Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախագահական հաշիվը՝ 2:1

Նախագահական հաշիվը՝ 2:1
28.11.2015 | 12:55

Մի քանի օր առաջ 2rd.am կայքը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցը, որին հաջորդեց ilur.am կայքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ հարցերի, խոսում էր Սահմանադրության հանրաքվեի մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածն ամբողջովին նվիրել է այդ թեմային: Սա այն եզակի դեպքերից է, երբ առաջին ու երկրորդ նախագահները ամբողջովին համաձայն են միմյանց հետ ու դեմ են երրորդ նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններին: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Սահմանադրություն փոխելը «շատ լուրջ սխալ համարել» և չի էլ ցանկանում քննարկել խորհրդարանական հանրապետությո՞ւնն է լավ, թե՞ կիսանախագահականը: Առաջարկվող փոփոխությունները քննարկելն անիմաստ է համարում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի կարողացել «գտնել գեթ մեկ լուրջ պատճառ, ըստ որի այսօրվա Սահմանադրությունը ի զորու չէ դիմակայել առկա մարտահրավերներին և այդպիսով փոփոխություններն անհրաժեշտ են», Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այդ կարծիքին է, ավելին՝ «Ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ ՈՒստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի և հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության և այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել»։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կա երկու հրապարակումներում էլ: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հարցի լուծումը «Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում» է: Նրա կարծիքով՝ «Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում: Այն բարդ է թե էթնիկ կառուցվածքի տեսանկյունից, թե բազմաթիվ պատմականորեն կուտակված հիմնահարցերի տեսանկյունից, թե կրոնական բազմազանության տեսանկյունից: Ժամանակ առ ժամանակ լինելու է մի տեսակ «քաղաքական անտերություն» այս տարածաշրջանում, անտերություն, որն առաջ է գալիս գլոբալ գործընթացների ժամանակ, ու երբ գլոբալ տեկտոնական շարժեր են տեղի ունենում, ապա կարող է լինել, այսպես կոչված, որոշակի «անտերության» զգացում»: Լևոն Տեր-Պետրոսյանը իր հոդվածի մեխը դարձրել է արտաքին քաղաքական իրադարձությունները, որոնց ընթացքում է Հայաստանում հանրաքվե կազմակերպվում: «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն։ Ինչևէ, Հայաստանը, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն և պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում»։ Առաջին նախագահը շեշտում է՝ «Փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որևէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել»։
Տեսակետների այս նույնության պարագայում երկու նախագահներն ունեն և տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից որևէ կերպ հայտնի չի դառնում, թե նա ինչ է մտադիր անել՝ կանխելու իր իսկ խոսքով «շատ լուրջ սխալը», գնալու է՝ դե՞մ քվեարկի, հանրաքվեի օրը բացակայելո՞ւ է երկրից, թե՞ սպասելու է արդյունքներին: Լևոն Տեր-Պետրոսյանը, ում պրագմատիզմը ոչ ոք կասկածի տակ չի դնում, ավելի ռոմանտիկ է՝ նա դեռևս հույս է փայփայում, որ Սերժ Սարգսյանը «պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլևս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու և դրանով ռեժիմի և հասարակության միջև գոյություն ունեցող անջրպետն ավելի ևս խորացնելու մտքից»։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ներքին վտանգները նկատի ունի, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է. «հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետևանքներով»։
Երկու նախագահներն էլ առայժմ չեն արձագանքել Հայաստանում բացահայտված զինված խմբավորման մասին տեղեկատվությանը՝ կամ ունեն ամբողջական տեղեկատվության պակաս, կամ համարում են, որ այն փաստը չէ, որի վերաբերյալ արժի տեսակետ հայտնել: Գուցե նրանք ճիշտ են: Գիտեն ու հասկանում են ավելին, քան հնարավոր է կռահել հաղորդվող տեղեկատվությունից: Վերջապես նրանք նաև իրավիճակ ծրագրողներ են, ի տարբերություն նրանց, ովքեր միշտ փաստի առաջ են կանգնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քաղաքական դաշտը գլխովին խրվել է «այո»-ի ու «ոչ»-ի պայքարում՝ հիանալի հասկանալով, որ հանրաքվեով որոշվում է ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության, այլև քաղաքական դաշտի վերադասավորման խնդիրը: Բոլոր հին ու նոր, սպասելի ու անսպասելի «այո»-ականները, նաև «ոչ»-ի անվան տակ իրականում «այո» ասողները մի խնդիր ունեն՝ ապահովել իրենց կուսակցության ու անձամբ իրենց ներկայությունը քաղաքական կյանքում՝ խորհրդարանական մանդատի կամ պաշտոնի տեսքով: Եվ եթե այդ նպատակով պետք է Սահմանադրություն փոխել, ուրեմն ինչպե՞ս չփոխել և ինչո՞ւ: Նրանք համաձայն են կուսակցություն փոխելուն, կուսակցության քաղաքականություն փոխելուն, միայն լուծեն նվիրական խնդիրը: Նրանցից շատ քչերն են իրականում խորացել Սահմանադրություն փոխելու և չփոխելու անհրաժեշտության մեջ, բայց համարում են, որ իրենք չեն, որ պիտի հոսանքին հակառակ լողան: Քիչ չեն նաև նրանք, ովքեր հիմնական մարտը համարում են խորհրդարանական ընտրությունները և այդ ժամանակ են պատրաստվում հասարակությանը ներկայացնել իրենց գաղափարներն ու այդ գաղափարները իրականացնելու ծրագրերը: Շատ նորմալ է, որ ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները չէ, որ առավոտից իրիկուն գործող ու առաջարկվող սահմանադրություններն են համեմատում՝ թերություններն ու առավելությունները պարզելու ու ըստ այդմ՝ քվեարկելու: Քարոզչությունը նրանց օգնելու և կողմնորոշելու նպատակ ունի: Բայց ի՞նչ են ասում քարոզիչները և ի՞նչ են ուզում լսել քարոզվողները: Ահա հենց այս կետում է, որ նոր սահմանադրությունը և հանրաքվեն շատ նմանվում են մարդկանց բռնի երջանկացնելու ծրագրի, երբ նրանք երջանկության փոխարեն ուզում են պարզապես մարդավայել ապրել: Հայաստանում կա մի քանի ճգնաժամ: Տնտեսականը բոլորին է հայտնի: Քաղաքականի մասին պարբերաբար խոսում են ու մոռանում: Իսկ ամենաակնհայտ ճգնաժամը, որի մասին ոչ խոսում են, ոչ հիշում, իշխանության և ժողովրդի հաղորդակցության բացակայությունն է: Չափազանց տարբեր խնդիրներ են լուծում իրենց համար՝ իշխանությունն առանձին, ժողովուրդը՝ առանձին: Առաջին ու երկրորդ նախագահներն այդ մասին չեն խոսում՝ նրանք իրենց լուրջ ավանդն են ունեցել այդ գործում: Չի խոսում և երրորդ նախագահը, որ համարում է՝ չկա այդպիսի խնդիր: Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այդ ճգնաժամն ավելի է խորացնելու, որովհետև նորից իշխանությունը շարունակելու է ինքնասպասարկվել, ժողովուրդը՝ ինքնապահպանվել: Ամենավտանգավորը՝ երկուստեք մոռացել են պետության ու երկրի մասին: Իսկ եթե հիշում են, միայն իրենց խնդիրների իրենց լուծումները հիմնավորելու համար: ՈՒ եթե սահմանադրության հարցում երեք նախագահների միջև հաշիվը 2:1 է, այս հարցում՝ 3:0 է, իսկ պարտվողը ոչ միայն նրանք են, այլև մենք բոլորս ենք:

Դիտվել է՝ 2198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ