրանցից երեքում՝ A, C, D խմբեր, երկուսում՝ E և F խմբեր, առաջին տեղով անցնողները հայտնի են, երկուսում երեքից երկուսը կարող է հայտնվել առաջին երկու տեղում՝ B և G խմբեր, երեքում երկուսից մեկը կարող է մաս կազմել երջանիկներին՝ F և H, իսկ մեկում՝ H խումբ, ընդհանրապես բացառիկ իրավիճակ է՝ «Բարսելոնին» կարող է ընկերակցել մնացած երեքից յուրաքանչյուրը: Այնպես որ՝ հայտնիների կողքին լինելու հավակնորդների պակաս չկա:

A ԽՈՒՄԲ
Մրցակցային առումով «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը» լուծելիք խնդիր չունեին: Այլ բան, որ արքայականը ներքին առաջնությունում «Բարսելոնից» կրած ծանրագույն պարտությունից հետո երկրպագուներին ինչ-որ բան ապացուցելու կարիք ուներ: Ապացուցելն ապացուցեց՝ 70 րոպեում չորս անգամ «Շախտյորի» դարպասը գրավելով, բայց որ 11 րոպեում էլ հասցրեց երեք գոլ ուտել, սա բանի նման էր, թե չէ, ավելի շատ իրենց ներքին խոհանոցի խնդիրն է, չխառնվենք, մանավանդ որ մենք մեր սիրելին ունենք ու նրա մասնակցությունից գոհ ենք (անձնական տարրերի համար կներեք):
ՊՍԺ-ն «Մալմյոյի» նկատմամբ եղավ անգութ՝ 5:0, թեպետ, եթե մի փոքր հայավարի դատենք, որպես իր նախկին թիմի, Իբրահիմովիչը խաղընկերների հետ կարող էր ավելի զիջողամիտ լինել: Խմբում մնում է հստակեցնել միայն մեկ հարց՝ ով է նվաճելու Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու ուղեգիրը:

B ԽՈՒՄԲ
Այստեղ դեռևս պարզ չէ, թե երեքից որ երկուսն է պայքարը շարունակելու: Համենայն դեպս, հաղթելով Մոսկվայի բանակայիններին, «Վոլֆսբուրգը» միավորների թիվը հասցրեց իննի ու գլխավորեց աղյուսակը:
Շատ ավելին էր սպասվում մինչ այդ յոթ միավոր ունեցող «Մանչեստր Յունայթեդից», սակայն հարազատ «Օլդ Տրաֆորդում» մանկունիանցիներն այդպես էլ չկարողացան կոտրել «Էյնդհովենի» դիմադրությունն ու խաղը տարան ոչ-ոքիի հանգրվան՝ 0:0: Փաստորեն այստեղ մի իրավիճակ է, որ ԲԿՄԱ-ի հետ խաղը հաղթական ավարտելու դեպքում «Էյնդհովենին» միանգամայն բավարարում է «Վոլֆսբուրգ»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման խաղաղ հանգուցալուծումը, որը կողմերից ձեռք կտա միայն գերմանական «գայլերին»:

C ԽՈՒՄԲ
Play-off դուրս գալու հարցերը լուծած «Բենֆիկան» բավական անսպասելիորեն ոչ-ոքի՝ 2:2, խաղաց «Աստանայի» հետ, որը սեփական դաշտում, ի դեպ, ոչ մեկին էլ չի պարտվել այս ընթացքում, իսկ «Աթլետիկոն» չխնայեց «Գալաթասարային»՝ 2:0: Այնուամենայնիվ այստեղ էլ յուրօրինակ ինտրիգ կա. հարց է, թե ով է խմբայինն առաջին տեղով ավարտելու, ինչպես որ հարց է՝ թուրքական, թե ղազախական ակումբն է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու: Բոլոր դեպքերում նշենք, որ «Աստանան» արդեն իսկ գլխից վեր է ցատկել ոչ միայն խմբայինին մասնակցելու իրավունքը նվաճելով, այլև դրանում բավական սոլիդ ներկայանալով: Աղ չեմ ցանում վերքի վրա, սակայն ղազախական ֆուտբոլի մասին մեր մարզիչներից մեկն ասել էր, որ այն եղել է, կա ու ընդմիշտ թույլ կլինի հայկական ֆուտբոլից: Խմբայինների մասնակցելու հնարավորության մասին սոսկ երազող հայկական ֆուտբոլի համար ահա այսպիսի թույլիկ: Հետո էլ ասում եք, թե ինչու չի զարգանում մեր ֆուտբոլը: Այո, այո՝ վերից վար նման անսպառ մեծամտության պատճառով նաև:

D ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ «Յուվենտուսը» շանս չտվեց «Մանչեստր Սիթիին»՝ 1:0, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պատժիչ գործողություն իրականացրեց «Սևիլիայի» նկատմամբ՝ 4:2: Իտալացիները վերջին խաղից առաջ 11 միավորով գլխավորում են խմբայինը, նրանցից երկու միավոր պակաս ունեն անգլիացիները: Սակայն աղյուսակում թիմերի ունեցած դիրքը բնավ էլ չի նշանակում, որ ավարտական տուրում ինտրիգը կորած է: Նախ կա խումբն առաջին տեղով ավարտելու, ինչպես որ կա Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունքի խնդիր: «Բորուսիան» ունի հինգ, «Սևիլիան»՝ երեք միավոր:


E ԽՈՒՄԲ
«Ռոմայի» նկատմամբ «Բարսելոնի» արածն արած չէր՝ 6:1, ինչպես որ, գիտեք, բանի նման չէր դրանից օրեր առաջ ներքին առաջնությունում «Ռեալի» նկատմամբ ծայր անհանդուրժողականությունը: Բայց թե ի՞նչ կարող ես անել, եթե տևական ընդմիջումից հետ խաղադաշտ վերադարձած Մեսին գոլերի ծարավի է, իսկ թիմն էլ իր հրաշքին ամեն ինչով աջակից է:
Որոշակի առումով հաճելի անակնկալ մատուցեց ԲԱՏԷ-ն՝ սեփական հարկի տակ 1:1 խաղալով «Բայերի» հետ ու պահպանելով Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդես գալու հեռանկարը, որովհետև նրա ունեցած չորս միավորի կողքին այնքան էլ համոզիչ չեն ներկայանում «Ռոմայի» ու «Բայերի» ունեցած հինգը, իսկ խիզախելու համար երբեք էլ ուշ չէ:

F ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ «Օլիմպիակոսի» հետ «Բավարիան» խաղար ոչ-ոքի, հույներն արդեն իսկ կլինեին եզրափակչում, սակայն գոյություն ունի պրոֆեսիոնալիզմ հասկացություն, ու իսկական թիմը երբեք ու ոչ մի պայմանով չի կարող իրեն նման բան թույլ տալ: Մի խոսքով՝ 4:0: Այս հաղթանակը փայլուն շանս էր «Արսենալի» համար, իհարկե, Զագրեբի «Դինամոյին» հաղթելու դեպքում: Արսեն Վենգերի սաներն արեցին այդ բանը՝ 3:0, ու հիմա նրանց մնում է անցնել վերջին փորձությունը: Ճակատագրի բերումով այդ փորձությունը նրանց սպասում է գլխավոր մրցակցի՝ «Օլիմպիակոսի» հետ պայքարում, հույների դաշտում, որտեղ «Արսենալին» պետք է միայն ու միայն հաղթանակ, եթե ուզում է ունենալ եզրափակիչ տանող գնացքի տոմս:

G ԽՈՒՄԲ
Կիևի «Դինամոյի» հետ խաղը՝ 0:2, վախենամ թե չափազանց ծանր արժենա «Պորտուին», ում ունեցած տասը միավորից արդեն ունի և «Չելսին» «Մակկաբիին» 4:0 հաշվով հաղթելուց հետո: Համենայն դեպս վերջին տուրում այստեղ խմբայինի խոշորագույն ինտրիգներից մեկն է լինելու: Հիշեցնեմ, որ պորտուգալացիները հյուր են գնալու Մոուրինյոյի սաներին, իսկ ութ միավոր ունեցող կիևցիները սեփական հարկի տակ ընդունելու են մրցաշարային ոչ մի շահագրգռություն չունեցող իսրայելցիներին:

H ԽՈՒՄԲ
«Զենիթը» շարունակեց անպարտելի խաղերի թիվը՝ հասցնելով հինգի: «Վալենսիան» այս անգամ էլ չկարողացավ ըստ պատշաճի դիմակայել սանկտպետերբուրգցիներին՝ 2:0: Իր սկզբունքներին անդավաճան մնաց և «Լիոնը»: Պարտությունը «Գենտից» ցավալի էր՝ 1:2, սակայն եթե ֆրանսիացիները անգամ հաղթեին, միևնույն է, վերջին հորիզոնականից վեր չէին բարձրանալու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Երեկ կայացան Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին ութ խաղերը: Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցն էր Կրասնոդարի «Կրասնոդարը»: Այս հանդիպումից առաջ դորտմունդցիներն ունեին 10, մրցակիցը՝ 7 միավոր:

Դիտվել է՝ 856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ