Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հիմա բոլորը չոքեչոք, շնիկի նման պտտվում են Պուտինի շուրջը»

«Հիմա բոլորը չոքեչոք, շնիկի նման պտտվում են Պուտինի շուրջը»
01.12.2015 | 00:05

Քաղաքականությունում ոչ թե համակրանքներով, այլ իրատեսությամբ, շահերով են առաջնորդվում: Ռուս-թուրքական տանդեմում Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի հավասարակշռված, առանց ավելորդ զգացմունքայնության: Այս կարծիքին է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, ով «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ ոչ միայն միջազգային զարգացումներին, այլև այն հարցին, թե ինչ «ձևաչափով» Հայաստանը պետք է մասնակից դառնա այդ ամենին:


-Ռուս-թուրքական հարաբերությունների ծայրաստիճան սրումն աշխարհաքաղաքական ի՞նչ ջրբաժաններ կստեղծի, պարոն Շիրինյան։
-Աշխարհակարգի արմատական տեղաշարժեր են տեղի ունենում, ինչը տևական գործընթացի արդյունք է: Սկսվել է 2007-ին՝ Մյունխենում Պուտինի ելույթից, երբ վերջինս հայտարարեց Ռուսաստանի օրինական իրավունքներն ու ազգային շահերը հարգելու մասին: Պիտի տեսնեիք, թե այդ ժամանակ Արևմուտքի ներկայացուցիչներն ինչ զարմանքով, ագրեսիվորեն ու տհաճությամբ էին այս ամենը լսում, որովհետև նրանք Ելցինի կառավարման տարիներին մտածում էին, որ Ռուսաստանի հարցը գոնե տեսանելի ապագայում արդեն լուծել են: ԱՄՆ-ն էլ միաբևեռ աշխարհում կբարգավաճի ու կհարստանա: Եվրոպան ևս մշտապես ուզում է աշխարհի հաշվին լավ ապրել: Այնինչ, Ռուսաստանը նոր հայտ ներկայացրեց, ու նախկին դերակատարների միջև դերերի փոփոխություն տեղի ունեցավ: Հիմա տեսեք, ինչպես է ոճրագործ Թուրքիան կատաղորեն փորձում տեղավորվել դերակատարների համախմբի մեջ, որտեղ պակասում էր վերակերտված Ռուսաստանը: Հիմա սա ազգայնական Ռուսաստանն է` իր իրավունքների պաշտպանությամբ։ Եթե դերակատարներից Ֆրանսիան ունի իր իրավունքները, ոճրագործ Թուրքիան իր նկրտումները (դեռ չպատժված իր անցյալի համար), ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է սեփական շահերին տեր կանգնի: Ռուսաստանի «վերադարձը» միտում ունի աշխարհը նորից հավասարակշռելու, երկբևեռ աշխարհակարգ ստեղծելու: Հինգ-վեց դերակատարների մեջ (չմոռանանք Չինաստանը) այսպիսի համաձայնություն է ստեղծվել: Չինաստանը, լինելով շատ հզոր, բավականին դանդաղ է տեղավորվում այդ «ծալքերի» մեջ` զգուշանալով վնասներից: Ի դեպ, մի դիտարկում 90-ականների հայաստանյան «դեմոկրատների» կյանքից. բոլորը «երգում» էին Ռուսաստանի մահվան մասին և դրանից լավ էին զգում: ՀՀՇ-ի իշխանության ժամանակ Թուրքիան թշնամի պետություն չէր էլ դիտվում: Այս մտավարժանքներն էլ սխալ դուրս եկան: Ռուսաստանը համախմբվեց, հայտնվեց քաղաքական կամք ունեցող ղեկավարություն: Ռուսների մեջ արմատավորված է այն կարծիքը, որ իրենք կարող են լինել աղքատ, բայց ոչ երկրորդ կարգի, անտեսված պետություն: Այս տրամադրությունները հանգեցրին այսօրվա վիճակին, երբ Ռուսաստանը վերադառնում է «թրխկոց-շրխկոցով», որտեղ իր հետ կհամաձայնեն, լավ, որտեղ` ոչ, հրթիռներով «կհամաձայնեցնեն»: Պուտինը երկու սիմվոլիկ հրթիռակոծում իրականացրեց: Սա նաև տեխնոլոգիաների ցուցադրություն էր: Ի տարբերություն տարատեսակ «ոռնոցների», Ռուսաստանը ցույց տվեց, որ հզորների հետ խոսելու և՛ ուժ ունի, և՛ գերճշգրիտ տեխնոլոգիաներ: Սա իրողություն է:
-Այս զարգացումներն սկսվեցին, երբ Ռուսաստանը «մտավ» Սիրիա: Այս քայլո՞վ նա «արթնացրեց» իր «չկամեցողներին»:
-Ռուսաստանը միշտ իրեն վատ է զգացել, երբ Բոսֆոր-Դարդանելում վերահսկողություն չի ունեցել: Նա միշտ փորձել է իր ներկայությունն ապահովել այնտեղ, այդ պատճառով էլ հայկական հարցը հաճախ օգտագործվել է: Ռուսաստանը չորս անգամ գրավել է Էրզրումը, հենց հասել է Կարին, թուրքերը հասկացել են Բոսֆոր-Դարդանելին տիրանալու նրա «փորացավը», առճակատումներից խուսափելու համար ռուսները հեռացել են այնտեղից: Հիմա Սիրիայում «տեղավորվեց», Տարտուսում ունի ռազմական բազա, իսկ Միջերկրականով արձակած հրթիռները նշանակում են, որ Էգեյան ծովով վերահսկողության տակ վերցրեց Բոսֆոր-Դարդանելը: Նույնիսկ ԱՄՆ-ի ռազմական նավատորմն այսօր այդ ազատությունը չունի: Այս պատկերը գոնե մի քանի տասնամյակ հաստատ չի փոխվի: Պետք է ընդունենք, որ այս գործընթացներում Ռուսաստանի իրականացրած քայլերն առաջադիմական են, որովհետև նա պաշտպանում է աշխարհիկ, օրինական և կազմակերպված քաղաքական ուժի, ինչպիսին Սիրիայի իշխանությունն է:
-Ի՞նչ հանգուցալուծում կարելի է սպասել ռուս-թուրքական տանդեմում, թե երկկողմ սպառնալից հայտարարություններ են արվում արդեն:
-ՈՒկրաինական ճգնաժամի ժամանակ Թուրքիան Ղրիմից դուրս շպրտվեց: Ըստ էության, դուրս մղվեց նաև Սիրիայից: Թուրքիան «ջախջախված» է, հիմա Արևմուտքի համար որքանո՞վ է շահեկան այս վիճակում հայտնված Թուրքիային պաշտպանելը: Ռուսական ինքնաթիռ խփելով, նա ճակատագրական սխալ թույլ տվեց` ապացուցելով, որ ահաբեկչության որջն է ու նույն ցեղասպան ազգը: Ռուսաստանն ունի բոլոր օրինական հիմքերը տեռոր կազմակերպած պետությանը «նեղելու»: Պետք է հաշվի առնենք մի հանգամանք՝ միջուկային գերտերություններն իրար հետ չեն բախվելու, իրենց հաշիվները մաքրելու են Թուրքիայի նման տարածքներում:
-Կրքերը կհանդարտվե՞ն, թե՞ նոր թեժ իրադարձությունների սպասենք:
-Չեն հանդարտվի: Ինչքան մեղմ լինի համաձայնությունը վերևում` միջուկային գերտերությունների միջև, այնքան ավելի սուր հաշիվներ կմաքրեն այլ տարածքներում` Սիրիա, Թուրքիա: Դժբախտաբար, կարող է այդպիսի խնդիր առաջանալ նաև Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ: Հիմա Արևմուտքը կցանկանա՞ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի հետ հաշիվները ճշտել: Այս պարագայում ՆԱՏՕ-ն կբախվի միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ: Այն ՆԱՏՕ-ն, որը «նստած» է ռուսական հումքի սպառման վրա: Երկու օրում կչոքացնեն: Հիմա բոլորը, բացի ԱՄՆ-ից (նա հեռու է, այդ խնդիրը չունի), չոքեչոք, շնիկի նման պտտվում են Պուտինի շուրջը: Առաջիկայում ՆԱՏՕ-ն տեր չի կանգնի Թուրքիային, այդ «չեբուրաշկայի» ականջները կքաշեն: Սիրիան գոնե որոշ ժամանակով «փրկվել» է, կա օրինական իշխանություն, իսկ թուրքերին հեռացրել են:
-Ռուսաստանը Թուրքիայի տեռորը որակեց «հարված թիկունքից»: ՌԴ-ն կատարվածից դասեր քաղե՞ց, հասկացա՞վ, թե իրականում ինչ պետության հետ գործ ունի:
-Ռուսաստանն ու Թուրքիան շարժվում են աշխարհաքաղաքական հաշվեկշռի համաձայն՝ ո՛չ համակրանքով, ո՛չ էլ հակակրանքով: Ռուսաստանն իր մեծ դերակատարումն ունի աշխարհի խաղացողների շարքում, Թուրքիային էլ «դեմ են տվել», որ այդ գործընթացին խանգարի։ Թուրքիան հրմշտոցով էլ պետք է տեղավորվի խաղացողների շարքում ու իր բաժինը ստանա։ Ռուսաստանը դառնում է ինքնուրույն բևեռ, Թուրքիան այդպիսին չի կարող դառնալ։ Նա պիտի քծնի մե՛կ Եվրոպային, մե՛կ ՆԱՏՕ-ին, մե՛կ ԱՄՆ-ին։ Եթե ռուսական օրինական շահերը բավարարվեն, առճակատումներ չեն լինի։ Պուտինը նաև պետք է հետևություն անի սեփական պատմությունից, այսինքն` լենինյան, ստալինյան իշխանությունների անհեռատեսությունից դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ուրեմն Ռուսաստանը կհզորանա և աշխարհի հզորների հետ համաքայլ կշարժվի։ Պատմական մի դրվագ. 1920-ականներին Պովոլժիեի սովի հաշվին Լենինը փրկեց Թուրքիան։ Դա եղավ Հայաստանի և Հունաստանի տարածքների, իրենց ժողովրդին սպանդի, սովի մատնելու հաշվին։ Ոչնչացրին Պովոլժիեի ռուս գյուղացիությանը, Հայաստանի՝ Սևրի պայմանագրի հեռանկարը կործանեցին, մասնատեցին նաև այն Հունաստանը, որից թուրքերը ստացել են գիր-գրականություն, մշակույթ, հոգևոր կյանք։ Հիմա Պուտինն այս ամենը հաշվի կառնի՞։ Կարծում եմ՝ այո, որովհետև նրա թիմը ինտելեկուալ բարձր մակարդակ ունեցող մարդկանց խումբ է, հայրենասեր մարդկանց խումբ է, ի տարբերություն մեր երկրի քաղաքական էլիտայի։
-Այս օրերին ռուսական հեռուստաընկերությունների եթերը ողողված է «հայկական» շոուներով, ռուսները պարբերաբար հնչեցնում են հայկական հարցը, հայերի արդար պահանջը։ Դաշնակից Հայաստանի «գինը» նո՞ր են հասկանում ռուսները, թե՞ իրենց շահերից է բխում այս պահին օգտագործել մեր «ցավը»։
-Առայժմ հայկական հարցը շահարկելու նպատակ ունեն։ Հայաստանի պատրվակով «թքում» են Թուրքիայի երեսին։ Եվ լավ են «թքում»։ Ի վերջո, սա նաև մեր հարցի առնչությամբ քարոզչություն է ողջ աշխարհով մեկ։ ՈՒզում եմ առանձնացնել երկու փորձագետների՝ Վլադիմիր Սոլովյով և Վյաչեսլավ Նիկոնով։ Նրանք ոչ թե պրոհայկական դիրքորոշում ունեն, այլ իրական ռուս հայրենասերներ են, ռուսական շահերը գիտակցողներ։ Լենինյան քաղաքականությունն իրենց համար հանցագործություն է։ Դժվար է ասել, Ժիրինովսկին անկե՞ղծ է, թե՞ ոչ, որովհետև շատ է «խաղում», բայց անում է այն ամենը, ինչ նորմալ մարդն իրեն թույլ կտա։ Եթե Ռուսաստանում Արևմտյան Հայաստան ասելիս «արևմտյան» բառը հանեն, իրենք կվերադառնան իրերի իրական վիճակի գնահատմանը։ Այս քայլով նրանք Ադրբեջանին դուրս են մղում տարածաշրջանից։ Այս պահին հայ պատմաբանները պետք է ողջ համացանցը, եթերը լցնեն պատմական ակնարկներով։ Այս պարագայում Ղարաբաղը ևս համարվելու է ցեղասպանության դեմ համառ կռիվ տվող տարածքներից մեկը։ Հայ պատմաբանները պետք է ռուսների հետ աշխատեն, փաստաթղթեր տպեն, օգնեն պատմական ճշմարտությունը վեր հանելուն։
-Ասել է՝ պարարտ հող է ստեղծվել, և Հայաստանը կարող է իր պատմական խնդիրները աշխարհին ցույց տալ ու լուծումնե՞ր պահանջել։ Մեղադրո՞ւմ եք հայկական կողմին, որ թերանում է այս հարցում։
-Այո, չեն խոսում այս մասին։ Ռուս-թուրքական այսօրվա կոնֆլիկտի խորացման պարագայում եթե ռուսները չեն ասում, որ 1921-ի մարտի 16-ի Ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ է հայտարարվում, ուրեմն հերթական անգամ հայկական «արյունը» շահարկելու նպատակ ունեն։ Սա ռուս-թուրքական «եղբայրության» պայմանագիր էր, հիմա թող տեսնեն՝ ինչ եղբայրության մասին է խոսքը։ Հաջորդ հանգամանքը. Նախիջևանի պրոտեկտորատում (խնամակալություն), որն Ադրբեջանի մաս երբեք չի եղել, կա թուրքական զորախումբ, Ռուսաստանն այսօր իրավունք ունի դրանք հեռացնելու։ Սա հայկական կողմը պետք է պահանջի։ Եթե այս նվազագույն քայլերը չի անում Ռուսաստանը, ուրեմն մեզ հետ հերթական խաղն է խաղում։ Ի վերջո, կա նաև խնամակալության ժամկետ։ Եթե հիմա Ռուսաստանը չի բարձրաձայնում այս մասին, էլ ե՞րբ պետք է խոսի։ Իսկ հայ ժողովուրդն այսօր որևէ հուզական «ցուցադրություն» չպետք է անի։ Չմոռանանք՝ 1915-ին պատժվել ենք նաև մոլի ռուսասիրության համար։
-Դիտորդի՞ աչքով պետք է նայենք զարգացումներին։
-Այո, զուսպ և առանց ավելորդ հրճվանքի։ Թող հրճվեն իրենց հոգու խորքում, որովհետև ինչքան թուրքերին խփեն, այնքան մեզ օգուտ է։ Իշխանությունը պետք է գործի հստակ, Ռուսաստանին պետք է պարտադրել կառուցողական փոխհարաբերություն։ Հստակ պետք է ասել՝ մեր թիկունքն ապահով չէ, դուք պետք է օժանդակեք մեզ, որպեսզի Ադրբեջանին խաղաղություն պարտադրենք՝ մեզ հարմար նվազագույն զիջումներով։ Հիմա Ադրբեջանը ցուցադրաբար ռուսասիրություն է խաղում, բայց էությամբ նույն թուրքն է։ Պիտի համացանցը ողողվի այնպիսի նյութերով, թե ինչպես հազարավոր ռուսներ կոտորվեցին ադրբեջանցիների ձեռքով։ Հայաստանը պետք է իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հանդեպ կատարի, բայց զուսպ։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը պետք է արագ աշխատի, որովհետև, բացի ներքին խնդիրներից, կարիք կլինի նաև արտաքին մարտահրավերներին արագ արձագանքել։ Հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվեն։ Մինչև կառավարությունը, Ազգային ժողովն անդրադառնան այդ խնդրին, նախագահը ԱԱԽ-ի հետ կարող է արագ որոշումներ ընդունել։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ