Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ճենաց երկրի հայերը

Ճենաց երկրի հայերը
08.12.2015 | 01:13

Երբեմն միտք է ծագում, թե կա աշխարհակալ ուղեղ, որն ամեն տարի մի նոր խաբկանք է հորինում ու նետում միջազգային հանրության բերանը: 2015-ի գլխավոր «բոցերից» մեկը «Մետաքսի մեծ ճանապարհն» էր, այն որերորդ անգամ «վերակենդանացնելու» փորձը, որին արձագանքեց նաև Հայաստանը: Այդ ճանապարհը մ.թ.ա. II դ.-XVI դ. գործած քարավանային առևտրային ուղի էր, որով արտահանվում էր չինական մետաքսը: Բայց այցելեք համացանց, նայեք քարտեզներ ու զարմացեք` ով ասես այդ ուղին անցկացնում է իր երկրի տարածքով, անգամ չեղած Ադրբեջանը: Հարց է առաջանում` արդյո՞ք մետաքսը չինացի վաճառականներն էին արտահանում: Միանշանակ` ոչ, դա անում էին տարբեր ազգությունների առևտրականներ, և դա է ճանապարհը «յուրացնելու» պատճառը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին, հայ վաճառականների ներկրած մետաքսը ամենևին ապացույց չէ, թե ուղին անցել է մեր Հայրենիքով: Հայաստանի ձգտումը` մասնակցելու «հետողորմեայի» փորձին, հասկանալի է` չինական կապիտալի հոսք հանրապետություն: Բայց այդ ձգտումը չպետք է հիմնված լինի ո՛չ պատմական շինծու վարկածի վրա: Մենք Չինաստանի հետ ունենք այլ, իրական, բազմադարյա առնչություններ, որոնց հիման վրա հարկ է կառուցել երկու երկրների հարաբերությունները: Մեր սույն հրապարակումը այդ նպատակն է հետապնդում: Կպատմենք երկու ժողովուրդների հնամենի կապերի մասին, անդրադառնալով նաև ՉԺՀ-ի երկու հատուկ վարչական շրջաններին` Հոնկոնգին ու Մակաոյին, և կավարտենք Հովհաննես Ղազարյան- Յոհաննես Լասարի մասին պատումով:

Հարկ ենք համարում նաև նշել, որ մեր հոդվածաշարը լրագրային հրապարակում է, իսկ թերթի համար անընդունելի է աղբյուրների հղումը: Այնպես որ այն հեղինակները, ովքեր կնկատեն իրենց աշխատանքների անդրադարձներ` առանց հղումների, թող ըմբռնումով վերաբերվեն:

Չինաստանը մեր պատմիչների երկերում կոչվել է Ճենաց երկիր (այստեղից էլ` «ճենապակի» բառը):

Հայ հին ու միջնադարյան պատմիչների երկերը պարունակում են բազմաթիվ տեղեկություններ Չինաստանի մասին: Մասնավորապես, պատմահայր Մովսես Խորենացին գրում էր. «Նրանց աշխարհն սքանչելի է ամեն տեսակ պտուղների առատությամբ, զարդարված է գեղեցիկ բույսերով, ունի շատ սիրամարգ, արտադրում է առատ քրքում և մետաքս, անչափ շատ կան այնտեղ համուրներ, հրեշներ և էշայծյամ կոչվածներ: Այնտեղ, ասում են, ընդհանուրի կերակուր են կազմում փասիանը, պորը և նմանները, որոնք մեզ մոտ պատվական և քչերին մատչելի կերակուրներ են: Իսկ ակնեղենների և մարգարիտների հաշիվը, ասում են, չգիտեն: Եվ այն զգեստները, որ մեզ մոտ պատվական է և քչերին մատչելի, նրանց մոտ սովորական զգեստ է: Այսքան Ճենաց աշխարհի մասին»։

Հանրահայտ փաստ է, որ չինացիները «քաղաքակրթական» արժեքներից բացի (թուղթ, վառոդ և այլն), աշխարհին տվեցին նաև մետաքս, ինչն էլ նրանց դարձրեց հայերի դարավոր առևտրատնտեսական գործընկերը: Մետաքսը Չինաստանում գործածում էին դեռևս մ.թ.ա. 3400 թ., և մահվան սպառնալիքի տակ արգելված էր բոժոժը երկրից դուրս բերել. այդուամենայնիվ, 552 թ. մի քրիստոնյա քարոզիչ բոժոժասերմը լցրեց սնամեջ բամբուկե գավազանի մեջ ու դուրս տարավ։ Այդ միջոցով էլ շերամաբուծությունը տարածվեց աշխարհում, և միջազգային առևտրի ապրանքատեսակ դարձավ հում մետաքսը՝ խոզակից հանված կամ խոզակի վրա գտնվող, չոլորված, չհյուսված հումքը:

Հայ-չինական առևտրատնտեսական առաջին շփումներն սկիզբ են առել հայոց հնամենի մայրաքաղաք Արտաշատի հիմնադրմամբ (մ.թ.ա. 170 թ.): Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ քաղաքն արագորեն դարձավ տարանցիկ միջազգային առևտրի կենտրոն, ինչի արդյունքում հայ վաճառականներն սկսեցին Չինաստանից ներկրել հում մետաքս ու մետաքսյա կտորեղեն, իսկ փոխարենն արտահանել պղինձ, կապար, ոսկեթել գործվածքներ, Ալեքսանդրիայի ու Միջագետքի ապակե իրեր և անոթներ:

Հան հարստության Վու Թի միապետի օրոք (Ք.ծ.ա. 140-86 թթ. չինացի վաճառականները հում մետաքսով, լայքայով ու ջեյթով (չինական կաթնագույն կամ կանաչ թանկագին քարեր-Խ.Դ.) բեռնավորված քարավանները բերում էին միջինասիական Թարիմ գետի հունի մոտ և փոխանակում հայ վաճառականների ոսկու և արծաթի հետ:

Վաղ ֆեոդալիզմի շրջանում հայերը Չինաստանում արդեն ունեին կայուն ներկայություն և զբաղվում էին խաղողի մշակությամբ ու գինեգործությամբ. դրա վկայությունն են VII-X դդ. պահպանված արծվաքիթ, սև բեղ-մորուքով, գինով լի մեկական տիկ գրկած ու ծալապատիկ նստած հայ գինեվաճառների երեք հախճապակե արձանիկները:

Երկու ժողովուրդների միջև առևտրական հարաբերությունները խորացան XII-XIV դդ.: Կիլիկյան Հայաստանն իր նշանավոր Այաս նավահանգստով վիթխարի մի շուկա էր, պահեստարան, որտեղով արևելյան ապրանքներն անցնում էին Եվրոպա, իսկ եվրոպականներն՝ Արևելք: Կանտոնից վերև նշանավոր էր դարձել Ցուն-Չեու-Ֆու ծովեզրյա քաղաքը, որն արաբներն անվանում էին Զայթուն, իսկ եվրոպացիները՝ Saiton: Այդ քաղաքից արտահանվում էր մի նուրբ գործվածք, որ արաբերեն կոչվում էր զայթունիե, իտալերեն՝ zetani, ֆրանսերեն՝ satin: Այս ապրանքատեսակն էր նաև, որ հայ վաճառականները բերում էին Այաս և արտահանում եվրոպական երկրներ:

Ֆրանցիսկյան միաբանության անդամ Անդրեաս Պերուջացի քարոզիչը 1326 թ. Չինաստանից գրած իր մի նամակում հայտնում է, որ 1313 թ. Թայվանի նեղուցի Ցյուանջոու ծովածոցի համանուն քաղաքում «մեծահարուստ մի հայ տիկին կառուցել է մեծ ու գեղեցիկ եկեղեցի, որ արքեպիսկոպոսի (Ջովանի Մոնտեկորվինոյի - Խ.Դ.) հրահանգով դարձվել է կաթողիկե տաճար»։ Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ «եկեղեցուց բացի եկեղեցատուն էլ է կառուցել տվել ու հոգևորականների ապրուստը հոգալու համար գումարներ հատկացրել»։ Սա վերին աստիճանի հետաքրքիր տեղեկություն է: Ակնհայտ է, որ «մեծահարուստ հայ տիկինը», որի անունը, դժբախտաբար, չի հայտնվում, իր վաճառական ամուսնու (թերևս՝ հանգուցյալ) ծախքով պիտի կառուցած լիներ եկեղեցին: Բանն այն է, որ հայ վաճառականները, որպես կանոն, երթևեկում կամ այլ երկրներում բնակություն էին հաստատում լոկ այն ժամանակ, երբ ունենում էին տնտեսական ու կրոնական ազատություններով: Հայ տիկնոջ ներկայությունն ու եկեղեցի կառուցելու փաստն ապացուցում են, որ հայերը Ցյուանջոուում ունեցել են այդ ազատությունները. չլսված մի բարեհաճություն և հանդուրժողականություն հայերի հանդեպ, ինչը չինացիները կտրականապես մերժում էին մյուս բոլոր օտարազգիներին, հատկապես քրիստոնյաներին: Պատահական չէ, որ հետագա ժամանակներում, ավելի ստույգ՝ 1603 թ., ճիզվիտ քարոզիչները հայ վաճառականի տարազ էին հագնում՝ Չինաստան մուտք գործելու համար:

Խիստ ուշագրավ է նաև Նիկողայոս Սպաթարիոս-Միլեսցու վկայությունը, որը 1675-1676 թթ. գլխավորել է Չինաստան մեկնող ռուսական դեսպանությունը: Ըստ նրա, մետաքսի արտադրությունը, թնդանոթ ձուլելու գաղտնիքը, նավագնացության մեջ կողմնացույց օգտագործելը և այլ նորույթներ չինացիներից սովորելով՝ Եվրոպայում տարածել են Օդորիկոս Պորդենոնցին, Մարկո Պոլոն և Վենետիկյան Հանրապետության նավապետ Անտոն Հայը: Վերջինիս՝ Վենետիկի հասարակապետության ծերունազարդ նավապետի, կտակը գրվել է XIV դ. վերջին և պահպանվում է առայսօր:

Պարսկաստանում Նոր Ջուղա հայաքաղաքի հիմնադրմամբ (1605 թ.) համաշխարհային առևտրի պատմության մեջ երևան եկավ բացառիկ ու եզակի մի երևույթ: Եվ հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, չնչին բացառություններով, տեղի ունեցավ հենց նորջուղայեցի վաճառականների շնորհիվ:

Լիսաբոնի մատենադարանում պահպանվում է խիստ արժեքավոր մի վավերագիր՝ Տեր Դավթի որդի Հովհաննեսի «Ռուզլամայ» կոչվող հաշվետումարը՝ առևտրական գործարքների ճամփորդական օրագիրը: Նորջուղայեցի այս վաճառականի օրահաշիվ մատյանն ընդգրկում է 1682-1693 թթ.: Իր ծննդավայրից նա ճանապարհվում է նախ Հնդկաստան, ապա հինգ տարի՝ 1686-1691 թթ., բնակվում և վաճառականությամբ է զբաղվում Տիբեթում՝ այդ տարածքում հանդիսանալով առաջին աշխարհական օտարերկրացին: Ըստ նրա հաղորդած տվյալների՝ իր հայրենակիցներ Ծատուրը, Մելիջանը, Նիկողոսն ու Դավութը Լհասայից անցնում էին Չինաստանի Սինինգ քաղաք և այնտեղից մեծ քանակությամբ ձուլածո ոսկի, մուշկ, թեյ, գործվածքներ և այլ ապրանքներ էին բերում: Իսկ Պողոսի որդի Մելիջանը տևական բնակություն էր հաստատել չինական այդ քաղաքում։

XVII դ. կեսին հիշատակվում է բրուսացի խոջա Շուքուրը, որը վենետիկաբնակ մեծահարուստ վաճառական Հովհաննես Սեղբոսյանի առևտրային գործակալն էր Պեկինում: Նույն դարի վերջերին Չինաստանում բնակվող գանձակեցի Մնացական Գասպարյանը խոշոր գումար կտակեց Սբ. Էջմիածնին, իսկ Մակաոյում ապրող Հովհաննես Մաթևոսյանը 80 հազար ռուփի կտակեց Նոր Նախիջևանի համայնքին:

Ըստ էության, այդ դարի վերջից հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններում կատարվում է որակական բեկում, ինչն էլ հնարավորություն է տալիս եզրակացնելու Չինաստանում հայ վաճառականության մշտական, կանոնավոր ներկայության մասին:

XIX դ. չինաբնակ հայերի համար դարձավ տնտեսական բուռն վերելքի ժամանակաշրջան: Դարի երկրորդ կեսին մեծաթիվ հայ վաճառականներ ապրում էին Մուկդենում, Շանհայում, Հարբինում, Չանչունում, Տյանցզինում:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Հոնկոնգը, որի անգլիական գաղութ լինելու հանգամանքը, տնտեսական ազատությունները խիստ գրավիչ էին հայոց համար: 1845-ին Սինգապուրից Կանտոն եկավ, ապա Հոնկոնգում բնակություն հաստատեց ու 30 տարի վաճառականությամբ զբաղվեց Սեթ Սեթյանը: 1850-ից Կալկաթայից Կանտոն, ապա Հոնկոնգ տեղափոխվեց Ավետիս Աղաբեկյանը, որը 27 տարի առևտուր անելուց հետո խոշոր գումարներ կտակեց իր ժողովրդին ու եկեղեցուն: 1850-ական թթ. նաև Չինաստանում լայն գործունեություն սկսեց ծավալել ամբողջ Հնդկաչինում հանրահայտ Աբգարյան գերդաստանը: Սեթ Աբգարյանի եղբայրներ Հովհաննեսն ու Բաղդասարը նավաշինարաններ ու շոգենավային ընկերություններ հիմնեցին ոչ միայն Սինգապուրում, Ցեյլոնում և այլ վայրերում, այլև Հոնկոնգում: Մինչև 1900-ական թթ. Չինաստանում դեռևս կային Սահակ և Աբգար աղաները, որոնք շուրջ 100 մլն ռուփի կարողություն ունեին: Այդ փառապանծ գերդաստանի վերջին շառավիղներից մեկը` Դիանա Աբգարյանը, դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանը Ճապոնիայում:

1870-ական թթ. Հոնկոնգում կային նաև մեծահարուստ հայ կալվածատերեր, ինչպիսիք էին Հորդանան Խաչիկյանը, Աբգար Միքայելի Աբգարյանը, որը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում Չինաստանի ու Հնդկաստանի ներկայացուցիչն էր, և Սեթ Հարությունյանը` Հոնկոնգի բարձրագույն ատյանի քարտուղարը:

ՈՒշագրավ է, որ կղզում երբեք 8-10 ընտանիքից ավելի հայ չի եղել, սակայն նրանց դիրքը տնտեսության բնագավառում բացառիկ էր: Այսպես, XX դ. կեսերին ամբողջ Հոնկոնգում կար ընդամենը 10 ակնավաճառ, որից 4-ը հայեր էին, և ամենանշանավորը Հայկ Իփեքճյանն էր:

Սակայն բոլոր ժամանակների ամենանշանավոր հոնկոնգաբնակ հայը նորջուղայեցի Խաչիկ Պողոսի Աստվածատրյանն էր (նույն ինքը՝ սըր Պոլ Չաթեր, Catchick Paul Chater, 1846-1926): Այս մարդը սերում էր Նոր Ջուղայի Քալանթարյան նշանավոր վաճառականական գերդաստանից և ծնվել է Կալկաթայում, ուսանել «Լա Մարդինիեր» վարժարանում: 1864 թ. տեղափոխվել է Հոնկոնգ` իր հետ ունենալով անձնական իրերի ընդամենը մի փայտյա սնդուկ: Ծառայության է անցել անգլիական «Բենք օֆ Հինդուստան» դրամատանը: Ապա բնատուր ձեռներեցության, գործարար բացառիկ ընդունակությունների շնորհիվ դարձել է բիզնեսի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: 1870-ական թթ. գնել է հողակտորներ, կառուցապատել և վարձակալության տվել: Նրան օգնել է Կալկաթայից ժամանած կրտսեր եղբայրը` Հովսեփը (Joseph):

Պ. Չաթերը կառուցել է տեղի նավահանգիստը, համալսարանը, բազմաթիվ բնակելի շենքեր: Հղացել և անգլիական իշխանությունների ջանքերով իրականացրել է Փրայայի ծովեզերքի անմշակ հողերը շահագործելու «Praya Rocla mation» ծրագիրը, որի համաձայն Վիկտորիա քաղաքի ծովեզրի մոտ ծովի մեջ 2 մղոն երկարությամբ և 250 ոտնաչափ լայնությամբ հող է լցվել, ցամաքի վերածվել ու կառուցվել 1300 տուն՝ 39000 բնակչի համար: Պ. Չաթերը կղզու անգլիական գաղութային վարչության և օրենսդիր ժողովի անդամ էր, 1887-ից՝ ցմահ հաշտարար դատավոր: 1897-ին անգլիական կառավարությունը նրան պարգևատրել է Սբ. Միքայելի և Սբ. Գեորգի շքանշաններով, իսկ 1902 թ. արժանացրել սըր տիտղոսի: Հոնկոնգի քարածխի ընկերության ամենախոշոր բաժնետերն էր, նավատեր, բանկատեր և համարվում էր իր ժամանակի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը: Պ. Չաթերը նաև հայոց նեցուկն էր. 1924 թ. Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցին փրկել է նյութական ծանրագույն վիճակից՝ նվիրաբերելով 3 մլն ռուփի: Իր կտակով պատկառելի գումարներ է հատկացրել բազմաթիվ հաստատությունների, դպրոցների, եկեղեցիների միությունների՝ առանց ազգի ու կրոնի խտրության: Ի պատիվ նրա՝ Հոնկոնգի երկու փողոց կրում են «Chater» և «Catshick» անունները:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ