Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օլիմպիադան կարող է մերը լինել

Օլիմպիադան կարող է մերը լինել
01.12.2015 | 02:01

Ամերիկյան Հյուստոն քաղաքում ավարտվեցին ծանրամարտի տղամարդկանց աշխարհի 82-րդ ու կանանց 25-րդ առաջնությունները: Եզրափակիչ օրը ֆանտաստիկ արդյունք գրանցվեց տղամարդկանց գերծանրքաշայինների մրցավեճում: Սույնը հատկապես ենք առանձնացնում, որովհետև, որքան էլ առաջնությունը հաջողված, մի շարք մրցելույթների առումով՝ պարզապես փայլուն, այդուհանդերձ, ռուս Ալեքսեյ Լովչևի արածը խամրեցրեց ամեն ինչ: Սակայն եկեք պահպանենք կարգն ու ավարտին հասցնենք մեր մարզիկների մասնակցությունը ներկայացնելը՝ այս ենթատեքստում անդրադառնալով մյուս հիշարժան մրցելույթներին:

Սկսենք կանանցից: Աննա Գովելյանի (170=76+94, 28-րդ տեղ, 53 կգ քաշային կարգ), Իզաբելա Յայլյանի (201=89+112 15-րդ տեղ, 58 կգ քաշային կարգ) Նազիկ Ավդալյանի (230=105+125, 15-րդ տեղ, 69 կգ քաշային կարգ) մրցելույթներին անդրադարձել ենք: Ինչ վերաբերում է 75 և +75 կգ քաշայիններ Սոնա Պողոսյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, ցույց են տվել 217 (97+120) ու 260 (115+145) կիլոգրամ արդյունք՝ համապատասխանաբար հայտնվելով 21-րդ ու 14-րդ հորիզոնականներում: 2016-ին կայանալիք օլիմպիադային մասնակցելու համար վարկանիշային որոշ միավորներ բնականաբար հավաքել ենք, սակայն երբ խնդիրը դիտարկում ենք ընդհանուր միտումի մեջ, այս արդյունքներով այնտեղ անելու բան չունենք, իհարկե, եթե մասնակցությունն ենք կարևորում ու չենք կարևորում մեդալները:
Տղամարդկանց պարագայում վիճակն ավելի լավատեսակ երանգներ ունի: Վանիկ Ավետիսյանի (317=140+177, 12-րդ տեղ, 69 կգ քաշային կարգ), 77 կգ քաշային կարգը ներկայացրած Անդրանիկ Կարապետյանի (363=167+196, 4-րդ տեղ) ու Տիգրան Մարտիրոսյանի (0 է ստացել) ելույթներին անդրադարձել ենք: 105 կիլոգրամայինների մրցավեճը փայլուն սկսեց Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի պատանեկան բոլոր ռեկորդների հեղինակ Սիմոն Մարտիրոսյանը՝ պոկում վարժությունում արժանանալով բրոնզե մեդալի՝ 186 կիլոգրամ: Սա նշանակում էր, որ նաև երկամարտում հաջողության հասնելու առումով լավ հիմք էր դրված: Սակայն Սիմոնն ամեն ինչ հասցրեց փչացնել երկրորդ վարժությունում: Նախնական 216-ը, որ ամենևին էլ սահմանային քաշ չէ մեր պատանյակի համար, եթե չասենք՝ մարզումային, խլեց նրանից երեք մոտեցում, իսկ երկամարտի 402 կիլոգրամով աշխարհի առաջնությունում մեդալի ակնկալիք ունենալը գրեթե զրոյական է օլիմպիական խաղերի նախաշեմի աշխարհի առաջնությունում: ՈՒ այստեղ չես կարող ցավով չնշել, որ եթե գոնե երկու հաջողված մոտեցում լիներ հրում վարժությունում կամ գոնե առաջինի երրորդը չձախողեր մարզիկը, երկամարտում էլ կունենայինք մեդալ: Ինչևէ: 402 կիլոգրամը տեղ ապահովեց լոկ հինգերորդ հորիզոնականում:
Առջևում ունենալով գերծանրքաշայինների մրցավեճը, ի դեմս Ռուբեն Ալեքսանյան-Գոռ Մինասյան տանդեմի, մենք երկամարտում մեդալի ակնկալիք, այնուամենայնիվ, պահպանում էինք: Առաջ անցնելով ասենք, որ այստեղ էլ չբավականացրեց մեկ հաջողված մոտեցումը: Կաներ դա պոկում վարժությունում 203 կգ սանձահարած ու բրոնզե մեդալի արժանացած Գոռ Մինասյանը, թե Ռուբեն Ալեքսանյանը, թիմային առումով միևնույն էր: Սակայն վերջինս հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ ու դուրս մնաց պայքարից (433=192+241, 8-րդ տեղ), իսկ Գոռից (437=203+234, 4-րդ տեղ) երկամարտի բրոնզը խլեց էստոնացի Մարտ Սեյմը՝ վերջին վայրկյանին գլխավերևում պահելով 248-կիլոգրամանոց ծանրաձողն ու մեկ կիլոգրամով առաջ անցնելով մեր մարզիկից: Ինչ վերաբերում է այս քաշային կարգում չեմպիոն հռչակվածին ռուս Ալեքսեյ Լովչևը պարզապես խենթացրեց աշխարհը: Հրում վարժությունում մեկ կիլոգրամով թարմացնելով իրանցի աթլետ Հոսեին Ռեզազադեի տասնհինգ տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը՝ Լովչևն այն դարձրեց 264 կիլոգրամ, ինչը միաժամանակ բերեց աշխարհի ռեկորդի փոփոխության և երկամարտում՝ 475 կիլոգրամ:
Դառնալով տղամարդկանց մեր ազգային ընտրանու մրցելույթին ու դիտարկելով այն գալիք օլիմպիադայի պրիզմայով, որոշակի զարգացումների դեպքում մեդալի ախորժակ այնուամենայնիվ կարող ենք ունենալ ու պիտի որ «կրակողը» կամ «կրակողները» լինեն հատկապես ջահելները, ովքեր լավ առումով ամբիցիոզ են և ունակ են սարեր շուռ տալու: Մնում է նրանց ֆիզիկական, տակտիկատեխնիկական պատրաստվածության կողքին հավասարապես ուշադրություն դարձնել նաև հոգեբանականին, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, ու այսպես էլ լսելու ունակ գոնե մի ականջ չի գտնվում: Հիմա, տղաների պատվին կենացներ խմելուց ու քաջալերանքի խոսքեր ասելուց հետո ու առաջ, անհրաժեշտ է չմոռանալ, չմոռանալով՝ հասկանալ, որ, չնայած երեք փոքր մեդալի առկայությանը, խոշոր հաշվով այս առաջնությունը մեզ համար բաց թողնված հնարավորությունների առաջնություն էր: Եթե բաց թողնվածի գաղափարը կարողացանք ընդունել որպես մեկնակետ, չընկանք ինքնահմայվածի շփոթի մեջ, հավատացեք, օլիմպիադայում կարող ենք մեդալ ունենալ:
Առաջնության հետքերով շատ բան կա ասելու, սակայն նյութի ծավալը խեղդում է, ուստի դրանք թողնենք մեկ այլ պատեհ առիթի: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե երկամարտի կտրվածքով մեր հարևաններն ունեցան մեդալներ, իսկ հայերս՝ ոչ: Նախ՝ ազերիներին մեդալ բերածները ազգությամբ բուլղարացիներ են, ինչ վերաբերում է վրացիներին, փոխչեմպիոն հռչակված Լաշա Տալախաձեի մրցելույթն իսկապես տպավորիչ էր: Ինչ վերաբերում է երկամարտի մեր մեդալին, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանի արծաթը՝ 411 կգ, կարող էր և ոսկե լինել, եթե հրում վարժությունում աշխարհի ռեկորդը այս անգամ շորորացնելիքը չշորորացներ: Բոլոր դեպքերում նշենք, որ Դավիթը աշխարհի չեմպիոնի մեդալ այնուամենայնիվ ունեցավ: Նույն այդ հրում վարժությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ