Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հայ երիտասարդները շատ կայուն են, ունեն ապագայի տեսլական»

«Հայ երիտասարդները շատ կայուն են, ունեն ապագայի տեսլական»
15.12.2015 | 00:37

Դեկտեմբերի 9-13-ին Երևանում էին եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ուսանողական կառույցի՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) պատվիրակները, որոնք մեր երկրում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով անցկացնում էին իրենց կազմակերպության խորհրդի հավաքը։ Կառույցի բարձրագույն մարմինը դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև։ Այն դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ոճիրներ։
«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության նախագահ ԳԻՈՐԳՈՍ ՀԱՋԻԳԻՈՐԳԻՈՅԻ հետ զրուցում ենք իրենց կազմակերպության գործունեության, Հայաստանի հետ կապերի մասին։


-Ո՞րն է EDS-ի առաքելությունը, և ի՞նչ նպատակով եք Հայաստանում։
-EDS-ը պատմական կառույց է։ Հիմնադրվել է 1961 թվականին մի խումբ ուսանողների կողմից, և այժմ այն ամենամեծ քաղաքական ուսանողական կազմակերպությունն է Եվրոպայում։ Որպես ուսանողական կազմակերպություն՝ մենք քննարկում ենք տարբեր կրթական հիմնախնդիրներ, փորձում ենք հասկանալ՝ ինչպես կրթությունը կարող է նպաստել կայուն հասարակության զարգացմանը և երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքում։ Քննարկում ենք նաև բարեփոխումները բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Եթե չեմ սխալվում, EDS-ը երբեք չի եղել Հայաստանում, և սա հիանալի հնարավորություն է մեր պատվիրակների համար՝ բացահայտելու Հայաստանի մշակույթը, ինչպես նաև ծանոթանալու քաղաքական օրակարգին։ Մենք գիտենք, որ ձեր երկրում օրերս սահմանադրական բարեփոխումներ են տեղի ունեցել, և քննարկումների ընթացքում ծանոթանում ենք նաև այդ բարեփոխումների նպատակներին ու բովանդակությանը։
-2015-ին Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Եվրոպական շատ կառույցներ, այդ թվում՝ երիտասարդական, դատապարտել են Ցեղասպանությունը՝ կոչ անելով ճանաչել պատմական այս փաստը։ EDS-ն ի՞նչ վերաբերմունք ունի նման ոճրագործության նկատմամբ։
-Ես ինքս Կիպրոսից եմ և տեղյակ եմ ցեղասպանությանը։ Դեկտեմբերի 12-ին կազմակերպության խորհրդի նիստում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Փաստաթուղթը ներկայացրել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ։ Մեր խորհրդի հավաքի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Հայոց ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ ԵԺԿ-ն նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը ևս ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով։
-Ձեր տպավորությունները հայ երիտասարդներից։ Համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում։
-Մեր շփումներից երկու կողմն էլ հաղթող են դուրս գալիս։ Նախ՝ մենք գիտենք, որ, ի դեմս հայ երիտասարդների, ունենք կայուն և վստահելի գործընկեր տարածաշրջանում, և մեր հայ ընկերները ցանկացած հարցում կարող են իրենց հույսը մեզ վրա դնել։ Բնականաբար, մենք փորձի փոխանակում ենք իրականացնում՝ ընդլայնելով համագործակցության եզրերը։ Պետք է ասեմ, որ, իմ տպավորությամբ, հայ երիտասարդները շատ կայուն են, ունեն ապագայի տեսլական։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ