Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կենտրոնական բանկն իր թողարկած հուշադրամների վրա Տիգրան Մեծի գահակալման տարեթվեր չի նշել

Կենտրոնական բանկն իր թողարկած հուշադրամների վրա Տիգրան Մեծի գահակալման տարեթվեր չի նշել
01.12.2015 | 00:06

Անդրադառնալով «Իրատես» թերթում նոյեմբերի 24-ին տպագրված «Ով և ինչու է աղավաղել Տիգրան Մեծի պատկերն ու գահակալման թվականները» հոդվածում նշված որոշ տեղեկություններին, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքների և փաստերի վրա:
Նախ՝ մի փոքր ակնարկ «հուշամեդալ» և «հուշադրամ» հասկացությունների վերաբերյալ:
Հուշամեդալ կարող է թողարկել ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, այնպես էլ համապատասխան գործունեության արտոնությամբ օժտված ցանկացած կազմակերպություն: Այդպիսի կազմակերպությունները չեն լիցենզավորվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ուստի նրանց գործունեության համար վերջինս պատասխանատվություն չի կրում:
Հուշադրամ թողարկելու իրավունքը բացառիկ է, և այդ իրավունքը միայն ՀՀ Կենտրոնական բանկինն է:
Հուշադրամներ թողարկելու գործընթացը, բաղկացած լինելով մի քանի փուլերից, սկսվում է ՀՀ պետական մարմիններից, Հայ առաքելական սուրբ եկեղեցուց, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտներից, հասարակական կազմակերպություններից առաջարկությունների հավաքագրմամբ: Յուրաքանչյուր հուշադրամի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցում է պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրում բազմազան աղբյուրներ, ստանում տարբեր մասնագիտական եզրակացություններ: Ստացվող տեղեկությունը քննարկվում է այս գործընթացի համար պատասխանատու ՀՀ Կենտրոնական բանկում գործող գեղարվեստական խորհրդում, որի կազմում ընդգրկվում են արհեստավարժ մասնագետներ: Այդպիսի համագործակցության արդյունքում են թողարկվում հուշադրամները, որոնք վստահորեն ներկայացնում են Հայաստանն արտերկրում՝ արժանանալով բարձր գնահատանքի (www.cba.am):
Ինչ վերաբերում է Ձեր թերթի հոդվածում ներառված պատկերին, ապա այն ինչ-որ կազմակերպության կողմից թողարկված հուշամեդալ է: Ցանկության դեպքում կարելի էր այդ փաստը հեշտությամբ պարզել՝ տվյալ պատկերը համեմատելով ՀՀ Կենտրոնական բանկի թողարկումների հետ: Հոդվածի հեղինակն այդ պատկերը ներկայացրել է որպես հուշադրամ, ինչը ոչ միայն տերմինաբանական անճշտություն է, այլև անիրազեկության դրսևորում: Այն չի կարող անվանվել «հուշադրամ», քանի որ չի կրում անվանական արժեքի, թողարկող պետության խորհրդանիշի և թողարկման տարեթվի գրառումները:
ՀՀ Կենտրոնական բանկը Տիգրան Մեծի դիմապատկերով ոսկե հուշադրամներ է թողարկել երկու անգամ՝ 1999 թ. և 2003 թ.: Այդ հուշադրամները կրում են Տիգրան Մեծ արքայի արծաթե դրամների դիմերեսի ու դարձերեսի պատկերները: Երկու հուշադրամների դիմերեսին էլ պատկերված են ՀՀ զինանշանը, «Հայաստանի Հանրապետություն» մակագրությունը, անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը: Հուշադրամների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության կարելի է հանդիպել ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում: Հաշվի առնելով տարբեր պատմագիտական աղբյուրներում Տիգրան Մեծ արքայի գահակալման տարիների վերաբերյալ առկա իրարամերժ տվյալները՝ Կենտրոնական բանկն իր թողարկած հուշադրամների վրա Տիգրան Մեծի գահակալման տարեթվեր չի նշել՝ պատմական աղբյուրների հավաստիության ապացուցման կամ մերժման բարդ խնդիրը թողնելով ոլորտի պատասխանատուներին:
Ինչ վերաբերում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում տեղադրված Տիգրան Մեծի գահակալման թվագրումին վերաբերող տեղեկատվությանը, ապա նշենք, որ այն արտացոլում է պատմագիտական հարթակներում ամենուրեք հանդիպող ժամանակագրական բազմակարծությունը: Մասնավորապես, հիշատակենք հետևյալ գիտական հրատարակությունները, որոնց ցանկը, ամենևին, ավարտուն չէ.
. Paul Z. Bedoukian, Coinage of the Artaxiads of Armenia, Royal Numismatic Society, Special Publication N10, London, 1978
. The Journal of the Classical and Medieval Numismatic Society, Series 2, Volume 6, Number 2, Toronto, Canada, June 2005, pp. 17-18.
. Y.T.Nercessian, Silver Coinage of the Artaxiad Dynasty of Armenia, Armenian Numismatic Society, Special Publication N11, Los Angeles, 2006
. Советский энциклопедический словарь, ред. А. М. Прохоров. Москва, 1989
. Զարեհ Պտուկեան, Դրամագիտական աշխատանքներու ժողովածուն, Հայ դրամագիտական ընկերություն, Հատուկ Հրատարակութիւն թիւ 10, Լոս Անճելես, 2003
. Հ. Հակոբյան, Հին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտը, «Պատմա-բանասիրական հանդես», 2007, N3, էջ 3
. Հայկական համառոտ հանրագիտարան, գլխ. խմբ. Կ. Ս. Խուդավերդյան, Արտավազդ Բ, հ.1, էջ 419, Երևան, 1990
. Պատմ. գիտ. դոկ. Խ. Ա. Մուշեղյան, Նշանավոր դրամագետը (Զարեհ Պտուկյանի ծննդյան 70- ամյակի առթիվ), Պատմա-բանասիրական հանդես, 1980, N3, էջ 171
Այդ հրատարակություններն անվերապահորեն մատնանշում են Ք.Ա. վերջին դարի գահակալների վերաբերյալ ժամանակագրական նյութը ներկայացնելու այն մոտեցումը, որը չի բացառում մի քանի տարիների ընդգրկումը և դրանով չի խախտում գիտականության սկզբունքը: Նման օրինակները բազմաթիվ են, և, համոզված ենք, քաջ ծանոթ են պատմաբաններին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ