Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գրադարանը ոչ միայն գրքերի պահոց է, այլև հավաքատեղի, սոցիալական հաղորդակցման միջավայր»

«Գրադարանը ոչ միայն գրքերի պահոց է, այլև հավաքատեղի, սոցիալական հաղորդակցման միջավայր»
04.12.2015 | 00:03

«Իրատեսի» հյուրն է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Մովսես Խորենացի» մեդալակիր ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ:

-Տարածված կարծիք կա, թե գրադարանները ներկայիս վիճակով վերածվել են գրքի պահեստների, «գերեզմանոցների»: Ի՞նչ ուղիներ եք տեսնում գրադարան երևույթը արդիականացնելու համար:
-Կցանկանայի տարանջատել գրադարաններն ըստ իրենց գործառույթների։ Ազգային գրադարանների հիմնական գործառույթներից մեկը ազգային մատենագիտությունների կազմումն է, հետևաբար ազգային գրադարանները բոլոր ժամանակներում և ցանկացած երկրում պահանջված են։ Նրանց հավաքածուների մեծ մասը իրականում կարող է և հիշեցնել գրքի պահեստ, սակայն դա պարտադիր է սեփական գրատպության պատմությունը կուտակելու, պահպանելու և տարածելու համար։
Հանրային գրադարանների պարագայում (թե՛ քաղաքային, թե՛ գյուղական) իրավիճակը քիչ այլ է։ Գրադարանը ոչ միայն գրքերի պահոց է, այլև հավաքատեղի, սոցիալական հաղորդակցման միջավայր։ Բազմաթիվ եվրոպական հանրային գրադարաններում ականատես եմ եղել, թե ինչպես են շաբաթ և կիրակի օրերին մարդիկ ընտանիքներով այցելում գրադարան։ Այստեղ թե երեխաները, թե մեծահասակներն ունեն իրենց զբաղմունքը: Ինչ խոսք, XXI դ. առաջին կեսի մարտահրավերներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, թվային գրադարանների ստեղծումը, անցումը արդյունաբերականից տեղեկատվական հասարակության։ Այս առումով և՛ գրադարանավարները, և՛ գրադարանային գործի կազմակերպիչները, անշուշտ, մեծ անելիքներ ունեն։
-Ազգային գրադարանն ահռելի աշխատանք է կատարել իր ֆոնդը թվայնացնելու ուղղությամբ, այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ` 3956 միավոր գիրք` 1185967 էջ, 169 անուն լրագիր` 165945 էջ, 302 հանդես` 1086754 էջ, 52737 անուն հոդված, 50 միավոր քարտեզ: Դա արդիականացման լավագո՞ւյն միջոցն է:
-Թվայնացումը լուծում է երկու կարևոր խնդիր, նախ, ընթերցողի գրասեղանը մոտեցնում է գրադարանին, ոչ թե ընթերցողն է այցելում գրադարան, այլ գրադարանը` համակարգչի միջոցով: Կարելի է նյութը պատվիրել առցանց, կարելի է այն կարդալ առցանց, կարելի է կազմակերպել որոնում միանգամից աշխարհի մի քանի գրադարանների քարտարաններում և այլն։ Երկրորդ, լուծվում է նյութի երկարաժամկետ պահպանության խնդիրը։ Աշխարհի բոլոր գրադարանների համար տպագիր արտադրանքի պահպանումը կորստից գերխնդիրներից մեկն է։ Վերջին հաշվով թուղթը վնասվում է, խոնավությունից վարակվում սնկային հիվանդություններով, էլ չեմ խոսում բնական և տեխնածին աղետների անդառնալի հետևանքների մասին։ Եթե առկա է տպագիր նյութի բարձր որակի թվային պատճենը, ապա դրանից միշտ կարելի է ստանալ թղթային օրինակը։ Սա, ինչ խոսք, մեծ աջակցություն է գրադարաններին։ Սակայն թվայնացումը իր հետ բերում է բազմաթիվ նոր խնդիրներ։ Հաշվողական տեխնիկան, հիշող սարքերը արագ հնանում են, շուկայում անընդհատ ի հայտ են գալիս նոր տեխնիկական միջոցներ, և ձեր ունեցած սարքերից շատերը պարզապես համատեղելի չեն նոր մոդելներին։ Մյուս խնդիրը ծրագրային վիրուսներն են, ծրագրահեններից պաշտպանվելը, ձեր անձնական տվյալների անխաթարությունը։ Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնց վերջնական լուծումներն այս պահին չկան։ Իսկ ինչպե՞ս պիտի կարգավորվեն հեղինակային իրավունքի նորմերը թվային նյութերի պարագայում, այս բնագավառը ևս կարիք ունի հստակեցման։ Ես թվարկեցի խնդիրների մի փոքր մասը միայն, բայց իրականում կան բազմաթիվ հարցեր (թե՛ ծրագրատեխնիկական ապահովման, թե՛ իրավական-նորմատիվ, թե՛ լեզվաբանական համատեղելիության), որոնք կարոտ են վերաիմաստավորման։ Բնագավառը դեռևս չի կայունացել, և բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծմանը։
-Ինձ հայտնի է, որ բավական երկար ժամանակ աշխատում եք Հայ գրքի թանգարան հիմնելու ուղղությամբ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնելու, նպատակը ո՞րն է, ինչպիսի՞ հայեցակարգ եք մշակել, ի՞նչ ցուցանմուշներ եք նախատեսել:
-Գաղափարը ծագել է հայ գրատպության 500-ամյակը նախապատրաստող հանձնաժողովի անդամների մեջ։ Քննարկումներից հետո մտահղացումն ստացավ միսուարյուն, հստակեցվեցին նպատակները, իրագործման ուղիները։ Բնական է, որ թանգարանը պետք է տեղակայված լիներ Ազգային գրադարանում։ Ներկայումս Թամանյանական մասնաշենքում թանգարանին հատկացված է տարածք, ընթացքում են ձևավորման աշխատանքները։ Նշեմ, որ նման թանգարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, և լինելով առաջնեկը` բազմաթիվ խնդիրներ հարկ է լինում լուծել հընթացս, և ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունը լիովին աջակցում է մեր առաջարկներին: Ներկայացված են լինելու հայկական գրատպության բոլոր խոշոր կենտրոնները, կլուսաբանվի հայ վաճառականության դերը գրատպության գործում, կունենանք առաջինների սենյակ՝ դրանք այն նյութերն են, որոնք տպագրվել են առաջին անգամ, ասենք` «ՈՒրբաթագիրքը», «Ազդարարը», «Համատարած աշխարհացոյցը» և այլն։
Բազմաթիվ այլ հետաքրքիր լուծումներ էլ կան, բայց դրանց մասին թույլ տվեք խոսել թանգարանի բացումից հետո, որը կկայանա 2016 թ. մայիսին։
-Ի՞նչ բան է գիրքը անձամբ Ձեզ համար:
-Կուզենայի հիշեցնել Չարենցի քառատողը.
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի-
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Առհասարակ գիրքը մանկուց եղել է իմ կյանքի ուղեկիցը։ Բացի այն, որ տանն ունեինք շատ հարուստ գրադարան, մեր թաղամասում կար երեք հանրային գրադարան, հետևաբար ունեի գիրք ընտրելու անսպառ շտեմարաններ։ Համարում եմ, որ կյանքում ձեռքբերումներիս համար շատ բանով պարտական եմ գրքերին և ընթերցանությանը։ Նույն սցենարը, երեխաներիցս հետո, պատրաստվում եմ իրականացնելու նաև թոռնիկիս` կրտսեր Տիգրանի համար, արդեն գնել եմ մի քանի գունազարդ գրքեր…


Հարցազրույցը`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ