Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոգեղեն կյանք

Ոգեղեն կյանք
01.12.2015 | 01:51

Մի բացառիկ գեղեցիկ առիթ էր Վեհափառի բարեհաճությունը վայելել՝ լսելով իր անցած ճանապարհի նկարագիրը՝ իր պատմելով: «Խորան լուսո» հաղորդաշարն արդեն եթեր էր հեռարձակվում, և Վեհափառը ավելի քան բարեհաճ էր մեր հանդեպ:
Ահավասիկ, հատվածներ Վեհափառի պատմածից:
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Ինձ համար անակնկալ է, որ հեռուստատեսության կողմից այսօր եկել են, որպեսզի ես խոսեմ իմ կյանքի առաջին շրջանի մասին՝ մինչև իմ կաթողիկոս լինելը: Ինձ համար, ինչպես ասացի, անակնկալ է, և նույնիսկ մտածում էի, որ չընդառաջեմ, սակայն մերժել էլ չեմ ուզում, և, քանի որ այդ ցանկությունը կա, սիրով պիտի աշխատեմ ամփոփել իմ մտքերը՝ կանգ առնելով իմ կյանքի այդ շրջանի կարևոր իրադարձությունների վրա, մինչև իմ կաթողիկոսական ընտրությունը:
Իրապես իմ ծննդյան տարեդարձն է այսօր՝ 20 սեպտեմբեր: Արդեն լրացնում եմ 83 տարին (տեսագրությունը կատարվել է 1991 թվականի սեպտեմբերի 20-ին): Չգիտեմ՝ Աստված տակավին ինչքան օրեր կտա, բայց համենայն դեպս, երևի, հասած եմ իմ կյանքի ավարտի սահմաններին: Եվ չգիտեմ, նշանակալից է գուցե, որ իմ ծննդյան տարեդարձի օրը զուգադիպում է մի տեսակ մեր հանրաքվեի հետ, որ տեղի պիտի ունենա հաջորդ օրը, վաղը՝ 21 սեպտեմբերին, և, որին, վստահ եմ, մեր ժողովուրդն իր կամքը պիտի արտահայտի՝ վճռական մի «Այո» ասելով անկախության գործընթացին, որպեսզի այն իր լրումին հասնի մոտ ապագային: Անկախությունը, իմ կարծիքով, մեր պատմության հրամայականն է, մեր ազգային գիտակցության նույնպես հրամայականն է և տեսիլքն է նաև մեր ազգի ապագային:
...Գուցե հետաքրքրական կլիներ հիշել իմ առաջին քաղաքական կյանքի փորձառությունը իմ 6 տարեկանին: ՈՒրեմն երևի 1914-ի կամ 15-ի գարնանն էր, հնչակյան կուսակցական ինչ-որ գործիչ, հրապարակախոս եկել էր Բուխարեստ՝ դասախոսություն կարդալու, և կինոյի դահլիճում եղավ մի մեծ հավաքույթ: Հայրս, մայրս և ես էլ նրանց հետ ներկա էի: Հիշում եմ, հնչակյան գործիչը խոսք առավ, սկսավ խոսել: Ես, իհարկե, չէի հասկանում, թե ինչ է ասում, բայց հազիվ մի 10-15 րոպե խոսելուց հետո, ներկաներից բողոքի ձայներ դուրս եկան, վիրավորական ձայներ, երևի հակառակորդներ կային կուսակցական, և սկսավ մեծ կռիվ հայերի մեջ: Ես հիշում եմ, մինչև հիմա ինչպես, նույնիսկ քիչ հետո աթոռներ սկսան թռչել օդի մեջ, և մենք փախանք: Ահա իմ առաջին քաղաքական կյանքի փորձառությունը փոքր տարիքիս:
...Իմ պատանեկությունը հենց 1922-ից սկսյալ, անցկացրած եմ հայկական միջավայրի մեջ, հատկապես Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական կազմակերպության մեջ, ուր գործուն անդամ եղած եմ 1922-ից մինչև 30-34 թվականը: Սկաուտական կյանքն ինձ համար եղած է շատ օգտակար և դաստիարակչական միջավայր, ուր նաև հայերեն լեզվի դասընթացների եմ հետևած և հետո ինքնօգնությամբ ես կատարելագործած եմ իմ հայերեն լեզուն: Չմոռանամ ասելու, որ մայրս եղած էր ուսուցչուհի Ռոտոստո քաղաքում, յոթը տարիներ, նա գրագետ կին էր, և նա էլ անշուշտ, նպաստած է իմ հայերեն լեզվի իմացումին և կատարելագործումին:
1932-36 եղած եմ ուսանող Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում՝ ընտրելով մասնագիտություն մանկավարժությունը, հոգեբանությունը, ընկերային գիտությունները և փիլիսոփայական առարկաները: Եվ այլ կողմնակի առարկաներ:
Իմ կյանքի ամենաերջանիկ շրջանը եղած է դա, որտեղ մեծ հաճույքով և նախանձախնդրությամբ հետևում էի բոլոր դասընթացներին և ավարտեցի հաջողությամբ: Այնտեղ, համալսարանում, ունեցած եմ որակյալ և իրատես գիտնական ռումինացի դասախոսներ: Բարձր մակարդակի վրա էր ռումինական համալսարանը այդ շրջանին: Հոյակապ դասախոս ունեցած եմ, օրինակի համար, ընկերային գիտությունների, մշակույթի, փիլիսոփայության, հոգեբանության եւ այլն:
Անշուշտ, իմ մտավորական կազմավորումը կատարված է հատկապես այս շրջանին՝ իմ ուսանողության շրջանին: Եվ նաև հասարակական ու քաղաքական իմաստով:
...Ես նաև երկար տարիներ եղած եմ ուսուցիչ Բուխարեստի հայոց վարժարանում: Ավանդած եմ տարբեր դասեր, պետք է ասեմ, մեծ մասամբ ռումիներեն լեզվով, որովհետև ես լավ էի տիրապետում այդ լեզվին: Ավելի քան տասներկու տարի եղած եմ ուսուցիչ: Շատ սիրում էի իմ ասպարեզը, այդ առարկան, սիրում էի երեխաների միջավայրում լինել և երջանիկ էի լինում, երբ տեսնում էի նրանց մեջ զարթոնքը մտքի, հոգու, կարողությունների: Հպարտանում էի մանավանդ այն աշակերտներով, ովքեր մասնավոր կերպով օժտված էին և փայլուն կերպով հանձնում էին իրենց քննությունները:

3.
Այստեղ մի հիշողություն ևս: Հազար ինը հարյուր, կարծում եմ, երեսունյոթին կամ երեսունութին էր, վարժարաններում դպրոցական հանդեսներ էին լինում տարբեր տոների առիթով: Տոները երկու տեսակ էին մեզ մոտ այնտեղ, նախ ռումինական պետական տոները կային՝ անկախության տոն, թագավորի տոնը և ուրիշներ, նաև՝ հայկական ազգային տոները, Մայիս 28-ը, մշակույթի, թարգմանչաց տոնը, ինչպես նաև Ապրիլ 24-ի տարելիցը:
Այդ հանդիսությունները դահլիճներում էին կազմակերպվում, ուր աշակերտների հետ նաև նրանց ծնողներն էին մասնակցում: Դպրոցն ուներ 350-400 աշակերտ, կիսամիջնակարգ դպրոց էր՝ մինչև 7-րդ դասարանը: 7-րդ դասարանից հետո աշակերտներն ուսումը շարունակում էին ռումինական դպրոցներում՝ միջնակարգն ավարտելու համար: Ինձ միշտ պարտականություն էր ընկնում, իբրև ռումին լեզվի տիրապետողի, խոսել ռումինական պետական տոների առիթով: Բայց, 37-ին էր երևի, տնօրենին ասացի.
-Ի սեր Աստծո, մի անգամ ալ ինձ հնարավորություն տվեք հայկական տոների առիթով խոսեմ:
Մոտենում էր մայիս 28-ը: Տնօրենը դաշնակցական էր, հայտնի դաշնակցական՝ Հովհաննես Տևեջյան: Նա Հայաստանի Հանրապետության շրջանին վերջին կառավարության մեջ քարտուղարի պաշտոն ուներ: Շատ լուրջ, կազմակերպված, հավասարակշռված անձնավորություն էր:
-Դե, մայիսի 28-ն է գալիս,- ասաց,- ուզո՞ւմ ես խոսել:
-Այո,-ասացի,- ինչու՞ չխոսեմ:
Ես որևէ կուսակցության չէի պատկանում:
-Լավ,- ասաց,- խոսիր:
Մեր դասախոսական կազմը քաղաքական իմաստով երկու մասի կարելի էր բաժանել. ուսուցիչների մի մասը դաշնակցական էր, մի մասն էլ՝ հակադաշնակցական:
Ես բեմ բարձրացա, խոսեցի մայիս 28-ի մասին: Խոսեցի՝ անշուշտ գովաբանելով, արժևորելով մայիս 28-ի իմաստը մեր պատմության մեջ և այլն: Այնպես, ինչպես հարկն էր: Բայց վերջում, հիշեցի նաև այսօրվա Հայաստանը՝ առանց Սովետական բառը հիշելու, օգտագործելու, որովհետև Ռումինիայում Սովետական բառը օգտագործելն արգելված էր: Այսպես, ուրեմն, հիշեցի արդի Հայաստանը՝ ասելով, թե մի տեսակ կարծես թե շարունակությունն է անկախ Հայաստանի՝ ուրիշ, ոչ անկախ պայմանների մեջ: Եվ այդպիսի, մի տեսակ իմ մտածումով ուզեցի մի քիչ հաշտեցնել այդ երկու կողմերը, խորհելով, թե գոհ կլինեն և՛ դաշնակցականները, և՛ հակադաշնակցականները: Իրականության մեջ, սակայն, դժգոհ եղան և՛ դաշնակցականները, և՛ հակադաշնակցականները:
Հետո տնօրենին հարցրի.
-Դուք ի՞նչ կարծիք ունեք, երկու կողմն էլ դժգոհ են:
-Թող, թող,- ըսավ,- անոնց կարևորություն մի տար, շատ էլ լավ խոսեցիր:
Ահա այսպես, փոքրիկ հիշողություն մը:
...1942 թվականի գարնանը անսպասելի կերպով հրաման արձակվեց, որ Բուխարեստում բնակվող քաղաքացիություն չունեցող հայերը, իբրև անվստահելի տարր, աքսորվեն Ռումինիո ուրիշ շրջաններ: Դա ողբերգություն էր հայերիս համար. տուն, տեղ, աշխատանք թողած՝ հայությունը պիտի տեղահանվեր: Հայերի նկատմամբ այդ անվստահությունը հավանաբար նրանից էր, որ Սովետմիության կազմում Հայաստանը կար, և իբր այստեղի հայերը կարող է ինչ-որ հավակնություն ունենան Սովետական Հայաստանի նկատմամբ: Թեև հայերը, անկախ կուսակցական պատկանելությունից, անշուշտ որևէ քաղաքական վերաբերմունք չէին ցույց տալիս, որևէ քաղաքական գործ չէին ձեռնարկած, խելոք և պարտաճանաչ իրենց պարտականությունները կատարում էին իբրև ռումինացի քաղաքացիներ՝ այնուամենայնիվ, ութ օրվա պայմանաժամով, այդպիսի հրաման տրվել էր: Շատ ծանր ու մտահոգիչ վիճակի մեջ էր հայությունը, բայց, բարեբախտաբար, ինչ-որ միջոցառումներով, այն ատեն մեր հոգևոր առաջնորդ Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրաբյանի գլխավորությամբ և հին ռումինահայերի օրհնած օգնությամբ մի պատվիրակություն գնաց զորավար Անտոնեսկուի մոտ (դիկտատորի մասին է խոսքը), և վերջինս բարեհաճեց տեղահանության գործակցությունը հետաձգել անորոշ ժամկետով: Այնուհետև իրապես չգործադրվեց, և ռումինահայությունը փրկվեց այդպիսի դժվար կացությունից:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ