Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞Ւր ենք գնում, ո՞վ է տանում

Ո՞Ւր ենք գնում, ո՞վ է տանում
01.12.2015 | 01:15

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մնաց 5 օր: Կիրակի արդեն «այո»-ներն ու «ոչ»-երը կարտահայտվեն քվեաթերթիկների վրա: Հաջորդ երկուշաբթի Հայաստանը նշելու է ոչ միայն երկրաշարժի 27-րդ տարելիցը, այլև կառավարման նոր համակարգին անցումը կամ գործող Սահմանադրության հաղթանակը առաջարկվողի նկատմամբ: Աղոտ հույսեր կային, որ քարոզարշավի մեկ ամսում քաղաքական ուժերը վերջապես կհիշեն, որ հանրաքվեն վերաբերում է Սահմանադրությանը, բայց Հայաստանում՝ ոնց Հայաստանում: Իշխանությունը և ոչ իշխանությունը ներկայացնող «այո»-ականները, որ մտադիր էին առաջարկվող փոփոխությունները քարոզել, ամեն քայլափոխի բախվեցին իրականության պատին՝ ստիպված լինելով խոսել ոչ այնքան Հիմնական օրենքից, որքան իշխանություն-ժողովուրդ հանդիպումը վերածել բողոքները մեղմելու, փոխըմբռնումի հող գտնելու փորձերի: «Ոչ»-ականները շարունակեցին նույն քաղաքականությունը՝ բովանդակային քննարկումների մեջ չմտնել և հանրաքվեն դարձնել իշխանափոխություն: Միակ հակասությունը այս քաղաքականության մեջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածն էր, որ դարձյալ կոչ էր անում «ոչ»-ի ու դիմում էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացրած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույս հայտնելով, որ հանրաքվե չի անցկացվի աշխարհաքաղաքական այս վիճակում: Երկրորդ նախագահն ավելի վաղ էր հարցազրույցով «ոչ»-ը վերահաստատել ու պայմանավորել էր ներքին խնդիրներով: Երրորդ նախագահը չի ասել իր եզրափակիչ խոսքը: Շրջադարձ արդեն չի լինի՝ ժամանակ չկա: Հինգ օր հետո Հայաստանի Հանրապետության իրականում անհայտ թվով ընտրողները պիտի գնան ընտրատեղամասեր ու փաստեն իրենց վերաբերմունքը: Հայաստանում ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ անակնկալներ չեն լինում, միշտ էլ ստացվում է ակնկալվող արդյունքը: Կարևորը հետոն է: Հետընտրական իրադարձությունները միշտ ավելի բուռն են, քան նախընտրականը: Հանրաքվեներին դա չի վերաբերում: Հազիվ թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից սկսվող իր անհնազանդության ակցիաներով իրավիճակ փոխի, եթե իսկապես սկսի: Չկա բողոքական այն զանգվածը, որ լցնելու է հրապարակներն ու մնալու է՝ մինչև նպատակին հասնի: Նպատակ չկա: Կա համատարած դժգոհություն՝ բոլոր մակարդակներում: Իշխանությունից ժողովուրդ:
Եթե առաջին Սահմանադրության բախտը չբերեց քաղաքական պատճառներով՝ նույն օրն անցկացվեցին խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն, սահմանադրական փոփոխությունների հաջորդ փորձերն էլ գնացին նույն ճանապարհով՝ մեկ հաջող և մեկ անհաջող: Այս փոփոխության բախտը ընդհանրապես չբերեց ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս կատարվող իրադարձությունների բերումով: Օրվա լուրերի առաջին տասնյակում պիտի միայն հանրաքվեն լիներ, բայց մեծ աշխարհը մտնում էր լրահոս ու իրենով փակում առաջին տասնյակը: Սկսվեց Սիրիայով ու հասավ հարևան Թուրքիա: Երբ նոյեմբերի 24-ին Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծին ռուսական կործանիչը թուրքերը խփեցին, Սիրիայում մղվող պատերազմի բովանդակությունը դարձավ ավելի անթաքույց: Մինչ այդ բոլոր պետություններն էլ տեղյակ էին, որ Անկարան համագործակցում է ԻՊ-ի հետ՝ նրանց օգտագործելով Բաշար Ասադի դեմ՝ նրան իշխանազրկելու և քրդերի դեմ՝ նրանց ոչնչացնելու նպատակով: Իրավիճակ փոխեց Փարիզի ահաբեկչությունը: ՈՒշքի եկող Եվրոպան իր կոալիցիոն դաշնակցից պահանջելու էր երկակի խաղին վերջ տալ ու դադարեցնել աջակցությունը ԻՊ-ին: Քայլ, որ Թուրքիան չէր կարող անել, որովհետև ընտրություններում հաղթած նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նպատակն է ոչ միայն գահընկեց անել Բաշար Ասադին, այլև մասնատել Սիրիան և անցումային կառավարությանը հաջորդող իշխանության մեջ ունենալ իրեն հավատարմության երդում տված քաղաքական ուժերի ու գործիչների: Ամեն ինչ իր հունով գնում էր՝ մինչև Ռուսաստանի Սիրիա մտնելը: Ռուսները խառնեցին Էրդողանի հաշվարկը:

Նրանք ոչ միայն ուժեղացրին Ասադին, այլև սկսեցին ռմբակոծել դեպի Թուրքիա հոսող ԻՊ-ական նավթը՝ փակելու ահաբեկիչների ֆինանսական աղբյուրները: Էրդողանը չէր կարող ձեռքերը ծալած սպասել իր ծրագրերի իսպառ փուլ գալուն: Նրան առիթ էր պետք, որ կասեցնի Ռուսաստանի ռմբահարումները հենց այդ տարածքում: Էրդողանը նաև ալիբի ուներ՝ արդեն Պուտինին բողոքել էր, որ ռուսական ինքնաթիռները խախտում են Թուրքիայի օդային սահմանը, Պուտինը կատակի էր տվել՝ լավ ընդունեք հյուրերին, Էրդողանը քաղաքականության մեջ հումորը բացառելով՝ պատասխանել էր՝ անկոչ հյուրերին լավ չեն ընդունում: Հետո երկու կողմից այնքան հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցին, որ բոլորին անդրադառնալը անհեթեթ է: Մի քանի օրում ստեղծվեց մի իրավիճակ, որ երկու կողմերում այսօր բացառում են միայն ռազմական բախումը, մնացած դեպքերում՝ պատերազմում՝ ոնց պատերազմում: Բայց դրանից ոչ Էրդողանի ծրագրերը փոխվեցին, ոչ Պուտինի: Ամեն ինչ դարձավ ավելի բացահայտ: Էրդողանը արդեն չի թաքցնում, որ մտադիր է Սիրիայի հյուսիսը` Հալեպի և Լաթաքիայի միջև ընկած տարածքը վերածել Թուրքիայի 82-րդ նահանգի` խաղարկելով այդ շրջանում ապրող թուրքմենների խաղաթուղթը: Նա պնդում է ռազմական միջամտության վրա, որը հնարավորություն կտար չեզոքացնել շիական առանցքը` Իրան-Սիրիա-«Հըզբոլլահ»: Չորս տարի Թուրքիան փորձում է իշխանությունից հեռացնել Ասադին՝ ֆինանսավորելով ահաբեկիչներին և Ասադի դեմ պարտիզանական պատերազմը, իր օդանավակայանները լցրել է օտարերկրացի զինվորականներով նրանց Սիրիա ուղարկելու համար և ջիհադականներին ռմբակոծելու փոխարեն հրետակոծում է քրդերին` ԻՊ-ի թշնամիներին: Անկարան խալիֆաթից մաքսանենգ նավթ էր գնում բարելի դիմաց 15-20 դոլար գնով, վերավաճառում էր կրկնակի գնով: Ռուսաստանն ու Իրանը խաղի մեջ մտնելով՝ Էրդողանի կայսերական երազանքները փշուր-փշուր են անում: Անկարային մնում էր ռուսների դեմ պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին. պատահական չէ, որ ռուսական անզեն, արդեն մարտական առաջադրանքը կատարելուց վերադարձող ինքնաթիռին հարվածելուց հետո Անկարան առաջինը նետվել է ՆԱՏՕ-ին իրավիճակ զեկուցելու և պահանջել է արտահերթ նիստ, որից, սակայն, չի ստացել իր ցանկացածը. ընդամենը ՆԱՏՕ-ն հաստատել է, որ ամեն երկիր իր օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի: Բայց Բրյուսելը իր կործանիչներն օդ չի հանել հանուն Անկարայի ու ընդդեմ Մոսկվայի: Եվ ինչի՞ վրա էր Էրդողանի հաշվարկը: Գուցե ԻՊ-ին ապացուցելու, որ իրենց պաշտպանելու համար անգամ ռուսական կործանիչ է պատրաստ խփել: Եվ այս հարթության մեջ ի հայտ են գալիս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարբերությունները: Ի՞նչ արեց Օլանդը Փարիզի ահաբեկչությունից հետո: Երկրից երկիր՝ փորձեց հակաահաբեկչական միասնական ճակատ ձևավորել: Ի՞նչ արեց Պուտինը ռուսական ինքնաթիռը իր բառերով «թիկունքից խփելուց» հետո: Մի քանի օրում ոչնչացրեց տարածքում ապրող «չափավոր ընդդիմության», այն է՝ Էրդողանի պաշտպանյալ թուրքոմանների զինուժը, վերականգնեց ՌԴ-Թուրքիա վիզան, զբոսաշրջային բիզնեսը փակեց, որ հատկապես ծաղկում էր Եգիպտոսի ուղղությունը փակելուց հետո, Ռուսաստանում լավ խորացած թուրքական բիզնեսին տան ճանապարհը ցույց տվեց: Եվ հայտարարեց, որ դա սկիզբն է: Իբրև սկիզբ՝ Պուտինը չպատասխանեց նաև Էրդողանի հեռախոսազանգերին: Ճիշտ է՝ նա 7-8 ժամ հետո էր գլխի ընկել, որ պիտի զանգի ու չէր պատրաստվում ներողություն խնդրել, այլ հայտարարում էր, որ իրենից պիտի ներողություն խնդրեն: Բայց որքան ՆԱՏՕ-ն պաշտոնական բարձունքներում մնաց, այնքան Էրդողանը որոշեց, որ ինքը «տխուր է», ավելին՝ պատրաստ է Փարիզում հանդիպել Պուտինի հետ: Իսկ ՌԴ նախագահը մի քանի օր ընդամենը մեկ շաբաթ առաջվա սիրելի գործընկերոջը հանդիպելու ցանկություն չուներ կամ չէր արտահայտում: Իսկապես հարվա՞ծ էր թիկունքից նրա համար թուրքական կործանիչի կողմից ռուսական կործանիչը խփելը: Չգիտե՞ր Պուտինը, որ մահացու հարված է հասցնում Էրդողանի ծրագրերին ու հեղինակությանը: Կարծում էր՝ կհամակերպվի՞: Թերևս Պուտինը ավելի շատ մտածում էր սեփական ծրագրերի մասին՝ Լաթաքիան նրան ևս պետք է՝ ռուսական ռազմաբազայի համար ու Միջերկրական ելքի, ի վերջո, Ասադին Սիրիայի մի հատվածում իշխանության պահելու համար: Պարզ մրցակցություն է՝ ո՞վ է լինելու Սիրիայում Ասադին հաջորդող կառավարության կազմում: Ո՞ր երկիրը և ո՞ր կոալիցիան ներկայացնող ուժերը: Ռուսական սցենարով թուրքերին մնում է Թուրքիան իր ներկա սահմաններում, Սիրիայից ոչ մի տարածք, թուրքական սցենարով՝ Սիրիան մասնատվում է ու Թուրքիան վերադարձնում է Օսմանյան կայսրության տարածքներից որոշակի հատվածներ՝ ի հաշիվ Սիրիայի: Կշարունակվի՞, թե՞ կամաց-կամաց կհանդարտվի ռուս-թուրքական առճակատումը՝ չհասնելով Թուրքիայում Ռուսաստանի կառուցելիք ատոմակայանի նախագծի դադարեցմանը, «Թուրքական հոսքի» կասեցմանը և «Գազպրոմին»: Թերևս լարման գագաթնակետն անցել է և երկու պետություններն էլ անցնելու են դիրքային մարտավարության՝ ոչինչ չկորցնելու ու միայն շահելու սկզբունքով: Ռուս-թուրքական հակասությունները աշխարհին պետք չեն: Եթե պետք են, ոչ այսքան սուր:

Այս ընթացքում ռուսական քաղաքական էլիտան ազգային-հայրենասիրական իր պոռթկումներում շատ ավելի սահմանախախտ էր, քան ռուս զինվորականները: Առավոտից երեկո հեռուստառադիոեթերից չիջնող քաղաքական ու հասարակական գործիչները, որ խոսքով ոչնչացնում էին Թուրքիային ու Էրդողանին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ն համաժամանակյա, բացարձակապես չէին հիշում, որ կա Ղազախստան ու կա Բելառուս, հիշում էին միայն Հայաստանը: Մինչդեռ նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն չհամաձայնեց, որ Բելառուսում ռուսական ավիաբազա լինի, իսկ Նուրսուլթան Նազարբաևի Ղազախստանը ԱՊՀ-ում առաջին երկիրն է՝ ԻՊ-ի հետ կապերով: Պարզվեց, որ միայն Հայաստան կա ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Բավարա՞ր հիմք է դա, որ Մոսկվան դադարեցնի զինել Ադրբեջանը՝ Թուրքիայի փոքր եղբորը: Իրատես լինենք՝ ոչ: Բիզնեսի խափանման համար պետք է, որ ադրբեջանական կործանիչը խփի ռուսական կործանիչին: Իսկ մինչ այդ՝ Մոսկվան հակառակը՝ Ադրբեջանին կշարունակի աչքի լույսի պես պահել՝ թեկուզ ի հեճուկս Թուրքիայի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մենք ի՞նչ ենք անում բացի հանրաքվեից: Նոյեմբերի 25-ին մենք զինված խումբ բացահայտեցինք՝ ահաբեկչական: ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն էլ նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում ներկայացնելով Նորք-Մարաշի օպերացիայի մանրամասները, ասաց, թե խումբն ունեցել է առանձնապես դաժան ծրագրեր, և թիրախում եղել են պետական պաշտոնյաներ, համեմատեց հոկտեմբերի 27-ի հետ: Առավել քան անտեղի համեմատություն: Ոչ այն պատճառով, որ ահաբեկչության մեջ մեղադրվող այս խումբը ձերբակալված է: 1999-ի հոկտեմբերի 27-ի չկանխված և 2015-ի նոյեմբերին կանխված ահաբեկչության միջև բոլորովին այլ իրականություն է՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը տարածաշրջանի մակարդակով իրավիճակ փոխող պետական ու քաղաքական դեմքեր էին, նրանց հնարավոր էր կասեցնել միայն սպանությամբ: Ո՞Ւմ էին սպանել ծրագրում Նորք-Մարաշում ձերբակալվածները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՞ն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՞ն: ՈՒ ի՞նչ էր փոխվելու: 27-ի կազմակերպիչների մասով գործը կասեցվեց: Ոչ պաշտոնապես պատճառաբանվում էր, որ կազմակերպիչները Հայաստանում չեն: Այս դեպքում որտե՞ղ են: Ներսո՞ւմ, թե՞ դրսից են նրանց ֆինանսավորել ու զինել: Ո՞Ւմ դեմ են ուղղել: Ճիշտ հանրաքվեի նախօրեին: Ադրբեջանում Նարդարանը, Հայաստանում՝ Նորք-Մարաշը, Վրաստանում՝ իրենց ահաբեկիչները: Ո՞Ւր ենք գնում: Ո՞վ է տանում: Ո՞վ է առաջինը տեղ հասնելու:

Դիտվել է՝ 1162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ