Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համանվագ ցավի և հարության

Համանվագ ցավի և հարության
08.12.2015 | 16:16

Դժվար է ժամանակային նույն ծիրում ապրել հերոսի հետ,
տեսանել նրան ժամանակների հեռվից
և հերոսացնել քո և հարագնա ժամանակներում:


Ա.Ալոյան


Ժամանակի և տարածության փիլիսոփայական և արժեքաբանական ընկալումները խորթ չեն հային. հայը ժամանակի մեջ մշտապես խտացրել է լեռնացած վիշտն ու ցավագին հիշողությունները, բայց և այդ նույն ժամանակի ծիրում կարողացել է վերհուշային դրվագները շաղախել գարնաներգով, հույսի ու լույսի ծիածաններ է վառել՝ իր սրտաչափ ու քարատաճար երկրի զավակին որպես զորավոր ներարկում հրամցնելով հաղթության հպարտանքը:
Ահա պարպված ցասման ու նաև ազգային ոգեկոչման ևս մեկ օրինակ նորօրյա գրականության մեջ:
1996թ. տասնհինգամյա պատանու հոգեթաթախ գրիչը վրձնում է պոեմ՝ ձոնված Արցախյան գոյապայքարի վարդենիսցի հերոսամարտիկ Էդվարդ Պողոսյանին՝ Մգոյին:
Այսօր՝ գրահղացումից 17 տարի անց, կամ ինչպես հեղինակը՝ Արա Ալոյանն է պատկերավորությամբ գրում՝ «մեկ զինվորի տարիք հետո», պոեմն ընթերցողին հասանելի է դառնում գրքի տեսքով:
Գեղարվեստական մեծարժեք այս կոթողը, որ անհատի հերոսական պատմություն, օրագրություն չէ սոսկ, այլ համազգային, համամարդկային ճիչ է ու նաև կոչ, բաղկացած է հինգ մասից՝ Մեղեդիներից՝ Նախակորդ. Մեղեդի ցասման, Մեղեդի ճանապարհի ու հիշողության, Մեղեդի զարթոնքի, Մեղեդի ցավի, Մեղեդի հավատի ու հերոսապատումի, և հնչում է որպես մեղեդահյուս մի պատարագ:
Գրական սաղմերով գրականության խորքից ծնված լինելով՝ «Համանվագ ցավի և հարության» վերտառությամբ պոեմը թաթախուն է չարենցյան, սևակյան, դավթյանական էլեգիայի շնչով: Ալոյանը, տիրապետելով գրողական բարձրագույն տաղանդի, կարողանում է սնվել գրականության ակունքներից՝ համադրելով ու հակադրելով պատերազմական դաշտն ու գեղարվեստի դաշտը. զինապայթյունին զուգորդվում է բառապայթյունը, սովաբեր պատերազմին՝ բառասովը, որով ակամա պատվում է ընթերցողը…
Աստիճանականությամբ շեշտադրված խոսուն Մեղեդիները գունային բացառիկ խտությամբ պատկերում են Մգոյի դրաման, պատշաճ մանրամասնությամբ նկարագրվում է հերոս-մարտիկի կենսաճանապարհը, հիշողության պարույրում ուրվագծվում է Մգոյի փոքրիկ եզերքը, այդ եզերքում յուրաքանչյուր աչքաթարթում շունչ առնող ապրելու և արարելու հսկա տենչը, ծննդավայրի երազային երանգներին քիչ-քիչ հակադրվում է պատերազմական գունասպառ վրձինը՝ թաթախված հային անխզելիորեն կապված բեկուն ճակատագրով ու անբեկանելի թախծուն խոհերով.
Հիսուսամորուք տղաներ: Հառաչ:
Սատանան կրկին ձեռք է երկարել.
-Հիսուսին ի Խաչ…
Տասնհինգամյա տղային տարիքապես ոչ համապատասխան մտային խորությամբ ու զգայական բազմաշերտությամբ հեղինակը երկնում է խտածո մի ստեղծա¬գործություն, որը դառնությամբ մրուրված ահազարհուր օրերի վշտաձայն ճիչն է, արդարության վեճն ու հայոց ակնավառ երիտասարդների մշտավառ հոգու հաղթաձայնը.
… Եվ քայլում էին՝ մահն աչքերի մեջ,
Եվ թիկունքին՝ խաչ, մայրական աղոթք,
Եվ հոգում կռիվ, արդարության վեճ՝
Քարտեզագրված սուրբ Ղարաբաղով…
Սև ճակատագրի ու ճերմակ լեռների խորքից հառնում է մեր առջև հերոսը, որ կերպար չէ, գաղափարատիպ է՝ լցված ահագնացող ցասմամբ, մաքառումով, հավատով արթուն և արյունագրվող մեծ հաղթանակով:
Գեղարվեստական յուրօրինակ լուծումների կիրառմամբ, խորքային ու խոսքային պատկերների համադրմամբ բառակերպվում է չվերջակետվող ցավը, տողահյուսվում անլույս իրականությունը, ապացուցվում լուսավորի սպասման ճշմարտացիությունը, Զարթոնքը, հանուն որի վառվեց հերոսների հոգեվարքի ջահը, հանուն որի ցայսօր մխում է Արահետի վերջում բոցկլտացող այն խարույկը, որ Կարոտ է կոչվում՝ վիրավոր կարոտ, մայրական կարոտ…
Կարոտակնիք տողերն էլ, սակայն, թանաքալաց չեն, բառավորված լռություն են, լացածիծաղ ձայն, զի «հերոսի ԿՅԱՆՔԸ մահով չչափել», զի հիշողության թոնրի մեջ դառնում են նրանք «սուրբ նշխար կամ լավաշ ծաղիկ», դառնում են հավերժ լուսավորող կանթեղն այն, որ շողեր է գցում արմատներիդ՝ վերահաստատելով անաղարտ սերը կյանքի ու աշխարհի նկատմամբ…


Մերի ԱԲԳԱՐՅԱՆ
Բանասեր, լեզվաբան

Դիտվել է՝ 165556

Մեկնաբանություններ