Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ազգովին պիտի մի ընտանիքի նման լինենք»

«Ազգովին պիտի մի ընտանիքի նման լինենք»
29.11.2015 | 14:47

Զրուցակիցս «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ ՏԻԳՐԱՆ ԱՐԵԳՈՒՆԻՆ է: Նախաձեռնությունը ձևավորվել է 2014-ի ամռանը` նպատակ ունենալով վեր հանելու սահմանամերձ բնակավայրերում առկա հրատապ խնդիրները, ինչպես նաև հնարավորության սահմաններում հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու այստեղ ապրող մարդկանց առօրյան:

- Տիգրան, Դուք ծնունդով սահմանամերձ բնակավայրից չեք և չեք էլ ապրում սահմանին մոտ, ի՞նչը Ձեզ դրդեց մասնակցել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանը:
-Ծնունդով վանաձորցի եմ, վաղուց ապրում եմ Երևանում, բայց դե յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, որ իր երկիրը ամուր է, երբ իր երկրի սահմաններն են ամուր: Իսկ սահմանը ամուր է ոչ միայն սահմանին կանգնած զինվորով, այլև այդ տարածքներում ապրող մարդկանցով: Եվ հետո մենք ազգովին պիտի մի ընտանիքի նման լինենք: Նախ՝ պարբերաբար շփվենք միմյանց հետ, տեղեկանանք միմյանց խնդիրների մասին, երկրորդ՝ հոգ տանենք մեկս մեկի մասին և աջակցենք իրար: Իսկ այդ ամենը իրականացնելու ամենալավ հարթակը մշակութային հարթակն է: Դրա համար էլ մեր նախաձեռնությունը հենց այդ ուղղվածությունը որդեգրեց:
-Կա՞ն բարերարներ, անհատ մարդիկ, ովքեր նյութապես աջակցում են նախաձեռնությանը:
-Նախաձեռնությանը աջակցում են ինձ ու Ձեզ նման անհատ մարդիկ: Ամենամսյա դրամահավաքներ ենք հայտարարում, որի ընթացքում մարդիկ սկսած 500-ական դրամից փոխանցումներ են կատարում: Եվ տվյալ ամսվա ձևավորված ֆոնդի շնորհիվ էլ իրականացնում ենք այս կամ այն միջոցառումը: Իհարկե, ամեն ամիս ներկայացնում ենք նաև ֆինանսական հաշվետվություն: Այսինքն՝ նախաձեռնությանը աջակցում է ժողովուրդը:
- Նախաձեռնությունը տարբեր մշակութային միջոցառումներ է կազմակերպում սահմանամերձ գյուղերում,կմանրամասնե՞ք:
-Արդեն մեկ տարուց ավելի է ամեն ամիս որևէ սահմանային բնակավայրում կազմակերպում ենք որևէ մշակութային կամ սպորտային միջոցառում: Շատ դեպքերում միջոցառմանը ներգրավում ենք նաև տվյալ բնակավայրին մոտ գտնվող մյուս բնակավայրերի ապրողներին ևս: Ամռանը երեխաների համար նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ: Օրինակ՝ տիկնիկային ներկայացումներ, ազգային պարերի բաց դասեր, տարբեր համերգներ, սպորտլանդիաներ և նման ուղղվածություն ունեցող այլ միջոցառումներ: Մենք գտնում ենք տարբեր խմբեր, օրինակ՝ թատերական, պարային, երգի և այլն, կամ սպորտի բնագավառում որևէ հայտնի սպորտսմենի, ներկայացնում ենք մեր նախաձեռնությունը, առաջարկում համագործակցություն և, կարելի է ասել, բոլորը սիրով համաձայնում են, և արդեն այդ խմբի, կամ անհատի հետ կազմակերպում ենք որևէ միջոցառում: Ավելացնեմ նաև, որ, բացի միջոցառումներ կազմակերպելուց, մենք վեր ենք հանում մեր այցելած բնակավայրերում առկա խնդիրները: Օրինակ՝ տարբեր խնդիրներ ենք վեր հանել կրթության, մշակութային պասիվության, անվտանգության, ճանապարհաշինության, աղբահանության և այլնի վերաբերյալ, որոնց մասին նամակներ ենք հղել համապատասխան նախարարություններ, ինչպես նաև կառավարությանը:
-Նկատել եմ, որ վերջերս ուշադրություն եք դարձնում հատկապես Տավուշի մարզի բնակավայրերին,ինչո՞ւ միայն Տավուշ:
-Այո, մեծ մասամբ Տավուշ, բայց ոչ միայն Տավուշ: Եղել ենք նաև Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում: Ինչո՞ւ Տավուշ, քանի որ այնտեղ սահմանին ամենամոտ գտնվող գյուղերն են և հենց ուղիղ նշանառության տակ գտնվող, և պարբերաբար սեփական մաշկի վրա կրակոցներ ընդունող գյուղերն են: Մենք ամենաշատը հենց կրակի տակ գտնվող բնակավայրերն ենք կարևորում: Իհակե, մյուս վայրերում ևս խնդիրների պակաս չկա, բայց մեզ համար այդ տեղերը առաջնային են:
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում ամեն անգամ ,երբ որևէ կարիքավոր ընտանիքի եք օգնում:
-Ճիշտն ասած, մենք շատ հազվադեպ ենք օգնում կոնկրետ որևէ ընտանիքի: Նման բան անում ենք, երբ տեսնում ենք, որ ծայրահեղ անհրաժեշտություն կա: Օրինակ՝ երբ Այգեհովիտ գյուղում այրվել էր մի ընտանիքի տունը, մենք կազմակերպեցինք և հավաքեցինք առաջին անհրաժեշտության տարբեր իրեր և գյուղապետարանի տրամադրած մեքենայով ուղարկեցինք իրենց: Մենք մեծ մասամբ իրականացնում ենք խմբային օգնություններ, օրինակ, դպրոցներին կամ մանկապարտեզներին ենք օգտակար նյութեր տրամադրում, դիդակտիկ խաղեր, գրքեր, քարտեզներ և այլն: Մենք դա անում ենք այն նպատակով, որ մեր տրամադրած նյութերից ոչ թե մեկ ընտանիք օգտվի, այլ միանգամից շատերը: Իսկ զգացողությունները... ճիշտն ասած, մի քիչ դժվար է բառերով նկարագրել:

Հարցազրույցը՝ Լիլիթ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ