Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է
08.12.2015 | 00:50

Ամեն ինչ սպասվածի նման էր: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության պարագայում: Պարզապես հիասթափությունը հանրության մեջ ավելի խորացավ: Իշխանությունն էլ ավելի կարծրացավ: Կինետիկ էներգիան երկուսի դեպքում էլ չպարպվեց, գնաց խորք: Չնայած կարելի էր կարծել` էլ ո՞ւր:
Եվ այնուհանդերձ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուր հաստատապես չեն հաղթում բարոյական չափորոշիչները: Սակայն նման կինետիկ էներգիայով էլ շատ երկար չես «դիմանա»: Չքննարկենք` ինչպես անցավ հանրաքվեն. «ով բռնեց ոտները», «ով ասաց՝ Հալեպը», որովհետև, որքան էլ Լևոն Զուրաբյանը բարձր գոռա` «բռնեցեք, փախավ Սաքոն խելագար», Սաքոյի խելագարության առաջին ախտանիշերն առաջացել են հենց իրենց իշխանության օրերին, և ասվածը գրոշի արժեք չունի: Որքան էլ Ժիրայր Սէֆիլյանը մահվան դատավճիռ կայացնի ռեժիմի հանդեպ, «նույնին» է բախվելու, քանզի ասված է` «սուր վերցնողը սրից կընկնի», ու մենք էլ արդեն ասել ենք, որ իրենց պայքարը «պարպվեց», որովհետև Նորք-Մարաշում ահավոր զինված խումբը, որն իրոք նրանց հետ կապ չուներ, բացահայտման «արժանացավ», բայց որը միակ կռվանն էր այս խաղում որևէ բան փոխելու` փոխելով նաև էս երկրի ճակատագիրը` ամենաբացասական իմաստներով: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրա մասին կամ` լավ, կամ` ոչինչ` «ձրարը բադռելուց», քվեախցիկի հետևում թաքնվել-հառնելուց հետո:
ՈՒնենք այն, ինչ ունենք: Եվ եթե ավելի անկեղծ ու պրագմատիկ լինենք, չէինք էլ կասկածում, որ «ամեն բան» այսպես կավարտվի, քանզի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը մեզանում չափից շատ են կանխատեսելի, ու մենք էլ հայտնի հերոսի նման անվերջ` «опять о море» ենք «դիտում»:
Խնդիրը բոլորովին այլ տեղ է, և եթե գոնե այս փուլում ու այս պահին կողմերը, իսկ առաջին հերթին իշխանությունը, չվերանայեն «իրենց» վարքագիծը, «կարգի չբերեն» իրենց, ապա կուտակված կինետիկ էներգիան, այն էլ տարածաշրջանային այս քաոսային իրավիճակում, կսրբի կտանի ոչ միայն իրենց ու ընդդիմությանը, այլև երկիրն ու այսքան դժվարորեն ձեռք բերած ամեն բան, և առաջին հերթին` հայոց պետականությունը:
ՈՒ այս պարագայում, անգամ պյուռոսյան այս հաղթանակից հետո, իշխանությունը պարտավոր է գոնե երկու քայլ անել.
ա) հնարավորինս ճշգրիտ տնտեսական քաղաքականություն իրականացնել, առկա գոնե սուղ միջոցները ճիշտ օգտագործել ու բաշխել` գոնե հանուն իր և ընդառաջ` 2017-ի խորհրդարանական ընտրությունների:
բ) Ճշգրիտ կադրային քաղաքականություն վարել:
Այդկերպ մասամբ պարպելով անկախությունից ի վեր այս երկրի գլխին կախված բացասական էներգիան, դրանով մեխանիկորեն «կարգի բերելով» նաև ընդդիմությանը, հասարակությանը:
Ինչը չանելն ուղղակի դավաճանություն կլինի, որովհետև կոնկրետ դեպքում այս սահմանադրությամբ գրեթե զրոյացվեցին քաղաքական այն խաղացողները, հետևաբար` խոչընդոտները, որոնք ամեն դեպքում «մեխ էին խրում» իշխանական թափանիվի մեջ, և չնայած կա մեծ ձևակերպումը, թե «իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունը` բացարձակ այլասերում», այնուհանդերձ, իր իսկ պահպանության համար իշխանությունը պարտավոր է գնալ վերը նշվածին, այլապես իրեն կծող կարիճի նման կհոշոտի ինքն իրեն»: Ճիշտ է, այդ գործընթացը մշտապես առկա է իշխանական ճամբարում և գնալով ավելի ու ավելի ահարկու միտումներ է հանդես բերում, սակայն բուրգը լավից-վատից պահպանվում-գոյատևում էր:
Սակայն բուրգը չառողջացնելու, չռեաբիլիտացնելու, չբացիլազատելու դեպքում կունենանք մի վիճակ, որի առնչությամբ Հրանտ Մաթևոսյանն ասում է.
-«Երանի» նրանց, որ քայլում են, բայց արդեն մեռած են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ