USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Սրտով մտածելու դժվարությունները

Սրտով մտածելու դժվարությունները
01.12.2015 | 01:47

(սկիզբը՝ այստեղ)

Զրուցակիցս տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՆ է:


-Նշենք մեկ անգամ արդեն հնչեցրած կարևոր հանգամանքը. մեր ներկա խոսքուզրույցի պատճառը 1781-ին Պարսկաստանի Փերիա գավառի Բուրվարի գյուղում ծնված, երկար տարիներ օտար եզերքներում արժեցող-չարժեցողի քմայքները հանդուրժած, իսկ կյանքի վերջին երեք տասնամյակը Նիդերլանդական Հնդկաստանի՝ ներկայիս Ճավա կղզու Սմարանգ նավահանգստում բնակված ՀՈՎՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆ է և քո` «Իրատեսում» տպագրված «Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ» հրապարակումը:
-Այո, և երկարաշունչ, գուցե թե ընթերցողի համար հոգնեցուցիչ մեր խոսակցությունը հարկ է ավարտել: Պարզապես ցանկանում էի պատմականության և արդիականության շղթայում ընդհանրական դիտարկումներ կատարել` ցույց տալու համար հայոց տնտեսական մշակույթի, ազգային կապիտալի եզակիությունը, որպեսզի հասկանալի լինի նաև Հովսեփ Ամիրխանյանի բացառիկությունը:
-Փորձենք հստակեցնել խոսքերիդ ենթատեքստը:
-Ներքին «խոհանոցիս» մասին երբևէ չեմ խոսել, դա հիմա կանեմ առաջին անգամ, որովհետև Հ. Ամիրխանյանը դրան արժանի է, և համարիր, որ դա նրա ցանկությունն է: Նախ, մեկնակետ ընդունենք, որ սույնն ընթերցողը չգիտե ում և ինչի վերաբերյալ ենք զրուցում ու չի կարդացել «Իրատեսի» 11 համարներում տպագրված վերոհիշյալ նյութս:
-Նյո՞ւթ… Պետք է կրկին փաստեմ. մեր ներկա զրույցի պատճառ դարձած շարքում վիրտուոզ կատարմամբ ջախջախել ես ընդունված դասական ժանրերից մեկը՝ ակնարկը, և ստեղծել լրագրային քո ինքնատիպ ժանրը: Հետևապես, ստիպված եմ հարցադրել՝ ժանրային առումով հիշյալ հրապարակումն ինչպե՞ս կբնութագրես: Միայն՝ չօգտագործես «նյութ» եզրույթը:
-«Նյութ» բառը գործածեցի` վերհիշելով Հրանտ Մաթևոսյանի բնորոշումը. «Այս էլ քանի անգամ գործ եմ սկսում գոնե ծավալը նախապես լավ չպատկերացնելով և դառնորեն պատժվում եմ. նյութ է ստացվում և ոչ թե գործ. անկարգ, անկազմակերպ, թափթփվող, ավելացրեք՝ ջերմ, հուզիչ, թանկ, նույնիսկ տաղանդավոր, բայց՝ նյութ, ինչին վիճակված չէ ապրել, քանի որ ժանրի մեջ չէ: Ժանրերը մարդկության մեծագույն հայտնագործություններն են, հայտնագործություն ասելը քիչ է - դարավոր տառապագին աշխատանքի արդյունք են. քանի ցավ, վրեժ, արյուն, սարսափ, հաղթանակ, հրճվանք ու պարտություն են եղել, հազար բերանից պատմվել ու ժամանակի մեջ քայքայվել-կորել՝ քանի որ ժանրային կառույցի մեջ չեն եղել»: Եթե ընդունեմ այս տեսակետը, կասեմ` նյութ, բայց իրականում այն ամենը, ինչ գրում եմ, պատմագիտական ապացույցներով հանրամատչելի ակնարկներ են մեր ազգային կապիտալի մասին:
-Ասել է՝ նոր ժա՞նր ես ստեղծել:
-Չգիտեմ նույնիսկ՝ դա նոր ժանր է, թե ոչ: Ստեղծագործելու տարածքն իմ սեփականությունն է, և ես այդտեղ լիակատար ազատ եմ, առաջնորդվում եմ պատմական իրողությունների և անձերի «հորդորով»: Դիցուք, չգիտեմ «Մտադիր եմ…»-ն ի՞նչ ժանրի է պատկանում, դասական ժանրային կանոնները խախտել եմ: Տասնմեկից յոթը զուտ հայագիտական հետազոտություն է, հաջորդ չորսը, որ անվանել եմ «Խոհականք», գրական, թե հրապարակախոսական` էլի չգիտեմ ինչպես որակել: Բայց ժանրային խախտումը տեղի է ունեցել ոչ թե իմ կամոք, ոչ թե ինչ-ինչ մոդեռնիստական հակումների տուրք տալու միտումով, այլ Հովսեփ Ամիրխանյանի ու նրա պատմության թելադրանքով:
-Տրոհե՞նք երկու մասի:
-Տրոհենք: Հովսեփ Ամիրխանյանի` 1829 թ. հոկտեմբերի 20-ին Նիդերլանդական Հնդկաստանի (ներկայիս Ինդոնեզիայի) Սմարանգ նավահանգստից Ներսես Աշտարակեցուն գրած նամակին ծանոթ էի շատ վաղուց և, խոստովանեմ, մինչ օրս հուզմունք եմ ապրում, երբ կարդում եմ այս տողերը. «Հավաստիացնում եմ Ձեզ, ողորմած տե՛ր, որ Աստծո ողորմածությամբ ես այստեղ ոչ մի բանի կարիք չունեմ: Վայելելով բարի համբավ և համընդհանուր հարգանք, ես բախտից պարգևատրվել եմ անչափ նշանակալի հարստությամբ: Հողատարածքներ, նավեր, շինություններ՝ ամեն ինչ լիուլի ունեմ, բայց բախտի այդ բոլոր ճոխ պարգևները տակավին ինձ չեն մխիթարում, երբ մտաբերում եմ, թե ի՜նչ վիճակի մեջ է իմ սիրելի Հայրենիքը և ինչպիսի՜ թշվառություն են կրում իմ հայրենակիցներից ոմանք: Այդ պատճառով շատ եմ փափագում ունեցածիս մի մասը տրամադրել հօգուտ և ի թեթևացում իմ հայրենակիցների դրության: Եթե մտադրություններս իրագործվեն, ապա ընտանյոք և ունեցածս գումարներով կտեղափոխվեմ Հայաստան, իսկ մնացյալ կարողությունիցս հօգուտ հայրենակիցներիս կհատկացնեմ այնքան, որ նրանք կարողանան տարեկան չորս կամ հինգ լաք ռուփի (ինչը փոխարժեքով կկազմի 500 հազար ռուբլի) եկամուտ ստանալ թե՛ կենդանությանս օրոք և թե՛ ետ իմ մահվան, քանզի միայն կալվածքս ահագին քանակությամբ շաքար ու սուրճ է տալիս, ուր մնաց մյուս տարածքներս, որոնք ամեն տարի մեծ եկամուտ են բերում: Աստծո շնորհիվ, ես այստեղ մի տիրակալ իշխանի հավասար կյանք եմ վայելում: Լոկ հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ»: Առաջին անգամ Հ. Ամիրխանյանին անդրադարձել եմ 2003 թ. իմ «10 կապիտալիստ» գրքում, դրանից հետո ևս մի քանի անգամ գրել եմ տարբեր պարբերականներում: Բայց հասկանում էի, որ դեռևս շատ քիչ բան գիտեմ, անհրաժեշտ էր սպասել. տարիների ընթացքում հայթայթած նոր տեղեկությունները խնամքով ժողովում ու պահում էի իմ արխիվում: Եվ ահա այս տարի հայտնաբերեցի երկու խիստ արժեքավոր աղբյուր, որոնք դրդեցին ամբողջ կուտակածը ի մի բերել և, գուցե թե, վերջնականապես սպառել Հ. Ամիրխանյանի թեման: Դրանցից մեկը նրա ծոռան ծոռ Հանս Բուրսի imexbo.nl հետազոտական կայքէջն էր: Հոլանդիայի Դորդրեխտ քաղաքում բնակվող, ծանր ճակատագիր ունեցող Հ. Բուրսը անցել էր կենսաթոշակի և սկսել փնտրտել իր արմատները, պարզել իր փառապանծ նախնու ով լինելը ու հոլանդական սկզբնաղբյուրների հիման վրա` հրապարակել արժանահավատ տվյալներ: Նրա հետ իմ հարցազրույցը «Իրատեսում»` «Ես ունեմ երկու հայրենիք, մեկը ֆիզիկական` Ինդոնեզիան, մյուսը սրտումս է` Հայաստանը, Արցախը», կարծեմ, շատ էիր հավանել: Ի դեպ, թե՛ հարցազրույցը, թե՛ 11 մասերը նա զետեղել է իր կայքէջում:
-Եթե անկեղծ՝ մի քանի օր շարունակ այդ հարցազրույցի տպավորության տակ էի: Ինձ ցնցել էր հայկական գենի ուժը, որ արթնացել էր Հանս Բուրսի ներսում և ստիպում էր գործել անտեսելով լեզվական խոչընդոտ, մարմնի տկարություն և առաջացած տարիք:
-Երկրորդ աղբյուրը 2012-ին Նոր Ջուղայում լույս տեսած «Համառօտ ազգաբանութիւն (կամ ճիւղագրական պատմութիւն) Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի (1736-1921)» գիրքն էր: Դա Հովսեփ աղայի եղբայր Ամիրխանի թոռ Ավետիք Ամիրխանյանի 1921 թ. ավարտած ձեռագիրն էր, որը մեր օրերում հրատարակել էր հեղինակի թոռ, այսինքն` Ամիրխան Ամիրխանյանի ծոռան ծոռ Ավո Ամիրխանյանը: Ահա այս երկու, ինչպես նաև իմ մյուս աղբյուրների համադրման, վերլուծման շնորհիվ կարողացա հանգել հայագիտական արժեք հանդիսացող արդյունքների:
-Հակիրճ անդրադառնանք նշածդ արդյունքներին:
-Նախ, Հ. Ամիրխանյանի ծննդավայրի և ծննդյան ու մահվան թվականների ճշտումը: Երկրորդ, Հովսեփ աղայի պապ Ամիրն ու նրա եղբայր Զոհրաբը եղել են Ղարաբաղի մելիքներ` XVIII դ. ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչներ. Ամիրը Նադիր շահի ռազմական նախարարն էր, Զոհրաբը` շահի անձնական թիկնապահը, և երկուսն էլ արժանացել էին խանի տիտղոսի: Երրորդ, աշուղագիտությանը քաջածանոթ է պարսկահայ Ամիր օղլին` Հովհաննես Ամիրխանյանը, Հովսեփի հայրը, սակայն անհայտ էր նրա մահվան ստույգ տարեթիվը` 1826: Այս և այլ «գյուտերն» ինձ անխառն ուրախություն են պատճառում, բայց և ինձ անհրաժեշտ էր պարզել` հասկանալու համար, թե Հովսեփ Ամիրխանյանն ինչպես էր հայտնվել Հնդկաստանում, ապա` Սմարանգում, ամուսնացել գերմանուհու հետ, ունեցել տասը երեխա և ինչու էր կյանքի նպատակ դարձրել Ղարաբաղը գնելը` Փայտակարանով հանդերձ: Ցավում և ափսոսում եմ, որ ինչ-ինչ պատճառներով չկարողացա ուսումնասիրել մի հասու սկզբնաղբյուր:
-Այժմ անդրադառնանք երկրորդ մասին` «Խոհականքին»:
-Խոջա Հովսեփի կյանքն ու գործն այնքան հոգեհարազատ էին, այնքան կարևոր և արդիական, որ մտադրվեցի նրան «չմեռցնել» զուտ հայագիտական հետազոտությամբ, այլ շարունակություն գրել, իսկ «խոհականք» բառը` խոհերի գրառումը, հիշողությանս ծալքերից ինքնըստինքյան դուրս եկավ: Սկսվեց մի ընթացք, որն ինձ ծանոթ էր, բայց որն այլք կարող են անվանել միստիկա:
-Ի՞նչ նկատի ունես:
-Ես միստիկայի չեմ հավատում, հավատում եմ Արարչի կամքին, եթե մարդ ընդունում է միստիկ երևույթների գոյությունը, ապա դրանցում թող փնտրի Տիրոջ ուղղորդումները: Սրանում ես համոզվել եմ շատ վաղուց: Տասնյակ ու տասնյակ անարժանիորեն մոռացության մատնված ազգապահ մարդկանց մասին եմ գրել, և յուրաքանչյուրի հետ հաղորդակցային աներևույթ կապ է հաստատվել: Դիցուք, Պողոս Նուբարն անխախտ մեծություն է, և նրա հետ «առերեսվել» եմ ինչպես հպատակ, արևմտահայոց խոշորագույն բարերար Հարություն Պեզճյանը խորամանկ, ճարպիկ ու կատակասեր մարդ էր, և նրա հետ ժպտալով եմ զրուցել, սիրտս ցավում էր (և է) եգիպտոսցի Գրիգոր ու Կարապետ Մելքոնյանների համար, որոնց ժառանգությունը ոտնատակ տալու դատապարտելի վարմունքը հիմա էլ է շարունակվում, ու եղբայրների հետ խոսել եմ գլխահակ, Գալուստ Գյուլբենկյանին չեմ սիրում, և մեր շփումը եղել է շատ պաղ: Միակ պատմական անձնավորությունը, որի գրքի համար աշխատեցի 12 տարի, ու մեր միջև ոչ մի կամուրջ չգցվեց, Ալեքսանդր Մանթաշյանցն էր, և առայսօր դրա պատճառը չգիտեմ: Այս թվարկումը կարող եմ շարունակել, բայց ինչպես ազգային կապիտալի պատմության, այնպես էլ այդ շարքի մեջ Հովսեփ Ամիրխանյանը բացառիկ տեղ է գրավում: Մտադիր էի ինքս ներթափանցել նրա էության, ներաշխարհի մեջ, բայց «Խոհականքի» առաջին իսկ բառերից խոջան ինքը, ասես, մտնում էր ներսս և սկսում թելադրել, ես միայն գրիչ էի շարժում: Բանը հասավ այնտեղ, որ սկսեց գիշերվա 3-4-ին արթնացնել ու ստիպել գրել, ընդ որում` ուղեղս այնքան թարմ էր, կարծես 20 ժամ քնած-հանգստացած լինեի: Ես դարձա հանվանե, ինքը` իսկական հեղինակ: «Խոհականքը» վերածվեց կյանքի, ընտանիքի, հայրենիքի, Ղարաբաղի, առհասարակ մարդու գոյության մասին նրա մտորումների ու պատկերացումների շարադրանքի, որի դպիրը ես էի: Նա պատմում էր, ես գրի էի առնում: Ինչո՞ւ եմ այս բացատրությունը տալիս։ «Խոհականքն» ընթերցած բոլոր բարեկամներս կարծում են, թե, իրոք, խոջայի ձեռագիրն եմ տպագրել: Իսկ անծանոթ մի երիտասարդ ուսուցիչ 11-րդ մասից մի հատված զետեղել էր սոցցանցում` նախաբանելով, թե ես հայտնաբերել եմ Հ. Ամիրխանյանի գրառումները` մահվան մահճում:
-«Մահվան մահճո՞ւմ»:
-Բանն այն է, որ հնարք էի կիրառել. ըստ իս, խոջայի նման կիրթ, իրատես, մեծահարուստ կապիտալիստը չէր ցանկանա, որ իր անձնական մտածմունքները օտար աչք կարդար, դրա համար էլ հենց սկզբում «փաստել» էի, թե շատ հիվանդ է և ավարտելուց հետո ձեռագիրը կայրի: Հավանաբար, ենթագիտակցորեն ներազդվել էի Պողոս Նուբարից, նա կնոջը գրել էր սիրային նամակներ, ինչպես նաև բանաստեղծություններ, որոնք հրատարակել էր 8 օրինակ տպաքանակով, մահվան մահճում այդ ամենը վերընթերցել էր, ապա վախճանից մեկ օր առաջ սպասուհուն պատվիրել բոլորն այրել: «Խոհականքը» չուզեցի «այրել», այլ ավարտեցի 1835 թ. մարտի 24-ին` մահից մեկ օր առաջ, այդպիսով, իբր, չհասցնելով կրակի տալ: Անգամ Հանս Բուրսը, որ հայերեն կարդում է անգլերեն մեխանիկական թարգմանությամբ, տեսնելով տարեթիվը` անմիջապես ինձ նամակ գրեց, թե` վրիպում եք թույլ տվել, պապիս պապը մահացել է մարտի 25-ին: Բացատրեցի:
Ամեն դեպքում ես ամենևին դեմ չեմ, որ «Խոհականքի» հեղինակային իրավունքը պատկանի Հովսեփ Ամիրխանյանին, ճիշտ հակառակը` դա ինձ համար պատվաբեր է, որովհետև համոզվեցի` արդար խոսքն արժեք ունի:
-Անդրադառնանք Ամիրխանյանի քո իսկ բնութագրմամբ՝ բացառիկությանն ու արդիականությանը:
-Հայոց ազգային կապիտալը կնմանեցնեի լեռնաշղթայի, որը քամիներից, աղետներից պաշտպանել է դաշտավայրի հայությանը, և այդ լեռնապարի գագաթներից մեկը Հովսեփ Ամիրխանյանն է: Նրան չհաջողվեց կատարել նախնյաց փոխանցած ուխտը` վերադարձնել Ղարաբաղը, որն անգամ չէր տեսել, բայց պատրաստ էր քրտինքով, չարչարանքով վաստակած կապիտալը տալու և տաքուկ, ճոխ ապրելակերպը թողած` ընտանյոք տեղափոխվելու Արցախ: Իդեալիստները գաղափարներ են հղանում, իրատեսները` դրանք իրագործում: Իդեալի՞ստ էր, երբ ցանկանում էր ռուսաց ցարից փողով գնել մայր-հողը` և՛ այո, և՛ ոչ: Ի վերջո, այդ մարդը սրտով էր մտածում, գրում էր. «Լոկ հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ»: Երիցս իրավացի էր նաև բժիշկ Վ. Թորգոմյանը. «Ինձ համար կարեւորագոյնը անոր հայրենասիրական սուրբ նպատակն է, անոր ազգասիրական անկեղծ զգացումը, զոր 100 տարի յետոյ մոռացութեան ճանկէն դուրս քաշելով, պարտաւոր ենք աւագ ուշադրութեան զայն առնել, եւ Ամիրխանեանցի ոգիովը կրթել մեր սերունդը, նաեւ մեր սիրտը…»:
-Համամիտ եմ, մենք սերունդ կրթելու խնդիր ունենք:
-Երբ մեր թշնամիք կեղծիքներ հորինելու նպատակ են հետապնդում, ապա մենք ունենք թե մեզ, թե օտարին ճշմարտությունն ասելու խնդիր, այս տեսակետից հայագիտությունը և նրա բաղադրյալ տնտեսական մշակույթի տեսությունը գործնականության գործառույթ պետք է ստանձնեն: Տես, ազգային պանթեոնի պատվանդանների վրա տեղադրել ենք կեղծ կուռքեր (մեր երկրի պետական հիմներգի խոսքի հեղինակը մի մարդ է, ով մորմոքալով ափսոսում էր, որ հայ է ծնվել), մոռանալով իրական արժեքները, իսկական ազգապահ մարդկանց, այլ հայերի: Դարեր շարունակ ապրել-արարել ենք օտար տերություններում, մեր իրական պատմության զգալի մասը գտնվում է օտարության մեջ, հիմա օտարերկրացիներին չասե՞նք, որ Արցախին վերատիրելու համար դարեդար ենք պայքարել, և «ազատամարտիկներից» մեկը Հովսեփ Ամիրխանյանն էր: Արցախի անկախությունը զենքը ձեռքին, կյանքը վտանգի ենթարկելով պաշտպանում է հայ զինվորը` մեր որդին ու թոռը, նրան չասե՞նք, թե հանուն ինչի է դա անում` նաև հրամցնելով Հ. Ամիրխանյանի պատմությունը:
Ավարտելով մեր զրույցը, կուզենայի քեզ դիմել երկու խնդրանքով: Առաջինը, հարցրու, խնդրեմ, թե ինչի սպասեն «Իրատեսի» ընթերցողները:
-Հարցնում եմ:
-Հաստատապես գիտեմ, որ դրամատիրոջը խորհուրդ տալը երկրորդ վատ բանն է` նրա գրպանի պարունակությունը համրելուց հետո, բայց չասել չեմ կարող: Շարունակ բողոքում ենք, որ դրամատերն այսուայն բանը չի անում` հաշվի չառնելով, որ դա նրա անձնական գործն է: Բայց նա կարող է մի բան անել, որ իրեն էլ է ձեռնտու` թող հանրության համար կրթի-դաստիարակի պիտանի զավակներ ու թոռներ, դրանով նա իր կապիտալից մասհանում կատարած կլինի ժողովրդին և սովորական դրամատիրոջից կվերածվի կապիտալիստի: Մեկ օրինակ բերեմ: Մակաոյում ապրում էր մի հայ վաճառական, որի որդի Յոհաննես Լասարը, նույն ինքը` Հովհաննես Ղազարյանը, Հնդկաստանի Սերինպոր քաղաքում առաջին անգամ չինարեն թարգմանեց Աստվածաշունչը, այսինքն` պատիվ բերեց ոչ միայն մեր ժողովրդին, այլև դարձավ համաշխարհային քաղաքակրթական արժեքի հեղինակ: Նրա մասին եմ գրելու: Բայց այս իրողությունը պարունակում է անտես մի խորհրդավորություն` Հովհ. Ղազարյան-Յոհաննես Լասարը ճիշտ ու ճիշտ Հ. Ամիրխանյան-Յոզեֆ Յոհաննեսի տարեկիցն է` ծնվել է 1781-ին և վախճանվել 1835-ին: Զուգադիպությո՞ւն է, միստիկա՞:
-Հիրավի, Աստծո զարմանալի ուղղորդում է:
-Երկրորդ խնդրանքս: ՈՒզում եմ երախտագիտությունս հայտնել քեզ` այս զրույցը նախաձեռնելու, կազմակերպելու և հրապարակելու համար ու խնդրում այս վերջին նախադասությունս տեքստից չջնջել:


Զրույցը`
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ