Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Հիմա լուծվում են շատ մեծ հարցեր, և մեր մեջտեղ ընկնելն ուղղակի անիմաստ է»

«Հիմա լուծվում են շատ մեծ հարցեր, և մեր  մեջտեղ ընկնելն ուղղակի անիմաստ է»
01.12.2015 | 00:57
Նոյեմբերի 28-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էին սեմինար՝ ներկայացնելու միջազգային կառույցների գործունեությունը: Դավիթ Ամիրյանը (Բաց հասարակության ինստիտուտի փոխտնօրեն) ներկայացրեց Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքն ու արդյունքները, Եվա Պոլակը (ԳՏՀ)՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը համընդհանուր պարբերական դիտարկման տեսանկյունից, Վլադիմիր Կարապետյանը (ՀԱԿ)՝ եվրոպական ինստիտուտների ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա, Ստեփան Գրիգորյանը խոսեց եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումների մասին: Հավարտ սեմինարի՝ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ուղղեցի սեմինարի թեմայից դուրս հարցեր:
-Ձեր գնահատականով՝ նոյեմբերի 24-ից անակնկալ սկսված ռուս-թուրքական առճակատումը մի քանի օրից չի՞ ավարտվի:
-Ոչ, այդ լարվածությունը երկարաժամկետ է, ունի խորքային պատճառներ և չի կարող ինչպես անակնկալ սկսվեց, այնպես էլ անակնկալ ավարտվել: Չեմ կարծում նաև, որ որևէ մեկը այդ լարվածությունից պետք է ուրախանա, առավել ևս՝ մենք, որովհետև այդ հակամարտությունը ծանր վիճակի մեջ է դնելու փոքր երկրները:
-Մենք ի՞նչ վերաբերմունք պիտի ունենանք:
-Կարծում եմ՝ մենք պիտի չեզոք դիրք ունենանք: Նման ճակատամարտի ընթացքում տարածաշրջանային և համաշխարհային խոշոր խաղացողների տնտեսական, քաղաքական ակտիվությունը հանգեցնում է փոքր երկրների մանևրելու տարածության ու հնարավորությունների փոքրացմանը: Ես չեմ կարծում, որ այս առճակատումը բխում է մեր շահերից և, անկախ մեզնից, լարվածությունը շարունակվելու է: Հարցը միջպետական քաղաքական կամ առևտրատնտեսական հարաբերությունների վատացումը կամ նույնիսկ խզումը չէ, սա հարված էր անձամբ Պուտինին:
-Առևտրատնտեսական շահերը չե՞ն հավասարակշռի քաղաքական առճակատումը:
-Ոչ, առևտրատնտեսական շահը չի կարող հավասարակշռել, որովհետև սա հարված էր Պուտինի իմիջին, նրա ինքնասիրությանը: Նա աջ ու ձախ սուր էր ճոճում՝ ՈՒկրաինա, Հյուսիսային ծովեր, Ատլանտյան օվկիանոսի օդային տարածք՝ և ոչ մի տեղ կոշտ պատասխան չստացավ: Լինում էին, իհարկե, դիվանագիտական բողոքներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների հայտարարություններ, որոնք հստակ չէին, կոնկրետ չէին և չէին կարող լուրջ ազդեցություն ունենալ:
-Իսկ պատժամիջոցները կոնկրե՞տ չեն:
-Պատժամիջոցները ՈՒկրաինայի դեպքերից հետո այդքան մեծ հարված չէին: Բոլորն էլ գիտեն, որ պատժամիջոցները կիսատ-պռատ են պահպանվում: Ընդհանուր առմամբ՝ դա ուժեղ մեխանիզմ է: Այս պարագայում Ռուսաստանը ոչ թե տնտեսական, այլ ուժային հարված ստացավ, որ մեծ վտանգ է: Բոլորը համարում էին, որ Ռուսաստանը ռազմական հզոր երկիր է, Ռուսաստանից նաև վախենում էին՝ հիշելով միջուկային զենքը, բայց հանկարծ Թուրքիան, որ ամենաուժեղը չէ աշխարհում, չվախեցավ ու ռուսական կործանիչ խփեց: Գործընթացը դեռ թափ է հավաքում և առաջիկայում սպասել կարգավորման՝ անիմաստ է: Լարվածությունը կշարունակվի և կտեղափոխվի այլ դաշտեր՝ Ռուսաստանը արդեն փակում է իր սահմանները թուրքական ապրանքների առաջ, հունվարի սկզբից վերացնում է առանց վիզայի երթուդարձը, կսահմանափակվեն Ռուսաստանում թուրքական բիզնեսի հնարավորությունները, և դա կշարունակվի երկար ժամանակ:
-Ինչպե՞ս պիտի մենք չեզոքություն պահենք:
-Հայաստանը կարող է արտգործնախարարության մակարդակով մտահոգություն հայտնել, հայտարարություն անել, ի վերջո, ակնհայտ է, որ ռուսական ինքնաթիռը խփելը սխալ էր, բայց ոչ մի դեպքում միակողմանի ռուսամետ դիրքերում չլինել: Հիմա լուծվում են շատ մեծ հարցեր և մեր մեջտեղ ընկնելն ուղղակի անիմաստ է:
-Անիմաստ է, բայց Ռուսաստանը համառորեն փորձում է Հայաստանին ներգրավել՝ իբրև ՀԱՊԿ անդամ, իբրև ռազմավարական դաշնակից:
-Դիմակայել պետք է միանշանակ՝ դա մեր անվտանգության խնդիրն է: Ռուսաստանը նոր չի փորձում ներգրավել, 19-րդ դարից փորձում է, հետո ինչ:
-Պետդուման ասում է՝ Թուրքիան պիտի ցեղասպանությունը ճանաչի, ասենք՝ ո՞չ:
-Թող ճանաչել տան, մենք դա ողջունում ենք, բայց մենք նաև հասկանում ենք, որ դա արվում է հակառակ Թուրքիայի, ոչ թե հանուն մեզ: 19-րդ ու 20-րդ դարերի փորձը ցույց տվեց, որ երբ Հայաստանը խոշոր հարցերում մեջտեղ է ընկնում, պատմությունն ավարտվում է ցեղասպանությամբ: Ռուսաստանն ի վերջո դուրս կգա տարածաշրջանից՝ այդքան ռեսուրսներ չունի երկար ժամանակով մնալու, հետո մենք ի՞նչ ենք անելու, եթե հիմա կոշտ պաշտպանենք Ռուսաստանին:
-Մի քանի հարյուր տարի՝ տարածաշրջանում են, հիմա դո՞ւրս են գալու:
-Ռուսները մնացի՞ն Էրզրումում, Կարսում: Ես դա ցավով եմ ասում, որովհետև բոլորիս պետք է խաղաղ ու կայուն տարածաշրջան: Թուրքիայի Եվրամիության անդամ լինելը նույնիսկ մեր շահերը չի վտանգում, բայց շեշտում եմ՝ ակտիվ մասնակցել ռուս-թուրքական առճակատմանը մեզ համար վտանգավոր է:
-Էրդողանը և տրտնջում է, որ Պուտինն իր հեռախոսազանգերին չի պատասխանում, և նրան ասում է՝ կրակի հետ մի խաղա, և ուզում է նրա հետ հանդիպել: Շատ հակասական չէ՞ նման պահվածքը պետության ղեկավարի համար:
-Երբ Էրդողանը հարվածում էր ռուսական կործանիչին, գիտեր, որ աշխարհում շատերն իր կողմն են անցնելու՝ վառված լինելով Ռուսաստանից:
-Բայց այդքան էլ չանցան՝ ըստ արձագանքների:
-ԱՄՆ-ը՝ միանշանակ, ՆԱՏՕ-ն՝ միանշանակ, Սաուդյան Արաբիան ու արաբական աշխարհը: Շատերին դա դուր եկավ, որը հիմք է դառնում Թուրքիայի նախագահի հանդուգն պահվածքի: Ռուսաստանը ուժային պատասխան է տալու՝ թուրքական ապրանքները երկիր չթողնելը, մարդկանց առաջ սահմանը փակելը փոքր քայլեր են:
-Ի՞նչ է նշանակում ուժային պատասխան:
-Իհարկե, չի նշանակում՝ պատերազմ, բայց տարբեր հնարավորություններ կան: Օրինակ, երբ թուրքական ուղղաթիռները կամ ինքնաթիռները սահմանը խախտեն, անպայման կխփեն: Ռուսաստանն այլևս իրեն չեզոք չի պահի, հակառակ դեպքում Պուտինի հեղինակությունն է հարվածի տակ հայտնվելու:
-Էրդողանն ու Պուտինը կհանդիպե՞ն Փարիզում:
-Կասկածում եմ, կարծում եմ՝ չեն հանդիպի, դեռ պատրաստ չեն:
Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Դիտվել է՝ 1107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ