ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կազմակերպչական ռեսուրսն իր վճռորոշ դերն ունեցավ

Կազմակերպչական ռեսուրսն իր վճռորոշ դերն ունեցավ
08.12.2015 | 00:44

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած նախնական տվյալների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների մոտ 63 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, 32 տոկոսը՝ «ոչ»։
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քվեարկության արդյունքներն արտացոլում են հանրության իրական տրամադրությունները։ «Տոկոսների վերաբերյալ կոնկրետ չեմ կարող ասել, բայց այն, որ «այո»-ն գերակշռում էր «ոչ»-ին, միանշանակ է։ Նախ՝ մեծ էր չկողմնորոշվածների թվաքանակը, և երկրորդ՝ գյուղական համայնքների ընտրողների բացասական ձայները կարող էին չեզոքացվել մյուս համայնքներում, որտեղ վերահսկողության կամ քարոզչական աշխատանքը բավականին դժվար էր իրականացնել։ Փոքր համայնքներում, որտեղ 500-1500 ընտրող կա (դա ընդամենը 100-500 ընտանիք է), շատ հեշտ է քարոզել, մարդկանց տանել ընտրատեղամաս և համոզել քվեարկել փոփոխությունների օգտին։ Այդ իսկ պատճառով հաղթանակը կասկած չի հարուցում։ Իսկ տոկոսներն արդեն մեր ընդհանուր քաղաքական մշակույթի մակարդակն են ցույց տալիս»,- նշեց սոցիոլոգը։
Խախտումների մասին խոսակցություններին անդրադառնալիս պարոն Ադիբեկյանը նկատեց. «2000 ընտրատեղամաս ունենք, ամեն տեղամասում առնվազն 10-20 մարդ է աշխատում, դիտորդներ և այլն։ Բազմապատկում ենք, 40 հազար մարդ է ստացվում. անհնար է բոլորի ականջները քաշել կամ բոլորին արգելել ճշմարտությունն ասել։ Դրա համար ինքնագործունեությունը բավականին մեծ դերակատարություն է ունեցել, ով ունի կազմակերպչական, վարչական ռեսուրս, նա ընտրություններում հաղթում է։ Բնակիչների մոտ մեկ երրորդն անտարբեր էր հանրաքվեի նկատմամբ կամ միտումնավոր մտադիր չէր մասնակցելու։ Մյուս մեկ երրորդը չէր որոշել՝ գնալո՞ւ է ընտրությունների, թե ոչ։ Մի մասն ակնկալիք ուներ, մյուս մասը դեռ մտածում էր։ Մյուս մեկ երրորդը հստակ կողմնորոշված էր։ Հիմա այդ չկողմնորոշված մեկ երրորդին կարողացել են բերել ընտրատեղամաս և ազդել քվեի վրա։ Եթե ընդդիմությունը կազմակերպչական ռեսուրս ունենար, գուցե ընտրության ելքն այլ լիներ։ Կազմակերպչական ռեսուրսն իր վճռորոշ դերն ունեցավ։ Տոկոսները կարևոր չեն։ Մե՞կ տոկոսով է հաղթել, 15, թե 20, երրորդական նշանակություն ունի»։
Հետընտրական զարգացումներ կլինե՞ն, կամ հանրաքվեից հետո կյանքը կփոխվի՞։ Այս հարցին Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց՝ ոչ մի բան չի փոխվելու. «Ոնց կա, այնպես էլ մնալու է։ Մեր խնդիրների լուծումը այնքան էլ կախված չէ սահմանադրության կամ կառավարման համակարգի բնույթից։ Քանի որ մենք ազատական շուկայի հանրություն ենք, ամեն ինչ պայմանավորված է մեր անհատական մղումներով։ Կկարողանա՞նք աշխատել, բիզնես դնել, ուրիշին աշխատանք տալ, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ոչ, պետությունը մեր փոխարեն դա չի անելու։ Դա ժողովրդավարության, շուկայական դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ