Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն բան արմատից է ճանաչվում

Ամեն բան արմատից է ճանաչվում
08.12.2015 | 00:04

(սկիզբը՝ այստեղ)

ՎԱԶԳԵՆ Ա-Ն ՈՒ «ՊՈՂԻԿՏՈՍԸ»
Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտին երեք գործողությամբ «Պողիկտոսը» գրել է 1838-ին Նեապոլի «Սան Կառլո» թատրոնի համար, սակայն վերջին պահին ներկայացումն արգելվել է: 1840-ին Դոնիցետտին սույն օպերան, որն անմիջապես առնչվում է հայերիս, վերամշակել է ֆրանսիական բեմի համար ու նույն թվի ապրիլի 10-ին բեմադրել «Գրանդ» օպերայում «Մարտիրոսներ» անվամբ: Իտալական տարբերակի առաջնախաղը կայացել է այն գրելուց տասը տարի անց՝ 1848-ի նոյեմբերի 30-ին` Նեապոլի «Սան Կառլո» թատրոնում: Ընդունելությունն աննախադեպ էր:
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը։
Ծավալվող իրադարձությունները կատարվում են երրորդ դարի պատմական Հայաստանում։ Ըստ «Վարք սրբոց» մատյանի` Պողիկտոսը հայազն էր: Ապրել է 205-ին: Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո նա պատռել է անաստված կայսեր հակաքրիստոնեական հրամանագիրը, փշրել կուռքերը, որոնք հեթանոս հայերի համար դեռևս պաշտամունքի առարկա են եղել։ Մերժելով կնոջ և աներոջ հորդորները՝ վերադառնալ հին աստվածների պաշտամունքին, անսասան է մնացել ճշմարիտ Քրիստոսի հավատի մեջ։ Հետևանքը եղավ այն, որ նրան հալածեցին, կտտանքների ենթարկեցին ու, ի վերջո, նահատակվեց հենց իր հեթանոս ու մոլեռանդ աներոջ ձեռամբ:
Հիմա գանք մեր ժամանակները։ Այդ պրեմիերայից 130 տարի անց արդեն Խորհրդային Հայաստանում որոշվեց բեմադրել «Պողիկտոսը»։ Գոհար Գասպարյանը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին, որպեսզի ձեռք բերեն օպերայի պարտիտուրը: Այն Հայաստան բերվեց 1970-ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Բայց քանի որ այդ օպերայով, ըստ էության, պետք է քարոզվեր Քրիստոսի անվեհեր ծառայի նահատակային հավատը Աստծո հանդեպ, ինչը դեմ էր այդ ժամանակվա աթեիստական ոգուն ու գաղափարներին, օպերայի բեմադրությունն արգելվեց: Միայն խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1993-ի հուլիսի 17-ին, Նոյան տապանի Արարատի վրա իջման օրը, կայացավ պրեմիերան Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում, Տիգրան Լևոնյանի բեմադրմամբ, որը նվիրված էր ապագայում՝ 2001 թ. Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Դժբախտաբար, պրեմիերային ներկա չէր Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա արդեն ծանր հիվանդ էր: 1994-ի օգոստոսի 18-ին Վեհը ննջեց ի Տեր, գնաց խառնվելու մեր սուրբ նախնիներին: 1996-ին Պողիկտոսը բեմադրվեց «Մեծ թատրոնում», իսկ երկու տարի անց Իսպանիայի Մերիդա քաղաքում կայացած դասական արվեստի միջազգային փառատոնում և դարձավ միջոցառման հիմնաքարը։

ՀՆԵՑՎԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է՝ ազնիվ, այսինքն` մաքուր գինին երկար մնալով համապատասխան պայմաններում, ոչ թե փչանում և քացախ է դառնում, այլ ավելի նուրբ, հաճելի համ ու բուրմունք է ստանում։ Հարյուր տարեկան գինու մեկ շիշը, օրինակ, կարող է տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ։ Այդպես էլ «հնաբույր» երաժշտական գործերն են հավուր պատշաճի արժևորվում, եթե դրանք պեղում-լույս աշխարհ են հանվում։ Երբ Կոմիտասը գյուղից գյուղ շրջելով հավաքում, նոտագրում էր մեր ժողովրդական հինավուրց երգն ու երաժշտությունը, լավ գիտեր, թե հայ ժողովուրդն ինչ գանձեր ունի իր սրտում պահած։
Մանրակերտ գործերի անգերազանց վարպետ, լավ երաժիշտ Էդուարդ Տեր-Ղազարյանը հուշերից մեկում պատմում էր. իր մտերիմ ընկերներից մեկը՝ մոսկվաբնակ հայտնի դաշնակահար Միխայիլ Գոլդշտեյնը, որ նաև նումիզմատ էր, այսինքն` հինավուրց դրամների մեծ հավաքածու ուներ, հասկանալով, որ լավ հնեցված դրամները կարող է նաև հնի տեղ «սաղացնել», որոշեց նույն սկզբունքով նաև աշխարհահռչակ տարբեր երաժիշտների անհայտ ստեղծագործությունների պարտիտուրաներ «գտնել» ու բարձր գնով վաճառել երաժշտագետներին։ Օրինակ, ի լուր աշխարհի հայտարարվում է, թե գտնվել է Մոցարտի 42-րդ անհայտ սիմֆոնիան, երաժիշտ Գոլդշտեյնի շնորհիվ։ Կատարում են գործը, քննում և եզրակացնում՝ շատ նման է Մոցարտի ոճին: Հետևաբար մեծ գումար վճարելով գնում են։ Բայց անցնում են տարիներ և բանիմաց մասնագետները հասկանում են, որ 42-րդ կոչվածն ընդամենը լավ հնեցված ու Մոցարտի ոճով գրված ինչ-որ անհայտ երաժշտություն է: Որ այս 42-րդը ոչ մի կապ չունի մեծ կոմպոզիտորի հետ։ ՈՒ… մինչ այս, մինչ այն, Գոլդշտեյնը հրեական ճարպկությամբ կարողանում է փախչել իր նախնիների հայրենիքը և պատսպարվել Իսրայելում, խուսափելով խորհրդային բանտի «հաճախորդ» դառնալու տխուր հեռանկարից:
(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ