Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Առաջարկներս ամենևին էլ Ստամբուլը գրավելու տրամադրությունից չեն

Առաջարկներս ամենևին էլ Ստամբուլը գրավելու տրամադրությունից չեն
08.12.2015 | 00:19

Չեմ կարծում, թե աշխարհում ատոմային զենք ունեցող երկրների լիդերների մեջ կգտնվի մի ցավագար, որ կփորձի սեղմել այդ հրեշավոր զենքի կոճակը, որովհետև վերջին հաշվով ընդամենը մի քանի րոպե հետո դեպի իր երկիր կթռչի հակառակորդի նման հրեշավոր զենքը: Ես ռազմական գործիչ չեմ, բայց մի պարզ տրամաբանություն հուշում է, որ այն մեծ ծախսերը, որ կատարում են հզոր պետություններն իրենց հակահրթիռային համակարգը կատարելագործելու համար, ավելորդություն են: Հակաօդային և հակահրթիռային (հրթիռը, բնականաբար, կրում է ոչ թե սովորական, այլ ատոմային զենք) համակարգերը տարբեր բաներ են: Ենթադրենք, հակաօդային զենքը ոչնչացրեց թշնամու ռմբակոծիչը, կործանիչը և այլն, որով երկրագնդում շատ բան չփոխվեց, բայց եթե ամերիկյան հակահրթիռային համակարգը, ենթադրենք, հենց Ռուսաստանի վրայով դեպի նշանակետը թռչող ատոմային հրթիռը ոչնչացրեց, դրանով ի՞նչ է փոխվում, որ այդ հրթիռը չհասավ նպատակակետերին և պայթեց օդում, կամ Ռուսաստանում, դրանով Եվրոպան կամ ԱՄՆ-ն իրենց փրկեցի՞ն կործանումից: Ռուսաստանն ունի հազարավոր ատոմային մարտագլխիկներ, վերջապես թեկուզ հենց Ռուսաստանում դրանց պայթելուց (որը տեսականորեն հնարավոր չէ) առաջացած ատոմային ռադիացիան ո՞ւր է հասնելու: Փա՜ռք Աստծո, այսօր և ոչ մեկը աշխարհում չունի դեռևս այն հնարավորությունը, որ թույլ չտա ռադիացիայի տարածումը երկրագնդով մեկ: Ասելիքս այն է, որ օդում, թե ցամաքում պայթած ատոմային զենքի փոշին ատոմային զենքի ավերածությունից պակաս վտանգավոր չէ:
Հետխորհրդային ժամանակաշրջանի կարճ պատմությունը ցույց է տալիս՝ քանի դեռ ԱՄՆ-ը և նրա ռազմական քաղաքական բլոկի մաս կազմող տերությունները (ասել կուզեմ՝ ՆԱՏՕ-ն) աշխարհին ներկայանում էին որպես խաղաղության պատվար ու դեմոկրատիայի աստված, և այդ քողի տակ աշխարհում անում էին այն, ինչ ցանկանում էին (նոր շինծու պետություններ էին կյանքի կոչում, Կոսովոյի երկրամասը պոկում էին Սերբիայից, պետություն հռչակում և ճանաչում այն, իսկ ավելի բարձր կարգավիճակ ունեցող տարածքների ժողովուրդների (Աբխազիա, ԼՂՀ, Օսիա) միջազգային իրավունքի` ինքնորոշումով (ԱՄՆ-ը հենց այդ սկզբունքով է անկախացել), հիման վրա ձեռք բերած անկախությանը որևէ ուշադրություն չեն դարձնում կամ, ավելի ճիշտ, այդ տերությունները նույնանման հարցերի լուծմանը մոտենում էին կրկնակի չափորոշիչներով: Արևմուտքը՝ անգամ ազատության, դեմոկրատիայի հայրենիք համարվող Ֆրանսիան, օրը ցերեկով տապալեց Լիբիայի օրինական կառավարությանը, որի համար նախատիպ հանդիսացավ ԱՄՆ-ն իր մերձավորարևելյան ավանտյուրիստական քաղաքականությամբ: Արևմուտքի այդ բոլոր քայլերը՝ Սիրիայի մասնատում, Սադամի, Քադաֆիի, Մուբարաքի տապալում և մնացած բոլոր ռազմական գործողությունները առաջին հերթին մկանների ցուցադրում էին և ուղղված Ռուսաստանի դեմ: Արևմուտքը բոլոր եղանակներով սեղմում էր օղակը Ռուսաստանի շուրջը: Հերթը հասավ ՈՒկրաինային և Սիրիային: ՈՒկրաինայի հարցում Ռուսաստանն առայժմ բավարարվեց հօգուտ իրեն որոշ հարցերի էական լուծումով: Ասադը հոգեվարքի մեջ էր: Ռուսաստանն այլևս հապաղելու իրավունք չուներ: Եվ այսօր աշխարհում տիրում է այն վիճակը, որ տեսնում են բոլորը: Եթե ատոմային զենքի տիրապետող երկրների մեջ դեռևս չկան հոգեկան շեղում ունեցող ղեկավարներ, չի նշանակում, թե նրանց մեջ մի օր չի գտնվի մեկը, որ կփորձի ինքնուրույն խաղացողի կեցվածքով ստեղծել լարվածություն, որը չես կարող ասել, թե հակառակորդ կողմի համարժեք պատասխանի դեպքում աշխարհում ինչի կհանգեցնի:
Ռուսական մարդատար ինքնաթիռի կործանումը որևէ լարվածություն չստեղծեց Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, պարզապես Եգիպտոսը կորցրեց, և շահեց Թուրքիան, բայց թուրքի ատելությունը առ Ռուսաստան այնքան մեծ է, որ նա գնաց Ռուսաստանի հանդեպ, նույնիսկ ռուսի համար չկանխատեսված ավանտյուրայի՝ Սիրիայի տարածքում խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը, ավելին՝ դեպքից հետո Թուրքիայի նախագահը, վարչապետը ավելի քան լկտի էին պահում իրենց: Ընդամենը մի ներողություն, և ռուսը կբավարարվեր դրանով, բայց Էրդողանը ոչ միայն չգնաց դրան, այլև ամեն կերպ արդարացրեց իրենց ստոր գործողությունները, որից ռուսները էլ ավելի կատաղեցին և թուրքերի նկատմամբ սկսեցին կիրառել տնտեսական սանկցիաներ, և մեր բարեկամները հանկարծ հիշեցին թուրքերի կատարած բոլոր ստորությունները հայերիս նկատմամբ, կարծես երեկ չէր, որ Էրդողանը Պուտինի ընկերն էր, Թուրքիան էլ բարեկամ երկիր էր անվանում։ Հիշենք նաև ընդամենը մի քանի ամիս առաջ Կրեմլի քաղաքական մեկնությունը. Դմիտրի Կիսելյովը ՀՏրրՌÿ-1-ի հեռուստաեթերից փրփուրը բերանին գովաբանում էր ռուս և ադրբեջանցի (Լենինի խոսքերով՝ Կովկասի թաթարներ, բայց իրականում Կովկասի թուրքեր) ժողովուրդների 200-ամյա բարեկամությունը: Չգիտակցելով, թե չըմբռնելով, որ ադրբեջանցին նույն թուրքն է: Դեռևս անցած դարի 70-ականներին Եվգենի Եվտուշենկոն իր մի անտիպ բանաստեղծության մեջ գրել է, որ Բաքվում սրում են դանակը Մոսկվայի դեմ: Կիսելյովի հաղորդումը լսելիս ինքս ինձ ակամա հարցնում էի՝ քաղաքականապես զարգացած, գրագետ, պատրաստված մարդը հաղորդման պահին իրեն հայտնի հայրենակից գրողի հայտնի հերոսի դե՞րն է տանում, թե՞ պարզապես պատմության այդ հատվածին լավ չի տիրապետում: Իսկ երբ վերջերս կարդացի, որ կինեմատոգրաֆիստ Նիկիտա Միխալկովը, որին որպես մարդ երբեք չեմ համակրել (չեմ ցանկանում գրել չհարգելուս պատճառների մասին), պատրաստվում է ֆիլմ նկարահանելու Գրիբոյեդովի մասին և դրա համար գնացել է Ադրբեջան ու գրվելիք սցենարում զարգացնում է այն միտքը, թե Պարսկաստանից Գրիբոյեդովը 40 հազար հայերի գաղթեցրել է Ղարաբաղ... Պետք չէ շարունակել այդ թեման, միևնույն է, թուրքը թուրք է մնում, իսկ ռուսն էլ ռուս-թուրքական (նաև ադրբեջանական) հարաբերություններում ռուս է մնում: Մեկը մեկին լիզելու և դեպքից դեպք հայհոյելու իրենց սովորությունը երբեք չեն թողնի: Սա է ռեալ պատմությունը, բայց դա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է նեղանանք և ձեռքներս ծալած մի կողմ քաշվենք, որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական լարված հարաբերություններում երևի Թասմանյան կղզիներում պիտի ապրես, որ հեռու մնաս այդ թոհուբոհից: Ներկայումս Ռուսաստանն ատամ է կրճտացնում Թուրքիայի վրա, իսկ թե որքան կտևի դա, դժվար է ասել, թեպետ պատմության գիտակ մարդը ռուս-թուրքական դարավոր «բարեկամությունը» պիտի միշտ օբյեկտիվորեն գնահատի:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան չէր կարող նման ավանտյուրայի գնալ, եթե նրան ուղղորդած չլինեին, և այդ ուղղորդումից էլ ոգևորված՝ Թուրքիան ցույց տվեց, թե ինքը տղա է: Թե այդ տղայությունն ինչ արժեցավ Թուրքիայի համար, միայն իրենք կարող են հաշվել:
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը օգտակա՞ր է մեզ, թե՞ ոչ: Եթե այլ հարցեր չքննարկենք, միանշանակ կարող եմ ասել՝ այո՛: Որքան ռուսը հասկանա, որ թուրքն իր բարեկամը չէ, թեպետ դրանից ոգևորված չպիտի գոռանք ռուսի ականջին, թե մենք ենք քո բարեկամը, այնքան օգուտ է մեզ բոլոր առումներով: Որքան վատ են այդ հարաբերությունները, այնքան պարզ կերևա ռուսին, թե վերջապես ով է նաև թուրք-ադրբեջանցին: Թեպետ Փարիզում Օբաման թուրքի նկատմամբ լղոզված խոսեց, կոչ անելով կողմերին երկխոսության, հավանաբար իր խոսքին ինքն էլ չհավատալով, բայց պարզ ասաց՝ «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»:
Այսօր աշխարհը հասել է մի կարմիր գծի, որից դենը պատերազմ է և պիտի պարզվի, թե ովքեր են այդ գծի երկու կողմերում: Մեզ համար միանշանակ է, քանի որ մենք ոչ թե հնարավորություն չունենք, այլ էությամբ չենք խաղում տարբեր լարերի վրա, ուստի մենք այս կողմում ենք, բայց դա չի նշանակում, որ պիտի ակտիվ քաղաքականություն չտանենք, չպարտադրենք մեր դաշնակցին կատարել իր պարտավորությունը իր դաշնակցի` մեր նկատմամբ: Առաջին հերթին հրաժարվել Կարսի պայմանագրից կամ էլ որպես երաշխավոր զորք մտցնել Նախիջևան: Ղարաբաղի հարցում իր կեղծ մտավորականներին կամ հեռու պահի բացահայտ հակահայ դրսևորումներից, կամ էլ խոսելիս հենվեն բացառապես պատմական փաստերի վրա: Եթե Գրիբոյեդովը 40 հազար հայ է վերաբնակեցրել Ղարաբաղում, թող թույլ տրվի հարցնել, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Դաշտայինում երբվանի՞ց են թուրքերը բնակություն հաստատել: Ասել կուզեմ, որ ռուսական պետական հեռուստատեսությամբ կազմակերպվող քաղաքական բանավեճերին պետք է հրավիրեն նաև հայ քաղաքական գործիչների, որպեսզի կարողանանք ռուսական լսարանին ասել ողջ պատմական ճշմարտությունը, պետք է ռուսական մամուլում հայ քաղաքական մտքին արտահայտվելու հնարավորություն տրվի: Այնպես որ, առաջարկներս ամենևին էլ Ստամբուլը գրավելու տրամադրությունից չեն: Ցանկացած քաղաքական, ռազմական ակտին պետք է նախորդի զանգվածներին նախապատրաստելը:
Ասացի, որ կարմիր գիծը այսօր քաշված է, և միանշանակ ասել, թե եվրոպական բոլոր երկրները կարմիր գծից այն կողմ են, սխալ կլինի: Այսօր բոլորովին այլ է Ֆրանսիայի դիրքորոշումը Ասադի նկատմամբ, տիկին կանցլերն էլ առանձնակի սիրով չի քննադատում նրան: Ռուսաստանը կանցլերի հետ կարող է հույսեր չկապել, բայց Ֆրանսիան դարավոր ռուս-ֆրանսիական հարաբերություններում միշտ էլ պարզ դիրքորոշում է ունեցել: Ճիշտ է, Օլանդը դը Գոլ չէ, որը սառը պատերազմի ժամանակ դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքից և ցույց տվեց (ասենք նա միշտ է ցույց տվել) վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Օլանդը Ռուսաստան գալուց առաջ գնաց իր տիրոջ հետ քաղաքական կոնսուլտացիաների, ինչը երբեք չէր անի դը Գոլը և չէր գցի իր սուվերեն պետության, այսինքն` ինքնուրույն խաղացողի հեղինակությունը:
Այնուամենայնիվ, Օլանդը եկավ Ռուսաստան, իսկ դա նշանակում է, որ նա առնվազն այս էտապում որպես դաշնակից համագործակցում է Ռուսաստանի հետ, այնպես որ Պուտինը մենակ չէ, թեպետ որպես առանձին խաղացող ևս իրեն հիանալի է դրսևորում:
Ռուսաստանն այսօր տիրապետում է փաստերի, որ Թուրքիայի նախագահի ընտանիքը կապված է իսլամիստների հետ ինչպես նավթի, այնպես էլ այլ ապրանքների, ընդհուպ կենդանի մարդկանց առևտրի հետ: Չեմ կարծում, թե Էրդողանն այդ առևտրից ակնկալվող միլիոնավոր դոլարները կուտակելու տենչով է բռնկված: Նա, ինչպես և իր կրտսեր եղբայրը, լավ է հասկացել աշխարհի քրիստոնյա ղեկավարների ընչաքաղցությունը: Աշխարհի ցանկացած երկրում (ով ով, գոնե մենք` հայերս, դա լավ ենք զգում) ի շահ իրենց երկրի գլոբալ հարցեր լուծելու համար նրանք միլիոններով են կաշառք տալիս: Նման միլիոններով է Ադրբեջանը գնում Եվրախորհրդի հանձնաժողովներին, առանձին պատգամավորների, իսկ Թուրքիան ` ԱՄՆ-ի բազում սենատորների հայկական շատ հարցեր բլոկ անելու համար: Այսօր Ռուսաստանը բերում է զորեղ փաստեր, սակայն եթե Էրդողանը ներողություն խնդրի, Ռուսաստանը գուցե ոչ սիրով, բայց նորից Թուրքիան կանվանի բարեկամ երկիր: Որոշ ռուս վերլուծաբաններ նշում են այն փաստը, որ թուրք-ռուսական մոտ 400 հազար խառնամուսնություն կա և չի կարելի նրանց գոյությունը դնել հարվածի տակ, շարունակել վատացնել ռուս-թուրքական հարաբերությունները:
Պարզ է, որ այդ ամուսնությունները հիմնականում ռուս կնոջ և թուրք տղամարդու միջև են։ Ոչ ոք չի կարող համոզել ինձ, որ այդ ամուսնություններից ծնված երեխան թուրք չէ: Այսինքն՝ դարավոր այն փաստը, որ թուրքերը իրենց ցեղը գենետիկորեն ինչ-որ ժամանակ լավացնում էին ուրիշ ազգերի կանանց բռնի հարեմ բերելով, այսօր այն հեշտությամբ կատարում են գերմանուհու, ռուս կանանց հաշվին: Այդ ընտանիքների ճակատագրով մտահոգված ռուս մտավորականները թող անցկացնեն վիճակագրություն և տեսնեն՝ ծնված երեխաները թլպատվա՞ծ են, թե՞ կնքված ռուսական ուղղափառ եկեղեցում:
Ես չեմ մեծամտանում, բայց չեմ կարող նաև չասել, որ ռուս-թուրքական դարավոր հարաբերություններում ռուսը միշտ էլ վերջին հաշվով սխալ է դուրս գալիս:
Բոլշևիկները փրկեցին Թուրքիան կործանումից: Միայն մեկ փաստ, 1943 թվականին Ռուսաստանի համար ծանր օրերին թուրքական երկու միլիոն սվին պատրաստ էր խորհրդային պետության վրա հարձակվելու համար: Միայն Թուրքիայում Գերմանիայի դեսպան ֆոն Պապենի շատախոսությունը փրկեց Թուրքիան կործանումից: Բոլշևիկների սխալները դաս չեղան ներկայիս ռուսների համար: Արևմուտքը համատարած սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Թուրքիան Ռուսաստանի համար ճգնաժամային պահին ձեռք մեկնեց նրան (ինչպես ժամանակին Աթաթուրքը բոլշևիկներին) ասելով՝ ես քո բարեկամն եմ, ես չեմ միանա սանկցիաներին: Ռուսաստանը բռնեց այդ ձեռքը և հավատաց, որ Թուրքիան բարեկամ երկիր է, բայց իրականում Թուրքիան այն է, ինչ եղել և մնում է՝ հավերժ թշնամի: Եվ թշնամական այդ հարաբերություններում մենք միայն մեկ լարի վրա խաղալու հնարավորություն ունենք: Ցավոք, այդ լարի վրայից մենք ավելի լավ ենք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, քան ռուսները, որոնք այսօր էլ, այս պահին էլ, սպասում են միայն Էրդողանի ներողությանը, իսկ նա էլ ապուշի պես հոխորտում է: Ընդամենը մի ներողություն, և հերթական անգամ ռուսը կապացուցի, որ իր արյունը ջուր է:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ