Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տարածաշրջանով ալիք անցավ, որի անունը ոչ ոք չգիտի

Տարածաշրջանով ալիք անցավ, որի անունը ոչ ոք չգիտի
28.11.2015 | 23:01

Մեր հարևանը արդեն մի շաբաթ աշխարհի ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ խփելով ռուսական ինքնաթիռը, որ հարվածի պահին արդեն անզեն էր ու վտանգ չէր ներկայացնում: Թուրքական ու ռուսական տեղեկատվությունը կատարվածի վերաբերյալ տրամագծորեն հակառակ է: Թուրքերը հայտարարում են, որ առաջին անգամ չէին ռուսական ինքնաթիռները հատում Թուրքիայի օդային սահմանը: Էրդողանը նունիսկ հասցրել էր Պուտինին բողոքել: Նա էլ կատակի էր տվել, թե հյուրի պես վերաբերվեք: Էրդողանն էլ հումորի զգացում չէր դրսևորել, ասել էր՝ մեզ չկանչված հյուրեր պետք չեն: Թուրքերը նաև պնդում են, որ տասն անգամ զգուշացրել են, որ սահման է խախտվել: Ռուսները հերքում են՝ ոչ մի զգուշացում չի եղել: Պուտինն ասում է՝ հարված էր թիկունքից: Էրդողանը հակադարձում է՝ կրակի հետ եք խաղում, ու՝ այդպես: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է: Անվտանգության առումով դա խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»,- Բաքվում հայտարարել է Մամեդյարովը և նորից է ասել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկները ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից. «Միջնորդների վերջին այցելության ժամանակ առաջարկ է արվել կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Մենք համաձայնել ենք, որ հանդիպումը տեղի ունենա մինչև այս տարեվերջ: Համանախագահները աշխատում են այս հարցի վրա»,- ասել է նա:

Մամեդյարովի անկեղծության պահը համընկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բաքվում հանդիպելու պահին, մամուլի համատեղ ասուլիսում նա ասել է, որ Չավուշօղլուին է ներկայացրել ԼՂ հարցով բանակցային գործընթացի ներկա իրավիճակը: Իսկ նորանշանակ Մևլութ Չավուշօղլուն իր առաջին այցը կատարել է հենց Բաքու ու հանդիպել է ոչ միայն գործընկերոջ, այլև նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիևը նրան ասել է, թե Ադրբեջանը պատմական սերտ կապեր ունի թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հետ, ափսոսում ու անհանգստացած է նրանց միջև ստեղծված լարված հարաբերություններից ու պատրաստ է ջանքեր գործադրել լարվածությունը նվազեցնելու ու վերացնելու համար: Իսկ հետո Իլհամ Ալիևը գնացել է Բելառուս՝ հաստատ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկելու միջնորդական առաքելության մանրամասները, մի գործ, որ Բատկան մեծ հաջողությամբ Բելառուսի ու իր համար արեց ՈՒկրաինայի ճգնաժամի լիցքաթափման համար: Եվ Բատկան նրան ասել է. «Իմացեք, որ դուք այստեղ բարեկամներ ունեք: Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի վրա»: ՈՒ բացատրել է՝ ինչու. «Մենք հիշում ենք, որ մեզ համար դժվար պահին դուք առանց երկմտելու աջակցել եք մեզ: Եվ մի օր կարելի է այդ ամենը պատմել բոլոր մանրամասներով, թե ինչպես է պետք հարցերը բարեկամաբար լուծել, այդ թվում՝ մեծ ֆինանսների հետ կապված»: Բայց սա՝ ի դեպ, իսկ Բաքվում Մևլութ Չավուշօղլուն Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի ներքին իրավիճակին: Այցի նախօրեին Նարդարանում հավատացյալների ու ոստիկանների բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով 6 մարդ է զոհվել, երկուսը՝ ոստիկան, վիրավորներ կան, տասնյակ ձերբակալվածներ։ Իշխանությունները պնդում են, որ զինված հանցավոր խմբավորումը պատրաստվում էր փոխել Ադրբեջանի սահմանադրական կարգը ու իսլամական օրենքներ՝ շարիաթ հաստատել: Այսինքն՝ համարյա թե ԻՊ: Չավուշօղլուն միջադեպը անվանել է ահաբեկչություն ու ասել է, որ կաջակցի Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի փորձ ունի: Իհարկե, Ալիևը չի հարցրել՝ ահաբեկչության փո՞րձն է մեծ, թե՞ ահաբեկչության դեմ պայքարի, որ զարմանալի չէ: Զարմանալի է, որ արագ արձագանքել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ու հորդորել. «Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»: Նա էլ Թբիլիսիում էր այդ ժամանակ ու այնտեղ էր իմացել, որ Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է, թե Ադրբեջանն աշխատում է համանախագահների անունից Ռուսաստանի ներկայացրած առաջարկների վրա՝ «Ներկա պահին մենք աշխատում ենք համանախագահների անունից առաջարկի վրա, որը ներկայացրել է Ռուսաստանը: Հակամարտության կարգավորման կարևոր տարրերն են՝ Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերում, բռնի տեղահանվածների վերադարձ իրենց տները, Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատում։ Եվ մենք պետք է մեր քննարկումներում ուշադրությունը կենտրոնացնենք այդ տարրերի վրա։ Մեզնից յուրաքանչյուրը համաձայն է, որ չկարգավորված հակամարտությունը տարածաշրջանում համագործակցության հիմնական խոչընդոտն է»: Էդվարդ Նալբանդյանը հակադարձել է Մամեդյարովին. «Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես եղավ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնականաբար նաև` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումը, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։ Նալբանդյանը հայտարարել է, որ պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավել ևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։ «Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։ Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Այստեղ պիտի հնչեին բուռն, երկարատև ծափահարություններ ՀՀ արտգործնախարարի պատվին, որ ստանձնել է Լավրովի գործը՝ հասկանալով ՌԴ արտգործնախարարի խիստ զբաղվածությունը. քանի կար Իրանի հարցով բանակցություններն էին, պարբերաբար՝ ՈՒկրաինայի, հետո սրընթաց մեջտեղ եկավ Սիրիան, հիմա էլ՝ Թուրքիան, մարդը ֆիզիկապես ժամանակ չի գտնում հերքել իր անունից արվող հայտարարությունները: Բայց ծափահարություններ, կարծես, չեղան: Գուցե Լավրովը անձամբ չի հերքում իր չասածը ասած ներկայացվողը, որովհետև ասե՞լ է: Եթե ոչ այն, ինչ Էլմար Մամեդյարովն է հրամցնում, ինչ-որ այլ առաջարկ է եղել: Այս հարցերը բանակցային գործընթացի շուրջ դիվանագիտական սարդոստայնի մաս չեն միայն, պետք է պարզել՝ եղել են, թե չեն եղել նոր առաջարկներ, այլապես երբ Ադրբեջանը պնդում է՝ եղել են, Հայաստանը հերքում է՝ չեն եղել, Ռուսաստանը լռում է ի դեմս գերզբաղված Լավրովի, որ ժամանակ գտել էր Բաքու ու Երևան գալու, տպավորություն է ստեղծվում, որ առաջարկներ եղել են ու ձեռնտու են Բաքվին, հակառակ են Երևանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ զուգահեռը արձանագրեցի՞ք՝ մեկ Ադրբեջանում՝ Նարդարանում են ահաբեկիչներ ի հայտ գալիս, մեկ Վրաստանում՝ ու սպառնում են ԻՊ-ի անունից, մեկ էլ՝ Երևանում՝ բարեկեցիկ Նորք-Մարաշում ու ձերբակալվում են՝ իրենց գործողություններից մի քանի օր առաջ: Տարածաշրջանով անցնում է ինչ-որ ալիք, որի անունը ոչ ոք ճշգրիտ չգիտի: Կամ՝ չի ասում: Հիշեցնեմ, որ Էրդողանը երկուշաբթի օրը լինելու է Փարիզում ու արդեն առաջարկել է Պուտինին հանդիպել: ՌԴ նախագահը չի պատասխանել: Ալիևը ևս գնալու է Փարիզ: Իսկ Սերժ Սարգսյա՞նը: Կգնա՞ ՀՀ նախագահը Փարիզ: Եթե այո, կհանդիպի՞ Իլհամ Ալիևի հետ: Եթե ոչ՝ ինչո՞ւ:

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ