Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բանտախցի մեկ օրը

Բանտախցի  մեկ օրը
04.12.2015 | 02:05

ԴԺՈԽՔԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ԻՄ ԸՆԿԵՐ ԴԵԴՈՆ


88-ը հոգևոր ծնունդ էր. այն տարանջատեց լույսը խավարից, բարին` չարից, հոգևորը` նյութականից...
Էդուարդ Սաֆարյանը, ում վերելքի ու վայրիվերումների այն օրերին ճանաչում էին որպես Բերդաձորի Դեդո, ով ոչ թե գնաց Թատերական հրապարակ` պատմական միլիոն բռնցքահարներից մեկը դառնալու, այլ երևանաբնակ-համագյուղացի քսան յուրայինների խումբ կազմեց ու գնաց Շուշիի տարածաշրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն ծննդավայրը շենացնելու, և շենացրին:
Որպեսզի պատկերացնեք, ի դեմս Մեծ Շենի, անցյալ դարավերջին ամբողջ ԼՂՀ իրավիճակը, ընդամենը մեկ օրինակ. Մեծ Շենում և բոլոր մյուս հայկական գյուղերում էլեկտրականությունն ու ռադիոն մուտք են գործել ընդամենը վաթսունական թվականներին, մինչդեռ այդ գործընթացը Սովետական Հայաստանի ամենախուլ գյուղերում անգամ ավարտվել էր մինչև 1941 թ.: Եվ ասեմ ամենազավեշտալին. երբ «Արարատը» 73-ին չեմպիոն դարձավ, շրջակա գյուղերի, նույնիսկ Շուշիի ու Ստեփանակերտի բնակիչները, զրկված լինելով Հայաստանի հեռուստահաղորդումներից, այդ մասին գուշակում էին հեռավոր հովտում, Սյունյաց լեռներին ամենամոտ ծվարած, հայրենական հեռուստաալիքներից սնուցվող, Մեծ Շենում հավաքված թունդ ֆուտբոլասերների զվարթ գոռում-գոչյուններից։
Գյուղը ոգևորվեց որդիների վերադարձով, ուղղեց հազար հոգս ու ցավից կորացած ու ծերացած մեջքը, և Էդուարդ Սաֆարյանին շինականները` մեր ու մանուկ միաձայն, գյուղապետ կարգեցին։
Կարճ ժամանակ անց, իհարկե Երևանի տարբեր գործարանների օգնությամբ, գյուղում գազ անցկացվեց, ակումբն ամբողջությամբ վերակառուցվեց ու վերանորոգվեց, բաղնիք կառուցվեց, փողոցներում գիշերային լույսեր անցկացվեցին, և այլ մանր ու խոշոր պրոբլեմներ լուծվեցին գլուղի մարդկանց ու տնտեսության համար շատ կարճ ժամանակահատվածում, ինչը չէր արվել «լայն քայլող» Սովետական Ադրբեջանի իշխանության յոթանասուն տարիներին: Այս «լայնը» հին հասկացություն է. բանն այն է, որ Սովետական Ադրբեջանի բոլոր մուտք ու ելքերին մեծ պաստառների վրա գրված էր «Широко шагает Азербайджан», իսկ տակին միշտ ինչ-որ մարդիկ ավելացնում էին «по магазинам Армении»։
Գյուղը փթթեց ու ծաղկեց հարազատ որդիների սրտերի սիրուց ու ձեռքերի ջերմությունից. մինչև 91-ի մայիսը։
«Կոլցո» օպերացիայի ժամանակ նրան համախոհների հետ գերեվարեցին, և ուղիղ մեկ տարի պատանդ էր. սկզբում Շուշիի, ապա` Բաքվի Բաիլով և Շուվելյան բանտերում: Ինչեր են կրել ու տեսել, ինչ կտտանքների են ենթարկվել` մեր ամեն հաղթանակից և հերթական բնակավայրը ազատագրելուց հետո, ինչ հնարքների է դիմել ինքը` իր յոթ խցակիցների ոգին պահելու համար, որ նրանք ինքնասպան չլինեն, այդ մասին ոչինչ չեք իմանա գրող Էդուարդ Սաֆարյանից, կամ եթե իմանաք` հումորի լեզվով, և ամենակարևորը. որ թշնամին նրա գրչի տակ կամ շատ ստոր է, նենգ ու չափազանց ծիծաղելի, կամ` թաքնված բարի ու չափազանց մարդկային: Եվ այդ ամենը հեղինակը մեզ է վերադարձնում սիրով ու հումորով, և չարության ո՜չ մի նշույլ. կարծես այդ ամենը կինոյում է տեսել ու զգացել, ոչ թե սեփական մաշկի վրա։
Փոխանակվել է 92-ի մայիսի քսանութին` «Կարմիր խաչի» ջանքերով։
Լուռումունջ...
Նույն տարիներին ֆրանսիական մի ամսագրում նրա մասին ակնարկը վերնագրված էր շատ դիպուկ` «Դժոխքից արտաքսվածը»:
«Բանտախցի մեկ օրը» պատմվածքը ինքնակենսագրական պատում է այդ դժոխքից, կարդացե՛ք և ծանոթացե՛ք Էդուարդ Սաֆարյանին և սպասեք նրա նոր գործերին. նա իսկական արցախցի է, նրա գրականությունը` Վերածնված Արցախի արձակ: Կյանքն է նրան տվել այդ արձակը, իսկ Աստված` պահպանել...


Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Բանտախցի պահարանի չխկչխկոցը կրկնվում էր ամեն գիշեր։
Բոլորը հասկանում էին, որ դա մուկ է և իզուր էլ չխկչխկացնում է դատարկ պահարանը` հացի փշուր գտնելու ակնկալիքով։ Նրանք այնքան էլ առատաձեռն չէին իրենց չտրված հացը դնելու պահարանում, քանի որ եթե պատահում էր` իրենց հաց էին տալիս, ապա վայր ընկնող, կորեկի մեծության հացի փշուրը նրանք որսում էին մինչև ընկնելը։ Այնպես որ, այդ բանը մուկը համառորեն չէր ուզում հասկանալ և ամեն գիշեր հույս էր պահպանում այնտեղ` պահարանում նրանց բարությունը հայտնաբերելու համար։
-Էլի էդ մուկը սկսեց,- առաջինը ասաց հադրութցի Քաջիկը։
-Մեզ նման սոված է,- ձայնակցեց Սերոբը։
-Եթե հույսը դրել է մեզ վրա, ապա մի երկու օրից միս ենք ուտելու,- ասաց Նորիկը։
Բոլորը քրքջացին։
Բանտախցի գիշերային դեղին լույսը վառվում էր, իսկ հսկիչը, որ կես ժամը մեկ դռան դիտաչքից հետևում էր խցերում կատարվող յուրաքանչյուր շարժի, կարծես թե լքել էր պոստը, քանի որ տղաները բարձր ձայնով էին քրքջում ու կատակում, սակայն հսկիչների կողմից արձագանք չկար։
-Լավ... հանգիստ մնացեք, եթե միս էլ չուտեք, հաստատ ծեծ կուտեք,- ասաց Նորիկը։
-Ծեծ չեմ ուզում, տոլմա եմ ուզում,- ասաց Քաջիկը։
-Մկան մսից տոլմա չի լինում,- միջամտեց Սուրենը։
-Տղերք, հանաքը մի կողմ, հիմա ի՞նչ կուզեիք ուտել,- հարցրեց հադրութցի Քաջիկը։
-Շան..., հիմա շան... էլ տան` կուտեմ, ի՞նչ ես քյավառցու ասածի պես` «Դարդիս վրա դարդ բերում», վերջ տվեք։ Բերանիս ջուրը էդ մկան մսի համից բարձիս վրա գյոլ ա տվել,- տնքալով կանչեց Հրայրը։
Ազերի քննիչները ընդամենը երկու ժամ առաջ Բերդաձորի Հրայրին տարել էին հարցաքննության և մահամերձ վիճակում բերել-շպրտել բանտախուց` ամբողջ մարմինը և երեսը այտուցների ու կապտուկների մեջ կորած։
-Հրա՛յր ջան, քեզ շան... պետք չի, քեզ մկան մսից արգանակ ա պետք վերքերդ ապաքինելու համար։ Բանտի բժիշկը քեզ դիետա ա նշանակել, ուզո՞ւմ ես, ասեմ` ի՞նչ պիտի ուտես։ Բժիշկը ասաց. առաջին երկու օրը` արգանակ, առավոտները` թերխաշ ձու, հետը չմոռանաք մի հիսուն գրամ թթի օղի, մեղրով թեյ, կեսօրին` լոբով ճաշ, երեկոյան թող կորկոտ ուտի ու շուտ կապաքինվի,- ասաց Նորիկը։
-Քանի՞ օր ա բերանդ բան չես դրել, Հրայր ջան,- հարցրեց Սերոբը։
-Վեց օր ա,- Հրայրի փոխարեն պատասխանեց Քաջիկը։
-Դու ձենդ կտրի՛ր, քեզ չեմ հարցնում, բոևիկ շա՛ն որդի, դու ավելի լավ ա ասես` տաքսու վարորդին խի՞ ես սպանել,- իրեն քննիչի տեղ դրեց Սերոբը։
Քաջիկը ժպտալով ասաց.
-Երբ որ դու կասես` քանի անգամ ես քաղաքի հրապարակում «միացում» կանչել, էն ժամանակ էլ ես կասեմ` տաքսու շոֆերին սպանել եմ, թե չէ։ Հլա մի բուխանկա հաց էլ կտամ, չմփչմփացնելով կուտես։
-Պանիր էլ կտա՞ս հետը,- հարցրեց Սերոբը։
-Հա, ա՛յ քոսոտ հայ, պանիր էլ կտամ։
-Սոխ էլ։
-Չէ, սոխ չեմ տա, էդ հաց ու պանիրն է, ուզում ես, կեր, ուզում ես, մի կեր, թե չէ` տալիս եմ Բերդաձորի Հրայրին։
-Արա՛, քո ձեռից բան կպրծնի՞, ա՛յ բոևիկ շան որդի,- քմծիծաղով հարցրեց Սերոբը։
Բոլորը նորից քրքջացին, խլացնելով մկան հուսահատ ու սիզիփոսյան չխկչխկոցները պահարանում։
-Տղե՛րք, ձեններդ կտրեք ու քնեք, համը հանում եք, մտնելու են տուրուդմփոց անեն, ես էլ ջան չունեմ դիմանալու, հենց ինձ մատով կպան` կմեռնեմ, բայց մինչև մեռնելս բոլորիդ ծախելու եմ, ա՛յ, տականք հայեր։ Ձեններդ կտրեք,- ծանր, շա՜տ ծանր տնքալով` պահանջեց Հրայրը։
-Եղավ,- համաձայնեց Նորիկը,- բայց մի բաժակ արգանակ խմի՛ր, նոր քնիր։
-Տավարի՛ մեկը,- տնքաց Հրայրը։- Լավ ա էդ բառն էլ սովորեցիր, ուզո՞ւմ ես ասեմ` բոսանոշկին ինչ են ասում հայերեն։
-Բաց ոտնաման,- պատասխանեց Նորիկը։
-Համբա՛լ։
-Դե ասա, ինչ են ասում։
-Բոկոտիկ,- պատասխանեց Հրայրը։
-Ի՞նչ։
-Բոկոտիկ, ա՛յ հիմա, որ դու հագնում ես դրանք, կոշիկներ չեն, այլ բոկոտիկներ, «ա՛յ Վազգեն, ա՛յ Զորու Բալայան, ա՛յ Մանուչարով»։ Էդ չե՞ք հայերդ, անշնորհակալ ազգ եք, մեր երկրում տեղ ենք տվել ապրելու, ամենից լավ հողեր, ամենից լավ աղբյուրներ, հիմա Արցախ եք կանչում, միացում եք կանչում։ Ընդամենը երեք միլիոն եք, իսկ մենք յոթ միլիոն, որ զենք էլ չբռնենք, ոտով գանք Հայաստան` ձեզ կջնջխենք։ «Այ Թեր-Պետրոսյան»...
Ձեր մեջ մի կարգին մարդ չկա՞ր` նախագահ ընտրեիք, արտասահմանցիք են ձեզ ղեկավարում, ա՛յ էշեր։
-Էդ էսօրվա ծեծի ժամանա՞կ են սովորեցրել քեզ,- հարցրեց Նորիկը։
-Հա, ...լան։
-Էդ բոկոտիկ բա՞ռն էլ են իրենք ասել։
Եվ նորից բոլորը միասին հռհռացին։
-Խի՞ չըպիտի հռհռաք, լավ կերած խմած, հանգստացած,- ծոր տվեց Քաջիկը,- ոչ մի պահանջ չունեք, ոչ մի պակաս տեղ, մենակ ասեք` ով ինչ է ուտելու, որ առավոտը հերթապահ եմ, սեղանին, իմանամ, ինչ եմ դնելու։
-Ինձ` երկու հատ թերխաշ ձու, մեկ էլ մի գդալ հալած յուղ,- տնքտնքալով ու հազիվ դիմանալով կողաճաղերի ցավերին, ասաց Հրայրը։
-Ինձ` սասինսկի։
-Նրբերշիկ, Սուրիկ, նրբերշիկ,- ուղղեց Հրայրը։
-Հա, նրբերշիկ, գարչիցայով։
-Մանանեխով, Սուրի՛կ, մանանեխով։
-Արա, դե զզվեցրիր, էլի, ես քո զակազին բա՞ն եմ ասել։
-Նախ` զակազ չէ, այլ` պատվեր, հետո էլ` քո նման... լանը իմ նման «ազգայնամոլին» դիտողություն անելու իրավունք չունի։
-Վերջացրե՛ք, սպասեք` մենք էլ «պատվիրենք»,- ասաց Նորիկը ու դիմեց Քաջիկին։
-Ինձ համար սալաթ, էն որ սմետանով լինում է, մեջին կալբաս, ա՛յ էդ սալաթից։
-Նախ ոչ թե սալաթ, այլ աղցան, ոչ թե կալբաս, այլ երշիկ, հետո էլ` էդ աղցանը կոչվում է «մայրաքաղաքային»։
Հանկարծ դռան բանալին շրխկոցով պտտվեց, դուռը բացվեց, ու հսկիչները հինգ հոգով ներս խուժեցին` զինված ռետինե մահակներով։
-Պադյո՜մ,- գոռաց նրանցից մեկը։
-Շարվե՛լ,- կարգադրեց մյուսը։
Հրայրը չկարողացավ շրջվել, մնաց անշարժ, մտածելով` «Հե՛րն էլ անիծած, սրանից ավելի հո չե՞ս սպանելու»։
Հսկիչը մի հարված հասցրեց Հրայրի մեջքին ու գոռաց.
-Վեր կաց, այ էքստրեմիստ։
Հրայրը դարձյալ անշարժ էր։
-Նա չի կարա կանգնի,- միջամտեց Նորիկը, և նույն վայրկյանին ռետինե մահակի մի հզոր հարված ստացավ դեմքին։
Հսկիչները Հրայրին քաշեցին ու փլցրին բանտախցի անշարժ սեղանին։ Հրայրը հասցրեց փորի վրա պառկել։ Հսկիչներից երկու հոգի սկսեցին մահակներով հարվածել նրա արդեն անզգա մեջքին։ Դա նման էր դարբնոցում դարբնի և օգնականի աշխատանքին, զնդանի վրա։
-Խաչ նկարի դրա մեջքին, ես դրանց խաչը...
-Միասսո՞ւմ գանչալս,- իր հայերենով ամեն հարվածից հետո հարցնում էր մյուսը։
Հրայրի դեմքին ժպիտ երևաց։ Տղաներն այդ նկատեցին և կարծես թե սրտապնդվեցին։ Հրայրը նրանց բացատրել էր, որ դժվարն առաջին մի քանի հարվածներն են, դրանցից հետո մյուս հարվածները կարծես թե ցավ չեն պատճառում, այլ խուտուտ։
-Հերիք է սրան,- կարգադրեց հսկիչների ավագը, որին Հրայրը «Ժանգոտ» անունով էր կնքել, կարմրավուն մազերի և դեմքի համար։
Ժանգոտը Սերոբին կարգադրեց պառկել սեղանին։ Սերոբը չլսելու տվեց, հապաղեց, սակայն հսկիչները նրան տապալեցին սեղանին ու սկսեցին հարվածել։
Հսկիչները խփում էին ու ամեն հարվածի հետ թվարկում բոլոր հայ էքստրեմիստների անունները։
-Սա Զորու Բալայանի համար։
-Սա Թեր-Պետրոսյանի համար։
-Սա Վազգենի համար։
-Սա Մանուչարովի համար։
-Սա... Ժաննայի համար։
-Սա Բաբայանի համար։
Այդ ընթացքում մյուս հսկիչները ծեծում էին Քաջիկին, Նորիկին, Սուրիկին։ Նրանք ցավից մղկտում էին ու բարձրաձայն տնքոցներ հանում։
Ժանգոտը հայհոյում էր հայ ազգին, ասում, որ նրանց երկրի երեսից պիտի վերացնեն, որ իրենց նախնիները մեծագույն սխալ են գործել 1915 թվականին, որ ամբողջությամբ չեն կոտորել էս զզվելի, անշնորհակալ, աներկիր ու անուղեղ ազգին։
Նրանք դադարեցրին ծեծը միայն այն ժամանակ, երբ արդեն հոգնել էին։ Դուռը փակեցին լուտանքներով ու անեծքներով` խոստանալով բնաջնջել հայերին երկրի երեսից, բռնաբարել հայերի մեծերին ու փոքրերին...
Բանտախցում լռություն տիրեց, միջանցքում ոտնաձայները մարեցին։ Միայն խուլ տնքոցներ էին լսվում բանտախցում։
Այդ ցավախառը լռությունը առաջինը խախտեց Նորիկը։
-Էս անասունները ֆիզիկական աշխատանք չեն սիրում անել, թե չէ մեզ կկոտորեին։
-Էդ կողմից բախտներս բերել է,- տնքաց Հրայրը։
-Սերո՛բ, բան ա, եթե բախտդ բերեց, ստեղից դուրս եկար, մի դուբինկա կճարես, կգնաս էդ Մանուչարովին, էդ Ժաննային, էդ Թեր-Պետրոսյանին, մի խոսքով` սաղին, մի լավ ծեծ կտաս,- առաջարկեց Նորիկը։
Սերոբը ձայն չհանեց։
-Սերո՛բ... Սերո՛բ...
Դարձյալ լուռ էր։
-Քաջիկ, մի տես` սաղ ա՞ էդ դաշնակը։
-Սերոբ,- ձայնեց Քաջիկը։
-Արա, մի հատ շրջիր դրան, տես փորումը շունչ կա՞։
Քաջիկը ձեռքը դրեց Սերոբի փորին ու ասաց.
-Ամեն ինչ էլ կա, ըհը, լավ կերած-խմած ա, վռազելուց խորովածը առանց ծամելու ա կուլ տվել։ Արա, շունչ էլ կա, փսսացրեց, էդ խի՞ չես ձեն հանում, ա՛յ «Թուրքի հայ»։
-Ձեռքդ քաշի, ա՛յ ՀՀՇ, կամ էլ մի քիչ ներքև դիր,- արձագանքեց Սերոբը։
-Ձեններդ կտրե՛ք, վերջապես, դուք առանց ծեծի չեք կարող մնալ,- միջամտեց Հրայրը, քանի որ Սերոբի խոսքից բոլորը նորից սկսեցին հռհռալ։
-Լավ, լավ, վերադառնանք մեր գործին,- ձայնին լրջություն տալով, ասաց Քաջիկը,- Սերոբ, ի՞նչ ես պատվիրում առավոտվա զավտրիկին։
-Նախաճաշին,- ուղղեց Հրայրը։
-Հա, նախաճաշին,- կրկնեց Քաջիկը։
Սերոբը գերմարդկային ջանքերով շրջվեց մեջքին։ Կողոսկրերի անտանելի ցավերից մի պահ կորցրեց իրեն։ Սոսկալի ցավերից անզուսպ տնքոցները բարձրաձայն էին և սրտաճմլիկ։ Բանտախցում տնքոցները միշտ անհասցե են լինում, բայց, կարծես թե, ամոքիչ։
-Ես... առավոտյան, ոչինչ չեմ ուզում, Քաջո... իմ բաժինը տալիս եմ քեզ...,- տնքտնքալով ասաց Սերոբը։
-Դու հո տավար չես, ա՛յ դաշնակ, ուզո՞ւմ ես քաղցր թեյ տամ... կարագով, շոռով, լոռով, արաժանով... որ շուտ լավանաս, թե չէ կմեռնես, մենք էլ կմնանք առանց դաշնակ,- ասաց Քաջիկը ու շարունակեց,- մտքիդ ի՞նչ կա, ասա, թե՞ դաշնակցական գաղտնիք ա...
-Դաշնակցական զահրումար ա, ձենդ կտրի՛, հերիք ա զզվեցնես մեզ քո բազմահամ խորտիկներով, կշտացել ենք, հասկանում ես, Քաջո, կշտացել ենք քո հացից էլ, ջրից էլ... հյուրասիրությունից էլ, քո խոհարարական գիտելիքներից էլ, թող քնեն մարդիկ, մինչև առավոտը դեռ ապրել կա...,- փսփսոցով վրա տվեց Հրայրը և ավելացրեց,- վերջ...
-Բա առանց հաց ու ջրի ո՞նց ապրենք...- անմիջապես ասաց Քաջիկը և սկսեց հեկեկալ։
-Աստվա՜ծ իմ,- դառն ու երկարաշունչ կանչեց Հրայրը։

Առավոտյան «վերկաց»-ի զանգը հնչեց սովորականից երկար։ Սերոբն ու Հրայրը անկարող էին վեր կենալ տեղից։ Երկուսի կողոսկրները կոտրվել էին, երկուսն էլ տնքում էին ահավոր ցավերից։ Տնքոցները նրանց համար կարծես սպեղանի էին, իսկ տղաների համար... անտանելի ականջացավ։ Սակայն ականջացավ ունեցողները չեն նվնվում, գիտեն, որ գալու է հերթափոխի օրը։
Դռան բանալին հանգիստ պտտվեց կողպեքի մեջ, և դուռն առանց աղմուկի բացվեց։ Հսկիչը բանտի ամենից բարի ու խղճով մարդն էր` Սաբիրը, որն արդեն մի ամիս էր չկար։
-Բարև ձեզ, ա՛յ էքստրեմիստ հայեր,- նա նայեց բոլորի դեմքին, հետո նկատելով պառկած Սերոբին ու Հրայրին, ասաց.
-Ինչ ա եղել։
-Կողաճաղերը ջարդված են,- պատասխանեց Նորիկը։
-Իրիկո՞ւնն են արել,- հարցրեց Սաբիրը և, չսպասելով պատասխանի, շարունակեց.
-Ձերոնք Ղզդալա գյուղի մոտերքում ուղղաթիռ են խփել, ահագին «մեծ» մարդիկ են մահացել,- Սաբիրը խոսում էր դռան շրջանակի մեջ կանգնած և հայացքով հսկում միջանցքի շարժը, որպեսզի մյուս հսկիչները չտեսնեն իր մտերիմ զրույցը հայերի հետ։ Նա միշտ էլ հայերին վերաբերվել էր մարդկայնորեն, և միայն նրա հերթապահության ժամանակ կարելի էր սիգարետ կամ լուցկի խնդրել։ Պատահում էր այնպես, որ հարցաքննության գնացած տղաները, երբ հատակին պառկած ծեծի էին ենթարկվում, հասցնում էին սիգարետի մնացորդները հավաքել ծեծողներից աննկատ և բերել բանտախուց։ Նման դեպքերում լուցկու խնդիր էր առաջանում ու ստիպված, անհուսորեն դիմում էին հսկիչներին։ Բոլորն էլ միշտ մերժում էին, բացի Սաբիրից։
Երբ լուցկի էին խնդրում, Ժանգոտը պատասխանում էր` «ՈՒժս չի պատում», իսկ մնացածները` «Ձեզ չի հասնում», ու մի քանի հարված էին հասցնում լուցկի խնդրողին` «հանդգնության համար»։
-Քանի՞ օր է հաց չեն տալիս ձեզ,- հարցրեց Սաբիրը։
-Այսօր վեցերորդ օրն է։
-Օղռաշներ, ասա` հացն ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հետ։ Լավ, հիմա, որ կտանեն «զբոսանքի», ես մի բան կմտածեմ,- գրպանից երկու տուփ «Աստրա», մի տուփ լուցկի հանելով ու մեկնելով Նորիկին, շշուկով ասաց Սաբիրը։
-Թաքցրեք, որ չտեսնեն, ձեռներիցդ խլեն, մնացածը գիտեք,- շարունակեց Սաբիրը։ Մնացածը` չմատնելն էր, չասել, թե ով է սիգարետը տվել։ Նա միջանցքի ծայրին ինչ-որ բան նկատեց և սկսեց բարձրաձայն գոռգոռալ ու հայհոյել տղաներին։
-Անասունի պես բան եք հայերդ, դուք մա՞րդ եք, ոնց որ խոզանոց լինի խուցը։ Ո՞վ է հերթապահը, դու ես... ա՛յ հայվան,- ոչ մեկին չդիմելով շարունակեց,- կես ժամից հետո եմ գալու, գամ տեսնեմ` կամերը լպստած,- շրխկոցով դուռը փակեց ու բարձրաձայն հայհոյելով հեռացավ դռան մոտից։
Բոլորի դեմքին ժպիտ կար, այնպիսի ժպիտ ու հայացք, որը ունենում է երախտապարտ մարդը, պատրաստ` ինչ գնով էլ ուզում է լինի, հատուցելու իր երախտագիտությունը։ Այդ զգացումը կարծես թե տակնուվրա արեց Հրայրի ցաված հոգին։
Հրայրը պատանի տարիներին, ինչպես բոլորը, բանաստեղծություններ էր գրում մի քանի հոգու, իր ուզած մարդկանց, կարդում և նրանց ներկայությամբ պատառոտում թուղթն ու ասում.
-Սա հեչ։
Այսինքն, եթե անգամ դուք հավանել եք, ապա ինձ համար սա ընդամենը փորձ է, թույլ գործ, և դեռ ամեն ինչ առջևում է։ Թուղթը պատառոտելու պահը նրա համար երևի թե ավելի կարևոր էր, քանի որ այն բխում էր բանաստեղծի` բանաստեղծություն գրելու անբացատրելի հաճույքից։ Դուք հիմա կասեք` ինչո՞ւ անբացատրելի։ Որովհետև, եթե մեկնաբանվում է կամ բացատրվում է մի հաճույք, մանավանդ, եթե այդ հաճույքը անհատնելի բացատրություններ ունի, և յուրաքանչյուրն իր ուզածի պես է բացատրում, ապա այն միշտ էլ մնում է անբացատրելի, ինչպես, ասենք, փռշտոցի հաճույքը։ Իսկ բանաստեղծությունը պատռելը նրա համար կարևոր էր այնքանով, որ ամեն մի պատռված բանաստեղծության հետ նպատակ ուներ նորից գրելու և նորից վերադառնալու գրելու հաճույքին, որը հավերժորեն անբացատրելի էր։
Հիմա Հրայրը կողացավերը մեղմելու համար ճգնում էր հիշողությունների թևին վերադառնալ դեպի իր, ոչ հեռավոր անցյալում ապրած օրերին, որը բովանդակվում էր և լավ նկարի պես շրջանակվում այն հաճույքներով, որոնք միայն ու միայն ծնվում են բանաստեղծություն գրելու ժամանակ։
Կարդալու համար նա ավելի շատ ժամանակ էր կորցնում, քան մնացած բոլոր բաների, այդ թվում նաև` պարտականությունների։ Եվ հենց դրա համար տանը գոյանում էին խնդիրներ, որոնց դերակատարության մասին այս պահին ջանում էր չմտաբերել, քանի որ համառորեն դրանք կտցահարում էին իր ուղեղը, թեև ոչ առաջվա ուժգնությամբ, այլ, կարծես թե, մեղմ ու սրտացավորեն։
-Սուրիկ, մի սիգարետ վառիր,- ասաց Հրայրը։
-Էս ժամի՞ն,- տարակուսեց Սերոբը։
Այդ ժամին միջանցքի շարժը մեծ էր, ցանկացած պահի կարող էին դուռը բացել, ու մի սիգարետի համար կդառնաս ռետինե գավազանի, լուտանքների, նվաստացումների զոհ։ Նրանք եթե մի որևէ բան էին անում, պահում էին ավելի խաղաղ ժամերի համար։
-Բան չկա, վառիր,- կրկնեց Հրայրը։
-Նորիկ, ի՞նչ անենք,- Սուրիկը չէր կողմնորոշվում։
-Զահրումար անես, վառի։ ՈՒրեմն, պետք ա, որ ասում ա,- բարկացավ Նորիկը։
Վերջին անգամ նրանք ծխել էին տասն օր առաջ, երբ քննիչի մոտից Սուրիկը երկու հատիկ լուցկի և երկու հատիկ սիգարետ էր բերել խուց։ Քանի որ Սուրիկի գործը քրեական էր և կապ չուներ «Միասում գանչալս» գործի հետ, քննիչը Սուրիկին և՛ սիգարետ էր տալիս, և՛ լուցկի, և՛ հսկիչներին զգուշացնում էր, որ «էս տղան հայի հետ ա կռիվ արել, սրան լավ նայեք»։ Անգամ մի հարցաքննության ժամանակ մի բաժակ թեյ էր հյուրասիրել։
Վառած սիգարետը պտտվեց շուրթից շուրթ ու հանգրվանեց Հրայրի ու Սերոբի մոտ, որպես խիստ տուժածների։ Մի պտույտից հետո վառվող սիգարետը աչքի առաջ հալվեց` շիկացած թավայի մեջ գցած յուղի պես։ Բանտախցում ծուխը չհասցրեց տարածվել ու վերանալ, քանի որ այնքան արագ կատարվեց մի սիգարետի ծխելը, որ դրանից արձակված ծուխը մնաց կանգնած։ Ապահովության համար Սուրիկը վերնաշապիկով այդ ծուխը քշեց դեպի ճաղապատ լուսամուտը, որը շատ ավելի նման էր օդանցքի։ Այդ օդանցքից երևում էր մի կտոր երկինք, որն այնքա՜ն երանելի էր, լուսավոր ու անհասանելի։ Ծաղկած ակացիաների բույրը դրսից, քամու քմահաճույքով ներս էր հորդում խուց, և այդ պահերին կարոտը փչվող փուչիկի պես մեծանում էր պայթելու չափ, իսկ արցունքները դառնում էին անզուսպ, կամակոր ու հպարտության խորհրդանիշ։ Սիգարետի ազդեցությունը, տասն օր չծխելուց հետո, բոլորովին ուրիշ էր` աննկարագրելի, հաճելիորեն սպանիչ, հուսահատորեն հուսալի, վերացական ու անգույն։
-Ժանտադեմ հսկիչների այդ ոհմակի մեջ բախտավորություն է, որ Սաբիրը կա,- թվաց` ինքն իրեն ասաց Հրայրը, սակայն ասաց բարձրաձայն, և բոլորը, թեև չարձագանքեցին, բայց համաձայնեցին։
-Ո՞րն է մեր փրկությունը,- հիմա արդեն, դիմելով տղաներին, հարցրեց նա։
-Մեզ փրկություն չկա՛,- ասաց Նորիկը և սիգարետի ազդեցության տակ սկսեց լաց լինել։
Դա հուսահատ, անօգնական մարդու լաց չէր, այլ կենսախինդ մարդու, ուժեղ մարդու, ումից ինչ-որ բան էին խլել, ինչ-որ նվիրական մի բան...
-Որ մի լավ թաշախուշտով հաց ուտենք, կփրկվենք,- ասաց Քաջիկը,- նպատակ ունենալով շեղել բոլորին այդ տխուր թեմայից։
-Բոլոր ճանապարհներն անցնում են Քաջիկի ստամոքսի միջով,- հենց այնպես, հուսահատորեն ասաց Նորիկը։
-Մեզ փրկություն չկա...,- նորից կրկնեց Նորիկը և ձեռքն ուժգնորեն խփեց բետոնի մեջ ամրացված սեղանին, որի անշարժության պատճառով հարվածի ձայնը խլացավ։ Հետո Նորիկը գյուտ արածի նման ասաց.
-Նայե՛ք,- ու նորից հարվածեց սեղանին,- տեսնո՞ւմ եք` ոչ ձայն է լսվում, սովորական շարժվող սեղանի ձայն, երբ բռունցքով հարվածում ես սեղանին, և ոչ էլ շարժվում է, որովհետև այս սեղանը շղթայված է, բանտարկված։ Մենք նման ենք այս սեղանին։
-Գույները մի՛ խտացրու, Նորիկ, մենք դուրս կգանք այստեղից ողջ և առողջ։ Դեռ մենք սեղան կնստենք միասին, թաշախուշտով, ինչպես Քաջիկն է ասում,- հուսադրող ժպիտով խոսեց Հրայրը,- ես, իհարկե, չեմ ապավինում այս ուշագնաց պետության օրենքներին, սակայն այս երկրի մարդիկ բոլորը չէ, որ «հսկիչներ» են, ա՛յ, օրինակ, ասենք, Սաբիրը... Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է նա տարբերվում մյուսներից։
-Որովհետև նա պատահական մարդ է այս բանտային համակարգում,- պատասխանեց Սերոբը։
-Ճիշտ է,- հաստատեց Հրայրը։
-Բայց հո չենք կարող հույսներս դնել մեկ պատահական մարդու վրա, ով ոչ մի իշխանություն չունի այս դժոխքում և ընդամենը սովորական «կլուչնիկ» է,- միջամտեց Նորիկը։
-Մենք հույսներս պիտի մեզ վրա դնենք, ապավինենք մեր ներքին ուժին, և պատահականությունները կարող են օժանդակել մեզ,- ասաց Հրայրը։
-Ի՞նչ ես խոսում, Հրայ՛ր,- վրդովվեց Նորիկը,- մեռելների միջից միայն Քրիստոսը հարություն առավ։ Մենք Քրիստոս չենք։
-Դրսում իրադրություններն այնպես սրընթաց են փոփոխվում, որ ամեն ինչ հնարավոր է... Ես հավատում եմ մեր փրկությանը, միայն պետք է դիմանալ ու դիմանալ...- ասաց Հրայրը։
-Մինչև ծեծելով կսատկացնեն մեզ,- եզրափակեց Նորիկը։
-Այս աշխարհում մինչև մեռնելն է դժվար, ասել է Սլավիկ Չիլոյանը,- ասաց Հրայրը։
-Շատ լավ է ասել, ո՞վ է էդ Չիլոյանը,- հարցրեց Նորիկը։
-Բանաստեղծ է... Չկա հիմա, մահացել է երիտասարդ տարիքում,- շատ տխուր ձայնով ասաց Հրայրը։
-«Այս աշխարհում մինչև մեռնելն է դժվար»,- կրկնեց Նորիկը։
-Գիտե՞ս ինչ, Հրայր,- ասաց Սերոբը,- բախտներս մի քիչ բերել է, բանտախցում կրկնակի դատված, ռեցիդիվիստ, գողական և այլ մաստի բռնավորներ չկան... թե չէ... ով է իմանում...
-Ընդհակառակը, Սերո՛բ, ինձ թվում է` նրանց ներկայությամբ սրանք իրենց մահակներին այսքան ազատություն չէին տա... միգուցե սխալ եմ, բայց չեմ կարծում։
-Բայց ինչո՞վ կարող ենք մենք սրանց դիմակայել, հինգ րոպեում մեզ բոլորիս կջնջեն...- ասաց Քաջիկը,- սոված... ծարավ... գոնե կուշտ լինեինք։
-Եկեք հացադուլ հայտարարենք, առանց այն էլ համարյա հացադուլի մեջ ենք,- ասաց Կարենը։
Կարենը սակավախոս էր, և նրա առաջարկությունը բոլորի մեջ տարակուսանք ու զարմանք առաջացրեց։ «Հացադուլ» բառը սարսափեցրեց բոլորին։ «Քիչ է, որ ազերիները մեզ սովատանջ են անում։ Դե արի ու այս սովալլուկ վիճակով նստի հացադուլի»,- մտածեց Սերոբը։
-Երբ արդեն չորս ամիս է, մենք ապրում ենք մեր մարմնի ներքին պահուստների հաշվին, և օրեցօր մեր ականջներում սաստկանում է մեր իսկ ոսկորների չխկչխկոցը, ապա եթե մենք «հացադուլ» հայտարարենք, հավատացած եմ, որ նրանք` մեր եղբայր ազերիները, լուրը կընդունեն մեծագույն ցնծությամբ,- ասաց Հրայրը և շարունակեց.- Մինչդեռ, ո՞վ գիտի, գուցե դա ճիշտ որոշում կլինի, մտածել է պետք։
-Բա ինչի՞ համար ենք պահում քեզ էս կամերում, կերակրում, խնամում, էլ թերխաշ ձու, էլ հալած յուղ, էլ արգանակ, էլ նրբերշիկ, էլ աղցան, էն մեկը ո՞նց էր, Քաջիկ, համ..., համ... ո՞նց էր, արա՛,- կմկմաց Նորիկը։
-Համադամ,- ասաց Քաջիկը։
-Հա, համադան,- կրկնեց Նորիկը,- որ դեռ նոր պիտի մտածես։
-Արա, համադան չէ, այլ համադամ։ Համադանը Պարսկաստանում է, էն որ ղարաբաղցիք շատ են օգտագործում. «Համադանի էշ», լավ էշերը Համադանի էշերն են։ Պապս ասում էր. «Որ փոխվեցիր վեցերորդ դասարան, էն էլ հինգերով, քո համար Համադանի մի լավ էշ եմ առնելու, «Քուջո՛ւկ բալա»։ Ինձ Քուջուկ էր ասում պապս։ Մեր պատանեկության տարիներին սեփական էշ ունենալը այսօր համեմատելի է «Ժիգուլի» ունենալուն. իրադարձություն էր, առաջընթաց` «մեր սոցիալիստական կենցաղում», իսկ ձի ունենալը ճոխություն էր, բայց նախագահների տղաների համար։
-Դե լավ, հա, ստից բաներ ես խոսում, Քաջիկ,- չհամաձայնեց Սուրիկը, քանի որ նրա հայրը նախագահ էր։
-Քանի՞ տարեկան ես, Սուրիկ,- հարցրեց Քաջիկը։
-Քսանութ,- պատասխանեց Սուրիկը։
-Բա դու մեկել օրվա խոխան ես, դու ի՞նչ ես տեսել, որ,- ձեռքը հուսահատորեն թափ տվեց Քաջիկը։
-Բա դո՞ւ քանի տարեկան ես,- հարցրեց Սուրիկը։
-Քսանինը։
-Դե, կներես, Քաջիկ դայի, ներողություն եմ խնդրում,- հաղթական տոնով ասաց Սուրիկը։
-Հորդ թայ մարդ եմ, բա պիտի խնդրես, բա ի՞նչ պիտի անես, շան տղա,- մեծավարի ասաց Քաջիկը ու դիմելով տղաներին, ասաց.
-Սերունդ չկա՛, է՜, սերունդը փչացած ա, ո՛չ մեծ, ո՛չ կուճուր, բա որ սերունդ ունենայինք, ստեղ կլինեի՞նք։ Համադան էշի պես մեջքներս դեմ կանեի՞նք էս մաշադիներին, թե ինչքան ուզում եք մեզ ծեծեք` կշտացեք, բա մենք մարդ ե՞նք, մեզ մարդ ասողի մերը... Խեղճ պապս էն գլխից էր գլխի ընկել, որ ես մարդ չեմ ու մինչև տասը ավարտելը էդպես էլ ինձ համար էշ չառավ, ոչ միայն Համադանի, թեկուզ ասենք` Աղդամի։ Երևի գտել ա, որ էլ էշը ինչիս ա պետք, էնա իրա սիրելի Քուջուկը կարգին էլ Համադանի էշ ա։
-Իսկականից որ, պապդ հանճարեղ մարդ ա եղել, Քաջո, ժամանակին է քեզ ճանաչել։ Լոբի կա՞, թե՞ լոբին կերել եք արդեն,- հարցրեց Նորիկը։
-Չէ, կա, Նորիկ, նա հալա քո լոբին էլ ա ուտլական։ Չորս կնիկ ա թաղալ, ամեն թաղելուց հետո ասել ա` «Վե՛րջ, էլ հույս չպահիք, թե նորից պիտի պսակվիմ...»։
Հրայրը ցավախառը քրքջաց։ Քաջիկը նկատեց, որ պատմությունը իր «պապու» մասին Հրայրին դուր եկավ, ազնվական մի ժպիտ դեմքին` շարունակեց.
-Արա՛, էդ շան քնծահերը պընգլչի էր։ Մի օր դպրոցից եկա, տեսնեմ` բոստանում աշխատում է, պիհրում էր։ Մի լապատկա էլ ես վերցրի ու սկսեցի փորել։ Ասավ` «Խոխայս, կարել չըս, գնա դասերդ սովորի»։ Ասի` «Չէ, պապ, կանեմ, ուզում եմ քեզ օգնեմ»։ Ասավ.
-Մալադե՛ց, է՜, մալադե՛ց։
ՈՒ միասին փորում էինք։
Հինգ րոպեն մեկ նայում էր ինձ ու ասում.
-Մալադե՛ց, է՜, մալադեց։
Մի քիչ աշխատելուց հետո լապատկան գցեցի, մի քիչ հեռու պառկեցի ու քնեցի։
Մեկ էլ տեսնեմ, քաշում է թևիցս։
-Վեր կաց, Քուջուկ բալա, վեր կաց աշխատի։
-Էլ չեմ կարա, հոգնել եմ։
-Արա, վեր կաց, ասում եմ,- գոռաց վրես։
-Չէ, չեմ աշխատում, գնում եմ տուն,- ասացի ես։
-Դե որ չես աշխատում, գնում ես, մալադեցս հետ տուր։
Այս անգամ բոլորը միանգամից սկսեցին բարձրաձայն ծիծաղել։ Քաջիկն էլ միացավ այդ ծիծաղին, սակայն հենց ծիծաղի պահին մտաբերեց մի ուրիշ պատմություն։
-Էդ շան հայը,- սկսեց Քաջիկը, բայց տղաները դեռ ծիծաղում էին։ Նա նորից կրկնեց.
-Էդ շան հայը, առաջին կնոջը, պատմում են, որ գժի պես սիրում էր, անունն էլ Նախշուն էր։ Էդ Նախշունը չբեր ա եղել։ Ամուսնանալուց մի քանի տարի հետո բոլոր մեծերը մեր Խուրշուդանց ազգեն հավաքվել են ու էդ շան հային սկսել համոզել, որ բաժանվի Նախշունից, բայց չի համոզվել։
Մեկն ասել է.
-Արա, ադաթ ա, չբերից կբաժանվեն։
Մյուսը.
-Էդ ղսըր կնգան տեն արա` թող գնա՛։
Մի ուրիշը.
-Անժառանգ կմնաս, ամոթ ա։
Մեկը թե.
-Բա չե՞ս ուզում երեխա ունենաս` սիրես, պահես։
Ասել ա.
-Բա խի Նախշունը մի էրեխի չափ էլ չկա՞, էնա` համ սիրում եմ, համ էլ պահում։- Տղաները ծիծաղեցին դարձյալ, Քաջիկը շարունակեց.
-Մի քանի տարի հետո էդ Նախշուն բաբոյին, լոբին ջրելու ժամանակ, օձը կծեց, մահացավ։
Պապս երկար ժամանակ նրա սիրուց չէր ամուսնանում։ Հետո, երբ ամուսնացավ և ոչ մեկին էլ առաջվա հավեսով չէր սիրում, տնազ էր անում, ձեռ էր առնում, ու նախատելու ամենից կրկնվող խոսքն էր.
-Է՜, դուք շտեղ, էն օխծ կծած կնիգը շտեղ։
Նորից բոլորը ծիծաղեցին քահ-քահ, հանգստացան, և Նորիկը Սուրիկի տված սիգարետից երկուսը վառեց, մեկը տվեց Հրայրին, իսկ մյուսը` Սերոբին։ Բոլորի համար դա անհասկանալի ճոխություն էր, բայց` արդարացված։ Երբ ավարտվեց ծխելը, Հրայրն ասաց.
-Սաբիրը չորս բոքոն հաց է բերել, երբ ձեզ տարել էին զբոսանքի, և խնդրել է, որ այն ուտեք գիշերը։
Բոլորը միանգամից զարմացած ու չռված աչքերով, ուրվականների պես նայեցին դեպի Հրայրը ու ոչ մի հարց։ Սկզբում նրանց թվաց, թե դա Քաջիկի խաղերից է, հետո տեսան, թե ինչպես Հրայրը գլխատակից բարձրացրեց բարձը, որը մի մեծ լաթի կտոր էր, իսկ այնտեղ աներևակայելի գեղեցիկ ձևի շարված էին խափշիկ բոքոնները։
Պատահում էր այնպես, որ կարծես թե խոսելու նյութը սպառված է... Ընդհանուր վիճակից խոսելը դառնում էր սիրտ մաշող զբաղմունք։ Քաջիկի խոհարարական զավզակությունը միայն օժանդակում էր ստամոքսագեղձի և թքագեղձերի գերեռանդուն աշխատանքին։ Նրանք միասին, բայց ամեն մեկն իր համար, հայտնվում էին միայնության մեջ, յուրաքանչյուրն իր տրտմությունների, իր մտորումների, իր պատկերացրած անհուսության, ասես դրսի աշխարհից այլևս լքվածության, դավաճանվածության մեջ։ Սակայն, ամենադաժան, ամենաթեժ հուսահատության ու միայնության պահերին նրանց շուրթերից աղոթք էր ծնվում առ Աստված, սրտներում` երազանք, աչքերում` երազ, ու այդ ամենը` արթմնի։
Նրանցից շատերն անգամ երբեք չէին եղել Հայաստանում, չէին տեսել քաղաքամայր Երևանը, և պատրանքներն ու անուրջները թվում էին նրանց այնքան իրական ու այնքան մոտիկ, որ թվում էր, թե ուր որ է բանտի դռները կբացվեն, և Ղարաբաղը ազատագրած հայաստանցի իրենց զինվոր եղբայրները կգրկեն իրենց ծվատված ու սովալլուկ մարմինները ու դուրս կբերեն մահասարսուռ այս հնամենի խցերից։ Երազային այդ սքանչելի պահերին նրանք կարծես մոռանում էին և՛ ցավը, և՛ սովածությունը, և՛ իրենց վիճակված դաժան կարգավիճակը։
Դժբախտաբար, այն երկար չէր տևում, բայց և այնպես այդ չնչին րոպեները էլիքսիրի պես կամք և ուժ էին տալիս` դիմանալու հաջորդ օրվա խաչելությանը։
Իսկ հաջորդ օրը բանտախցի ևս մեկ օրն էր...

Դիտվել է՝ 164412

Մեկնաբանություններ