Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Լեզուն բոլորիս կոլեկտիվ ստեղծագործությունն է»

«Լեզուն բոլորիս կոլեկտիվ ստեղծագործությունն է»
11.12.2015 | 01:14

Բառապաշարը պատմական կարգ է։ Այն լեզվի զարգացման ընթացքում անընդհատ փոփոխվում է, զարգանում, ավելանում են նոր բառեր, շատերն էլ դուրս են մնում գործածությունից։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործում է բառարանագրության բաժինը, որն ուսումնասիրում, տարբեր աղբյուրներից (թերթեր, գրքեր և այլն) հավաքում է նորաստեղծ հայերեն բառերը։ Բառարանագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ զրուցում ենք հայերենի բառապաշարի մասին:

-Տիկին Գալստյան, հայերենը քանի՞ բառ ունի։
-Ըստ տարբեր բառարանների՝ տվյալները տարբեր են։ Եթե հիմք ենք ընդունում Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», ապա այն պարունակում է 135600 բառ և 11 հազար դարձվածային միավոր։ Այս աշխատությունը հրատարակվել է 1975-ին։ Բացի այդ, ակադեմիան ունի քառահատոր բառարան, որտեղ մոտավորապես նույն քանակի բառեր են ընդգրկված։ 1973-ին լույս է տեսել Հովհաննես Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանը», որը շուրջ 150 հազար բառ է պարունակում։ Այս բառարաններում ներառված են գրական հայերեն բառերը։ Բառարանագրությունը լավ ուսումնասիրված բնագավառ է Հայաստանում։ Այժմ ունենք անտիպ մի բառարան, որը ստեղծել են Երևանի պետհամալսարանին կից հայագիտական կենտրոնի մասնագետները։ Ժամանակի ընթացքում բառերն ավելանում են, կյանքը շատ արագ է զարգանում, նոր առարկաներ, հասկացություններ, երևույթներ, գիտաճյուղեր են ի հայտ գալիս, որոնք պետք է բառերով արտահայտվեն, անվանում ունենան։ Թե ով կստեղծի այդ բառը՝ լրագրողը, բանաստեղծը կամ որևէ այլ մասնագետ, էական չէ։ Լեզուն բոլորիս կոլեկտիվ ստեղծագործությունն է։ Այդ նոր բառերը, նորաբանությունները, նորակազմությունները հավաքվում են։ Կան ատենախոսություններ, հոդվածներ։ Բառարաններ մշտապես տպագրվել են. ունենք Ֆ. Խլղաթյանի «Բառարան-տեղեկատու. նոր բառեր և իմաստներ» աշխատությունը (1982 թ.), Փ. Մեյթիխանյանի «Նոր բառերի բացատրական բառարանը» (1996 թ.), 2002 թ. հրատարակված Սեդա Էլոյանի «Արդի հայերենի նորաբանությունների բառարանը», որն ունի մոտ 7700 բառ։
-Տիկին Գալստյան, Դուք նշեցիք ԵՊՀ-ում ստեղծված մի բառարանի մասին, որը մինչ այժմ անտիպ է։ Մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ բառարան է, ովքե՞ր են հեղինակները, ինչո՞ւ է անտիպ։
-ԵՊՀ հայագիտական կենտրոնում Աշոտ Սուքիասյանը, Սերգեյ Գալստյանը երիտասարդ 5 դասախոսների հետ կազմել են շատ լավ մի բառարան՝ 250 հազար բառերի պարունակությամբ, որի մոտ 100 հազարը նոր բառեր են։ Արժեքավոր, կոթողային աշխատանք է, որը չի տպագրվել։ Ամեն առիթով բարձրաձայնում ենք, որ այն պետք է լույս տեսնի, բայց, չգիտես ինչու, մինչ այժմ անտիպ է։ Մինչ օրս այն դրված է Սերգեյ Գալստյանի տանը։
-Ցանկացած նորակազմություն կամ նորաբանություն ընդգրկվո՞ւմ է բառարաններում։
-Ամեն մի նորակազմություն չէ, որ համարվում է նորաբանություն։ Լեզվի ինստիտուտը նույնպես հրատարակման է պատրաստել նոր բառերի հատորյակ, որտեղ ընդգրկված է 1500 բառ։ Շատ շուտով այն կուղարկվի տպարան։ Մեր պատրաստած բառացանկում չեն ներառվել բառատարբերակները, հնչյունափոխական, հոդակապային, ուղղագրական՝ դրանք բառային միավոր չհամարելու պատճառով։ Թե ներկայացված բառերից որոնք կընդհանրանան, կդառնան համագործածական, իսկ որոնք կունենան եզակի գործածություն, կարճ կյանք, կմոռացվեն ու կհնանան, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։ Հավաքված հազարավոր նորակազմություններից հետագայում որոշակի սկզբունքով բառընտրություն կատարելով, զտելով և ի մի բերելով 8-10 պրակների ընձեռած նյութը՝ հանրությանը կներկայացվի նոր բառերի ընդարձակ բառարանը, որում կարտացոլվեն 21-րդ դարասկզբի հայերենի բառապաշարում տեղի ունեցած տեղաշարժերը։ Ի դեպ, նորակազմ բառարանում զետեղված են բառեր նաև «Իրատես» թերթից՝ մասնավորապես, բռնախեղում, բոմժախավ, գեոռազմավարական, գարնանայնորեն և այլն։ Բառարանում բառերն ուղեկցվում են իրենց բացատրություններով։ Երկու տարվա ընթացքում բառարանագրության բաժնի չորս աշխատակիցները կազմել են այս բառարանը։ Եվս 1500 բառ այս ընթացքում կա համակարգիչներում հավաքված, դրանք մշակման փուլում են։
-Ինչպե՞ս եք հանրությանը ծանոթացնում նոր բառերին։
-Ակադեմիայի լեզվի ինստիտուտում ոչ միայն լեզվի ուսումնասիրման աշխատանքներ են արվում, այլև տարվում են մասսայականացման աշխատանքներ՝ հանդիպումներ են կայանում դպրոցներում, մարզային ինստիտուտների հետ կապեր ենք հաստատել։ Հանդիպումների ընթացքում քննարկումներ են կազմակերպվում, ներկայացվում են մեր գործունեության արդյունքները, կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց ընթացքում արծարծվում են նաև բառարանագրության խնդիրները։ Հայերենագիտության ամենամեծ կենտրոնը եղել և մնում է լեզվի ինստիտուտը։ 70 գիտաշխատող տարբեր ուղղություններով աշխատում են՝ կատարելով հայրենանվեր աշխատանք։
-Շատ է խոսվում եթերի լեզվի աղտոտվածության մասին: Ձեր կարծիքը։
-Իմ տպավորությամբ՝ հայերենն այդքան էլ աղտոտված չէ, ինչպես ասում են։ Մենք դիտարկումներ իրականացնում ենք։ Սեպտեմբերից սկսած՝ բավականաչափ բարձրացել է հեռուստաընկերությունների եթերի լեզուն։ Հավանաբար ահազանգերից հետո սկսել են հետևել իրենց խոսքին։ Ինչ վերաբերում է թերթերին, կայքերին, ապա ամեն ինչ պայմանավորված է տվյալ լրատվամիջոցի խմբագրի կամ կոնկրետ լրագրողի անձով, նրա հայերենի իմացությամբ։ Հեռուստատեսության համար մի դիտարկում ունեմ։ Հեռուստազրույցների ընթացքում զրուցակիցներին թվում է, թե ա-երով խոսելն ավելի մտերմիկ, ջերմ է դարձնում զրույցը։ Մինչդեռ կարելի է գրական հայերենի, շարահյուսական նորմի շրջանակում շփվել ու շատ գեղեցիկ խոսք ներկայացնել։ Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, ապա այստեղ հոգեբանների ուսումնասիրման մեծ բնագավառ կա։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հ. Գ. Ըստ «Վիքիպեդիայի», ռուսաց լեզուն ունի 500 հազ. բառ։
Վերջին տվյալներով, առաջին դասարանցու բառապաշարում կա 2000 բառ, բարձրագույն կրթությամբ մարդը գիտի շուրջ 10 հազ., հանրագիտակները՝ մինչև 50 հազ. բառ։
Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ անգլերենի բառապաշարը հաշվելիս պետք է հաշվի առնել բոլոր նորաբանությունները, այդ թվում՝ համակարգչային կայքերում և այլ ոչպաշտոնական աղբյուրներում հանդիպող։ Այդ դեպքում, ըստ Global Language Monitor ընկերության, անգլերենը կունենա 1,03 մլն բառ։

Դիտվել է՝ 3006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ