Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից

Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից
01.12.2015 | 02:08

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ 2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը մոտ 35 միլիոն էր, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։ Ըստ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ Հայաստանում 1988-ից ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015 թ. հոկտեմբերի 31-ը 2194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988-ից առայսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ ՄԻԱՎ վարակի 41 դեպք արձանագրվել է երեխաների մոտ։ ՄԻԱՎ-ով վարակվածների 52 տոկոսը 25-39 տարիքային խմբում է։ Վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում՝ 721 դեպք, որը բոլոր գրանցված դեպքերի 32,9 տոկոսն է։ Գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4 տոկոս։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 հազար բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Գեղարքունիքի մարզը։
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3800 է։
Եվրոպայում արդեն մի քանի տարի հայտարարվում է ՄԻԱՎ-ի հետազոտման շաբաթ, որին միանում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակներում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար ՆԱՐԻՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ տեղեկացնում է, որ այս նախաձեռնության նպատակն է մարդկանց հասցնել այն ուղերձը, որ պետք է հետազոտվել, իմանալ կարգավիճակը, հնարավորինս կանխարգելել այն կամ, եթե վարակակիր ես, բուժում ստանալ և կյանքը երկարացնել։
Նարինե Մեժլումյանի տեղեկացմամբ՝ այս տարի եվրոպական նախաձեռնությունն իր տեղեկատվական արշավում ավելացրել է նաև հեպատիտները, քանի որ վարակված լինելու, սակայն այդ մասին չիմանալու վտանգ կա նաև հեպատիտների, հատկապես C-ի և B-ի դեպքում։
Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։ Տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։
Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի քրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4 տոկոսը՝ քրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք, ըստ Նարինե Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90 տոկոս և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե քրոնիկ ձև է, վերջնականորեն հնարավոր է, որ չբուժվի, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ նվազեցնելով լյարդի ցիռոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին։ Վերջին տարիներին առկա է հեպատիտ A-ի հիվանդացության նվազման միտում։ Հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008 թ. եղել է 25,7, իսկ 2014-ին՝ 2,4, ինչը վկայում է, որ հեպատիտ A-ի դեպքերը նվազել են մոտ 11 անգամ։
Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008 թ.՝ 3,4, 2014-ին` 1,8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999 թ. պատվաստումներից հետո հատկապես մանուկների շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ B-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա վերջինս շարունակում է խնդրահարույց մնալ:
«Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակներում իրազեկման միջոցառումներ են անցկացվել բոլոր մարզերում, տեղերի կրթական հաստատություններում։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքում։ Նարինե Մեժլումյանն ընդգծում է, որ երիտասարդների հետ հանդիպումները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի առնչությամբ բնակչությունն ավելի իրազեկ է, քան հեպատիտների։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ