Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես բեղեր չեմ սիրում, այլապես Ստալինի բեղերը կհարմարեցնեի ինձ»

«Ես բեղեր չեմ սիրում, այլապես  Ստալինի բեղերը կհարմարեցնեի ինձ»
01.12.2015 | 01:57

Ասեմ, որ իմ կարգի անհատին հարիր է դիալեկտիկ մտածողությունը: Այն էլ ասեմ, որ ատելով ատում եմ բոլոր նրանց, ովքեր կենդանի բռնակալներին թողած՝ ճիպոտն առած մեռած բռնակալների գերեզմանն են ճիպոտահարում և այդ արարքով, ըստ իս, իրենց՝ որպես մարդու, զրկում են երևույթներին օբյեկտիվ գնահատական տալու հնարավորությունից:
Որևէ բանական մարդ չի կարող ժխտել այն բռնությունները, որ եղել են բուն Հոկտեմբերյան հեղափոխության և նրանից հետո ընկած մի զգալի ժամանակահատվածում, սակայն թմբկահարել միայն այդ բռնությունները և տեսնելու կամ չտեսնելու տալ այն օբյեկտիվ, նաև սուբյեկտիվ պատճառները, որոնք սնունդ են տվել այդ բռնություններին, առնվազն կարճամտություն է (հասկացիր, ընթերցող, շատ մեղմ բառ ընտրելու պատճառները):
Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ փաստերը գնահատելու և սխալվելու իրավունք ունի, երևի հենց դրա համար է մարդը ստեղծել նժարը, ոչ միայն առօրյա առևտուր անելու համար: Ասել կուզեմ, որ բանական մարդը, առավել ևս պատմաբանը, ցանկացած անհատի, քաղաքական, պետական գործչի, անգամ բռնակալի արարքը գնահատելիս պետք է մոտենա ոչ միայն օբյեկտիվորեն, այլև զերծ մնա սուբյեկտիվ դրսևորումից, այս կամ այն քաղաքական խմբի, երկրի շահերը արտահայտելու մտադրությունից: Պատմությունը մեզ ցույց է տվել և տալիս, որ ցանկացած հեղափոխություն ոչ թե ենթադրում է, այլ որպես անհրաժեշտություն իր մեջ ունենալու է բռնության չափաբաժին, և դրա քանակը կախված է այն բանից, թե պարտվող կողմը, դասակարգը ինչպիսի դիմադրություն է ցույց տալու հեղափոխությանը: Սպարտակը պարտվեց, որովհետև չկարողացավ բավարար բռնություն կիրառել իրենց՝ ստրուկներին ապստամբության հասցրած տերերի նկատմամբ: Փարիզի կոմունան պարտվեց, և պարտված կոմունարների շարքերում յուրաքանչյուրը, «Մարսելյոզ» երգելով, դաշույնով սպանում էր իրեն և դաշույնը փոխանցում հաջորդին: Նրանք գիտեին, թե ինչ պատիժ էր սպասելու իրենց հակառակորդին հանձնվելու դեպքում: Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը դաժանության քիչ դասեր չի տվել, և հենց այդ հեղափոխությունն էր, որ ստեղծեց «գիլիոտինը»: Ցանկացած հեղափոխությունում միշտ էլ դրված «ով ում» հարցը անարյուն չի լուծվել: Ֆրանսիական հեղափոխությունը քիչ արյուն թափեց, որովհետև այն վերջին հաշվով դավաճանեց ժողովրդին: Ազատության, հավասարության, եղբայրության խոսքերը բուրժուազիայի հաղթանակից հետո իսկույն դեն նետվեցին, և ճորտատերերին փոխարինելու եկավ նրա ընդերքում (հասարակության) հասունացած և հարստություն դիզած բուրժուան։ Եվ ամենակարևորը՝ տապալված ճորտատերը մի առանձնակի դիմադրություն էլ ցույց չէր տալիս հաղթող բուրժուազիային, որովհետև ոչ մեկը չէր զրկվում ժողովրդի հաշվին կուտակված իր թալանից։ Բոլորովին այլ էր պատկերը Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ: Այդ հեղափոխությունը արմատից կտրում էր ժողովրդից թալանած, նրա շահագործումից հարստացած դասակարգին: Հեռու չգնանք և հարցնենք ժողովրդին. այսօր (ոչ միայն Հայաստանում) օլիգարխների կուտակած հարստությանն ի՞նչ գնահատական կտաք, և հեղափոխության դեպքում նրանք կզիջե՞ն թալանով ձեռք բերվածը, թե՞ «ով ում» հարցը կփորձեն ամեն ձևով լուծել իրենց օգտին: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ բուրժուան կամավոր տալի՞ս էր այդ հարստությունը, թե՞ զենք ու զրահով պաշտպանում էր այն: Իհարկե, պաշտպանում էին ժողովրդի շահագործումից կուտակված հարստությունը: Այսօր Ռուսաստանում սրբացնում են Նիկոլայ Երկրորդին, մոռանալով այն մականունը, որ տվել էր նրան ժողովուրդը: Ո՞վ կազմակերպեց «արյունոտ կիրակին»: Վերջապես բոլշևիկներն իշխանության եկան ոչ թե մեկ օրում կամ մեկ տարում, այլ 17 տարվա համառ պայքարից հետո: Վերջապես այդ հեղափոխության համար մեղավոր չէին Նիկոլայն ու նրա շրջապատը, որոնք բթամիտ համառությամբ (այդ բթամիտ համառությունը կա նաև հետխորհրդային շատ երկրներում) չէին տեսնում ժողովրդի օր օրի ծանրացող սոցիալական վիճակը և շարունակում էին «պալկայով» լռեցնել ժողովրդին։ Կոմունիստներին մեղադրում են կարմիր տեռորի մեջ, բայց թող թույլ տրվի հարցնել՝ ովքե՞ր հեղափոխական Ռուսաստանում տեռորի սկիզբը դրեցին՝ կոմունիստնե՞րը, թե՞ բուրժուաները, բոլշևիկները ստիպված պատասխանեցին իրենց հարկադրած տեռորին:
Որպես մարդ դատապարտում եմ ցարական ընտանիքի անդամների դաժան սպանությունը, առանց դատ ու դատաստանի Նիկոլայ Երկրորդի սպանությունը: Բայց թող թույլ տրվի հարցնել՝ Չաուշեսկուին, Քադաֆիին դատուդատաստանո՞վ սպանեցին: Իհարկե ոչ: Ցանկացած հեղափոխության ժամանակ միշտ էլ եղել են ծայրահեղություններ: Հանուն ճշմարտության ասեմ, որ Քադաֆին երկիրը չէր հասցրել աղքատության, նրա օրոք սովորական մարդն ապահովված էր անվճար բուժումով, կրթությամբ, իսկ Ցարական Ռուսաստանում ինչո՞վ էր ապահովված «кухаркины дети»-ների վիճակը: Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում տևեց շուրջ հինգ տարի, այսինքն՝ համաշխարհային ինտերվենցիան հեղափոխական Ռուսաստանում շարունակվում էր հինգ տարի: Տեղին է հարցնել, ինչպե՞ս պիտի գործեր այդ պայմաններում Երկաթե Ֆելիքսը։ Ռուսաստանում ինչո՞ւ ստեղծվեց «Չեկան»: Ինչի՞ համար: Հեղափոխությունը դաժան է և գործում է դաժան օրենքներով: Քաղաքացիական պատերազմից հետո պայքարը գնում էր իշխանության համար, և այդ պայքարը հիմնականում ընթանում էր հրեաների և Ստալինի միջև: Եվ այդ դաժան պայքարում Սոսոն հաղթեց: Եվ այդ հաղթանակով Ստալինը կտրեց հրեական սովետական պետություն ստեղծելու հրեաների երազանքը: Եվ այսօր Ռուսաստանում Ստալինի կերպարը ոչնչացնելու, նրան պատմության աղբանոցը նետելու մոլուցքով տարվել են միայն հրեաները: Հիշենք Էդ. Ռաձինսկու թունոտ սարկազմը վրացու ազգանունով գործող հրեա Սվանիձեին և Ռուսաստանում գործող բոլոր մեծ ու փոքր պաշտոնավոր հրեաներին, որոնք թալանում են Ռուսաստանը և իրենց թալանն արդարացնելու համար ամեն կերպ հարվածում Ստալինին: Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ստալինը եղել է մեծ բռնակալ, բայց թող թույլ տրվի հարցնել. այդ բռնակալությունն ուղղված է եղել անձնական անսահման հարստության կուտակմա՞նը, թե՞ երկրի բարգավաճմանը: Ստալինը, ի տարբերություն այսօրվա հետխորհրդային ղեկավարների, աշխատանքի չի գնացել, թե այդ օրը որքան պիտի թալանի երկիրը մտադրությամբ: Այն դատարկ մեղադրանքները, թե պատերազմից առաջ երկիրը համարյա ոչինչ չուներ, ինչ-որ տեղ ճիշտ են, բայց զուրկ ռեալ հիմքից։ 1990-ին ԽՍՀՄ-ը տապալվեց: Ռուսաստանն աշխարհում դարձավ Ճ-դասի խաղացող: Եվ Պուտինին անհրաժեշտ եղավ մոտ 15 տարի, որ նա վերածվեր աշխարհում ինքնուրույն խաղացողի: Ասեմ, որ Ռուսաստանի ներկայիս ռազմական փառքի դարբնոցը հիմնվել էր ԽՍՀՄ-ում, ինչի շնորհիվ Ռուսաստանը դարձավ ատոմային տերություն, դարձավ տիեզերական նվաճումների երկիր, և այստեղ թող թույլ տրվի հարցնել՝ ԽՍՀՄ-ն ի՞նչ էր ստացել Ցարական Ռուսաստանից իր հզորությունը զարգացնելու համար: Համարյա ոչինչ: Եվ կարելի էր ասել, խորհրդային ժողովուրդը զորեղ թշնամու դեմ պատերազմը դիմավորեց ոգու արիությամբ և համեմատաբար թույլ սպառազինությամբ: Ոմանք փորձում են նսեմացնել Ստալինի դերը պատերազմում: Իրոք հաղթել է խորհրդային ժողովուրդը, բայց ցանկացած ժողովուրդ առանց զորեղ առաջնորդի ոչխարի հոտ է: Մի՞թե ճիշտ չի ասել Նապոլեոնը.
-Ավելի լավ է ոչխարների բանակը առյուծի գլխավորությամբ, քան առյուծների բանակը՝ ոչխարների:
Մի՞թե այսօր Ռուսաստանի նախագահը չի հաստատում նապոլեոնյան խոսքերի ճշմարտացիությունը: Պուտինն իր զորեղ բնավորությամբ, մտքի ճկունությամբ, խորհրդային ՊԱԿ-ում ստացած դաստիարակությամբ Ռուսաստանը վեր հանեց ոչ միայն ծնկած վիճակից, այլև նորից հանեց միջազգային ասպարեզ: Էնպես որ, բոլոր նրանք, ովքեր փորձում են նսեմացնել Ստալինի դերը հայրենական պատերազմում, պարզապես չարամիտ ոչնչություն են:
Միայն 1941 թվականի նոյեմբերյան շքահանդեսը Կարմիր հրապարակում ցույց է տալիս այդ դաժան մարդու կառավարման բոլոր ունակությունները: Հիշենք թեկուզ Խրուշչովի` այդ հիստերիկ քաղաքական գործչի խոստովանությունը, երբ մտնում է Կրեմլ և ասում.
-Իոսիֆ Վիսարիոնովիչ, Ձեզ անհրաժեշտ է անհապաղ հեռանալ Մոսկվայից, գերմանացիք երկու ժամից այստեղ կլինեն:
Նաև հիշեցնենք, թե ինչպես է Ստալինը ոտքի վրա կանգնեցնում նրան երեք ժամ իր աշխատասենյակում և վերջում հարցնում՝ ո՞ւր են գերմանացիք: Այդ խոսքերը ոչ թե Ստալինին մեծարողների խոստովանությունից է, այլ նրան փնովողի ինքնախոստովանությունից: Հիշենք թեկուզ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Բաղրամյանին, որը կուսակցության պլենումի ժամանակ, Ստալինին հերթական անգամ փնովող խրուշչովյան սուր խոսքը և թե՝ «ասածս խոսքերը կհաստատի ընկեր Բաղրամյանը», թողեց օդում կախված: Ճիշտ է, Բաղրամյանն այդ պատճառով որոշ ժամանակ անց հեռացվեց պաշտոնից: Կարդացեք ցանկացած ԽՍՀՄ զորավարի հուշերը, որոնք գրվել և հրատարակվել են Ստալինի մահից շատ տարիներ հետո, պատերազմի ժամանակ նրա գործողությունները դատապարտող որևէ խոսք չեք տեսնի: Ստալինը դաժան մարդ էր, շատ հարցերում էլ անարդարացի, բայց կոմունիզմի գաղափարին նվիրված ֆանատիկ անհատ էր: Հայերս հաճախ ենք թմբկահարում նրա թույլ տված սխալները հայերիս նկատմամբ: Չեմ ժխտում, բայց և ասեմ, այդ ինչպե՞ս եղավ, որ մի Աթաթուրք հասկացավ դարասկզբի ոգին և իր երկրի շահից ելնելով ձեռք մեկնեց Ռուսաստանին, իսկ մենք` հայերս, ապաշնորհ դաշնակցական կառավարողները, Վրացյանից սկսած մինչև Օհանջանյան, մեկ թուրքի քամակն էինք լիզում, մեկ Արևմուտքի: Երբ կարդում ես Վրացյանի նամակը թուրքին՝ Անդրանիկին բռնելու և պատժելու մասին, ակամայից ապշում ես, մտածելով՝ այդ կառավարող վիժվածքին հայ կի՞ն է ծնել: Օհանջանյանի կույր հավատին առ Արևմուտք ոչ մի գնահատական չես կարող տալ: Ճիշտ է, Ստալինի բացասական դերը մեր տարածքների հարցում էական է եղել, բայց հիշենք նաև պատերազմից անմիջապես հետո Կարսի պայմանագրով Թուրքիային տված հուշերի մասին, Արևմտյան Հայաստանը ազատագրելու համար ձեռնարկված միջոցառումների մասին: Մենք, ասենք ոչ միայն մենք, այլև բոլոր հակակոմունիստները, խորհրդային պետությունը փնովելու համար միայն ստալինյան բռնություններն են տեսնում, մոռանալով, կամ կույր ձևանալով այն ամեն լավի նկատմամբ, որ արվել է այդ երկրում :
700-հազարանոց Հայաստանը դարձել էր արդյունաբերական հզոր երկիր և բնակչության թիվը հնգապատկվել էր: 1943 թվականին Հայաստանում բացվեց գիտությունների ակադեմիան, զարգացել էին արվեստը, կինոն, գրականությունը, Հայաստանի ինժեներական միտքը ԽՍՀՄ-ում առաջին եռյակում էր: Տաղանդավոր հայ գեներալներ, մարշալներ ԽՍՀՄ-ի ծնունդ են: Ամենակարևորը՝ չկար աղքատ հայ մարդ: Լայնածավալ երկրում հայ մարդն իրեն երկրի քաղաքացի էր զգում :
Ցանկանում եմ իրեն պատմաբան անվանող մեկի հոդվածից կատարել հետևյալ մեջբերումը, տպագրված «Իրատես» թերթում.
Ինչու պատրաստեցի այս հոդվածը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ստալինականները ՝ կոմունիստները, և ամեն տեսակի ազգադավ տարրեր, օգտվելով ժողովրդի սոցիալական անապահով վիճակից (որը լիովին և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով լենինյան -ստալինյան-բոլշևիկյան 70-ամյա բռնատիրական, ոչ արդյունավետ, ոչ շահագրգիռ քաղաքականության հետևանք է), փորձում են վերակենդանացնել մեծ մարդասպան Ստալինի և նրան պատմության բեմ քարշ տված դահճապետի, միջազգային ճիզվիտ Լենինի պիղծ գաղափարները ՝ ամեն կերպ խեղաթյուրելով պատմական իրողությունները:
Դահճապետի ժառանգորդը կյանքի վերջին օրերին երևի հասկացել էր, որ աններելի չարիքներ է գործել, միաժամանակ կարծելով, թե այնուամենայնիվ իրականացվել է մարդկության երազանքը՝ «դրախտային սոցիալիզմ է կառուցել», հայտարարել է. «մահիցս հետո գերեզմանիս վրա աղբ կլցնեն, բայց պատմության քամին այն կքշի-կտանի»:
Ասեմ, որ ոչ թե պատմության քամին, այլև այսօր աշխարհում կատարվող անմարդկային ցավից առաջացող բոլոր քամիները արդեն սկսել են քշել տանել նրա (Ստալինի-Ս. Հովսեփյան) գերեզմանի վրա գիտակցաբար լցված աղբը: Ստալինի մահից անցել էր մոտ հիսուն տարի, ԽՍՀՄ-ը քանդելու և սոցիալիզմի գաղափարը մեկընդմիշտ վարկաբեկելու համար բուրժուաների կառքին լծված հուդաները սկսեցին թմբկահարել ստալինյան բռնությունները, ժողովրդի մեջ թույն ու ատելություն առաջացնել այն ամենի նկատմամբ, ինչը խորհրդային էր, մոռանալով, որ ԽՍՀՄ-ն իր բոլոր թերություններով հանդերձ, իսկական ժողովրդական պետություն էր, բայց պիտի վերացնեին այն, որովհետև սոցիալիզմը կտրում էր մասնավոր սեփականության հիմքերը, մարդու շահագործումը:
Ասեմ, որ ռուսական մամուլն այսօր հիմնականում հրեաների ձեռքին է, և հասկանալի է նրանց հակաստալինիզմը:
Երբ կարդում եմ պատմաբանի հետգրությունը, համակերպվում եմ այն մտքի հետ, որ յուրաքանչյուրիս մեջ կա թույնի, ստելու ինչ-որ չափաբաժին, բայց նշված հետգրության մեջ գեբելսյան խոսքի ոգին է: Եթե ստում ես, ապա այնպես, որ լսողն ակամայից ապշի: Իրոք, կարելի է ապշել, երբ այսօրվա թալանը, ժողովրդի անապահով վիճակը, ահռելի արտագաղթը, աղքատների միլիոնանոց բանակի գոյության փաստը փորձում են մեկնել որպես լենինյան-ստալինյան-բոլշևիկյան 70-ամյա բռնատիրական, ոչ արդյունավետ, ոչ շահագրգիռ քաղաքականության հետևանք:
Սկսում եմ ակամա ապուշանալ և հավատալ, որ բոլշևիկները հսկա «Նաիրիտ» էին կառուցել, որպեսզի հայ տղամարդիկ ամլանային, կանայք էլ չբերների վերածվեին: Ատոմակայանը դժբախտություն էր, մի խոսքով՝ այն հսկայական արդյունաբերությունը, որ ստեղծվել էր Հայաստանում, դավադրություն էր հայ ժողովրդի նկատմամբ, և միանգամայն ճիշտ էր, որ քանդեցին այն, անգամ նախահեղափոխական Հայաստանում կառուցված Ալավերդու պղնձի գործարանը: Այսօր մարդը Հայաստանում ազատ է: Հա՛, ազատության մասին ասեմ, Ստալինի ժամանակ ասում էին.
-Մեր հասցեին մի՛ հաչա, այլապես մամադ կլացացնենք:
Այսօրվա լոզունգն ավելի մարդասիրական է.
-Մամադ լացացնեմ, ինչքան կուզես հաչա, քեզ շան տեղ դնող չկա: Աշխատիր քո հողի վրա, որքան կուզես, միևնույն է՝ եկամուտը մերն է: Բոլշևիկների հերն անիծած…
Հա՛, ասեմ, մոտ հազար մետր տնամերձից հայ գյուղացին ստանում էր մոտ 6-7 հազար ռուբլի եկամուտ (այսինքն՝ մոտ 8 հազար դոլար), իսկ այսօր հազարավոր մետրերից՝ մի քանի հարյուր դոլար: Նալբանդյանը կասեր՝ կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է որսում: Կեցցեն պատմությանը գունավոր ակնոցներով նայող պատմաբանները:
Ինչ վերաբերում է մեր հողերին, պատմաբանին խորհուրդ կտայի լավ ուսումնասիրել այդ ժամանակվա պատմության նրբությունները և գոնե մեկ անգամ չմտածել հայավարի, և մեր արատները հերթական անգամ չգցել միայն ուրիշների վրա:
Իրոք, հարգելի պատմաբան, բոլշևիկներն են մեղավոր, որ այսօր Հայաստանում կա մոտ մեկ միլիոն աղքատ: Պարզապես հիշեցնեմ, որ երբ տապալվեցին բոլշևիկները, աշխատավոր հայ մարդը մի քանի միլիարդ ռուբլի (հասկացիր մի քանի միլիարդ դոլար) բանկերում փող ուներ, չհաշված ներքնակի տակ ունեցած գումարները:
Շարունակե՞մ, հարգելի պատմաբան, թե՞ վերջացնեմ և ավելացնեմ իմ հետգրությունը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Պոետի խոսքերը՝ մի դավիր քո քնարին, իմ կարծիքով, վերաբերում են ցանկացած բանական մարդու: Մի՛ դավիր ինքդ քեզ: Բոլշևիկներն էլ սկզբում դավում էին իրենց, ինչ բուրժուական էր, դեն էին շպրտում: Սխալը ուշ հասկացան, բայց հասկացան: Այն, ինչ լավն է եղել, պետք չէ դեն շպրտել, պտղաջրի հետ պետք չէ երեխայի բարուրն էլ շպրտել: Իր բոլոր թերություններով հանդերձ, Ստալինը խաղացել է պատերազմում իր դրական դերը: Բերեմ մեկ օրինակ, որն ինձնից չեմ հորինում: Ռուսական հեռուստատեսությամբ երբ լսեցի այդ հաղորդումը, ապշել էի ստալինյան մտքի զորեղությունից: ԱՄՆ-ը 18 հազար ինքնաթիռ է տվել ԽՍՀՄ-ին պատերազմի ժամանակ, որից 12 հազարը, գիտեք, թե ինչպես է ներկրվել, հարգելի պատմաբան, Ալյասկայից օդով դեպի Կրասնոյարսկ: Վեց հազար մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռում ոչ միայն օդը չէր հերիքում, այլև տեսադաշտ չկար, միայն համատարած ճերմակություն էր: Երբ Ստալինն առաջարկել է այդ երթուղին, նրան ասել են, թե դա անհնար է, իսկ նա, իր սովորության համաձայն՝ ասել է, թե անհնարին ոչինչ չկա:
Եվ առանց էական զոհերի, հինգ հարյուր օդաչուներ կատարել են իրենց հայրենասիրական պարտքը: Օրինակը, կարծեմ, բավական է, որպեսզի հանուն սոցիալիզմի հաղթանակի, քաղաքական պայքարում, գուցե և շատ դեպքերում, անարդարացի «հանցագործություններ» կատարած անհատին դեն շպրտենք, բայց միևնույն ժամանակ գնահատենք Ստալին անհատի՝ հայրենիքին մատուցած ծառայությունները. միայն այդ դեպքում կգրվի ճշմարիտ պատմությունը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի ռազմական օգնությանը, ասեմ, որ ոչ ոք այն չի ժխտում: Եթե Արևմուտքն այդքան զորեղ էր ֆաշիզմի դեմ պայքարում... բայց ավելի լավ է հիշեմ ևս մեկ օրինակ:
Ցրտաշունչ դեկտեմբերին Մոսկվա ժամանած Չերչիլը, անցնելով տողան կանգնած սովետական Կարմիր բանակի շարքերով, նայել է նրանց աչքերին և ինքն իրեն ասել.
-Կդիմանա՞ն արդյոք սրանք գերմանական բանակի ուժին:
Ասել կուզեմ, հարգելի պատմաբան, Արևմուտքի հույսը խորհրդային զինվորն էր, թշնամու տանկի տակ պառկող զինվորը, կրծքով հրակնատը փակող զինվորը, վառվող օդանավը դեպի թշնամու նավը ուղղող գնդապետը: Ասել կուզեմ, որ այդ հերոսությունների ոգին զինվորի մեջ դաստիարակվեց բոլշևիկյան կամքի դրսևորմամբ, ինչու չէ, նաև այդ ժամանակ Ստալինի ցուցաբերած արդարացի դաժանությամբ, Մոսկվան պաշտպանել է սովետական զինվորը: Արևմուտքի օգնությունը էական է եղել այն կարճ հատվածում, մինչև ԽՍՀՄ-ի արևելյան մասերում սկսել են արտադրանք թողարկել պատերազմի գոտուց ապամոնտաժված և վերակառուցված գործարանները: Պատկերացնո՞ւմ եք, պարոն պատմաբան, ընդամենը 6 ամիս հետո էվակուացված գործարանները սկսել են տանկ ու թնդանոթ, ինքնաթիռ արտադրել, և այդ ամենից հետո սովետական մարդու հաղթանակը բացատրել Արևմուտքի մեծ օգնությամբ առնվազն ստորություն է:
Վերջացնեմ, եթե Արևմուտքն էր հիմնական դերակատարը, ապա նրա առաջնորդներն ինչո՞ւ էին այնպես ակնածանքով և երկյուղածությամբ վերաբերվում Ստալինին: Հիշենք, որքան մեծ էր Ռուզվելտի հարգանքը դեպի Ստալինը: Տեղին է հարցնել, եթե Ստալինը բռնակալ էր, ինչո՞ւ էին Արևմուտքի դեմոկրատները համագործակցում բռնակալի հետ:
Վերջացնեմ, հիշելով դարձյալ Չերչիլին. նա Ռուսաստանն ընդունեց արորով, բայց հանձնեց ատոմային զենքով: Ասել կուզեմ՝ Ստալինի բեղերը հանգիստ թողնենք և երբեք չմոռանանք ճշմարիտ դատել:

Դիտվել է՝ 3300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ